Շաբաթվա թեմաներ. Խորհրդարանական ընտրություններ ԼՂՀ-ում և Եվրախորհրդարանի բանաձևի բուռն քննարկումներ

Մայիսի 24-28-ը տեղի ունեցած հիմնական քաղաքական իրադարձությունների ամփոփում

Այս շաբաթ ՀՀ-ում հիմնական քաղաքական իրադարձությունները զարգանում էին մայիսի 23-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների և Ղարաբաղի մասին Եվրախորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձևի շուրջ:

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունները շատ մեծ նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի համար, և այն, որ դրանք տեղի են ունենում արդեն հինգերորդ անգամ ու բավական բարձր մակարդակով, կարող է լուրջ ռեսուրս դառնալ ԼՂՀ ժողովրդի համար թե պետականության հաստատման, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին մայիսի 24-ին Երևանում քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց հայ փորձագետ Սերգեյ Մինասյանը: Երվանդ Բոզոյանն իր հերթին նշեց, որ վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն ապացուցել է, որ որոշ երկրների համեմատ այն ավելի կայացած է: Ընդ որում, նա Ղարաբաղի հիմնահարցը համեմատեց Կոսովոյի խնդրի հետ` նկատելով, որ առանձնակի տարբերություն չի տեսնում:

ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ բոլոր նախորդ ընտրությունների նման մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացել են տարբեր երկրներից ժամանած անկախ դիտորդների դրական գնահատականներին` իրենց կազմակերպվածությամբ, իրական մրցակցությամբ, գործող օրենսդրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխանությամբ: «Ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման հանդեպ իշխանությունների և ժողովրդի հանձնառության մասին: ԼՂՀ ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի ճանաչումը կենտրոնական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված հիմնախնդրի կարգավորման առաջարկություններում, որոնց հիման վրա ընթանում են բանակցությունները»-, ասել է նախարարը:

Հարավային Կովկասի մասին Եվրոպական խորհրդարանի բանաձևը շատ հակասական փաստաթուղթ է: Այդ մասին Երևանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը: Նրա խոսքերով, բանաձևում շատ ձևակերպումներ անհասկանալի են: Միաժամանակ Կարապետյանը նշել է, որ թեպետ բանաձևը պարտադիր չէ իրագործման համար, հայկական կողմը պետք է լուրջ հետևություններ անի նման բանաձևերից և որոշումներից:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով մեկնեց Բելգիայի թագավորություն: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները անցել են ազատ, եղել են ժողովրդավար և համապատասխանում են ԵՄ բոլոր չափանիշներին: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոն Եվրոպայի հայկական միություննեի ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսում:

Միկլոշկոն հաղորդեց նաև, որ նա Աշոտ Գրիգորյանի հետ միասին շուտով ԵՄ-ին կներկայացնի ղարաբաղյան խնդրի լուծման նոր հայեցակարգը: «Դա Հարավային Կովկասի երկրների կոնֆեդերացիայի» գաղափարն է` այսինքն մենք առաջարկում ենք ԵՄ-ին իր կազմում ընդգրկել Հայաստանին, ԼՂՀ-ին ու Ադրբեջանին որպես ասոցիատիվ անդամների: Հակառակ դեպքում լարվածությունը տարածաշրջանում կպահպանվի»,-հայտարարել է նա:

Թուրքիան ինքն իրեն բարդ կացության մեջ դրեց` ստորագրելով Արձանագրությունները Ցյուրիխում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Նյու-Յորքի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը: Նրա կարծիքով, Թուրքիայի հետ կարելի է ընկերություն անել, բայց մոռանալ, թե ինչի է նա ընդունակ, չի կարելի: «Այժմ Թուրքիայի վրա մեծ ճնշում է գործադրվում ԱՄՆ, ԵՄ ու Ռուսաստանի կողմից: Ես հիշում եմ, երբ մասնակցում էի Թուրք-հայկական համաձայնության հանձնաժողովի (TARC) աշխատանքներին, թուրքերն ասում էին. պետք չէ մեզ վրա ճնշում գործադրել, բայց առանց ճնշման մենք ոչինչ չենք անի: Այդ ժամանակից արդեն 10 տարի է անցել, բայց ոչինչ չի փոխվել»,- ասել է Միհրանյանը:

Հայաստանում խաղաղ հավաքների անցկացման իրավունքի հետ կապված ներկայիս իրադրությունը մի շարք չափանիշներով չի համապատասխանում այդ ոլորտում միջազգային չափանիշներին: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` ներկայացնելով «Հայաստանում խաղաղ հավաքների անցկացման մասին» օրենքի վերաբերյալ արտահերթ զեկույցը: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրել է նաև, որ օրենքը չի սահմանում գիշերային ժամերին հավաքների անցկացման կարգը, և չի սահմանում կազմակերպչի ու միջոցառման ղեկավարի հստակ հասկացություններ, ինչի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ ցույցի մասնակիցների և իրավապահ մարմինների միջև:

Ղարաբաղի գծով Եվրախորհրդարանի բանաձևի առաջին պատճառն այն է, որ հայկական կողմը բավական ակտիվ չպայքարեց Եվգենի Կիրիլովին զեկուցող նշանակելու դեմ: Այդ մասին հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Պատասխանելով լրագրողի այն հարցին, հնարավոր էր արդյոք կասեցնել բանաձևի ընդունումը` Ա.Ռուստամյանը նշել է. «Ես կարծում եմ, որ բավական ջանք գործադրելու դեպքում, հնարավոր կլիներ կասեցնել այդ բանաձևը»:

Իր հերթին Ս.Նիկոյանը նշել է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ղարաբաղյան խնդիրը քննարկման առարկա չլինի տարբեր միջխորհրդարանական ձևաչափերում: «Քանի որ այդ կառույցների ներկայացուցիչները հիմնականում իրազեկ չեն ԼՂՀ խնդրին, իսկ Ադրբեջանը կարողանում է օգագործել նման լսարանների զգացմունքները»,-ասել է նա:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, հետևելով ԼՂՀ ընտրությունների ընթացքին, կարող է արձանագրել, որ ընտրություններն անցել են ազատ, ժողովրդավարության սկզբունքներին և միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Ի վերջո ԼՂՀ-ն վերամիավորվելու է Հայաստանի հետ», - ասել է նա:

ՀՀ արտաքին գործերի նախարարության և իշխող կոալիցիայի անգործության հետևանքով Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է թիվ «2216 բանաձևը», որում մասնավորապես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանն առնչվող ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը, ավելին` պարունակում են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հիմնախնդրի վերաբերյալ ակնհայտորեն ադրբեջանամետ դիրքորոշումներ: Հայոց պետականության դեմ միջազգային կառույցներում առկա մարտահրավերները կանխելու և դրանց արդարացի լուծում տալու համար անհրաժեշտ է շուտափույթ ստեղծել համակարգող խորհուրդ` բաղկացած ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների համապատասխան խորհրդարանական մշտական հանձնաժողովների անդամ-պատվիրակներից, ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներից: Եվրախորհրդարանի բանաձևը Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման մասին առաջին անգամ ներկայացվել է 2010-ի հունվարի 11-ին, և առաջին խմբագրության մեջ եղել է 2 կետ, որոնք բխել են Հայաստանի և ԼՂՀ շահերից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ալեք Ենիգոմչյանը: Նրա խոսքերով, երեք ամսում թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվեց տեքստից հանել այդ կետերը: «Ես կարծում եմ, որ ընդունված բանաձևը խայտառակություն է Հայաստանի, հայկական լոբբիի և դիվանագիտության համար: Հնարավոր է, փոփոխությունները թելադրվել են միջզագային դիվանագիտության կողմից, բայց դա չի արդարացնում մեր անգործությունը»,- ընդգծել է Ենիգոմչյանն, ավելացնելով, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի թողտվությամբ շատ արդյունավետ են գործել: Ռուս-թուրքական մերձեցումը կստիպի Հայաստանին զիջումների գնալ ղարաբաղյան հարցում, քանի որ Ռուսաստանը 1992-ից հարում է այն դիրքորոշմանը, որ տարածքային զիջումների փոխարեն Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, դրա մասին վկայում են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գրեթե նման հայտարարությունները: «Եթե մենք չենք ցանկանում կորցնել այն, ինչ ձեռք ենք բերել, ապա պետք է փոխվենք ներսից, և առաջին հերթին փոխենք երկրի ներքին դրությունը»,- ավելացրել է ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավարը:

Ներկայում Ադրբեջանն ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում` ղեկավարվելով ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերի համաձայն, դրան նպաստել են նաև թուրքական կողմի վերջին հայտարարությունները: «Արդյունքում` Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հակամարտությունը լուծում կստանա այն ժամանակ, երբ «Խանքենդի (Ստեփանակերտ) վրա ծածանվի Ադրբեջանի դրոշը»: «Նմանատիպ հայտարարություններից ելնելով, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն, հայկական կողմը գտնում է, որ միակ ընդունելի տարբերակը առկա ստատուս-քվոյի պահպանումն է, իսկ տարածքային զիջումների մասին խոսելն անիմաստ է: Այդպիսի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին որևէ զիջում մեր դիրքերը կթուլացնի», - ասել է Քոչարյանը: Նա նաև նշել է, որ հայկական կողմը ոչինչ չի տա և չի կարող տալ:

Տարօրինակ է, որ 2009 թ. Հայաստանի բյուջեից ՀՀ ԱԳՆ-ի համար քարոզչության նպատակով նախատեսված 25 մլն դրամը զրոյացվել է, այն էլ այն դեպքում, երբ միջազգային կառույցներում հայկական կողմի պասիվ քարոզչության արդյունքում ԵԽ-ում ընդունվել է Ղարաբաղի մասին 2216 բանաձևը: Այս մասին ՀՀ ԱԺ եվրաինտեգրացման հանձնաժողովի նիստի ժամանակ Հայաստանի 2009 թ. պետբյուջեի ծախսերի վերաբերյալ քննարկման ընթացքում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Բոլորս մեղքի մեր բաժինն ունենք Եվրախորհրդարանում Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի ընդունման հարցում», - ասել է նա:

«Կարծում եմ, ՀՀ նախագահի Բրյուսելից վերադառնալուց հետո մեկ անգամ ևս կշոշափվի ԵԽ-ում ընդունված 2216-րդ բանաձևը», - այս մասին ՀՀ ԱԺ եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ Հայաստանի 2009 թ. պետբյուջեի ծախսերի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը:

Ադրբեջանի ԱԳՆ-ում կազմվել է արտասահմանցի այն քաղաքացիների «սև» ցուցակը, ովքեր 2010 թ. մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում մասնակցել են դիտորդական առաքելությանը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրուցելիս ասել է Գլոբալիզացիայի և տարածքային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը: «Կարծում եմ, որ միջազգային դիտորդների հանդեպ այդպիսի կոշտ հակազդեցությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն այսօր պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության լուծմանը փոխզիջումների հիման վրա»,- ասել է Գրիգորյանը:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---