Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվում

Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվում

Վկայություններն այն մասին, որ Մուղնու Սբ.Գևորգ եկեղեցին հայկական է, բավականաչափ են ինչպես հայ, այնպես էլ արտերկրի պատմաբանների աշխատություններում

Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում շարունակվում են գրունտի հետազոտությունները, որոնք աստիճանաբար վերածվել են հնագիտական պեղումների: Հնագիտա-երկրաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հենասյուները: Գտածոյի հիման վրա վրացի գիտնականները ենթադրել են, որ կառույցը բազիլիկ է: Մասնավորապես, հուլիսի 11-ին վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում Ազգային թանգարանի Հնագիտական կենտրոնի աշխատակից Գուրամ Միրցխուլավան հաղորդել է, որ 13-14-րդ դարերում հիմնադրված վրացական եկեղեցի է հայտնաբերվել:

PanARMENIAN.Net - «Մուղնու կառույցի տարեթիվն անհայտ է, ուստի մենք հնագիտական աշխատանքներ ենք սկսել հուշարձանի տարիքը հաստատելու համար: Պատմաբանների, այդ թվում Մարիյ Բրոսսեի, Զաքարիա Քանաքեռցու, Վախուշտի Բագրատիոնիի աշխատություններում հիշատակվում է, որ այդ եկեղեցու տեղում ժամանակին մեկ այլ եկեղեցի է գտնվել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Գուրամ Միրցխուլավան: Նա նշել է նաև, որ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք հայտնաբերված ավելի վաղ կառույցը վրացական եկեղեցի է, թե ոչ: «Սակայն 13-րդ դարի վերջին կառուցված եկեղեցին չէր կարող վրացական չլինել»,- ասել է Գուրամ Միրցխուլավան: Հնագետի խոսքով, Վրաստանում հայ գործընկերների հետ համագործակցությունը միայն ողջունվում է:

ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Սանամյանը Թբիլիսի է այցելել 2009 թվականի նոյեմբերին` եկեղեցու փլուզումից մի քանի օր անց: «Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ վրացական կողմը մեզ կտրամադրի հետազոտությունների արդյունքներն ու մեզ հետ կհամաձայնեցնի Մուղնու եկեղեցու վերականգնման էսքիզային նախագիծը: Ներկա պահին երկրաբանական հետախուզական աշխատանքներ են ընթանում»,- ասել է Հովհաննես Սանամյանը:

Այդ միջոցին եկեղեցու ավերման տեղում հնագիտական պեղումները մեծ եռանդով են ընթանում: Հուլիսի 13-ին iTV հեռուստաալիքի տեսանյութում հաղորդվում էր, որ հայտնաբերվել է ջնարակված խեցեղեն, որը, վրացի գիտնականների պնդմամբ, 13-րդ դարով է թվագրվում:

Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների կարծիքով, հնագիտական աշխատանքների ներկա փուլում նաև հայ փորձագետների մասնակցության անհրաժեշտություն կա, քանի որ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին դասվում է այսպես կոչված «վիճելի» եկեղեցիների շարքին: «Դա շատ բարդ, խճճված և, ցավոք, քաղաքականացված հարց է: Միանգամայն ցանկալի կլիներ այդ աշխատանքներին վրացի մասնագետների հետ մեկտեղ հայ հնագետների անմիջական մասնակցությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Թիֆլիսահայերի վեհաժողովի ներկայացուցիչ Իռենա Օհանջանյանը: Նրա խոսքով, շատ թբիլիսաբնակ հայեր գրեթե ոչինչ չգիտեն ավերված եկեղեցու տեղում կատարվող գործընթացների մասին, ինչը որոշակի անհանգստություն է առաջ բերում համայնքում: Նա նշել է նաև, որ վրացի մասնագետները միայն կողջունեին հայ գործընկերների հետ համագործակցությունը, իսկ հայ համայնքի ներկայացուցիչներն այդ դեպքում կատարվող գործողությունների «թափանցիկության» որոշակի երաշխիքներ կունենային, ինչը բավական կնվազեցներ դժգոհության ալիքն ու զանազան կեղծ լուրերը:

«Հայ համայնքի խնդիրների հանդեպ Հայաստանի ուշադրությունը շատ կարևոր է մեզ համար, իսկ տվյալ փուլում պարբերական հսկողությունն ու սերտ համագործակցությունը Մուղնու տարածքում անցկացվող աշխատանքների հարցում կարող էին ցույց տալ դա: Նման պրակտիկան կարող էր բարի կամքի ու փոխըմբռնման դրսևորում լինել նաև երկու ժողովուրդների մտավորականության ներկայացուցիչների մակարդակով»,- գտնում է Իռենա Օհանջանյանը:

Հունիսի կեսին Վրաստանի կառավարությունը մոտ $27 000 հատկացրեց երկրաբանական հետախուզական աշխատանքների անցկացման, Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հետագա վերականգնման համար: Վրաստանի Մշակութային ժառանգության պաշտպանության բաժնի կողմից հայտարարված մրցույթը շահեց «ԱՐԽԻՏԵՔՍ» ընկերությունը: Մինչև 24 մետր խորությամբ հորատման աշխատանքներ անցկացվեցին: Փորձագետները հայտնաբերեցին, որ 5 մետր խորության վրա եկեղեցու տակ գտնվող գրունտը հիմնովին քայքայվել է, ինչն էլ, հավանաբար, եկեղեցու ավերման պատճառ է դարձել:

Միջնադարյան եկեղեցին փլուզվեց 2009թ. նոյեմբերի 19-ի գիշերը` վնասելով միայն բակի ավտոմեքենաները: Փլուզվեց եկեղեցու գմբեթը, խորանը, հյուսիսային և հարավային կամարները, պահպանվեց միայն արևմտյան մասն ու զանգակատունը:

Եկեղեցին, որն ի սկզբանե կրել է Սուրբ Աստվածածին անունը, հիմնադրվել է 1356 թվականին: Երևանում կայացած մամլո ասուլիսում Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը նշել է, որ իր բազմադարյա պատմության ընթացքում եկեղեցին բազմիցս վերակառուցվել է:

«Մուղնու տակ հայտնաբերվել է հենց այդ եկեղեցու հիմքը, որը ոչ մեծ կառույց էր և միջնադարում լուսավորման օջախ է եղել: 15-17-րդ դարերից սկսած այստեղ բազմաթիվ հայկական ձեռագրեր են ստեղծվել»,- ասել է Սամվել Կարապետյանը:

1751 թվականին եկեղեցին վերակառուցվել է երեք անվանի թիֆլիսահայ տոհմերի` Մունթոյանների, Բաստամյանների ու Բաշինջաղովների ներկայացուցիչների միջոցներով: Ավանդության համաձայն, նորացված եկեղեցում գտնվել են սուրբ Գևորգի մասունքները, որոնք Թիֆլիս են բերվել հայկական Մուղնի գյուղից (Աշտարակ): Եկեղեցին սկսել է կրել Սուրբ Գևորգ անունը և աստիճանաբար մեծ ճանաչում ստացել հավատացյալների շրջանում` դառնալով Թիֆլիսի հայ համայնքի յուրօրինակ կենտրոնը: Տարբեր ազգության բազմաթիվ հավատացյալներ գալիս էին խոնարհվելու սուրբ Գևորգի մասունքներին: 1789 թվականին եկեղեցուն կից կառուցվեց զանգակատունը: Քանդված եկեղեցու ավերակների տակ հայտնվեցին հայտնի խմբագիր ու մանկավարժ Նիկողայոս Խոստովյանի, Բարսեղ Խոջայանցի, Հովհաննես Խուդադյանցի, Եգոր Պուղինյանցի և այլ հարգված թիֆլիսահայ բարերարների տապանաքարերը; Այստեղ իրենց հանգիստն են գտել նաև եկեղեցու առաջնորդների աճյունները: Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցում գտնվում էր Ժողովրդական արվեստի թանգարանը: 1980 թվականին թանգարանի փակումից հետո բոլոր ցուցանմուշները տեղափոխվեցին այլ շենք:

Սամվել Կարապետյանի խոսքով, վկայություններն այն մասին, որ Մուղնու Սբ.Գևորգ եկեղեցին հայկական է, բավականաչափ են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան պատմաբանների աշխատություններում, ինչպիսիք են Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս Մարիյ Բրոսսեն (19-րդ դար), 19-րդ դարի պատմաբան Պլատոն Իոսելիանին, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Թենգիզ Կվիրկվելիան և այլք:

Մինչդեռ, հետազոտական աշխատանքները կշարունակվեն մինչև տարեվերջ: Մինչ այդ հարկավոր է պարզել, թե որքան ծախսեր կպահանջի եկեղեցու վերականգնումը: Ինչպես գտնում են ճարտարապետները, հնարավոր է, եկեղեցին անհրաժեշտ լինի վերստին կառուցել, քանի որ կհաջողվի պահպանել եկեղեցու մի փոքր մասն ու զանգակատունը միայն:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---