Չշնչող Երևանը. Բուֆերային գոտիները քաղաքը կպաշտպանեն ավազահողմերից

Չշնչող Երևանը. Բուֆերային գոտիները քաղաքը կպաշտպանեն ավազահողմերից

Երևանի ընդհանուր օգտագորման կանաչ տարածքների մակերեսն ընդամենը 852 հա է կամ 3,75%

1990-ին Երևանն ունեցել է մոտ 1930 հա ծառածածկ տարածք։ Այդուհանդերձ, կանաչապատման աստիճանը չի գերազանցել 8,5%-ը, այնինչ գլխավոր հատակագծով ու միջազգային ստանդարտներով նախատեսված էր 40%։ Ավելին, 1991-1995 թվականների էներգետիկական ճգնաժամի կամ մութ ու ցուրտ տարիներին Երևանում հատվել է մոտ 470 հա ծառածածկ տարածք։ 1995-ին քաղաքի ընդհանուր՝ 22.700 հա տարածքից ծառածածկ էր ընդամենը 1460 հա-ն, կանաչապատման աստիճանը՝ 6,4%։ 2004 թվականին իրավիճակն ավելի տխուր էր. քաղաքում մնացել էր 570 հա կանաչ տարածք` 2,5%: Հատկանշական է, որ այս 570 հա-ն ուներ 60% միջին ծառածածկ (342 հա), այսինքն քաղաքի կանաչապատման աստիճանն ընդամենը 1,5% էր։ Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր և ի՞նչ է սպասվում ապագայում. PanARMENIAN.Net-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի հետ` պարզելու քաղաքի կանաչապատ կամ կիսաանապատային ապագայի հեռանկարները:

PanARMENIAN.Net - Պարզվում է` այսօր Հայաստանի մայրաքաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ զանգվածի վրա կա 400.000, ընդհանուր Երևան քաղաքում` 1,6 մլն ծառ: Քաղաքապետարանի գույքագրման վերջին տվյալով Երևանի կանաչ մակերեսը 6758,5 հա է, ինչը հավասար է քաղաքի գրեթե 30%-ին: Սակայն այս 30%-ի մեջ մտնում է ամեն ինչ ` և´ հատուկ նշանակության (հիմնարկներ, գերատեսչություններ), և´ սահմանափակ օգտագործման (բակային), և´ ընդհանուր օգտագործման տարածքները: Իսկ միայն ընդհանուր օգտագորման կանաչ տարածքների մակերեսը` զբոսայգիներ, անտառ-պուրակներ, որոնց խնամքն էլ հենց իրականացնում է Երևանքի քաղաքապետարանը, ընդամենը 852 հա է կամ քաղաքի ընդհանուր մակերեսի 3,75%-ը (տասը տարի առաջ կանաչապատման աստիճանն ընդամենը 1,5% էր): Նախատեսվում է փուլային տարբերակնելով մինչև 2025 թվականը ընդհանուր օգտագործման մակերեսը հասցնել 960-980 հա-ի(4,2- 4,3%):

1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերի արդյունքում ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, իսկ Երևանը դարձավ նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։ Երևանի մակերեսը 22.700 հա է, առավելագույն երկարությունը հյուսիսից հարավ` 19,7 կմ, արևմուտքից արևելք՝ 19,1 կմ։

Նվազագույն ստանդարտը, որ տնտեսապես զարգացած շատ երկրներ ձգտում են ընդունել, 25 մ² կանաչ տարածքն է յուրաքանչուր բնակչի համար: Սուրեն Մաքսապետյանի համոզմամբ` թիվը խիստ հարաբերական է ու կախված քաղաքի բնակչության խտությունից. Երևանում այս ցուցանիչը, ներառյալ Ծիծեռնակաբերդի այգին, ընդամենը 7,6-7,7 մ² է:

«Լավագույն ցուցանիշը Երևանում եղել է 15 մ²/մարդ, այն էլ այն դեպքում, երբ քաղաքի բնակչության թիվը եղել է ընդամենը 6-700.000 մարդ»:

Դարեր շարունակ քաղաքի կլիման եղել է անապատա-կիսաանապատային բնույթի. տարեկան տեղումների քանակը՝ սակավ, շոգ ու չոր ամառներով, ցուրտ ու չոր ձմեռներով։ XX դարում քաղաքն ինտենսիվ կանաչապատվեց, ստեղծվեցին բուֆերային գոտիները` Քանաքեռի, Նորքի և Սարի թաղի լանջեր կանաչապատվեցին, ինչը զգալի մեղմեց քաղաքի կլիման: Սակայն հետագայում անտառները նույնքան բարեհաջող հատվեցին, և վերջին տարիներին Երևանի համար կրկին օրակարգային են դարձել մթնոլորտի, օդի մաքրության, կանաչապատ տարածքների պահպանության ու ընդլայնման հիմնախնդիրները. այս ամռանը Երևանում գրանցվեց վերջին տասնամյակների առաջին ավազահողմը. օգոստոսի 2-րդ կեսին արևադարձային հոսանքների հետ հանրապետություն թափանցեց փոշու խիտ կոնցենտրացիա ունեցող օդ, որի ճանապարհին խանգարող ծառեր ու այգիներ պարզապես չկային: Արդեն հիմա, ըստ Հայէկոմոնիտորինգի դիտարկումների, Երևանում փոշու միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցում է 1,6-1,9 անգամ:

Երևան քաղաքի կանաչապատման հիմնական նպատակը մինչև 2025 թվականն արվարձաններում բուֆերային գոտիների ստեղծումն է` Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, Կարմիր բլուր, Շամպայն գինիների գործարանի շրջակայքի անտառ պուրակ: Սրանք կմեղմեն կիսաանապատային կլիման, կթեթևացնեն քամիների ուժգնությունը: Հիմնականում տնկվելու են փոշեկլանիչ հատկանիշներով ծառատեսակներ:

«Քաղաքի հիմնական բնապահպանական խնդիրներից մեկը տրանսպորտային այս արտանետումների ազդեցությունից պաշտպանող բուֆերային գոտիների ստեղծումն է:Մալաթիա-Սեբաստիայում, Եռաբլուրում գործընթացն արդեն սկսված է: Ի՞նչ է պահանջվում այստեղ` ոռոգման ցանցի առկայություն, որը մենք արդեն գրեթե 70%-ով ավարտել ենք: Նոր ցանցեր են անցկացվել «Փարոս» անտառ-պուրակում, Եռաբլուրում, Հաղթանակ զբոսայգում: Հիմնականում այդ տարածքներն արդեն ապահովված են ոռոգման ցանցով, և հիմա աստիճանաբար, փուլ առ փուլ տարածքները համալրելու ենք ֆունկցիոնալ նշանակության ծառատեսակներով` հացենին, թխկին, կաղնի, ակացիա և այլն»,- մանրամասնում է պաշտոնյան:

Անդրադառնալով ոռոգման համակարգի մասին հարցին` արդյոք նպատակահարմար չէ անցնել դրա կաթիլային տիպին, Սուրեն Մաքսապետյանը նշեց, որ կաթիլային ոռոգումը շատ արդյունավետ է, բայց Երևանում մասսայական կիրառել դեռ չենք կարող.

«Դրա համար արտակարգ մաքուր ջուր է պետք, իսկ մեր ոռոգման ջուրն այդ աստիճանի մաքուր չէ, ֆիլտրներն էլ շատ թանկ են: Տեղ-տեղ ունենք, օրինակ քաղաքապետարանի դիմացի հրապարակում: Հեռանկարում նախատեսված է, բայց ոչ մոտ ապագայում»:

Կաթիլային ոռոգման համակարգը հիմնված է բույսի արմատային համակարգին ջրի անմիջական մատուցման սկզբունքի վրա: Այն արդյունավետ է բոլոր բույսերի ոռոգման համար և նպատակահարմար է ինչպես փոքր տնտեսություններում, այնպես էլ արդյունաբերական մասշտաբներով արտադրությունների համար: Համակարգը նախատեսված է մշակաբույսի համակարգի զարգացման գոտում հողի տեղայնացված (լոկալ) խոնավացման համար: Այս մեթոդը ենթադրում է փոքր չափաբաժիններով ջրի անմիջական մատակարարում բույսերի արմատամետ գոտի կաթիլային բաշխիչների միջոցով:

Վերջին 2-3 տարվա ընթացքում բարեկարգվել և կանաչապատվել են մայրաքաղաքի մուտքերը, այդ թվում` Երևան-Սևան խճուղու սկզբնամասը, Երևան-Եղվարդը, Երևան-Արգավանդ, Երևան-Աշտարակ խճուղիները, Թևոսյան փողոցը:

«Մայրաքաղաքի բոլոր մուտքերն այսօր կանաչապատ, բարեկարգ, ծառապատված, ծաղկապատված են»,- մանրամասնեց Սուրեն Մաքսապետյանը:

Երևանի տարբեր հատվածներում կա 40-ից ավելի զբոսայգի և պուրակ։

2014-ին քաղաքապետարանի ծրագրով վերակառուցվել է ֆինանսների նախարարության դիմացի այգին, Մալացիայի պուրակը, Նոր նորքի 5-րդ զանգվածի զբոսայգին, Ամերիկյանի համալսարանին կից զբոսայգին: Հաջորդ տարվա ծրագրերում ընդգրկված է Գլխավոր պողոտայի առաջին հատվածը` Սարյանից մինչև Մաշտոցի պողոտա:

Հեռանկարային ծրագրերում ընդգրկած է նաև Սարալանջի և Սերպանտինի կանաչապատման հարցը, որտեղ ոռոգման ցանցն արդեն անցկացված է, բայց խիստ թեքությունը թույլ չի տալիս բուսականություն տնկել:

Կարդացեք նաև` Չշնչող Երևանը. Կանաչ քաղաք` միայն հատակագծով

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---