Հայկական ռազմարդյունաբերություն. Վերանորոգվող տանկի դետալների 25%-ից մինչև արտահանման պայմանագրեր

Հայկական ռազմարդյունաբերություն. Վերանորոգվող տանկի դետալների 25%-ից մինչև արտահանման պայմանագրեր

ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանն ընկերության արտադրատեսակներից առանձնացնում է կեղծ թիրախները

Դեռ 2014-ի հոկտեմբերին գործարկված հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» գործարանի արտադրանքն արդեն պահանջարկ ունի. առաջիկա օրերին առաջին խոշոր արտահանման պայմանագիրը կստորագրվի հարևան երկրներից մեկի հետ: Մինչ այդ, պատվերներ են ստացվել ՀՀ պետական կառույցներից՝ պաշտպանության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններից:

PanARMENIAN.Net - Կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք. գործարանի գործադիր տնօրեն Յարոսլավ Ռուխը ներկայացնում է արտադրատեսակներն ու հստակեցնում՝ մեր աչքի առաջ պատրաստվում է պաշտպանության նախարարության 2-րդ պատվերը: Քողարկիչ ցանցեր են՝ հատուկ տեխնիկական կտորներով, նյութերով և աշխարհում ամենաժամանակակից տեխնոլոգիաներից մեկով, որոնք ռազմական օբյեկտներն անտեսանելի են դարձնում հակառակորդի օպտիկական և ջերմատեսիլ սարքերի, ռադարների համար:

«Քողարկիչ ծածկը պետք է թեթև ու պարզ լինի ռազմական գործողությունների պայմաններում դրա կիրառումը հնարավորինս պրակտիկ դարձնելու համար: Արտադրանքի առանձնահատկություններից է նաև դրա վրա եղած «պրինտը»՝ որոշ տեղորոշիչ կայաններ կրկնվող տեսարանները ֆիքսում են, իսկ այս ծածկերի վրա պատկերների կրկնությունից խուսափում ենք»,- բացատրում է «Լյուբավա Արմենիա»-ի տնօրենն ու հավելում՝ որակի ստուգումն էլ մի քանի փուլով է ընթանում:

ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանն ընկերության արտադրատեսակներից առանձնացնում է կեղծ թիրախները. «Դրանք թշնամուն մոլորեցնելու նպատակով են, օրինակ, քանակական առումով՝ եթե մի տանկն իսկական է, մոտակայքում տասը և ավելի այսպիսինն է դրվում, որ դրանք վնասվեն, քանի որ իրական ռազմատեխնիկայից ավելի էժան են»:

2014-ի հուլիսին է Կառավարությունը հաստատել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առաջարկած որոշման նախագիծը, որով Հայաստանը մոտ 400 մլն դրամ է («Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ գույքը՝ վարչական, արտադրական մասնաշենքեր և հարակից հողատարածքներ) ներդրել հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ընկերությունում՝ լեհական կողմից ակնկալելով մոտ $10 մլն ներդրում: $2 մլն-ը դեռ 2013-ի օգոստոսից մեկնարկած շինաշխատանքները կատարելով է ներդվել, իսկ մյուս մասը նախատեսված է տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման, կադրերի պատրաստման և արտադրության կազմակերպման համար: «Լյուբավա-Արմենիա»-ի բաժնետոմսերի 51%-ը պատկանում է լեհական կողմին, 49%-ը՝ հայկական:

Գնդապետը Իսախանյանը կարևորում է՝ «Լյուբավա Արմենիայի» հետ դեռ նախապատրաստական աշխատանքների փուլում խնդիր էր դրվել յուրաքանչյուր տարի 25 աշխատատեղ ավելացնել: Այդպես էլ արվում է: Իսկ արտադրամսի ընդլայնման պոտենցիալի մասին հավելում. «Պայմանագրով նախատեսված է, որ յուրաքանչյուր արտադրամաս 70%-ով ծանրաբեռնելուց հետո նորն է կառուցվելու: Համոզված ենք, որ մինչև տարեվերջ նշված ծանրաբեռնվածությունը կապահովվի և հիմա նոր արտադրամասի նախագծման աշխատանքներն են ընթանում, հենց պատվերները հաստատվեն, լեհական կողմը կսկսի ֆինանսավորումը»:

Չարենցավանի հաստոցաշինական գործարանում ևս արտադրատեսակներն ավելանում են, աշխատանքի պահանջարկը՝ նույնպես. այստեղ են վերանորոգվում ՀՀ ԶՈւ-ում վնասված տանկերը:

«Վերանորոգվող տանկի համար տարեկան մոտ 300-320 դետալ է նախագծվում ու արտադրվում՝ և զրահատեխնիկայի, և հրետանու, և հատուկ տեխնիկայի համար: Հին դետալները փոխարինում ենք այս նորերով, որոնցով վերանորոգված տեխնիկայի համար երաշխիք է տրվում: Օրինակ, ամբողջ տանկի դետալների 20-25%-ն արդեն նախագծված է և արտադրվում է այս գործարանում»,- ասում է գործարանի տնօրեն Հովիկ Ղարախանյանը:

Դեռ ԽՄ զորահավաքային ծրագրով 1972-ից Չարենցավանի հաստոցաշինական գործարանը նախատեսված էր պատերազմի ժամանակ Տ72 տանկերի նորոգման համար: Այսօր այստեղ, օրինակ, ԲՄ 21 գրադ կայաններ են արդիականացվում:

«Շարժիչներն են փոխարինվում նորերով՝ բենզինայինը՝ դիզելայինով և կրակային մասն ենք լրիվ նորոգում: Հենց այս պահին վեցն ընթացքի մեջ են»,- ասում է Ղարախանյանը:

Ուշագրավ է, որ պաշտպանական գերատեսչության՝ փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու սկզբունքը դրսևորվում է նաև այս ոլորտում: Գործարանային վերանորոգման հնարավորությունները զարգացնելուն զուգահեռ կիրառվում է դեռ Արցախյան պատերազմի տարիներին արդյունավետությունն ապացուցած՝ «վնասված տանկը բերելու փոխարեն տանկի մոտ գնալու» տարբերակը: Սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկումը տեղում կատարող մասնագետների խմբերի աշխատանքով խնայվում է մարդկային և ֆինանսական բավական մեծ ռեսուրս, իսկ արդյունքն առավել քան ակնհայտ է լինում լայնածավալ զորավարժությունների ժամանակ: Իսկ դրանց հետևում են պատվերներ և առաջարկներ նույնիսկ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մասնակցող երկրներից:

Անի Ավետյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---