Շաբաթվա թեման. Ադրբեջանի և ԼՂՀ զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպը

Շաբաթվա ներքաղաքական իրադարձություների ամփոփում

26 հունիսի 2010
Հայաստանի ներքաղաքական օրակարգն այս շաբաթ ձևավորվել էր հունիսի 18-ին Ադրբեջանի և ԼՂՀ զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի շուրջ, որի արդյունքում զոհվել է 4 հայ զինծառայող: Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Այդ մասին հունիսի 19-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունն Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական կողմից դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանի խոսքերով, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում` ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու`ակնհայտ սադրանքի:

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը առաջին պլան մղեց ղարաբաղյան խնդրի քննարկումը

Հունիսի 12-18-ի հիմնական քաղաքական իրադարձությունների տեսություն

19 հունիսի 2010
Քաղաքական շաբաթը Հայաստանում նշանավորվեց Երևանում Սոցինտերնի խորհրդաժողովի աշխատանքով: Հունիսի 12-ին Երևանում աշխատանքն ավարտեց ԱՊՀ երկրների, Կովկասի և Սևծովյան ավազանի պետությունների Սոցինտերնի կոմիտեի համաժողովը: Համաժողովին մասնակցում էին ԱՊՀ երկրների և Եվրոպայի 13 երկրների կուսակցություններ, մասնավորապես` Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Պաղեստինի և Ադրբեջանի սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները: Համաժողովի արդյունքներն ամփոփելով` Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան հայտնել է, որ իրենց հաջողվել է իրականացնել այն ամենն, ինչ երկու օրվա ընթացքում ծրագրել էին: «Մեր հիմնական նպատակն է ժողովրդավարություն տարածել այն բոլոր երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք: Իսկ մի շարք երկրներում, ինչպես, օրինակ` Հայաստանն է, մենք կարողացանք բաց հասարակություն ձևավորել, իսկ որոշ երկրներում այդ գործընթացը շատ երկար է տևում», - նշել է նա:

Հայաստանում ամենաքննարկվող հարցը կառավարության օրինագիծն է, որը թույլատրում է օտարալեզու դպրոցների բացումը

Հունիսի 5-11-ը տեղի ունեցած իրադարձությունների ամփոփում

12 հունիսի 2010
Արդեն ավանդույթ է դարձել, որ Հայաստանի քաղաքական շաբաթը սկսվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկումից: Այդ առումով այս շաբաթը բացառություն չէր: Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի հավատարիմ ընկերը և մեր կուսակցությունը միշտ հանդես կգա Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական, դաշնակցային ու տնտեսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման օգտին: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը: Միևնույն ժամանակ Ծառուկյանը հերթական անգամ ընդգծեց, որ Ղարաբաղը ոչ մի հանգամանքում չի կարող սակարկության առարկա լինել: «Մենք պետք է ուշադրություն դարձնենք խնդիրներին և լուծենք դրանք անկախ նրանից, թե ով ինչ կասի:

Հայաստանի ներքաղաքական օրակարգը փոխվում է. Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների թեմաներն ավելի քիչ են շրջանառվել

Մայիսի 29-ից հունիսի 4-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

5 հունիսի 2010
Հայաստանում քաղաքական շաբաթը սկսվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հայտարարությունից այն մասին, որ թող ոչ ոքի մտքով չանցնի, որ Հայաստանը կարող է գեթ մի թիզ հող զիջել: Մայիսի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադին դրոշի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարեց, որ հայկական կողմին ուրիշի հողը պետք չէ, նա պաշտպանում է իր տարածքը: «Դուք պետք է հասկանաք`այն ամենն, ինչ մենք ունենք Ղարաբաղի հետ միասին, մեզ է պատկանում և թող ոչ ոքի մտքով չանցնի, որ մենք կարող ենք գեթ մի թիզ հող զիջել»,-հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Շաբաթվա թեմաներ. Խորհրդարանական ընտրություններ ԼՂՀ-ում և Եվրախորհրդարանի բանաձևի բուռն քննարկումներ

Մայիսի 24-28-ը տեղի ունեցած հիմնական քաղաքական իրադարձությունների ամփոփում

29 մայիսի 2010
Այս շաբաթ ՀՀ-ում հիմնական քաղաքական իրադարձությունները զարգանում էին մայիսի 23-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների և Ղարաբաղի մասին Եվրախորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձևի շուրջ:

Հայ քաղաքական գործիչները բավական սուր են արձագանքել Թուրքիայի հայտարարություններին և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին

Մայիսի 17-21-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

22 մայիսի 2010
Հայաստանում քաղաքական շաբաթը սկսվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Իրան, այնուհետև Ադրբեջան կատարած այցի նկատմամբ հայ խորհրդարանականների արձագանքից: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, մեկնաբանելով Իրանի խաղաղ միջուկային ատոմի շուրջ ստորագրված համաձայնությունը Թուրքիայի, Բրազիլիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների միջև ասել է, որ պետք չէ զարմանալ Թուրքիայի և Իրանի համագործակցության վրա, քանի որ այդ երկու երկրներն արդեն մի քանի հարյուրամյակ խոշոր ռազմավարական գործընկերներ են` մրցակիցներ տարածաշրջանում: Նրա խոսքերով, Անկարայի և Թեհրանի հարաբերություններում գերիշխում է համագործակցության միտումը, քանի որ երկրները միմյանց կարիքն ունեն: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի այցին Ադրբեջան` Արամ Սաֆարյանն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի վերաբերյալ միանշանակ է: «Անկարան պետք է ավելի հավասարակշիռ քաղաքականություն ցուցաբերի Հարավային Կովկասում և չղեկավարվի Ադրբեջանի շահերով»,- ասել է Սաֆարյանը:

Շաբաթվա թեմաներն էին Ղարաբաղի հարցը և եվրոպացի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան

Մայիսի 10-14-ի հիմնական ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

15 մայիսի 2010
Քաղաքական շաբաթը Հայաստանում սկսվեց ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանավեճից: Մայիսի 10-ին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարեց. այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել ԱՊՀ ղեկավարների մայիսին 8-ին կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարվելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից, որը կայանալու էր Բրյուսելում մայիսի 11-ին, նույն մտածված շղթայի օղակներն են, որով ադրբեջանական կողմը ձգտում է թաքցնել այն, որ ինքը պատրաստ չէ կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով:

Հայաստանի ներքաղաքական օրակարգը փոխվում է` հայ-թուրքական գործընթացի արդիականությունը մարում է

Մայիսի 3-7 ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

8 մայիսի 2010
Այս շաբաթ ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում զարգանում էին ղարաբաղյան խնդրի և մայիսյան տոների շուրջ: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց, որ այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: Նրա խոսքերով, Ադրբեջանի սպառնալիքներին պատասխանելու փոխարեն, Հայաստանն ինքը պետք է սպառնալիքներ ստեղծի Բաքվի համար: Իր հերթին Արտակ Շաքարյանը չի համաձայնվել Շիրինյանի հետ այն հարցում, որ Հայաստանը պետք է ինքը սպառնալիք ստեղծի, ասելով. “Վերջին 20 տարում Հայաստանը միջազգային հանրության աչքերում ստեղծել է այնպիսի երկրի իմիջ, որը հակամարտությունների խաղաղ լուծման կողմնակից է: Դրանով էլ մենք տարբերվում ենք Թուրքիայից ու Ադրբեջանից»:

Հայաստանում շարունակվում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման շուրջ քննարկումները

Ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները

1 մայիսի 2010
Հայաստանի քաղաքական շաբաթն սկսվեց խորհրդարանի քառօրյա նիստերով, որոնց ընթացքում ԱԺ նախագահը պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին, ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները դեռևս գտնվում են Հայաստանի խորհրդարանի մեծ օրակարգում: Նա ավելացրել է, որ արձանագրությունները հանվել են միայն քառօրյայի օրակարգից:

Շաբաթվա թեմա. Հայոց ցեղասպանություն և հայ-թուրքական գործընթաց

Ապրիլի 19-24-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների ամփոփում

24 ապրիլի 2010
Հայաստանի քաղաքական շաբաթը բավականին ակտիվ էր, և համարյա բոլոր իրադարձությունները զարգացել են հայ-թուրքական մերձեցման և Հայոց ցեղասպանության շուրջ: Ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանն այլևս կարիք չունի որևէ մեկին ապացուցելու Ցեղասպանության փաստը, և երկիրն արդեն պետք է բարձրացնի Թուրքիայի պատասխանատվության և փոխհատուցման հարցը: Հայոց ցեղասպանության ԱՄՆ ճանաչման մասին խոսելով, Մանուկյանն ասել է, որ ԱՄՆ-ն դեռևս 1975 թվին է ընդունել Հայոց ցեղասպանությունը`հիշեցնելով ԱՄՆ Կոնգրեսի 1975 թ. ապրիլի 9-ի որոշումը:
---