Աշուն 2014. Սպասվող հայկական իրադարձությունները

Աշուն 2014. Սպասվող հայկական իրադարձությունները

Հայաստանում ու դրանից դուրս մեր երկրին առնչվող ամենասպասված ու հետաքրքիր աշնանային իրադարձությունները

Սարգսյան-Ալիև հանդիպումը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը, Երևանում Carrefour-ի բացումը, 12-ամյա կրթությանն անցումը, շրջանառության հարկը, Մաքսիմ Գալկինի համերգը, Արթուր Աբրահամի մենամարտն ու ոչ միայն: Այս բոլոր իրադարձություններն իրար կապող մեկ հանգամանք կա՝ աշունն է: PanARMENIAN.Net-ը հավաքել է Հայաստանում ու դրանից դուրս մեր երկրին առնչվող ամենասպասված ու հետաքրքիր աշնանային իրադարձությունները:

PanARMENIAN.Net - Հայաստան և աշխարհ

Սեպտեմբերի 18-ին Հռոմում նախատեսված է բացել «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը նախաձեռնել ու հովանավորում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը:

Հնարավոր է՝ Ուելսում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում (սեպտեմբերի 4-5) և ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Նյու Յորքում (մեկնարկում է սեպտեմբերի 22-ին) կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը:

Սեպտեմբերի 29-ին մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Հայկական պատվիրակությունը բարձրաձայնելու է Բաքվում Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան հարցը, ինչպես նաև կխոսվի այն հանգամանքի մասին, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն այդ փաստին չեն արձագանքել:

Հոկտեմբերի 1-3-ը Մոնքթոնի համալսարանում (Նյու Բրունսվիկ, Կանադա) Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Հայոց ցեղասպանության ներկայացումն ու մասսայական սպանությունները» խորագրով միջազգային գիտաժողով կանցնի: Դրա նպատակն է ամփոփել Ցեղասպանության ու XIX-XX դարերին մարդկության դեմ մասսայական հանցագործությունների վերաբերյալ գիտական հետազոտությունները:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում բանակցություններ կանցնեն, որոնց ընթացքում պլանավորում են քննարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ու Ղրղրզստանի անդամակցության հարցը:

Նոյեմբերին Թեհրանում կբացվի Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը, որը հետագայում կներկայացվի նաև աշխարհի տարբեր երկրներում:

Աշնանն ԱՄՆ-ում հանրային ցուցադրման կդրվի Հայ որբերի գորգը, որը պահվում է Ստիպակ տանը: Այն 1925-ին նվիրել էին նախագահ Քալվին Քուլիջին՝ որպես շնորհակալական նշան Հայոց ցեղասպանության տարիներին ցուցաբերած օգնության համար: Գորգը 10 ամսվա ընթացքում գործել են հայ որբերը, այն 4,404,206 հանգույց ունի:

Քաղաքականություն

Ըստ նախնական պայմանավորվածության, ՌԴ վարչապետԴմիտրի Մեդվեդևը Երևան կայցելի՝ մասնակցելու սեպտեմբերի 8-9-ը նախատեսված Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի արտագնա նիստին:

Սեպտեմբերի 15-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմեկնի Իրան:

Սեպտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում ավագանու անդամի արտահերթ ընտրություն կանցնի, իսկ հոկտեմբերի 19-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի ու Վայոց ձորի մարզերի համայնքներում:

Հասարակություն

Սեպտեմբերին մեկնարկող Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում կքննարկվեն հասարարակական հնչեղություն ստացած օրինագծեր. դրանցից մեկը պարտադիր 12-ամյա կրթության անցնելու մասին է: Դրանով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո պարտավոր է լինելու կրթությունը շարունակել ավագ կամ նախնական դպրոցում, կամ էլ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: Այդպիսով կբարձրանա հասարակության կրթական ցենզը՝ միաժամանակ լուծելով սոցիալական խնդիր: Մասնագիտական կրթությունը լինելու է անվճար:

Խորհրդարանում նաև կքննարկվի արդեն իսկ շրջանառության մեջ դրված սահմանապահ 30 համայնքի գործարարներին հարկերից ազատելու, այդ գյուղերի բնակիչներին որոշ առավելություններ տալու մասին օրենքի նախագիծը: ՀՀ կառավարությունում կարծում են՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի գյուղացիները չլքեն բնակավայրերն ու աշխատանք ունենան:

Հոկտեմբերի 1-ից դեղերը, վիտամիններն ու պատվաստանյութերը կթանկանան, քանի որ այդ օրվանից պետք է պարտադիր դրոշմավորում անցնեն: Դա արվում է Ազգային ժողովի ավելի վաղ ընդունած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումների համաձայն:

Հոկտեմբերի 15-ը սահմանված է որպես Հայաստանումսահմանադրական բարեփոխումների քննարկման վերջնաժամկետ: Նոր Սահմանադրությամբ կառավարման խորհրդարանական մոդելին անցում է նախատեսվում:

Հոկտեմբերի կեսերին կավարտվեն Հյուսիսային պողոտայի բարեկարգման հիմնական աշխատանքները: Արդյունքում բետոնե ծածկը կփոխարինվի գրանիտե բազմագույն սալաքարերով: Ստորգետնյա հարկերից մեկը ծառայելու է որպես ավտոկայանատեղի, իսկ երկրորդ հարկի մի մասում «Տաշիր Գրուպ»-ի առևտրային, սպասարկման տարածքներն են լինելու:

Մշակույթ

Սեպտեմբերի 4-ին Հրաչ Քեշիշյանի «Մեր սրտի տնակը» ֆիլմի պրեմիերան է, որում նկարահանվել են Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Խորեն Լևոնյանը, Եկատերինա Ստրիժենովան, Մարիա Սյոմկինան և այլք։

Սեպտեմբերի 12-ին կմեկնարկի Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը կփակվի հոկտեմբերի 28-ին: Փառատոնի շրջանակում ելույթ կունենան դաշնակահար Էշլի Վոսը, ջութակահար Բորիս Բրովցինը, դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը, դիրիժոր Պիետրո Ռիցցոն, դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, ջութակահար Աննա Տիֆուն ու դիրիժոր Էդեր Պաոլոցին:

Սեպտեմբերի 26-ից Երևանում մեկնարկում են Վրաստանի մշակույթի օրերը, որոնք կավարտվեն հոկտեմբերի 12-ին: Այդ ընթացքում սեպտեմբերի 26-ին Օպերային թատրոնում ելույթ կունենա Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային պարի համույթը, ամսի 27-28-ին՝ Սունդուկյանի անվան թատրոնում կներկայացվի Թբիլիսիի «Ֆաբրիկա» թատրոնի «Մարիա Կալաս» ներկայացումը: Հոկտեմբերի 11-12-ին նույն բեմում Թբիլիսիի Ա.Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնը կբեմադրի «Խոլստոմեր» ներկայացումը:

Սեպտեմբերի 27-28-ին կանցնեն Եվրոպական ժառանգության օրերը, որոնց այս տարվա խորագիրն է «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց»: Թեմայի շրջանակում մի շարք համերգներ ու ցուցահանդեսներ կանցկացվեն, որոնցից հիմնականը Երևանի մետրոպոլիտենում կազմակերպվելիք ցուցադրությունն է: Նաև հանրության համար բաց կլինեն մի շարք պատմական հուշարձան-շենքեր: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թեմային առնչվող նյութերի հավաքագրում կսկսվի:

Սեպտեմբերի 28-ին օպերայում կանցնի «Գոլոս» նախագծի երկրորդ սեզոնի մասնակից Անդրեյ Դավիդյանի ու Sound Cake band-ի համերգը: Դավիդյանը մոսկովյան ռոք-շարժման առաջին ալիքի մասնակիցներից է: 1993-ից Sound Cake-ի լիդերն է:

Նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ռուս երգիծաբանՄաքսիմ Գալկինի համերգն է, որի ընթացքում նախատեսված են նաև նմանակման ու նոր երգերի պրեմիերաներ, ինչպես նաև հումորային համարներ:

Նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին մեծ էկրան կբարձրանա Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը: Նկարահանման աշխատանքները «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ը սկսել էր դեռ 2010-ին` մշակույթի նախարարության պատվերով ու ֆինանսավորմամբ:

Տնտեսություն

Հոկտեմբերի 1-ից Հայաստանում առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%:

Հոկտեմբերի 11-ից 31-ը Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական հաշվառում կանցկացվի, ինչը կնպաստի վիճակագրության բարելավմանը, կձևավորվի տվյալների միասնական համակարգ, կբացահայտի ենթակառուցվածքային փոփոխությունների միտումները:

Հոկտեմբերի երկրորդ կեսին նախատեսված է ամբողջությամբ ավարտել Հայաստանի համար պետական նշանակության «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման Տրանշ 1-ի` Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում բետոնապատման աշխատանքները:

Հոկտեմբերին նախատեսվում է ավարտել Հայաստանի ամենախոշոր սպանդանոցներից մեկի կառուցման աշխատանքները, որը նախատեսված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մորթի համար: Արտադրական հզորությունը՝ 1000 գլուխ ոչխարի և 300 գլուխ տավարի մորթ` մեկ հերթափոխում:

Հոկտեմբերին Yerevan Mall-ում նախատեսվում է Հայաստանում ֆրանսիական Carrefour ընկերության առաջին հիպերմարկետի բացումը: Ցանցն իր ապրանքն ինքն է ներկրում, ինչն մրցակցային առավելություն է տալիս: Դեռևս 2012-ի վերջին ընկերությունը Հայաստանում աշխատատեղերի մրցույթ էր հայտարարել և իր ապագա առևտրի կենտրոնի համար աշխատակազմ էր հավաքագրում:

Սպորտ

Սեպտեմբերի 27-ին գերմանական Քիլ քաղաքում սպասվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ու հավակնորդ Պոլ Սմիթի մենամարտը:

Իսպանական Բիլբաո քաղաքում սեպտեմբերի 13-ից 21-ը կանցկացվի շախմատի Եվրագավաթի խաղարկությունը: Մեր երկիրը կներկայացնեն Հայաստանի շախմատի ակումբային 9-րդ առաջնությունում 1-ին ու 2-րդ տեղերը գրաված թիմերը՝ «Փյունիկ»-ն ու ԲԿՄԱ-ն:

2016-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երեք հանդիպում կանցկացնի` սեպտեմբերի 7-ին՝ Դանիայի, հոկտեմբերի 11-ին՝ Սերբիայի, նոյեմբերի 14-ին՝ Պորտուգալիայի ընտրանիների հետ: Սերբիայի հետ կխաղան Երևանում, մյուս երկու խաղն արտագնա են:

Photos by PAN Photo Agency, AFP
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---