Նոր պարտավորություններ և հեռանկարներ. Հայաստանը` տարածաշրջանային աստղագիտական կենտրոն

Նոր պարտավորություններ և հեռանկարներ. Հայաստանը` տարածաշրջանային աստղագիտական կենտրոն

Մեծ ծրագրերն ու հավակնությունները կարող են իրագործվել միայն միջազգային և պետական աջակցության դեպքում:

2015-ի ամռանը Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Հայաստանը ճանաչվեց տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Համաշխարհային աստղագիտական ընկերակցությունը (ՀԱԸ) բաղկացած է 8 այդպիսի տարածաշրջանային կենտրոններից` Հայաստանն ըստ նոր կարգավիճակի, գլխավորելու է հարավ-արևելյան աստղագիտական տարածաշրջանը: Մենք հաճախ ենք խոսում, որ կարող ենք այս կամ ոլորտում տարածաշրջանային, կամ նույնիսկ համաշխարհային կենտրոն դառնալ: Հիմնականում բոլոր այդ խոսակցությունները այդպես էլ կյանքի չեն կոչվում: Ըստ Համաշխարհային աստղագիտական ընկերակցության որոշման, Հայաստանը պաշտոնապես ճանաչվեց այս ոլորտում տարածաշրջանային կենտրոն, մինչդեռ շատ երկրներ տարիներ շարունակ այդ կոչման համար են պայքարել:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայկական աստղագիտական ընկերակցության և տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի ղեկավար Արեգ Միքայելյանը ներկայացրել է Հայաստանի նոր կարգավիճակի առավելությունները:

Աստղագիտության համակարգումն ամբողջ աշխարհում իրականացվում է տարածաշրջանային կենտրոնների միջոցով: Ըստ նոր կարգավիճակի, Հայաստանը պետք է զբաղվի աստղագիտության զարգացմամբ իր տարածաշրջանում 3 մակարդակով. մասնագիտական, որը կոչվում է «Համալսարաններ և հետազոտություններ», աստղագիտական կրթության, որը կոչվում է «Երեխաներ և դպրոցներ» և «Աստղագիտություն հասարակության համար», որը ենթադրում է այս գիտական ոլորտի հանրայնացում:

Հայաստանը պետք է իր գործունեությունը ծավալի բոլոր այս ուղղություններով, որպեսզի, մեր երկրում, ինչպես և տարածաշրջանի մյուս երկրներում, աստղագիտությունը համաչափ զարգանա: Միջազգային աստղագիտական միությունն իր հերթին կաջակցի տարբեր ծրագրերի իրագործմանը:

«Օրինակ, անվանի գիտնականներից շատերը, այդ թվում` նոբելյան մրցանակակիրներ, պարբերաբար կայցելեն Կենտրոն որոշակի առաքելությամբ: Հայտնի գիտնականների այցերը միշտ արդյունավետ են: Անհրաժեշտ է բարձրացնել գիտության հեղինակությունը հանրության շրջանում, ինչը, թեև շատ դանդաղ, բայց տեղի է ունենում: Պետական մարմիններն աստիճանաբար հասկանում են, որ երկիրը կարող է զարգանալ միայն զարգացած գիտության պայմաններում` դա անհերքելի փաստ է ցանկացած երկրի համար»,-պատմել է Միքայելյանը:

Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի գրասենյակը գտնվում է Բյուրականի աստղադիտարանում:

Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած բացման արարողությանը մասնակցել են Համաշխարհային աստղագիտական ընկերակցության և Համաշխարհային աստղագիտական կենտրոնի ղեկավարներն ու ներկայացուցիչները, որի գլխամասը գտնվում է ՀԱՀ-ում և որը համակարգում է տարածաշրջանային կենտրոնների աշխատանքը: Իրանի և Վրաստանի աստղագիտական ընկերակցություններն արդեն տվել են իրենց համաձայնությունը Հայաստանի հռչակմանը որպես տարածաշրջանային կենտրոն: Հայաստան ժամանած Թուրքիայի ներկայացուցիչն, ըստ Միքայելյանի, բավականին դրական էր տրամադրված: Առաջիկայում այդ երկրի աստղագիտական ընկերակցությունը պետք է քննարկի որպես տարածաշրջանային կենտրոն Հայաստանը ճանաչելու հարցը` հիմնվելով իր ներկայացուցչի զեկույցի վրա: Կա փոքր հավանականություն, որ ճանաչմանը կմիանա նաև Իսրայելը: Մյուսների թվում են ՌԴ հարավային մասն ու մի քանի արաբական երկրներ:

Հայկական ընկերակցությունն անկախության 24 տարվա ընթացքում որոշ առումով կարողացել է ձերբազատվել «ընթացիկ խնդիրների բեռից»` այժմ ժամանակն է մտածել ավելի լուրջ բաների մասին: Հայկական աստղագիտական ընկերակցության ղեկավարը հիշեցրել է, որ անցյալում առկա գիտական ներուժը կարելի է այսօր էլ օգտագործել` գիտական դպրոցներն ու բարձրորակ կադրերը շարունակում են աշխատել և արարել:

«ԽՍՀՄ տարիներին Հայաստանը իրավամբ գիտական երկիր էր համարվում, և մենք դեռ կարող ենք վերադարձնել այդ կոչումը: Հայաստանը համաշխարհային աստղագիտության կենտրոններից մեկն էր` շնորհիվ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի և նրա աշակերտների: Այսօր, խոշոր ներդրումների բացակայության պատճառով, շատ երկրներ կարողացել են առաջ անցնել մեզանից: Ըստ պաշտոնական տվյալների, 196 երկրների թվում Հայաստանն այսօր 43-րդ տեղում է աստղագիտության զարգացման համաշխարհային վարկանիշում: Սակայն, պետք չէ մոռանալ, որ իր տարածքով մեր երկիրը զբաղեցնում է 143-րդ տեղը, իսկ բնակչության քանակով` 134, տնտեսական ցուցանիշներով` 125-129 տեղերը: Մյուս կողմից, նույնիսկ աստղագիտության ոլորտում մեր ցուցանիշն անկում է ապրում` դեռ 10-15 տարի առաջ Հայաստանը 31-րդ հորիզոնականում էր: Այժմ շատ կարևոր է պահպանել մեր դիրքերը, որից մենք աստիճանաբար նահանջում ենք ներդրումների պակասի պատճառով»,-ասել է գիտնականը:

«Մեծ ծրագրերն ու հավակնությունները կարող են իրականացվել միայն միջազգային և պետական աջակցության դեպքում: Տարբեր ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է հովանավորների գտնել, կարելի է օգտագործել նաև այլ երկրների ռեսուրսները: Առանց միջազգային համագործակցության և պետության աջակցության աստղագիտության զարգացումն անհնար է: Բյուրականի աստղադիտարանը շատ խոշոր գիտական կենտրոն էր նույնիսկ ԽՍՀՄ տարիներին: Այսօր փոքր Հայաստանը չունի միջոցներ, որոնք անհրաժեշտ են նման կենտրոն պահելու և նրա գործունեությունն ապահովելու համար: Անհրաժեշտ է շարունակել զարգացումը, երբեմն որոշ զիջումների գնալով»,-ասել է Միքայելյանը:

Մյուս կողմից, այսօր աստղագիտությունը զարգանում է միայն շնորհիվ լուրջ տեխնիկական ներդրումների: Մեկ ժամանակակից աստղադիտակը կամ սարքավորումները միլիոնավոր դոլարներ արժեն: Հասկանալի է, որ անկախ Հայաստանն ի վիճակի չէ թույլ տալ իրեն նման ֆինանսական ներդրումներ: 70-ականների սկզբին նույնիսկ ԽՍՀՄ սկսեց լրջորեն հետ մնալ մյուս երկրներից ներդրումների պակասի պատճառով:

«Մենք փորձում ենք փոխհատուցել ներդրումների պակասը մյուս երկրների հետ համագործակցությամբ: Լավ կապեր ունենալով ամերիկյան, եվրոպական, ճապոնական աստղագիտական կենտրոնների հետ, մենք կարող ենք օգտագործել նրանց ռեսուրսներն ու համատեղ հետազոտություններ կատարել: Մենք ինքներս հաճախ ծրագրեր ենք ներկայացնում, մեր համար գիտական հետաքրքրություն ունեցող թեմաներն առաջ են մղվում օտարերկրյա ներդրումների շնորհիվ: Դա աշխարհում ընդունված գործելաոճ է: Գիտական աշխարհում բոլորը համագործակցում են: Գիտությունը չի կարող մեկուսի զարգանալ: Թեև աստղագիտությունը մեծ միջոցներ պահանջող գիտություն է, սակայն Հայաստանում այն արդեն կա, անհրաժեշտ է և նպատակահարմար է շարունակել նրա զարգացումը, պահպանելու համար հայ աստղագիտական մտքի փառավոր ավանդույթները: Եվ գլխավորը` մենք պետք է հպարտանանք, որ գիտությամբ ենք զբաղվում»,-եզրափակել է զրուցակիցս:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---