«Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը». Ես Վերջին զանգ չեմ ունեցել, բայց տղաս դպրոցում էլ է սովորելու, համալսարանում էլ

«Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը». Ես Վերջին զանգ չեմ ունեցել, բայց տղաս դպրոցում էլ է սովորելու, համալսարանում էլ

Գիտեք հիմա որտեղ ու որպես ինչ է աշխատո՞ւմ: Մանկական սրճարանում՝ մուլտերի հերոսների կերպար: Հիմա կարողանում է դա անել, իսկ 30 տարեկանում ինչ է անելո՞ւ

20-ամյա աղջիկը, ով դպրոցը չի ավարտել, ամեն ինչ անում է, իր որդին անպայման խելացի լինի:

PanARMENIAN.Net - Բազեն որ եկավ`որդիս լռեցավ, ռազմի երգերի ձայնով քնեցավ… Անահիտն է երգում իր փոքրիկի օրորոցայինն ու կիսաձայն հարցնում. «Գիտե՞ք, որտեղ եմ սովորել այս երգը»: Գլուխս աջուձախ եմ շարժում...«Դպրոցում չէ: Երբ իմացա, որ երեխա եմ ունենալու ու տղայիս ծնվելուն էի սպասում, որոշեցի՝ ինքն ինձ նման չի լինելու: Սովորելու է: Դպրոցում էլ, համալսարանում էլ: Ու մտածեցի հենց օրորոցից սկսել: Ինտերնետը շատ փորփրեցի՝ «նանիկ արա, իմ բալիկից»-ից բացի ուրիշ օրորոցային գտնելու համար… շատերը գտա, բայց Ռաֆայել Պատկանյանի այս գործն էր հենց փնտրածս», - պատմում է 20 տարեկան մայրիկն ու արդեն քնած երեխայի ծածկոցն ուղղում:

Անահիտն 8-րդ դասարանն է ավարտել: Քույրը՝ Աննան, որ մի տարի մեծ է նրանից, մինչև վերջերս 8-րդ դասարանն ավարտելու վկայականն էլ չուներ՝ մի քանի ամիս դպրոց չէր գնացել:

Գնալու մասին. աղջիկներն իրենց հորը վերջին անգամ 2-3 տարեկանում են տեսել ու մեկ էլ մի քանի ամիս առաջ լուր են ստացել, որ վթարի է ենթարկվել, էլ չի կարողանա քայլել: «Իսկ տարիներ առաջ, երբ կարողանում էր, քայլեց, մեզ ու մորս թողեց, գնաց»,-ատելությունը մի կերպ զսպելով՝ պատմում է Անահիտն ու խնդրում այլևս այդ մարդու թեմային չանդրադառնալ:

Պատմում է, որ ամենածանր օրերը գիշերօթիկում էին: Մի քանի տարի անընդհատ: Մոր կարոտով, օտարների հետ, չհասկանալով՝ ինչու: «Պատերի գույնը, լուսամուտները, ինձ պես երեխաները, քույրս… իրականում այն ժամանակ չէ, հիմա եմ հասկանում ինչ էր կատարվում շուրջս», - ասում է Անահիտն ու դեռ մտածում, փորձում հասկանալ, թե իսկապես ինչ էր կատարվում:

Գիշերօթիկում մոտ երկու տարի են մնացել: Ամեն շաբաթ մայրը գալիս էր, տանում տատիկի տուն: «Գիշերը կռիվ էինք անում մամայի կողքը քնելու համար», - հիշում է Անահիտը: Տատիկին էլ է հիշում`կոպիտ էր, չէր սիրում իրեն ու քրոջը, մոր հետ զրույցն էլ միշտ լացով էր վերջանում: «Հատկապես երբ թեման մեզ գիշերօթիկից հանելն էր լինում», - ասում է Անահիտը: Ու ամեն անգամ նրանք վերադառնում էին այնտեղ, բայց մի օր էլ մայրը եկել, տուն է տարել աղջիկներին ու ասել, որ էլ չեն վերադառնալու, սովորական դպրոց են գնալու, բայց պիտի լավ սովորեն: Աղջիկների համար մոր վարձած 3 քառ. մետր մակերեսով կիսամութ սենյակը, լվացարանը, 3-ի համար մեկտեղանոց խոնավ անկողինն ու պլաստմասե մի երկու ափսե-բաժակը հարազատ տուն դարձան:

Հետո վարձով տները փոխվեցին, սենյակը մեծացավ, ավելի լուսավոր դարձավ, ափսեներն արդեն ապակուց էին, բայց ամեն տարի սեպտեմբերի 1-ը նոր խնդիր էր դառնում աղջիկների մոր համար: Նա համալսարանի երկրորդ կուրսից ուսումը կիսատ էր թողել, ամուսնացել, կայուն աշխատանք չուներ: Մատուցողուհու աշխատանք էր գտնում, երեխա էր խնամում կամ ծերերի: «Շոր, կոշիկ, գրքի, էքսկուրսիայի փող, տետր-գրիչ: Հազիվ էինք կարողանում դպրոց գնալ: Դրանից բացի տների հետ դպրոցներն էինք հաճախ փոխում, չէինք հասցնում հարմարվել», - պատմում է Անահիտը,- «Այնպես չէ, որ գերազանցիկ էինք, բայց սովորում էինք: Ես` հայոց լեզու, գրականություն, Աննան`կենսաբանություն, քիմա»:

«Մի օր էլ դպրոցում ֆիզկուլտուրայի ժամին իմ կոշիկը հետևի մասից պատռվեց: Ուրիշը չունեի, նորի փող էլ չկար: Աննան տարավ կոշկակարի մոտ, նորոգել չեղավ: Եկավ ու որոշեց`ինքը դպրոց չի գնա, որ ես իր կոշիկները հագնեմ: Ես 8-րդ դասարանն ավարտեցի, իսկ նա... մինչև հիմա չեմ կարողանում ինքս ինձ ներել: Շատ պնդեցի՝ գնաց, 8-րդ դասարանի ավարտական վկայականը ստացավ, բժշկական քոլեջ ընդունվեց, բայց վարձը չկարողացանք վճարել ու դուրս մնաց: Գիտե՞ք հիմա որտեղ ու որպես ինչ է աշխատում: Մանկական սրճարանում՝ մուլտերի հերոսների կերպար: Հիմա կարողանում է դա անել, իսկ 30 տարեկանում ի՞նչ է անելու»:

Անահիտը 2 տարի առաջ է ամուսնացել: Նոր, մեծ ընտանիք ունի: Ասում է՝ ամուսնու ծնողները հրաշալի մարդիկ են: Ամուսինը բարձրագույն կրթություն ունի, իսկ մայրը դպրոցում պատմության ուսուցչուհի է: «Քանի դեռ տղաս չէր ծնվել, մաման ինձ հետը մեկ-մեկ դպրոց էր տանում՝ քաղաքից եկած, սիրուն հարսին կոլեկտիվին ցույց տալու: Վերջին զանգին էլ էի գնացել: Ես վերջին զանգ չեմ ունեցել…»:

Աղջիկների անունները փոխված են:

Անի Ավետյան
«Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը» նախագիծ

Դպրոցի սեպտեմբերի 1, դասարան, սեղանին խզբզել, դասից «թռնել», բուֆետ, 45 րոպե, դասարանցիներ ու դասամիջոց, ստուգողական, վերջին զանգ: Իսկ գիտե՞ք՝ քանի երեխա կա Հայաստանում, որ այս հիշողությունները չի ունենա: Ու նրանց հետ զրուցելիս պարզվում է, որ սա նվազագույն կորուստն է:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2011 թվականին դպրոց չէր գնում 5914 երեխա, 2012-ին` 758: Կտրուկ նվազումը ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ոչ մի կերպ չմեկնաբանեց, նշեց, որ չի տիրապետում այդ տեղեկությանը, ինքն իր թիվն ունի` ստացված բոլոր մարզպետարաններից ու Երևանի համայնքապետարաններից` 157 երեխա: Մի խնդիր էլ կա. մենք էլ ենք դիմել բոլոր մարզպետարաններ ու Երևանի համայնքապետարաններ (պատասխանատու կառույցներին)` երեխաների մասին տեղեկություն գտնելու համար, բայց դրանց մեծամասնության կրթության բաժնի պետերը կամ մասնագետները վստահեցրին, որ իրենց տարածքում այդպիսի երեխա չկա: Միայն մի քանի դեպքում ընդահնուր հաշվարկով 20-ից էլ պակաս երեխաների մասին նշվեց: PanARMENIAN.Net -ն այնուամենայնիվ գտել է և շարունակելու է փնտրել երեխաներին, զրուցել նրանց, նրանց ծնողների ու ընկերների հետ և առաջիկայում կներկայացնի դպրոց չգնացող երեխաների պատմություններն ու նրանցը, որ հիմա արդեն չգնալու հետևանքներին են բախվել:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Qatar Airways-ը չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը

Qatar Airways-ը չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---