Շաբաթվա թեման Հայաստանի նախագահի այցն էր Սիրիա

2010թ. մարտի 22-27-ի ներքաղաքական տեսություն

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով մարտի 22-24-ը պաշտոնական այցով այդ երկիր մեկնեց նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին հետեւեց պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այցի շրջանակում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ ունեցավ նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի հետ:

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահը շնորհակլալություն հայտնեց իր գործընկերոջը այն աջակցության համար, որ Սիրիան ցուցաբերեց հայ ժողովրդին նրա համար օրհասական օրերին` նշելով որ սրիահայ համայնքը լավ կամուրջ է հայ-սիրիական բարեկամության համար:

Նախագահները նաեւ անդրադարձան Բաշար Ալ Ասադի Երեւան կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը` կարեւորելով կապերի ամրապնդումը հայ եւ սիրիացի գործարարների միջեւ, ինչը թույլ կտա ընդլայնել ապրանքաշրջանառության ծավալները Հայաստանի ու Սիրիայի միջեւ: Հանդիպումից հետո Հայաստանի ու Սիրիայի նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

Հայաստանի նախագահը այցի շրջանակում այցելեց նաեւ Հալեպ եւ Դեր Զոր, հանդիպումներ ունեցավ տեղական իշխանությունների ղեկավարների եւ Հալեպի ու Դեր Զորի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դեր Զորում իր խոսքում նա մասնավորապես ասել է. «Այսօր ես այստեղ եմ, որովհետեւ պարզապես չէի կարող չլինել։ Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր եւ քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը։ Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առեւտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ»,-ասել է նախագահը:

ԴեյրԶորի անապատում տեղի ունեցավ ողբերգության ամենահրեշավոր արարներից մեկը: Հաճախ պատմաբաններն ու լրագրողները, հիմնավոր կերպով Դեյր Զորը համեմատում են Օսվենցիմի հետ` ասելով. «Դեյր Զորը հայերի Օսվենցիմն էր»: Կարծում եմ, որ ժամանակագրությունը մեզ պարտադրում է իրողությունները ձեւակերպել այլ կերպ. «Օսվենցիմը հրեաների Դեյր Զորն էր»։ Ընդամենը մեկ սերունդ հետո մարդկությունն ականատես եղավ հրեաների Դեյր Զորին։ Այսօր ես այստեղ եմ, որպես համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետության նախագահ, հարցնելու. «Իսկ ե՞րբ եւ որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը»։

Մարտի 22-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ Ցեղասպանության 95-ամյակի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բացման խոսքում վարչապետը մասնավորապես նշել է. «Հասարակական կազմակերպությունների, Հանրային խորհրդի եւ Ազգային Ժողովի հետ ծրագրել ենք պատշաճ ձեւով կազմակերպել Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումները: Ստեղծելով կառավարարական հանձնաժողով վարչապետի գլխավորությամբ` նպատակ ունենք ի մի բերել բոլոր առաջարկությունները եւ ապրիլի 24-ը պատշաճ անցկացնել: Բացի այդ, նպատակահարմար է այսօրվանից սկսել Ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու աշխատանքները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան գաղափարներ, որոնք պահանջելու են մեզանից մի քանի տարի: Մասնավորապես, բարձր մակարդակով գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր նկարահանելու համար հասկանալի է, որ մեզնից շատ ավելի մեծ ջանքեր են պահանջվելու, անհրաժեշտ կլինի ավելի մեծ գումարների ներգրավվածություն ապահովել»:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախորդ տարիների ավանդական միջոցառումներն անցկացվելու են նաեւ այս տարի, որոնց գումարվելու են ոգեկոչման նոր արարողություններ:

Պաշտոնական Երեւանը նույն օրը մեկնաբանեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Թուրքիայից հայ ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին: «Խոսելով իբրեւ թե ծանր դրության մեջ հայտնված ու Թուրքիա եկած հայերի մասին` պարոն Էրդողանը մոռանում է աշխարհի տարբեր երկրներ իրենց հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մեկնած միլիոնավոր թուրք միգրանտների առկայության մասին»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե ինքը սպառնացել է Թուրքիայից հայերին բռնի տեղահանել` իբրեւ թե միջազգային հանրության ուշադրությունը Թուրքիայում գտնվող ապօրինի հայ միգրանտների վրա գրավելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Դմասկոսում ԼՂՀ մերձակա շրջանները հանձնելու հնարավորության մասին, բուռն արձագանք առաջացրեց Հայաստանի քաղաքական շրջանակներում: «Նախագահի հայտարարությունն անձամբ ինձ համար անընդունելի է եւ հակսում է ԼՂ սահմանադրությանը: Այդ հայտարարությունը հակասում էր անեւ հայկական կողմի այն մոտեցմանը, թե ԼՂՀ-ն ինքը պետք է որոշի իր կարգավիճակը անմիջական մասնակցություն ունենալով բանակցային գործընթացին»,-ասել է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մարտի 23-ին:

Նշենք, որ նախագահը սիրիական Al-Watan թերթին տված հարցազրույցում ասել է հետեւյալը. «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց ,փոխզիջումե հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, եւ պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները: Ես միշտ նշել եմ, որ որեւէ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է լուծում փնտրել դրանց դրդապատճառների եւ ոչ թե հետեւանքների տիրույթում: Այլապես դա նույնն է, ինչ հիվանդությունը բուժելու փոխարեն փորձել վերացնել դրա դրսեւորումները»:

Վաղաժամ ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկրում քաղաքական ճգնաժամն անհնար լինի հաղթահարել: ,ՀՅ Դաշնակցությունը չի բացառում նման հեռանկարը, սակայն մեզ համար ավելի կարեւոր է այն, թե ընտրությունների արդյունքում որ քաղաքական ուժը եւ ինչպիսի ծրագրով է գալիս իշխանությանե,- Երեւանում Սոցինտերնի փոխնախագահ Մարիա Թիթիզյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքով, ընտրություններն արդյունք կտան միայն այն ժամանակ, երբ հայ հասարակությունն իսկապես պատրաստ լինի դրան: ,Եթե մենք դեռեւս պատրաստ չենք նորմալ ընտրությունների անցկացմանը, ապա ես անձամբ դեմ եմ վաղաժամ ընտրությունների գաղափարին, քանի որ դրանք միայն ,կհղկենե իշխանությունների սխալները, այսինքն ոչ մի փոփոխություն դեպի լավը տեղի չի ունենաե,- նկատեց նա:

Ինչպես ընդգծեց ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը, ամբողջ խնդիրը նրանում է, որ հայ հասարակությունը դեռեւս չի գիտակցում իր ձայնի արժեքը: ,Քանի որ եթե ընտրողը գումարի դիմաց վաճառում է իր ձայնը, նա հետո իրավունք չունի երկրում կաշառակերության դեմ բողոքելե,- պարզաբանեց Արմեն Ռուստամյանը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հ.Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմը արցախյան հակամարտության կարգավորման ընթացքում շատ ծանր վիճակում է հայտնվել: «Քանի որ ըստ նորացված Մադրիդյան սկզբունքների, հակամարտությունը պետք է լուծվի փուլային ճանապարհով, ինչը զգալիորեն զիջում է այն տարբերակին, որը կար Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ»,-ասել է նա:

Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստը նախագահում էին հանձնաժողովի համանախագահներ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին եւ ամփոփվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման երրորդ փուլի ընթացքում կատարված աշխատանքները, որը կոչված էր կանխորոշելու պաշտպանության ոլորտում ներգրավված պետական կառավարման մարմինների պլանավորման աշխատանքների հետագա ընթացքը: Հանձնաժողովի մշակած փաստաթղթերի փաթեթն ամուր հիմք է ստեղծել պաշտպանության ոլորտում երկարաժամկետ պլանավորում իրականացնելու համար: Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին նախորդ ամիսների ընթացքում հանձնաժողովի եւ նրան կից փորձագիտական խմբերի աշխատանքից:

«Ժառանգություն» կուսակցությունն, ինչպես միշտ, խիստ քննադատել է նախագահի ելույթը Սիրիայում: Ըստ կուսակցթւթյան վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի, բանակցությունները ազատագրված տարածքների մասին կարող է վարել միայն Ղարաբաղը, իսկ Հհ նախագահն իրավունք չունի հայտարարություններ անել մեկ այլ պետության փոխարեն: «Մյուս կողմից, ազատագրաված տարածքները ԼՂՀ անբաժան մասն են, որոնք անջատվել են ԼՂՀ-ից Կավբյուրոյի որոշմամաբ»:

Իր հերթին, ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշել է, որ ղարաբաղյան գործընթացում առաջին հերթին պետք է որոշվի ԼՂՀ կարգավիճակը ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ բոլոր մյուս հարցերը, նաեւ տարածքների վերադարձը հեռավոր ապագայի գործ է: «Քանի դեռ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին, նրան փոխարեն խոսելու է Հայաստանի նախագահը, իսկ երբ ԼՂՀ-ն դառնա բանակցությունների լիիրավ անդամ, այն ժամանակ էլ կխոսի իր անունից»,-ասել է Ավետիսյանը:

2010թ. մեկնարկային է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար, քանի որ այս տարվանից մենք սկսում ենք պատրաստվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այդ մաիսն մարտի 25-ին լրագրողներին է ասել թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Դեմոյանը նաեւ հրապարակել է Հայոց ցեղասպանության 95-ամյակի միջոցառումների ցանկը: «Ապրիլի 19-20-ին Երեւանում տեղի կունենա միջազգային խորհրդաժողով, որի առաջին օրը նվիրված կլինի Ցեղասպանության խնդիրներին, իսկ երկրորդ օրը` մշակութային ցեղասպանության հարցին»,-ասել է Դեմոյանը: Նա նաեւ հաղորդել է, որ ապրիլի 22-ին թանգարանում տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը թերթերի առաջին էջերում ցուցահանդեսը»,-ասել է Հ.Դեմոյանը:

Նա հաղորդել է նաեւ, որ այս տարի առաջին անգամ թանգարանը Լեմկինի անվան դրամաշնորհ է սահմանել Հայոց ցեղասպանության թեմայով մասնագիտացող օտարերկրյա ուսանողների համար:

Մարտի 26-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտոկը:

Այցի շրջանակներում մարտի 26-ին պարոն Մարտին Բարտոկը հանդիպում կունենա նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նույն օրը նախատեսված են Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Մարտին Բարտոկի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը, ՊՆ վարչական համալիրում նախատեսված է երկկողմ համաձայնագրի ստորագրման արարողություն, որից հետո տեղի կունենա ճեպազրույց, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան երրորդ տարելիցի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 25-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը եւ Մովսես գյուղի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական հենակետերը սահմանագոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ

Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---