Հայաստանում մտահոգված են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ միջնորդ երկրների հայտարարությամբ

Հունիսի 26-ից հուլիս 2-ը տեղի ունեցած հիմնական քաղաքական իրադարձությունների ամփոփ տեսություն

Անցած շաբաթը Հայաստանում սկսվեց Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մեկնաբանություններից: Հունիսի 26-ին Հայաստանի խորհրդարանի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրենց հայտարարություններով միջազգային կառույցները կողմնակալ դիրքորորոշում են որդեգրել: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ չի կարելի նման հայտարարություններ անել, որոնք կոնկրետ ուղղվածություն չունեն, նման լարված իրավիճակում: «Ես վստահ եմ, որ միջազգային կառույցների հայտարարությունները հասցեագրված են Ադրբեջանին, սակայն դրանցում պետք է կոնկրետ նշվի մեղավորի անունը, անկախ քաղաքական հետևանքներից»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա, սա այն իրավիճակը չէ, որպեզի հանդես գան այնպիսի հայտարարություններով, որոնք դուրեկան կլինեն երկու կողմերին: «Հայտարարությունները պետք է հստակ լինեն»,-ասել է Մելիքյանը:

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով հունիսի 26-ին Կանադայում ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, ասել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների ցանկությունը և հետևողական ջանքերը աջակցելու հակամարտության կողմերին` մոտեցնելու դիրքորոշումները և առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Կարևոր է, որ Կանադայում Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունը, հղում կատարելով 2009 թ. հուլիսի 10 ի Ակվիլայի հայտարարությանը կից դրույթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ: Դրանք են` Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում; անխափան ցամաքային կապ պետք է լինի Հայաստանի և Արցախի միջև, և պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ դա կոչ է Ադրբեջանին` դադարեցնել ռազմատենչ հռետորությունը և վերադառնալ բանակցությունների դիվանագիտական ընթացքին ՄԽ միջնորդությամբ:

«Առնվազն տարօրինակ է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները Ղարաբաղի վերաբերյալ իրենց ընդունած հայտարարության մեջ չեն անդրադարձել ԼՂՀ վրա ադրբեջանական զինված ուժերի վերջին հարձակմանը: Նրանք պետք է հայտարարեին նաև ադրբեջանական կողմի չդադարող ռազմատենչ հռետորության խնդրի մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, հայտարարության մեջ միայն ԼՂՀ հարակից տարածքները Ադրբեջանին վերադարձնելու կոչեր են հնչում, ինչն անընդունելի է ՀՅԴ համար: «Այսինքն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները փաստացիորեն պարտադրում են հայկական կողմին մեզ համար անընդունելի զիջումների գնալ ԼՂՀ կարգավիճակի «մշուշոտ» խոստման դիմաց: Եվ հայտարարության տեքստից հասկանալի չէ, թե Ղարաբաղի որ բնակչության կամքի արտահայտմամբ պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- նշել է նա: Ինչպես նկատել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը, հայտարարության տեքստի բնօրինակում ԼՂՀ շուրջ տարածքներն անվանվում են «օպուկացված», և այդ համատեքստում հասկանալի չէ հայտարարության առիթով ՀՀ ԱԳՆ ոգևորությունը:

Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ նրանք, համբերատար վերաբերմունք ցուցաբերելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հանդեպ, հայկական կողմին ստիպում են շարունակել բանակցությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով, նախագահների վերոնշյալ դիրքորոշումը մեծ ռիսկ է պարունակում բանակցային գործընթացի համար առհասարակ:

G8 գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունն ակնկալելի էր և այն կրկնում է 2009 թվականի հայտարարությունն Ակվիլայում: Այդ մասին Երևանում կայացած մամկլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Ըստ նրա, կան թարգմանության հետ կապված որոշ նրբություններ, ինչը մտահոգություն է առաջացնում: «Սակայն այդ նրբությունները առանձնահատուկ սպառնալիքներ չեն պարունակում:

Մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների G8 շրջանակներում արված հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ` Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ այդ հայտարարությամբ գերտերությունները փորձում են Ադրբեջանին բերել դիվանագիտական սեղանի մոտ: Ըստ փորձագետի, այսօր Ադրբեջանը հիասթափված է բանակցություններից, և, առաջընթացի հնարավորություն չտեսնելով, փորձում է սպառնալիքի տակ դնել հնարավոր հայ-թուրքական կարգավորման գործընթացը: «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի համար հիմա անբարենպաստ մթնոլորտ է` Ադրբեջանն իրեն պահում է շփացած երեխայի պես, որը մնացել է առանց կոնֆետի և գերտերությունները նրան ապտակ հասցնելու փոխարեն, փորձում են ավելի շատ կոնֆետներ տալ»,-ասել է փորձագետը:

Ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քարտուղար Էդուարդ Շարմազանովի, G8 գագաթնաժողովում արված հայտարարությունում կան դրական տարրեր, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, ինչը նշանակում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա նաև նշել է, որ հայտարարությունը հարցեր է առաջացնում կարգավորման քայլերի հերթականության մասին: «Մեր կարծիքով, սկզբից պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հետո` մնացածը: Հայաստանը ոչինչ չի բռնազավթել, Ադրբեջանն է գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքները` Շահումյանի շրջանը, Գետաշենը և Մարտունաշենը: Սկզբից պետք է վերադարձնել մեր հողերը, որոշել կարգավիճակը, և հետո միայն խոսել զիջումների մասին»,- ասել է ՀՀԿ քարտուղարը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որ արվել է G8 գագաթնաժողովի շրջանակներում, իրավական ուժ չունի, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն լիազորություններ չունի ղարաբաղյան խնդրի լուծման հարցում: Այդ մասին հունիսի 30-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Նրա խոսքերով, ՄԽ-ն այսօր չի կարող պատաասխանատվություն ստանձնել հնարավոր հետևանքների համար: Նա նշել է, որ բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները փակուղի են տանում և չեն կարող խաղաղություն ապահովել տարածաշրջանում: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Հայաստանը պետք է պահանջի, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ մանդատն ու լիազորությունները հստակեցվեն: Մադրիդյան սկզբունքները, որոնց շուրջ ընթանում է բանակցային գործընթացը, պետք է դրվեն համաժողովրդական հանրաքվեի և միայն դրանից հետո քննարկվի այն հարցը, թե ինչքանով է թույլատրելի, որ մեր իշխանությունները ստորագրեն այդ փաստթուղթը: Այս մասին այսօր Երևանում լրագրողներին է ասել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հունիսի 30-ին ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրեց ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահների հայտարարության և Ադրբեջանի սադրիչ քաղաքականության դեմ: Միջոցառմանը մասնակցել է մոտ 30-40 հոգի: Ակցիայի մասնակիցները բաց նամակ փոխանցեցին գրասենյակի ներկայացուցիչներին, որը կուղարկվի ԵԱՀԿ կենտրոնակայան:

«Պարոն Մամեդյարովի պնդումը, թե օկուպացիան` օկուպացիա է, իհարկե ճիշտ է, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Մամեդյարովի Մուսկոկայի հայտարարությունն այն մասին, որ օկուպացիան եւ անեքսիան անընդունելի են և որ խաղաղությունը պետք է հաստատվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Ըստ Շավարշ Քոչարյանի, ճիշտ է նաեւ, որ բացառվում է ԼՂՀ-ը անեքսիան Ադրբեջանի կողմից, ինչը ապացուցեց ԼՂ ժողովուրդը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում:

Չի կարելի բացառել պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը: Ըստ նրա, եթե ռազմական գործողություններ սկսվեն, սկզբում հաջողությունը կարող է լինել Ադրբեջանի կողմը, քանի որ երկիրը հզոր տեխնիկա ունի: «Գուցե Բաքուն ժամանակավոր հաջողության ունենա: Սակայն, մարդկային գործոնն, այնուամենայնիվ, իր ազդեցությունը կունենա»,-ասել է Տեր-Թադևոսյանը` հավելելով, որ ղարաբաղյան բանակի փորձի և բարոյական բարձր ոգու շնորհիվ ադրբեջանական զորքերը ոչ միայն ետ կշպրտվեն, այլ, հավանաբար, մարտերը կտեղափոխվեն հակառակորդի տարածք:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներկի նախագահների հայտարարությունը նպատակ է հետապնդում վերջ դնել ադրբեջանական շանտաժին առ այն, որ նա դուրս կգա բանակցային գործընթացից: Այս մասին այսօր լրագրողների է հայտարարել Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա, Ակվիլայի հայտարարության համեմատ այս հայտարարության մեջ մի տարբերություն կա, այն է`եթե Ակվիլայի հայտարարությանը կցված էին կարգավորման սկզբունքները, ապա այս դեպքում դրանք ներկայացված են նույն փաստաթղթում: «Չափազանց մտահոգիչ է հայկական դիվանագիտության ցածր մակարդակը, որը հատկապես արտահայտվեց, երբ ՀՀ ԱԳ նախարարն արձագանքեց այդ հայտարարությանը:

Հուլիսի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացիկ փուլը փակվեց: Գերտերությունները ներկայումս ոչ մի այլ բան չեն կարող անել, քան ղարաբաղյան հակամարտության գործընթացը փակուղում պահելը: Նրա խոսքերով, իրավիճակը ղարաբաղյան կարգավորման գրոծընթացում կարող է առաջ շարժվել միայն հակամարտող կողմերի նախաձեռնության շնորհիվ և այս համատեքստում Հիլարի Քլինթոնի այցը ուղղված է նրան, որպեսզի տեղում ծանոթանա կողմերի դիրքորոշմանը, քանի որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» բարեհաջող կերպով վախճանվեց:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---