ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԿԻՍԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ

Պաշտոնական Բաքուն առաջարկում է թույլ տալ իրեն վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղի հյուսիսն ու հարավն իրար կապող ամենանեղ պարանոցով անցնող ավտոճանապարհը:

Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը Բաքվում կայացած մամլո ասուլիսում տեղեկացրեց արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի փարիզյան հանդիպման որոշ մանրամասների մասին: Սակայն միայն մեկ թեմայի շեշտադրումը եւ մնացածի մասին չխոսելու համառ ցանկությունը թույլ են տալիս ենթադրել, որ կամ պարոն Ազիմովը շարադրում է ճշմարտության անկարեւոր մասը միայն, կամ էլ պարզապես ցանկալին իրականության տեղ է ներկայացնում:
PanARMENIAN.Net - Փոխնախարարի խոսքերով, հայկական կողմը լրջորեն քննարկում է Ղարաբաղի եւ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին, այնուհետեւ` Թուրքիային կապող ավտոմոբիլային ճանապարհի շահագործման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը: Խոսքը Եվլախ-Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի-Լաչին-Գորիս-Սիսիան-Նախիջեւան-Շահբուզ մայրուղու մասին է: Ազիմովը հիշեցնում է, որ հայկական կողմը վաղուց է առաջարկել շահագործել հաղորդակցական ճանապարհ` պնդելով, որ միայն այդ կերպ առավել հեշտ կլինի վստահության մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում: Այժմ Բաքուն, իբրեւ թե, համաձայն է եւ պատրաստ է Երեւանի հետ քննարկել այդ հարցի լուծման եղանակները: Սակայն դիվանագետը բաց է թողնում խիստ կարեւոր մի հանգամանք: Հայաստանի ղեկավարությունը խոսում էր մի հաղորդակցության մասին, որը ձեռնտու կլիներ երկու կողմերին էլ, այլ ոչ թե` մեկի: Եթե խոսքը լիներ Հորադիզ-Մեղրի-Ջուլֆա-Արարատ երկաթուղու մասին, ապա տրամաբանական կլիներ: Շնորհիվ դրա Ադրբեջանը ելք կունենար Նախիջեւան, իսկ Հայաստանը` Ռուսաստան եւ Իրան: Սակայն Բաքվի առաջարկած մոդելը Հայաստանի համար հղի է միայն պրոբլեմներով:

Առաջարկի էությունը հետեւյալն է. Ադրբեջանն ընդունում է այսօր գործող Լաչինի ավտոճանապարհի` ղարաբաղցիների օգտագործման իրավունքը, սակայն փոխարենը առաջադրում է մի շարք պայմաններ: Մինչ դրանց թվարկմանն անցնելը, նշենք, որ այդ ճանապարհի օգտագործման համար Ղարաբաղն ամենեւին էլ կարիք չունի Ադրբեջանի համաձայնությանը, քանի որ Բաքուն բացարձակապես ոչ մի մեխանիզմ չունի դրան խոչընդոտելու համար: Այսպիսով, վաղուց արդեն ստեղծված իրականության հետ հաշտվելու համար Բաքուն պահանջում է ապահովել Ադրբեջանի մասնակցությունը լաչինյան հատվածի վերահսկողության մեջ, ինչպես նաեւ` Ղարաբաղի եւ Սյունիքի տարածքով դեպի Նախիջեւան եւ Թուրքիա տանող ուղիղ եւ ամենակարճ ճանապարհի օգտագործման իրավունք: Սրանից բացի, Ադրբեջանը պնդում է, որ այդ ճանապարհի անվտանգությանը հետեւեն հայ-ադրբեջանական համատեղ ուժերը:

Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի-Լաչին ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կիսում է երկու մասի` անցնելով ամենանեղ հատվածով: Դեռ խորհրդային տարիներին Բաքուն ձգտում էր վերահսկողություն հաստատել այդ հատվածի վրա, որպեսզի հաջողվի Ղարաբաղը երկու մասի բաժանել: Հենց այստեղ ադրբեջանցիները կառուցեցին եւ հզորացրին Խոջալուի հիմնակետը ժամանակակից օդանավակայանով: Աղդամից Շուշի, ուր ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո պատրաստվում են վերադառնալ ադրբեջանցիները, շատ մոտ է: Այս ամենը նկատի ունենալով` հասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում ադրբեջանցի դիվանագետի վերջին նախաձեռնությունը: Նրանց խնդիրն է Ղարաբաղը մեջտեղից կիսել եւ դրանով ապահովել իրենց ներկայությունը Ղարաբաղի հենց սրտում, միաժամանակ եւ` Հայաստանի ռազմավարական կարեւորություն ունեցող Սյունիքի մարզում: Սակայն ամենապարադոքսալն այն է, որ այս ամենը նրանք ներկայացնում են որպես իրենց կողմից զիջում:

Չենք ուզում ասել, թե Ազիմովը ստում է` խոսելով այն մասին, որ նման նախաձեռնությունը քննարկվել է Փարիզում: Հնարավոր է` Վարդան Օսկանյանն իսկապես համաձայնել է փոխանցել այդ գաղափարը նախագահ Քոչարյանին: Սակայն տվյալ դեպքում խիստ կարեւոր է` ինչ համատեքստում է ընթացել ավտոճանապարհի շահագործման հնարավորության մասին խոսակցությունը: Երկուշաբթի կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կրկին հավաստեց, որ բանակցությունների համար հեռանկար չի տեսնում առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկման: Եթե ավտոճանապարհի թեման քննարկվել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ինքնավար կարգավիճակի ճանաչման մասին խոսակցության համատեքստում, ապա լիովին հնարավոր է, որ Օսկանյանը մինչեւ վերջ լսել է առաջարկը եւ խոստացել իր մոտեցումները հայտնել հաջորդ հանդիպմանը: Բայց բանն այն է, որ Ազիմովը հայրենակիցներին մոլորության մեջ է գցում` պնդելով, թե կարգավիճակի հարցը դեռեւս չի շոշափվել:

Ադրբեջանցի դիվանագետը չափից դուրս լավատեսություն է ցուցաբերում: Նա բավականին առաջ է ընկնում եւ ամենայն լրջությամբ քննարկում է ավտոճանապարհի վերականգնման աշխատանքների համար պահանջվող ֆինանսական հնարավոր աղբյուրների հարցը: Ազիմովի խոսքերով, արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել այն մասին, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ներկայացնող միջազգային խաղաղապահ ուժերը համաձայն են հսկել ավտոմայրուղին: Ավելին, իբրեւ թե, արդեն պատրաստ են խաղաղապահների ներուժն օգտագործելուն ուղղված 4 տարբեր պլաններ: Նշենք, որ հայկական կողմն այս ամենի մասին խոսում է առավել զգուշավոր լավատեսությամբ: Միգուցե սա պայմանավորված է առաջիկա ընտրություններով, որոնք ստիպում են Իլհամ Ալիեւին ակտիվ գործունեության մտապատկեր ստեղծել:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---