Հայկական մետաղադրամների պատմությունից.  Հին հայկական մետաղադրամները սահմաններ չէին ճանաչում

Հայկական մետաղադրամների պատմությունից. Հին հայկական մետաղադրամները սահմաններ չէին ճանաչում

Արտաշեսյանների արքայատոհմի առաջին թագավորների մետաղադրամները մեզ չեն հասել. հավանաբար, այդ ժամանակ մետաղադրամներ չեն հատվել

Անտիկ դարաշրջանում, հենց որ տիրակալը գահ էր բարձրանում, առաջին հերթին ձեռնամուխ էր լինում իր դիմապատկերով մետաղադրամների հատմանը: Հաշվի առնելով այդ ժամանակաշրջանի հաղորդակցության հնարավորությունները, դրամահատումը հսկայական քարոզչական դեր էր կատարում՝ նպաստելով տիրակալի ճանաչմանն ու մեծարմանը:

PanARMENIAN.Net - Պատմությունից հայտնի է, որ Սելևկյանների Անտիոքոս Մեծ (մ.թ.ա. 223-187 թթ.) թագավորի տիրապետության օրոք հայտնի սելևկյան զորավար Արտաշեսը նշանակվել է Հայաստանի կառավարիչ և ձևականորեն ենթարկվել սելևկյան թագավորին: Քանի որ այդ շրջանում Հռոմի հետ պատերազմը Սելևկյաններինշատ էր թուլացրել (մ.թ.ա. 191 թ. Մագնեսիա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո), Արտաշեսը՝ օգտվելով իրավիճակից, հռչակեց իրեն անկախ տիրակալ, ու հիմնեց Արտաշեսյանների հայոց արքայատոհմը (մ.թ.ա. 189 թթ.-մ.թ. 6 թ.):

Արտաշեսյանների արքայատոհմի առաջին թագավորների մետաղադրամները մեզ չեն հասել. հավանաբար, նրանք մետաղադրամներ չեն հատվել: Կարծիք կա, որ մեզ հասած արքայատոհմի վաղ շրջանի մետաղադրամները վերագրվում են Տիգրան Առաջինին (մ.թ.ա. 123-96 թթ.): Հայտնի են միայն այդ թագավորի օրոք հատված պղնձե մետաղադրամները:

Արտաշեսյանների արքայատոհմից մեզ հասած մետաղադրամների հիմնական մասը Տիգրան Երկրորդի (մ.թ.ա. 95-56 թթ.)՝ պատմությունից հայտնի Տիգրան Մեծ անունով, արքայի դրամներն են: Տիգրան Մեծի օրոք Հայաստանը հասավ հզորության ու բարգավաճման գագաթնակետին:

Հայտնի են Տիգրան Մեծի արծաթե և պղնձե մետաղադրամները: Արծաթե մետաղադրամները ներկայացված էին դրախմաներով ու տետրադրախմաներով (չորս դրախմա), իսկ պղնձե մետաղադրամները տարբեր արժողության խալկոսներով՝ կես խալկ, մեկ խալկ, երկու խալկ, չորս խալկ:

Ըստ հին ատիկյան չափա-քաշային համակարգի 1 դրախման հավասար էր 6 օբողոսի, իսկ 1 օբողոսը հավասար էր 8 խալկոսի: 1 արծաթյա դրախման հավասար էր 48 խալկոսի:

Տիգրան Մեծի մետաղադրամները հատվում էին Հայաստանում՝ Արտաշատի ու Տիգրանակերտի դրամահատարաններում, ինչպես նաև Սիրիայի քաղաքներում՝ Անտիոքում, Դամասկոսում և այլն:

Մետաղադրամների նկարագրությունը

Մետաղադրամների դիմերեսին պատկերված է թագակիր արքայից արքա Տիգրան Մեծի դիմապատկերը դեպի աջ: Պատկերված ատամնավոր թագը բնորոշ է միայն Արտաշեսյանների տոհմի թագավորներին. այն չի հանդիպում այլ պետությունների թագավորների մետաղադրամներին: Ատամնավոր թագի վրա պատկերված են Արտաշեսյանների տոհմի խորհրդանշանները՝ ութ ճառագայթով աստղը (արև), որի երկու կողմում արծիվներ են: Արծիվները պատկերված են շրջված դիրքով, սակայն նայում են միմյանց: Դարձերեսին առկա են դիցաբանական կամ խորհրդանշական պատկերներ, ինչպես նաև արքայի անունն ու տիտղոսը հունարեն գրերով:

Մակագրությունները երկու տիպի են՝ «Արքայի Տիգրանի» և «Արքայից արքայի Տիգրանի»: Մետաղադրամների ոսումնասիրության և հետազոտման արդյունքում պարզվել է, որ առաջին տիպի՝ «Արքայի Տիգրանի» գրությամբ մետաղադրամները հատվել են Սիրիայի քաղաքներում՝ Անտիոքում, Դամասկոսում և այլն, իսկ երկրորդ տիպի՝ «Արքայից արքայի Տիգրանի» գրությամբ՝ Հայաստանի՝ Արտաշատի և Տիգրանակերտի դրամահատարաններում:

Տիգրան Առաջինից և մինչև Արտաշեսյանների թագավորական տոհմի անկումը մետաղադրամների հատումը չի դադարել: Այդ ժամանակաշրջանի հետաքրքիր թողարկումներից կարելի է նշել Արտավազդ Երկրորդի (մ.թ.ա. 56-34 թթ.) արծաթյա տետրադրախման, որի վրա պատկերված է քառաձի մարտակարգ և աստվածուհի Նիկեն, ինչպես նաև Տիգրան Չորրորդի և Էրատո թագուհու պղնձե դրամը: Ի դեպ, դա Արտաշեսյանների ժամանակաշրջանի միակ մետաղադրամն է, որի վրա հայոց թագուհու պատկեր է: Բանն այն է, որ ըստ պատմական տվյալների, նա կառավարել է երկիրը եղբոր հետ միասին:

Արտաշեսյանների տոհմի մետաղադրամների ոսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջիններս թողարկվել են ըստ ատտիկյան դրամակշռային համակարգի, որի հիմքում ընկած էր հունական դրախման: Հայաստանում արծաթե մետաղադրամի համար ընդունված «դրամ» անվանումը սերում է հունական դրախմայից: Այսօր Հայաստանի Հանրապետության դրամական միավորը ևս կոչվում է0 «դրամ»:

Արտաշեսյանների կառավարման ժամանակաշրջանում դրամական շրջանառությունը պատմական Հայաստանում սպասարկվում էր ինչպես բուն հայկական մետաղադրամներով, այնպես էլ հարևան պետությունների՝ Պարթևստանի, Հռոմի (սկզբում Հռմի Հանրապետության, իսկ հետո Հռոմեական կայսրության), Սելևկիայի, Կապադովկիայի և այլ հարևան պետությունների թողարկումներով:

Մաշված և փչացած մետաղադրամները կրկին ձուլվում էին նորերը հատելու նպատակով, այդ պատճառով էլ դժվար է դատել այդ շրջանում հայկական մետաղադրամների շրջանառության ծավալների մասին: Մետաղադրամների մի մասը շրջանառվում էր նաև սահմաններից դուրս՝ հարևան երկրների տարածքում: Կարելի է ասել, որ Տիգրան Մեծի օրոք հատված մետաղադրամները միջազգային դրամի դերակատարություն ունեին:

Հետաքրքիր է նշել, որ Տիգրան Մեծի գահակալությունից հետո, նրա դրամները շարունակում էին շրջանառել՝ այդքան ճանաչված և ընդունելի էին դրանք:

Արտաշեսյաններից հետո հայկական մետաղադրամների հատումը երկար ժամանակով դադարեց:

Անտիկ շրջանում հայկական դրամների պատմությանը որոշակի առնչություն ունեն նաև Կոմմագենեի թագավորների պղնձե թողարկումները, որոնք սկիզբ են առնում Միհրդատ Առաջին Կալիննիկոսից (մ.թ.ա. 96-70 թթ.) և շարունակվում մինչև մ.թ. 1-ին դարի երկրորդ կեսը:

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo
| Նախագծի գործընկեր
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---