Ինչպես են հնդիկ մասնագետները միջավայր ստեղծում հայկական ՏՏ զարգացման համար

Ինչպես են հնդիկ մասնագետները միջավայր ստեղծում հայկական ՏՏ զարգացման համար

Մասնագիտացումն առաջին քայլն է միայն: Ժամանակակից աշխարհում պահանջված լինելու համար պետք է անդադար կատարելագործվել

ՏՏ ոլորտի սրընթաց զարգացումը Հայաստանում և նորանոր ընկերությունների ստեղծումն անխուսափելիորեն բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկ են ստեղծում, որին առաջարկը չի համապատասխանում: Չէ որ մասնագիտացումն առաջին քայլն է միայն` ժամանակակից աշխարհում պահանջված լինելու համար պետք է անդադար կատարելագործվել: Խնդրի լուծման համար ստեղծվում են ուսուցման և վերապատրաստման հատուկ հարթակներ, որից մեկը Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնն է:

PanARMENIAN.Net - Նախագծի ղեկավար Էմիլիա Հարությունյանը PanARMENIAN.Net –ին տված հարցազրույցում ներկայացրել է այն խնդիրները, որոնք լուծում են կենտրոնի աշխատակիցները: Գլխավոր նպատակը Հայաստանում հատուկ ուսումնական դասընթացների և գիտական հետազոտությունների համար միջավայր ստեղծելն է, ինչը զգալիորեն կխթանի աշխատուժի զարգացումը ՏՏ ոլորտում, որը մասնագիտացման բարձր մակարդակ է պահանջում: Կենտրոնի գործունեության գլխավոր ուղղություններն են` ՏՏ ոլորտի դասընթացների անցկացում, դասախոսների վերապատրաստում, փոխանակման ծրագրերի համակարգում և համատեղ գիտահետազոտական նախագծերի խթանում:

«Կենտրոնն իր դռները բացել է 2011-ին: Այն հագեցած է համակարգչային դասընթացների համար նախատեսված 5 լաբորատորիայով, այդ թվում կենտրոնն ունի PARAM 10000 գերհամակարգիչ, ռեսուրս-կենտրոն և գրադարան ՏՏ գրականության ավելի քան 6000 նմուշով: Կենտրոնում անցկացվում են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ ցանկացած թիրախային խմբերի համար: Կենտրոնը մասնագիտացված դասընթացների լայն ընտրանի է առաջարկում, որոնք նախատեսված են ինչպես տեխնոլոգիական մասնագիտությունների ուսանողների, այնպես էլ մասնավոր ընկերությունների աշխատակիցների համար, որոնք ցանկանում են բարելավել իրենց հմտությունները»,-ասել է զրուցակիցը:

Ըստ Էմիլիա Հարությունյանի, 2011-2015թթ. ուսանողների համար անցկացվել է 237 կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթաց, մոտ 69 սեմինար և մրցույթ: Այդ թվում` ծրագրային մշակում (Software Development), Web-ծրագրավորում, համակարգչային կառավարում, բջջային ծրագրավորում, տվյալների բազաների կառավարում, բարձր արդյունավետության համակարգչային հաշվարկներ, մուլտիմեդիա դիզայն, ՏՏ նախագծերի կառավարում և բիզնես: Բոլոր դասընթացները վարում են բարձր որակավորում ունեցող հայ և հնդիկ մասնագետները: Նշված ժամանակահատվածում դասընթացների է մասնակցել 2200 մարդ, ևս 1385-ի համար կազմակերպվել են սեմինարներ:

«2013-ից ի վեր կենտրոնն աջակցում է ամենամյա դպրոցական համակարգչային «Ոզնի» մրցույթի անցկացմանը, որի նպատակն է ի հայտ բերել դպրոցականների համակարգչային հմտությունները, թույլ տալով նրանց սեփական ստեղծագործ միտքն արտահայտել համակարգչային ծրագրերի միջոցով, ստուգել սեփական գիտելիքները: Ավելի քան 1200 դպրոցական է մասնակցել մրցույթին Երևանից և մարզերից: Կենտրոնը նպատակ է դնում խթանել հետաքրքրությունը տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ, ավելացնել դպրոցականների համակարգչային գիտելիքները»,-ասել է նախագծերի ղեկավարը:

Դասընթացներից բացի, կենտրոնն իրականացնում է նաև R&D գործունեություն` գիտահետազոտական և փորձարարական, կոնստրուկտորական աշխատանքներ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Հատկացվում են անհրաժեշտ ծրագրեր և սարքավորումներ` PARAM 10000 գերհամակարգիչ և բարձր արդյունավետության համակարգչային հաշվարկների համար նախատեսված ծրագրեր: Դրանք ընդգրկում են խնդիրների լայն շրջանակ: Օրինակ, երկրաբանական հետազոտություններ` եղանակի կանխատեսման թվային մեթոդ, հիմնված մեզո-մակարդակի թվային մոդելների օգտագործման վրա, օդի աղտոտվածության կանխատեսում, ջրային մոդելավորում, ջրի որակի և քանակի գնահատում, բազմասպեկտրալ արբանյակային պատկերների մշակում և այլն: Հետազոտություններ են կատարվում նաև կենսաբանության, ֆիզիկայի, աստղագիտության, առողջապահության և այլ ոլորտներում: Այս պահի դրւթյամբ ԵՊՀ աշխատակիցներն օգտագործում են գերհամակարգիչը «ՌՆԹ մոլեկուլի մոդելավորում» թեմայի շրջանակում, օգտագործելով GROMACS ծրագրային փաթեթը մոլեկուլյար դինամիկայի մեթոդով: ԵՊՀ ֆիզիկական քիմիայի ամբիոնի հետ համատեղ իրականացվում է բարդ մոլեկուլների էլեկտրոնային կառուցվածքի հետազոտություն` Gaussian 09 ծրագրային փաթեթի օգնությամբ:

«Կենտրոնը պարբերաբար կազմակերպում է հայ և հնդիկ փորձագետների երկկողմ այցեր գիտելիքների և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման նպատակով: Կենտրոնի գործունեությունը չի սահմանափակվում Երևանով: 2014-ին Սիսիանում կազմակերպվեցին Web- և Java ծրագրավորման ինտենսիվ դասընթացներ, որոնք վարում էին կենտրոնի լավագույն մասնագետները: Ելնելով ՏՏ ոլորտի մասնագետների մեծ պահանջարկից` կենտրոնը, նույնպես պարբերաբար, Web-ուղղվածության ամառային դպրոց է կազմակերպում 13-18 տարեկան դպրոցականների համար: Web-ուղղվածության ամառային դպրոցի ծրագիրն ընդգրկում է Web-ծրագրավորում, գրաֆիկա և դիզայն, ինչպես նաև սեմինարներ հմտությունների զարգացման և փորձի փոխանակման համար»,-ասել է Հարությունյանը:

Կենտրոնն ակտիվորեն համագործակցում է հայկական ՏՏ-ընկերությունների հետ տարբեր նախագծերի շրջանակում: Օրինակ, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի հետ համատեղ կազմակերպել է «Մոբայլ երկուշաբթին Երևանում» միջոցառումը, իսկ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ` «Ռոբոտիկս» դասընթացները մարզերի համար: Բացի այդ, կենտրոնում են անցնում դասընթացները, որոնք կազմակերպվել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Unicomp-ի Cisco ցանցային ակադեմիայի համատեղ ջանքերով:

ՏՏ ընկերություններից բացի, կենտրոնը համագործակցում է նաև համալսարանների և այլ ուսումնական կենտրոնների հետ, միաժամանակ աջակցելով նրանց: Կենտրոնն աջակցում է ԵՊՀ և Թբիլիսիի պետական համալսարանին` տեսադասընթացներ կազմակերպելով «Տարածաշրջանային ուսումնական կենտրոն տեսական ֆիզիկայի ոլորտում» ծրագրի շրջանակում: Կենտրոնի միջազգային համագործակցությունը չի սահմանափակվում տարածաշրջանային հարևանով:

«Հաշվի առնելով ՏՏ ոլորտի մասնագետների մեծ պահանջարկը` կենտրոնը լավագույն ուսանողների համար գործնական պրակտիկա է կազմակերպում Հայաստանի առաջատար ընկերություններում: Կենտրոնը մշտապես աշխատում է նաև բանկերի և միջազգային կազմակերպությունների հետ` հատուկ ուսումնական դասընթացներ մշակելով և առաջարկելով աշխատակիցների վերապատրաստման համար: 2015-ի հոկտեմբերին կենտրոնը միացավ լիցենզավորման Person VUE միջազգային ցանցին` առաջարկելով հուսալի և հավաստագրված թեստավորում: Արդեն հասանելի են բարձր վարկանիշով ավելի քան 400 ընկերության լիցենզավորման քննությունները, այդ թվում` Cisco, Oracle, Microsoft, VMware, IBM, CompTIA, EMC, HP, LPI և այլն»,-ասել է նա:

Հայ-հնդկական տեղեկատվական և hեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---