«ՄԻՋՆՈՐԴՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՇՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

- պնդում են Բաքվի բազեները:

Շաբաթ ավարտվեց Մինսկի խմբի համանախագահների շրջայցը տարածաշրջան: բաքվում եւ երեւանում շարունակում են մեկնաբանել այցի արդյունքները եւ համեմատել հայաստանում, ղարաբաղում ու Ադրբեջանում արված միջնորդների հայտարարությունները: վերլուծաբանները նշում են, որ այս անգամ խաղարարներին Բաքվում բավականչափ սառն են ընդունել: Ադրբեջանի քաղաքական էլիտան եւ մամուլը խիստ դժգոհ են համանախագահների արտահայտություններից:
PanARMENIAN.Net - Տվյալներ չկան այն մասին, թե այցի ընթացքում համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնկրետ առաջարկներ են ներկայացրել: Միաժամանակ լրագրողների այն հարցին, թե նոր առաջարկներ կա՞ն օրակարգում, հենց իրենք` միջնորդները միանշանակ «ոչ» չպատասխանեցին: Բաքվում տեղի ունեցած ամփոփիչ մամլո ասուլիսին ամերկյան դիվանագետ Սթիվեն Մաննը ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ որոշվել է չհրապարակել բանակցությունների բովանդակությունը: Հիշեցնենք, որ նախկինում եւ Վարդան Օսկանյանը, եւ Էլդար Մամեդյարովը հայտարարել էին, որ կոնկրետ առաջարկներ չեն սպասում համանախագահներից:

Այնուհանդերձ, նկատելի է, որ այս անգամ համանախագահներն առավել հետեւողականորեն, քան սովորաբար արտահայտվեցին փոխզիջումների անհրաժեշտության մասին: Ընդ որում այդ մասին Բաքվում նրանք շատ խոսեցին, որն էլ եւ թույլ է տալիս ենթադրել, որ այս փուլում նրանք ճկունություն չեն տեսնում հենց պաշտոնական Բաքվի կողմից: Ադրբեջանի քաղաքական էլիտան խիստ անհանգստացած է, որ հենց իրենցից են այժմ զիջումներ ակնկալում: Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆի Գուլուզադեի խոսքերով, ԱՄՆ-ի դեսպանի մոտ հանդիպման ժամանակ հնչած համանախագահների հայտարարությունների բնույթը տանում է նրան, որ «Ադրբեջանը պետք է հաշտվի զավթման արդյունքների հետ, հրաժարվի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու գաղափարից եւ համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը»: Այնինչ, միջնորդների հետ հանդիպած հայ քաղաքագետներն իրենց վրա չեն զգացել ակնհայտ ճնշումներ:

Ադրբեջանցիների այն տպավորությունը, թե համանախագահները նրանց կոչ են անում հաշտվել Ղարաբաղի կորստի հետ, ինչ-որ չափով արդարացված են: Բնականաբար միջնորդներից եւ ոչ մեկը ուղիղ տեքստով նման բան չի ասել, սակայն միջնորդների հայտարարությունների որոշ շեշտադրումներ բավականին հետաքրքրական են: Հատկանշական է մասնավորապես ռուս դիվանագետ Յուրի Մերզլյակովի հայտարարությունն ի պատասխան 1994թ.-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի` տարածքների ազատագրման մասին ընդունած որոշման կատարման պահանջին: Նա ասել է. «Բանաձեւն ընդունվել է այլ իրադրության մեջ եւ այսօր այն չի կարող իրականացվել: Այդ պահանջների կատարման ժամկետները մարվել են»: Այսպիսով, նա հասկացրել է, որ Մինսկի խումբը փակված է համարում ղարաբաղցիների կողմից անվտանգության գոտու տարածքների միակողմանի վերադարձի հնարավորության հարցը: Մինչ այժմ նման հստակությամբ ոչ մի համանախագահ չէր խոսել:

Զարմանալի կլիներ, որ սրանից հետո ադրբեջանական «բազեները» Մինսկի խմբին անվստահություն հայտնելու կոչեր չանեին: Իրենք` համանախագահներն այդ կոչերը սառնասրտությամբ են ընդունել: «Մինսկի խմբի հանդեպ ձեր անվստահությունն այնդքան էլ կարեւոր չէ..Մեր գործունեության հետ համաձայն լինեք, թե` ոչ, ստիպված եք լինելու զմայլվել մեր դեմքերով»,- ամփոփիչ մամլո ասուլիսում ասել է ֆրանսիական կողմի համանախագահ Անրի Ժակոլեն` նշելով նաեւ, որ իրենք եւ հակամարտության կողմերի ղեկավարությունից, եւ միջազգային հանրությունից տրված մանդաթ ունեն: Միակ բանը, որով Ժակոլեն կարողացավ հանգստացնել ադրբեջանցիներին, այն էր, որ տարածաշրջանի երկրների հաջորդ այցը համանախագահները կսկսեն Բաքվից: Այս լուրն ադրբեջանցի քաղաքագետները գնահատեցին որպես վկայաություն այն բանի, թե միջնորդները կամ չեն գնա Ղարաբաղ, կամ կգնան Ադրբեջանի տարածքով:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---