Հայ-թուրքական սահմանի բացումը քաղաքական նախագիծ է` տնտեսական առումով այն հարկավոր չէ ո'չ Թուրքիային, ո'չ Հայաստանին

Սահմանի բացումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա այն առումով, որ թուրքական կանոնավոր բանակի պատերազմը քրդերի դեմ կարող է ընդհուպ մոտենալ հայկական սահմանին

Կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է մի օրինագիծ, որով կոչ է արվում ԱՄՆ նախագահին եւ Սենատին հորդորել Թուրքիային անհապաղ վերացնել Հայաստանի սահմանների շրջափակումը: «Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման մասին ակտը» ենթադրում է, որ փաստաթղթի վերջնական ընդունումից հետո 30 օրվա ընթացում պետք է պատասխան գա պետքարտուղարից ԱՄՆ-ի քայլերի մասին, որոնք ուղղված պետք է լինեն Հայաստանի ապաշրջափակմանը: «Մենք պետք է ուժեղացնենք ճնշումը Թուրքիայի վրա, որպեսզի նա հանի Հայաստանի անողոք շրջափակումը, ինչը թույլ կտա հայ գործարարներին լիարժեք կերպով մասնակցել գլոբալ տնտեսական գործընթացներին, ինչպես նաեւ կնպաստի Հայաստանի ինտեգրմանը Եվրոպային»,-հայտարարել է Ադամ Շիֆը:
PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատմամբ, շրջափակման պատճառով Հայաստանի տրանսպորտային ծախսերը անհրաժեշտից ավելի են 30-35 տոկոսով: Բացի այդ, շրջափակումը խոչընդոտում է ամերիկյան եւ միջազգային հումանիտար օգնության տեղափոխմանը, ինչը խախտում է ԱՄՆ-ի օրենքներն ու միջազգային հումանիտար չափանիշները:
Վերջերս այնպես է ստացվում, որ միջազգային ասպարեզում որպես Թուրքիայի շահերի ամենաակտիվ «պաշտպան» հանդես է գալիս Ադրբեջանը: Բաքվին կարելի է հասկանալ` եթե Թուրքիան հանկարծ ստիպված լինի ապաշրջափակել Հայաստանի հետ սահմանը, որն, ի դեպ, փակել է Ադրբեջանի խնդրանքով, ապա Բաքուն միայնակ կմնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Թուրքիան էլ, ճշտ է, հուսալի դաշնակից չէ, սակայն հավանաբար, Բաքուն ընտրություն չունի:
Հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիայում միանշանակ չէ մեկնաբանվում: Օրինակ, Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին պետնախարար Ռեշատ Դողրուն հայտարարեց. «Ժամանակ առ ժամանակ Թուրքիայում արծարծվում է այդ հարցը: Սակայն գտնում եմ, որ ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող ստիպել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան խնդիրը, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Թուրքիայի հանդեպ իր տարածքային պահանջներից եւ, վերջապես, քանի դեռ չի դադարեցրել ճնշում գործադրել Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության հարցում: Այդպիսին է թուրք ժողովրդի եւ թուրքական պետության դիրքորոշումը»,-հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ցավոք, ԱՄՆ-ի ներկա վարչակազմը հազիվ թե կարողանա կամ ցանկանա «կոչ անել Թուրքիային բացել սահմանը», սակայն հաջորդը հնարավոր է, որ այդքան կուրորեն չհետեւի Անկարային: Դա առաջին հերթին հարկավոր է հենց Միացյալ Նահանգներին, եւ հետո արդեն Հայաստանին եւ ողջ տարածաշրջանին:
Հայ-թուրքական սահմանի բացումը, ինչպես արդեն բազմիցս ասվել է, զուտ քաղաքական նախագիծ է: Տնտեսական առումով դա հարկավոր չէ ոչ Թուրքիային, ոչ էլ առավել եւս Հայաստանին: Տվյալ դեպքում մենք պետք է ուշադրություն դարձնենք Վրաստանի վրա, որի տնտեսությունն ու արդյունաբերությունը փլուզվեցին հենց թուրքական կապիտալի շնորհիվ: Նման բան կարելի է ակնկալել նաեւ Հայաստանում: Տնտեսական առումով ավելի լավ է բավարարվել եղած շփումներով եւ ավելին չցանկանալ: Ինչքան էլ տարօրինակ լինի, նույնակարծիք է նաեւ թուրքական կողմը: Ոչ պաշտոնական ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ, որ կազմում է 400 մլն դոլար, առավել ընդունելին է:

Միեւնույն ժամանակ չի կարելի մոռանալ, որ Հայաստանին սահմանակից գավառներում հիմնականում քրդեր են բնակվում է եւ 1915 թվականին թուրքացած հայեր: Սահմանի բացումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա նաեւ այն առումով, որ թուրքական կանոնավոր բանակի պատերազմը քրդերի դեմ կարող է ընդհուպ մոտենալ հայկական սահմանին: Իսկ դա շատ լուրջ է: Ելնելով Հայաստանի ազգային անվտանգությունից` տվյալ դեպքում փակ սահմանը Թուրքիայի հետ չարյաց փոքրագույնն է, էլ չասած այն մասին, որ Մեծ Քրդստանի քարտեզներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ընկած տարածքը ներկայացվում է որպես «բնիկ քրդական հողեր»:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---