Թուրք նախարար. ՀՀ հետ սահմանը կբացվի, երբ լուծվի ԼՂ հիմնախնդիրը

Թուրք նախարար. ՀՀ հետ սահմանը կբացվի, երբ լուծվի ԼՂ հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - Թուրքիան ցավում է, որ Հայաստանի հետ սահմանը փակ է: Այդ մասին Կարսում հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցությունների նախարար Ահմեդ Արսլանը:

«Ցավոք, Հայաստանի հետ սահմանը փակ է: Գոնե այն բաց լիներ»,-ասել է նա: Նախարարը հավելել է, որ մի պայման կա` երբ լուծվի Լեռնային Ղարաբաղի հարցը և կարգավորվեն Ադրբեջանի հետ հարաբերությունները, «այն ժամանակ էլ սահմանը կբացվի», հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիան պատարստ չէ առանց նախապայմանների ՀՀ հետ հարաբերություններ հաստատել:«Արձանագրությունները ստորագրվեցին, բայց նրանք չեն կատարում իրենց պարտավորությունները: Ի՞նչ անել: Ասե՞նք, թե «այո, եկեք անվտանգության գոտին Ադրբեջանին տանք», և Թուրքիան կբացի՞ սահմանը: Իսկ հետո՞: 3 ամիս, 1 տարի, 1,5 տարի անց, էլի ինչ-որ հակամարտութուն որ լինի, նորից կփակի: Չէ որ դա մեզանից կախված չէ»,-ասել էր ՀՀ նախագահը:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով ձեռք բերված համաձայնությունից, Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: 2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---