Չշնչող Երևանը. Կանաչ քաղաք` միայն հատակագծով

Չշնչող Երևանը. Կանաչ քաղաք` միայն հատակագծով

2004 թվականին Հայաստանի մայրաքաղաքի կանաչապատման աստիճանն ընդամենը 1,5% էր

Վերջին տարիներին Երևանի համար կրկին օրակարգային են դարձել մթնոլորտի, օդի մաքրության, կանաչապատ տարածքների պահպանության ու ընդլայնման հիմնախնդիրները։ Դարեր շարունակ քաղաքի կլիման եղել է անապատա-կիսաանապատային բնույթի. տարեկան տեղումների քանակը՝ սակավ, շոգ ու չոր ամառներով, ցուրտ ու չոր ձմեռներով։ Նախորդ դարասկզբին ամենուրեք կային լքված քարային տարածքներ, որտեղ բազմացել էին օձերը, սարդերը, կարիճները, շատ էին փշածածկ տարածքներն ու փոշոտ քամիները։

PanARMENIAN.Net - 20-րդ դարի ընթացքում իրավիճակը փոխվում է. ավելի կանոնակարգված ոռոգման համակարգը թույլ է տալիս ընդլայնել կանաչ տարածքները, հիմնել մայրաքաղաքին վայել այգիներ ու պուրակներ, ինչն էլ իր հերթին նպաստում է քաղաքում փոշու կոնցենտրացիայի նվազմանը, վերանում են փոշոտ քամիները։

Քչերը գիտեն, որ Երևանում առաջին հասարակական պարտեզն Անգլիական այգին էր (միակը՝ մինչև 1920 թվականը, այժմ՝ Թատերական այգի)։ Երևանի առաջին (1924) և հաջորդ բոլոր հատակագծերում խորհրդային իշխանությունը հատուկ ուշադրություն է դարձրել կանաչապատման հարցերին։

1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերի արդյունքում ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, իսկ Երևանը դարձավ նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։

Գյուղինստիտուտին հարող այգին

1930-ականներին սկսվել է Քանաքեռի, Նորքի և Սարի թաղի լանջերի կանաչապատումը։ Հետագայում ստեղծվել են «Հաղթանակ», «Օղակաձև», Ծիծեռնակաբերդի զբոսայգիները, Ազատության հրապարակի, Շահումյանի պուրակները, Հրազդանի կիրճի, Մալաթիա թաղամասի Ջրաշենի հանգստյան գոտիները և այլն։

Երևանի տարբեր հատվածներում կա 40-ից ավելի զբոսայգի և պուրակ։

1990-ին Երևանն ունեցել է մոտ 1930 հա ծառածածկ տարածք։ Այդուհանդերձ, կանաչապատման աստիճանը չի գերազանցել 8,5%-ը, այնինչ նախատեսված էր 40%։ Միջազգային նվազագույն չափանիշով (50 մ²/մարդ) մոտ 1,2 մլն բնակչություն ունեցող քաղաքին անհրաժեշտ է 6000 հա ծառածածկ տարածք (Երևանի տարածքի 26.4%-ը), մինչդեռ անգամ 90-ականների սկզբին այն 3 անգամ պակաս էր ընդունված չափանիշից։

Դա 90-ականների չափանիշներով, իսկ հիմա նվազագույն ստանդարտը, որ տնտեսապես զարգացած շատ երկրներ ձգտում են ընդունել, 25 մ² կանաչ տարածքն է յուրաքանչուր բնակչի համար: Երևանում այս ցուցանիչը, ներառյալ Ծիծեռնակաբերդի այգին, ընդամենը 7 մ² է:

Ավելին, 1991-1995 թվականների էներգետիկական ճգնաժամի կամ մութ ու ցուրտ տարիներին Երևանում հատվել է մոտ 470 հա ծառածածկ տարածք։ 1995-ին քաղաքի ընդհանուր՝ 22.700 հա տարածքից ծառածածկ էր ընդամենը 1460 հա-ն, կանաչապատման աստիճանը՝ 6,4%։ 2004 թվականին իրավիճակն ավելի տխուր էր. քաղաքում մնացել էր 570 հա կանաչ տարածք` 2,5%: Հատկանշական է, որ այս 570 հա-ն ուներ 60% միջին ծառածածկ (342 հա), այսինքն քաղաքի կանաչապատման աստիճանն ընդամենը 1,5% էր։

Երևանի առավելագույն երկարությունը հյուսիսից հարավ 19,7 կմ է, արևմուտքից արևելք՝ 19,1 կմ։

Արամի փողոց-Աբովյան խաճմերում, նախկին ՑՈւՄ-ի շենքը

Երևանի ներկայիս գլխավոր հատակագծով՝ մինչև 2020-ը նախատեսվում է 1300 հա-ով ավելացնել կանաչ տարածքները: Քաղաքապետարանն ամեն տարի հայտարարում է` նախատեսվում է տարվա ընթացքում տնկել 40 000 ծառ և թուփ, չհաշված ծաղկաթփերը: Օրինակ, նախորդ տարի մայրաքաղաքում տնկվել է 39.000 հատ ծառ և թուփ, 2.000.000 ծաղկասածիլ, 500.000 վարդակակաչ։

Վերջին տարիներին վերանորոգվել են մի շարք այգիներ` Սիրահարների, Տիգրան Մեծի, Դավիթ Անհաղթի այգիները: 2010 թվականի հոկտեմբերին ավարտվել Է Սիրահարների այգու (նախկին Ալեքսանդր Պուշկինի անվան) վերակառուցումը, որն ունի արհեստական լճակներ ու ջրվեժներ, քարե հորինվածքներ ու արձաններ, ինչպես նաև բացօթյա ամֆիթատրոն, բայց շատ քիչ ծառ։ 2011-ի հուլիսի 21-ին Էրեբունի վարչական շրջանում մեծ հանդիսավորությամբ պաշտոնապես բացվեց Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին:

Երևանը գտնվում է ծովի մակարդակից 850-ից մինչև 1300 մետր բարձրության վրա՝ Արաքսի վտակ Հրազդանի ափին, Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում։ Երևանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։

Սրա հետ մեկտեղ պարբերաբար տեղեկություն է հայտնվում հատվող ծառերի մասին` Վիշապների այգու տեղում էլիտար շենք էին փորձում կառուցել, Դալմայի այգիների տեղում համանուն մոլն է, «Հաղթանակ» զբոսայգու հաշվին ընդարձակվում է Golden Palace հյուրանոցը, դրա դիմացի մայթին ծառերի փոխարեն արդեն վաղուց մեծահարուստների առանձնատներ են:

Քաղաքը չի կարող գոյատևել առանց «թոքերի»: Որպես ապացույց` այս ամռանը Երևանում գրանցվեց վերջին տասնամյակների առաջին ավազահողմը. օգոստոսի 2-րդ կեսին արևադարձային հոսանքների հետ հանրապետություն թափանցեց փոշու խիտ կոնցենտրացիա ունեցող օդ, որի ճանապարհին խանգարող ծառեր ու այգիներ պարզապես չկային: Արդեն հիմա, ըստ Հայէկոմոնիտորինգի դիտարկումների, Երևանում փոշու միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցում է 1,6-1,9 անգամ:

Նորից ակտիվացել են նաև մեկ դար առաջ լայնորեն տարածված օձերը. վերջերս մեկին որսացել էին քաղաքային մանկապարտեզի դահլիճում:

Աբովյան-Մոսկովյան խաչմերուկ, Երիտասարդական մետրոյին հարող այգի

Եթե անգամ խոստացված կանաչ տարածքներն ավելանան, և եղածներն էլ չհատվեն, ինչը մի քիչ կասկածելի է, միևնույն է, 2020-ին ընդհանուր առմամբ կունենանք մոտ 1870 հա կանաչ տարածք, ինչը անգամ չի հասնում 1990-ի ցուցանիշին: Իսկ բաղձալի 40% կանաչի մասին երևի թե կարելի է ընդհանրապես մոռանալ:

2010 թվականին Առողջության համաշխարհային կազմակերպությունն ամփոփեց մարդու առողջության վրա կանաչ տարածքների ունեցած ազդեցությանը վերաբերող հետազոտությունների մի մեծ զանգված: Ամփոփիչ զեկույցում նշվում էր, որ Տոկիոյի այն բնակիչները, որոնք ապրում են կանաչ տարածքներին մոտ, անկախ իրենց սոցիալ-տնտեսական կարգավիճակից, ավելի երկար են ապրում: Իսկ ԱՄՆ-ում սթրեսային պայմաններին ավելի լավ են դիմադրում այն քաղաքների բնակիչները, որոնք ունեն կանաչ և բաց տարածքների տեսարան: ԱՀԿ զեկույցում տասնյակ օրինակներով ապացուցվում է, որ առողջ քաղաքի համար կանաչ տարածությունները պարտադիր են:

Լուսանկարներում Երևանի 1954-ի բացիկներն են

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---