32  Եղեռնի հուշահամալիրը. մտահղացումը, նախագծումը և կառուցումը
Ծիծեռնակաբերդ. Եղեռնի հուշահամալիր (մաս I)

Ծիծեռնակաբերդ. Եղեռնի հուշահամալիր (մաս I)

Մաս I. Ինչու և ինչպես որոշվեց կառուցել Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրը

PanARMENIAN.Net գործակալությունը վերսկսում է “Հայկական հուշարձաններ. անցյալն ու ներկան” նախագիծը, որը դեռևս 2003 թվականից շուրջ տասնյակ պատմություններով ներկայացվել է գործակալության հրապարակած “Համահայկական տեղեկատվական հասարակություն” ամսագրում: Նախագծով նպատակ ունենք յուրահատուկ ֆոտոշարքերով, հետաքրքրաշարժ պատմություններով ներկայացնել հայկական հուշարձանների, շինությունների կառուցման, պահպանման այն դրվագներն ու փաստերը, որոնք մինչ օրս չեն հրապարակվել կամ միակողմ են ներկայացվել:

PanARMENIAN.Net - Ծիծեռնակաբերդը բրոնզեդարյան հնավայր է Երևանում, Հրազդան գետի աջ ափին: Ըստ ավանդության այստեղ եղել է Հայոց սիրո ատվածուհի Ասղիկի տաճարը, որի երկրորդ հարկում բնակվող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր էին տանում Աստղիկի սիրեցյալ Վահագն աստծուն: Հնագետներն այստեղ հայտնաբերլ են բորնզե դարյան դամբարաններ, անմշակ էարերով կառուցված կիկլոպյան ամրոցներ: Ծիծեռնակաբերդի բլուրը ամայի տարածք էր: 1949 թվականից այստեղ սկսվեց զանգվածային ծառատունկ, որի շնորհիվ բլուրն աստիճանաբար վերածվեց փարթամ անտառի:

Ամատունի Վիրաբյան, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն. “Ճիշտ չէ այն տարածված կարծիքը, թե հուշահամիլիրը կառուցելու մասին որոշումը պայմանավորված էր 65 թվականի ապրիլի 24 –ին տեղի ունեցած հասարակական ցույցերի և ժողովրդի պահանջներով”:

Հուշահամալիրը կառուցվեց Կրեմլի թույլտվությամբ, և դրա կառուցման նախաձեռնությունն սկսվել էր դեռեւս 60-ականների սկզբից: Բայց Մոսկվային համոզելն այդքան էլ հեշտ չէր:

Մոսկվային համոզեցին՝ օգտագործելով դաշնակների անունը

Եղեռնի հուշահամալիրի կառուցման անհրաժեշտության մասին սկվեց խոսվել դեռեւս վաթսունականների սկզբին, երբ ՀԿԿ ԿենտԿոմի առաջին քարտուղար նշանակվեց Յակոբ Զարուբյանը: Նա ծննդով Արդվինցի էր և 14 թվականին, երբ թուրքերը գրավեցին Արդվինը, նա իր ընտանիքի հետ գաղթել էր Ուկրաինա: ՀԿԿ Կենտկոմի Ագիտքարոզչական բաժնի Արտասահմանյան կապերի ենթաբաժնի ղեկավար Կարլեն Դալլաքյանն իր հուշերում պատմում է, որ 1962 թվականին Զարուբյանը հանդիպել է Լիբանանի հայ հասարակական գործիչներից Անդրանիկ Ծառուկյանի հետ և քննարկել հուշահամալիրի կառուցման հարցը: Դալլաքայնը գրում է, որ Զարուբյանը ասել է. “Հուշահամալիրի կառուցման հետ կապված պլանները դեռևս հրապարակման ենթակա չեն: ԿենտԿոմը սկզբունքորեն դեմ չէ, միայն թե զգուշավոր է, և փորձում էգտնել այնպիսի մեթոդներ, որոնք չազդեն ԽՍՀՄ արտաքին քաղաքականության վրա”: (Կարլեն Դալլաքյան, Հուշապատում, Դեմքեր, իրողություններ, մտորումներ, Երևան, 1998թ., էջ. 62 ):

1964 թ.-ի հուլիսի 16-ին Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի Հայկական մասնաճյուղի տնօրեն Ծ. Աղայանի, ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության սեկտորի վարիչ Հ. Ինչիկյանի և ՀԿԿ Կենտկոմի գաղափարախոսության բաժնի վարիչի տեղակալ Ջոն Կիրակոսյանի ստորագրությամբ Հայաստանի Կոմկուսի նախագահությանը հույժ գաղտնի նամակ է ուղարկվում Եղեռնի 50 ամյակը նշելու վերաբերյալ: Այս փաստաթղթում ներկայացվում է Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մանրամասները, հայերի բնաջնջման քաղաքականությունը: Այնուհետև նշվում է, որ իրենց հայրենիքից արտաքսված հայերn արտասահմանում պատրաստվում են լայնորեն նշել ցեղասպանության հիսնամյակը:

“Հակահեղափոխական, ազգայնական Դաշնակցություն կուսակցությունը ամեն կերպ փորձում է այդ հարցը հակախորհրդային տրամադրությունների բորբոքման նպատակներով օգտագործել: Որպես հիմնական փաստարկ օգտագործելով այն, որ Խորհրդային Հայաստանում ոչ մի ձևով չի նշվում հայերի զանգվածային կոտորածի տարեթիվը, դաշնակները պնդում են այն մասին, իբր մեր երկրում թուրքական դահիճների ձեռքից անմեղ զոհված մեր հարյուր հազարավոր հայրենակիցների հիշատակին անտարբեր են վերաբերվում, և դրանով հանդերձ ցեղասպանության քաղաքականությունը առարկայաբար արդարացվում է: Մեզ թվում է, որ հայերի զանգվածային կոտորածների 50-ամյակի լռության մատնելը քաղաքականապես ձեռնտու չէ մեզ”: Հայաստանի Ազգային արխիվ, ֆ. 1, ց 44, գ 54, թթ 66-73, բնագիրը ռուսերեն:

Նույն նամակով հեղինակներն առաջարկում են Եղեռնի 50-ամյակը նշելու միջոցառումները, որտեղ “Վերածնված հայ ժողովուրդը խորհրդային ժողովուրդների եղբայրական ընտանիքում” թեմայով ցուցահանդես, գիտական նստաշրջաններ կազմակերպելու առաջարկների կողքին նաև 8-րդ կետով նշվում է. “Բնակչության միջոցների հաշվին կառուցել առաջին համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի զոհերի հուշարձանը: Հուշարձանը պետք է խորհրդանշի հայ ժողովրդի վերածնունդը”:

Արդեն երկու տարի անց 1964թ.-ի դեկտմբերի 13-ին Զարուբյանը զեկույց-նամակ է հղում ԽՄԿԿ ԿենտԿոմին, որում նշվում են Եղեռնի հիսուն ամյակը Երևանում նշելու և հուշակոթողի կառուցման անհրաժեշտության հիմքերը, քաղաքական և գաղափարական նշանակությունը. “Նպատակահարմար ենք գտնում այդ տարեթվի 50-ամյակը Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության լենինյան ազգային քաղաքականության լիակատար հաղթանակի, տնտեսության, մշակույթի, գիտության ոլորտներում վերածնված հայ ժողովրդի հսկայական ձեռքբերումների ցուցադրման նշանի ներքո լինի: Այդ ամբողջ աշխատանքը պետք է կազմակերպվի այնպես, որպեսզի այն բացասաբար չազդի հարևան երկրների ր մասնավորապես Թուրքիայի հետ ԽՍՀՄ փոխհարաբերությունների բարելավման քաղաքականության վրա, և հետապնդինպատակ, որպեսզի ժողովուրդների պատմության մեջ համանման ողբերգությոն այլևս չկրկնվի”: Նամակի վերջում ներկայացվում է միջոցառումների ծրագիրը, այդ թվում՝ “առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայ նահատակներին նվիրված կոթողի” կառուցումը: (ՀԱԱ, ֆ. 1, ց. 44, գ. 54, թթ. 170-174)

ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում կայացրեց “1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնելու համար կոթող կառուցելու”մասին (ՀԱԱ, ֆ. 113, ց. 96, գ. 88, թ. 2): Սա առաջին անգամ էր, երբ որոշումն ընդունվում էր հայերեն լեզվով:

Զոհված նահատակների հուշահամալիր, թե? վերածնվող հայ ժողովրդի կոթող

1965թ. ապրիլին հայտարարվեց համազգային մրցույթ` կոթողի լավագույն նախագծի համար: Հայտարարության մեջ ասվում էր. «Կոթողը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, վերապրելու, առաջադիմելու նրա անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան` ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915թ. Մեծ Եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակի»:

- 1964թ. էր: Աշխատում էի նկարչության և ճարտարապետության սինթեզի խնդիրների վրա: Հաճախ էի լինում նախագծային ինստիտուտներում,- պատմում է Վան Խաչատուրը:

- Մի օր ինձ կանչեց ակադեմիկոս, ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Սամվել Սաֆարյանը և ասաց, որ գաղտնի պայմաններով Եղեռնի հուշահամալիրի նախագծի մրցույթ է հայտարարված: Ինձ առաջարկեց իր արվեստանոցի երիտասարդ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի հետ միասին նախագիծ պատրաստել և մանակցել մրցույթին: Հավաքվեցինք, սկսեցինք աշխատել:

Խմբի անդամներին կանչում են և խիստ գաղտնի տրամադրում են Եղեռնի օրերին արված մի շարք լուսանկարներ, որպեսզի ճարտարապետները կարողանային նախագծել կոթողը:

- Մենք առաջին տարբերակը գերեզմանային էինք նախատեսել: Նույն տեղում՝ հարթակի մեջ, 9 մետր խորությամբ հսկայական խաչ էր, ժողովուրդը պետք է աստիճաններով իջներ էդ խաչի մեջ: Մենք պատկերացնում էինք մի մեծ գերեզման, վրան էլ զանգակատուն: Իսկ մուտքի մոտ որպես վրեժի խորհրդանիշ՝ Վարդան Մամիկոնյանի արձանը, որը պետք է գար և վրեժը լուծեր,- պատմում է հուշահամալիրի ճարտարապետներից Սաշուր Քալաշյանը:

Վան Խաչատուրն ավելացնում է, որ նպատակ կար Դեր-Զորի անապատի նմանությունը ստանալ. “Առաջարկել էինք հուշարձանի ամբողջ տարածքը ծածկել մազութով, որպեսզի հետագայում բուսականություն չաճեր, այնուհետև լցնել Ծիծեռնակաբերդի բլրին թափված ժանգոտ քարաբեկորներ՝ շեշտելու Դեր-Զոր անապատի ամայությունն ու սարսուռը: Գլխավոր տարրը՝ խաչը, որոշել էինք փորել գետնի մեջ: Պատերն ամբողջությամբ խաչքարեր էին լինելու: Մարդիկ մոմերով աստիճաններով պետք է իջնեին խաչի մեջ: Հիմնական գաղափարը խաչված ազգն էր”:

- Սակայն այս տարբերակը մերժվեց: Մինիստրների խորհրդի փոխնախագահ Լ. Ստեփանյանն ինձ ասաց, որ այդ աշխատանքով մենք ազգին կգժվեցնենք, և որ հուշարձանը չպետք է սուր զգացողություններ, վրեժ առաջացնի: Հիմնականում պարզ էր, որ ոչ թե Ցեղասպանության, այլ վերածննդի հուշարձան էին ուզում: Սկսեցինք այլ տարբերակ մշակել: Թարխանյան առաջարկեց. “ Այս անգամ մի այնպիսի բան անենք, որ անցնի, հետո կփոխենք: Մեր երկրորդ տարբերակը մոտավորապես այսօրվա հուշարձանի նմանությամբ էր, որն էլ և շահեց մրցույթը,- հիշում է Վան Խաչատուրը:

Չստացված փորձից հետո հատուկ հանձնաժողովը որոշում է երկու փուլով մրցույթ անցկացնել: Մրցույթին մասնակցեցին ինչպես տեղացի, այնպես էլ սփյուռքահայ ճարտարապետների հեղինակած 78 նախագծեր` («Ժայռ», «Փյունիկ», «Մուշ», «Ղողանջ», «Կրակ», «Կարմիր ծաղիկ» և այլ ծածկագրերով): Դրանցից միայն չորսն անցան հանձնաժողովի վերջնական քվեարկության փուլ: Սակայն ժյուրիին դրանցից և ոչ մեկն էլ չբավարարեց: Ժյուրիի նիստին ներկա էին նաև ՀԽՍՀ ԿենտԿոմի Առաջին քարտուղար Զուրաբյանը և Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը: Ժյուրիի նախագահ Վարազդատ Հարությունյանից նրանք խնդրեցին կարծիք հայտնել վերջին փուլ անցած նախագծերի վերաբերյալ: Ինչպես պատմում է ՀԱԱ ղեկավար Ամատունի Վիրաբյանը. “ Հարությունյանն ասաց, որ թեպետ ոչ մեկն էլ չի հավանում, բայց կնախնտրի ՀՍՍՌ Դրոշակ անվամբ նախագիծը”:

Հաջորդ նիստին ընտրվեց «ՀՍՍՌ Դրոշակ» ծածկագրով նախագիծը: 1965 թ.-ի սեպտեմբերի 25-ին Հայպետնախագիծ ինստիտուտի կողմից տրված N 292 հրամանի համաձայն Վանիկ Խաչատրյանը նշանակվեց Երևանում կառուցվելիք Եղեռնի հուշահամալիրի ճարտարապետական խմբի ղեկավար: Խմբի անդամներն էին ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Արթուր Թարխանյանը և նկարիչ-քանդակագործ Վանիկ Խաչատրյանը:

- Անհամաձայնություններ կային մրցույթն անցած այս երկրորդ տարբերակի շուրջ,- պարզաբանում է Վան Խաչատուրը:- Պիլոններն ավելի մեծ պետք է լինեին սրահի ռադիուսի հետ համեմատ և պետք է ավելի քիչ թեքվածք ունենային: Այդ դեպքում սրահն ավելի մեծ կլիներ, իսկ հատակն ավելի խորը: Այժ մենք ունենք ոչ թե պիլոններ, այլ՝ քարե կտորներով բետոնե կոնստրուկցիաներ, հետևաբար ոչ տեկտոնիկ քարե ֆորմա: Սա բետոնե կոնստրուկցիա է, և ոչ՝ քարե կառույց,- մեկնաբանում է Վանիկ Խաչատրյանը:

Սաշուր Քալաշյանն էլ նշում է, որ թեև նախագծի վրա աշխատող խումբն ի սկզբանե որոշել էր, որ խոնարհված հսկա սալաքարերից ամեն մեկը պետք է մի կտորից լիներ, բայց 12 այդպիսի մեծ կտոր չեն կարողացել գտնել:

- Ժամանակ չկորցնելու համար որոշեցինք ամեն կտորը չորս քարից սարքել, կարերի տեղում էլ ստացվում էր յուրօրինակ խաչ, բայց դա էլ չստացվեց, բոլորը շտապում էին, ու եղավ, այն ինչ ունենք՝ բետոն՝ վրան քարե բազմաթիվ սալիկներ,- պատմում է Սաշուր Քալաշյանը:

Ըստ Վանիկ Խաչատրյանի՝ սրահը պետք է ունենար երեք, աստիճանաբար մեկը մյուսի վրա իջնող օղակներ, իսկ հավերժական կրակի բրոնզե ամանը ոչ թե դուրս պետք է լիներ, ինչպես այժմ է՝ 1.5 մետր խորությամբ, այլ՝ գետնի մեջ:

Հուշահամալիրը բաղկացած էր երեք հիմնական կոմպոզիցիոն տարրերից՝ հավերժական կրակին հակված պատերով կենտրոնական կլոր բաց դամբարանից, հարթաքանդակներով զարդարված գրանիտե երկայանձիգ Սգո պատից և հայ ժողովրդի երկու կեսը խորհրդանշող սայրաձողից:

Հաջորդ շաբաթ կարդացեք՝ Ծիծեռնակաբերդ.Եղեռնի հուշահամալիր. մաս II. Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրը կառուցումն ու բացումը. Ինչ խնդիրներ ունեցավ աշխատանքային խումբը հուշահամալիրը կառուցելիս, ինչու Մոսկվան մերժեց Սգո պատի քանդակները, ինչու հուշահամալիրը բացվեց ոչ թե ապրիլի 24-ին, այլ՝ 1967թ. նոյեմբերի 29-ին, Խորհրդային Հայաստանի 47-րդ տարեդարձի օրը:

Արխիվային նյութեր տրամադրելու համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, նկարիչ-քանդակագործ, ակադեմիկոս Վան Խաչատուրին:

Լիանա Դոյդոյան, Վահան Ստեփանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---