Ի՞նչ տոնավաճառներ են գործում Երևանում՝ Ամանորին ընդառաջ

Ի՞նչ տոնավաճառներ են գործում Երևանում՝ Ամանորին ընդառաջ

Երևանում տոնական նվերների և հուշանվերների ամանորյա տոնավաճառների կազմակերպումը բարի ավանդույթ է դարձել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին:

PanARMENIAN.Net-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը:

PanARMENIAN.Net - Yerevan Christmas Market

Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, արդեն չորրորդ անգամ է բացվել Yerevan Christmas Market-ը: Քաղաքապետարան-մասնավոր հատված գործակցության շրջանակում իրագործվող, արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը բացվել է դեկտեմբերի 5-ին և կշարունակվի մինչև 2016-ի հունվարի 6-ը:

Մոտ 32 ինքնատիպ տաղավար-տնակներում ներկայացված են Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, տարբեր մրգերից պատրաստված անուշահամ չրեր, նաև գինի:

Բարեգործական տոնավաճառ քաղաքապետարանում

Դեկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ն։ Այս տարի ներկայացված ավելի քան 80 տաղավարում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում մարզերի կին արտադրողները, անհատներ, միջազգային կառույցներ, այդ թվում, սիրիահայ կանայք:

Բարեգործական ծրագրին մասնակցում են նաև դեսպանությունները, այդ թվում՝ ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Արգենտինայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիտվայի դեսպանատները:

Տոնավաճառի մուտքն ազատ է: Ստացված հասույթը տրամադրվելու է Հայաստանում կանանց ձեռներեցության ծրագրերի իրականացմանը:

Սիրիահայերի ձեռքի աշխատանքները

«Վիզիթ Արմենիա» ընկերությունը, «ՓԻ.ԷՍ.Քոմփանի» ընկերության հետ համատեղ, դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-19:00, «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում, առաջին անգամ կազմակերպում է Ամանորյա տոնավաճառ, որտեղ ներկայացվելու են ժողովրդական վարպետների ձեռքի աշխատանքները, Արարատյան հայրապետական թեմի քրիստոնեական բարեգործական դպրոցի սաների և անապահով ընտանիքների անդամների աշխատանքները:

Ներկայացված են լինելու նաև սիրիահայերի ձեռքի աշխատանքները, «Զանգակատուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված անապահով և խոցելի ընտանիքների երեխաների աշխատանքները, «Կարմիր Խաչի» կամավորների աշխատանքները, որոնք իրենց վաճառքից գոյացած հասույթը տրամադրելու են անապահով ընտանիքներին:

Ձեռագործ իրերի ամանորյա տոնավաճառ

«Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում դեկտեմբերի 14-ից 31-ը գործում է ձեռագործ իրերի ամանորյա տոնավաճառը:

30 տաղավարում ներկայացված են անհատների ձեռագործ աշխատանքները. զարդեր, աքսեսուարներ, ամանորյա խաղալիքներ, զարդարանքներ, հրավառության պարագաներ, անձեռոցիկներ, սրբիչներ, օճառներ և այլն:

Ժողովրդական վարպետների ձեռագործ աշխատանքներ

Դեկտեմբերի 19-ին և 20-ին` ժամը 10:00-ից Marriott Armenia հյուրանոցում կանցկացվի ցուցահանդես-վաճառք, ներկայացվելու են 100-ից ավելի ժողովրդական վարպետների ձեռագործ աշխատանքներ: Այդ թվում՝ զարդեր, կոսմետիկա, աքսեսուարներ, մոմեր, տոնածառի խաղալիքներ, բույսեր, սնունդ: Նախատեսված են միջոցառումներ երեխաների համար: Մուտքն ազատ է:

Ցուցահանդես-վաճառք ԷՕՆ-ում. Բարեգործական սեղան

ԷՕՆ Երևանի հակասրճարանում այս տարի ամանորյա ծրագիրը երկօրյա է: Դեկտեմբերի 26-ին՝ ամբողջ օրվա ընթացքում, կանցկացվեն ձեռագործ նվերներների պատրաստման վարպետության դասեր, իսկ դեկտեմբերի 27-ին կանցկացվի ամանորյա մեծ ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում կարելի է ընտրել յուրահատուկ ձեռագործ նվերներ: Տոնավաճառին կմասնակցեն բազմաթիվ վարպետներ` իրենց պատրաստած ձեռագործ զարդերով, հուշանվերներով, ամանորյա մոմերով և ամանորյա զարդարանքի պարագաներով:

Միջոցառման ընթացքում կլինի բարեգործական սեղան, որտեղ բոլոր վարպետները կարող են որևէ զարդ նվիրաբերել Անի Հայկունիի բուժման համար: Խաղարկվելու են նաև ԷՕՆի նվեր-քարտեր:

«Ինտեր Շարմ» EXPO 2015

«Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը դեկտեմբերի 18-ից 20-ը Yerevan Expo ցուցահանդեսային համալիրում կազմակերպում է սուրբ ծննդյան տոների միջոցառում «Ինտեր Շարմ» EXPO 2015 խորագրով, որի ընթացքում կներկայացվեն հայտնի բրենդների և ապրանքանիշերի լայն տեսականի հայրենական և արտասահմանյան արտադրողներից: Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 50 ընկերություն: Միջոցառման ձևաչափը թույլ է տալիս ոչ միայն տեսնել գեղեցկության ոլորտի վերջին ժամանակակից նվաճումները, այլև ստանալ տեսական և պրակտիկ գիտելիքներ կիրառական էսթեթիկայի, կոսմետոլոգիայի, գեղեցկության սրահների բիզնես կառավարման բնագավառում:

3 օրվա ընթացքում ցուցահանդեսը հագեցված կլինի գործնական միջոցառումներով, ներկայացումներով, մեծ շոու ծրագրով, վարպետաց դասերով: Ֆոտոսեսիայի արդյունքների հիման վրա հանձնաժողովը կհայտնի «Միսս Ինտեր Շարմ» EXPO 2015 մրցույթի հաղթողին:

Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ Հ.Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտի տարածք): Փակման պաշտոնական արարողությունը կկայանա դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---