Հայաստանի ժայռապատկերները որպես մարդկության հնագույն գիտելիքների արտացոլում

Հայաստանի ժայռապատկերները որպես մարդկության հնագույն գիտելիքների արտացոլում



Հայաստանի ժայռապատկերները հատուկ տեղ են գրավում Հին աշխարհի մշակութային ժառանգության մեջ իրենց քանակով, ոճերի բազմազանությամբ և հարուստ բովանդակությամբ: Ժայռապատկերներում արտացոլված են նախնադարյան մարդու կյանքի կարևորագույն ոլորտները. որսի, ռազմի տեսարաններ, ծեսեր, մրցումներ, ծիսական պարեր, երկրագործություն, կենդանիների ընտելացում և վարժեցում:

PanARMENIAN.Net - Հաճախ են հանդիպում բնության երևույթների` կայծակի, ամպերի, անձրևի, ծիածանի պատկերներ, ինչպես նաև զարդանախշեր, իդեոգրաֆիկ (գաղափարագրական) գծանշումներ, խորհրդանիշներ, այդ թվում տառեր հիշեցնող պատկերներ: Կան նաև առասպելական էակների պատկերներ: Առանձին խումբ են կազմում վիշապների պատկերները: Սա շատ հարուստ նյութ է, որի հիման վրա հնարավոր է վերծանել Հայկական լեռնաշխարհի պատմական իրողությունները մ.թ.ա VII-1 հազարամյակներում:

Տեղակայումը

Ժայռապատկերները ցրված են Հայկական բարձրավանդակի ամբողջ տարածքով մեկ: Ժայռապատկերները քարտեզագրելու դեպքում, պարզ կդառնա, որ ամենամեծ խտությամբ դրանք գտնվում են Սևանի և Վանա լճերի շրջակայքում, Սյունիքի լեռներում, Արագածում, Արփա և Եղեգիս գետերի ակունքներում:

Պետրոգլիֆներ են հայտնաբերվել նաև Արցախում, Ջավախքում, Նախիջևանում, Արևմտայն Հայաստանի տարածքում: Այդպիսիք հայտնաբերվել են նաև Կասպից ծովի ափին` Ապշերոնի թերակղզում և Գոբուստանի արգելոցում: Ընդ որում, Հայկական լեռնաշխարհին հարող տարածքներում ժայռապատկերներ չկան: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ժայռապատկերների հիմնական մասը 2500-3300 մ բարձրության վրա է գտնվում: Չի բացառվում, որ դրանք պահպանվել են մարդու բնակության վայրերից հեռավորության պատճառով:

Տարբեր շրջաններում կատարման տեխնիկան իր յուրահատկություններն է ունեցել: Հայաստանում հայտնաբերված ժայռապատկերները փորագրված են անդեզիտաբազալտե ժայռերի սևակապտավուն մակերեսների վրա, քարից, ավելի ուշ մետաղից պատրաստված գործիքների միջոցով: Ակոսների խորությունը 1-15 մմ է, լայնությունը` 5-35 մմ:

Թեմատիկան

Հետաքրքիր է, որ հայկական ժայռապատկերներում չկան կենցաղային պատկերներ, ասենք, ինչպես են մարդիկ ուտում կամ ուրախանում, չկան բռնության և սպանության տեսարաններ: Չկա նաև էրոտիկա, թեև կան մերկ մարդկանց պատկերներ: Հավանաբար, ժայռապատկերների հեղինակների համար կարևոր է եղել ընդգծել պատկերվող օբյեկտների, երևույթների, և ընդհանրապես, կյանքի սրբազան բնույթը: Սակայն գիտության համար հատուկ հետաքրքրություն ունեն օրացույցներն ու քարտեզները: Դրանք աստղային երկնքի պատկերն են, համաստեղությունների, արևի և լուսնի ծագելու և մայր մտնելու կետերը: Աստեղային երկնքում ավելի հեշտ կողմնորոշվելու նպատակով մարդը մոտ 5 հազարամյակ առաջ վառ լուսատուներից կայուն և հիշվող կերպարներ կազմեց` համաստեղություններ:

Տիեզերական ոդիսականը

Դեռ XX դարի սկզբին, ուսումնասիրելով բոլոր առկա տվյալները, աստղագիտության պատմության եվրոպացի մասնագետներ Ուիլյամ Օլքոթը, Էդվարդ Մաունդերը, Քամիլ Ֆլամարիոնը զուտ տեսականորեն եկան այն եզրակացության, որ կենդանակերպի համաստեղությունները ձևավորվել ու իրենց անվանումներն են ստացել մ.թ.ա XXX—XXVIII դդ. Արարատ լեռան շրջակայքում:

1965 թ. Վարդենիսի լեռնաշղթայում հին քարավանային ճանապարհի եզրին ճարտարապետ Սուրեն Պետրոսյանը ժայռապատկերներ հայտնաբերեց, որոնք որպես ուղեցույց էին ծառայում ճամփորդների համար: Իսկ հայկական աստղագիտության պատմության մասնագետ, պրոֆեսոր Բենիկ Թումանյանը նույնականացրել է այդ պատկերներն Առյուծի, Աղեղնավորի և Կարիճի համաստեղությունների պատկերների հետ: Այսպիսով, եվրոպացի գիտնականների եզրակացությունները հաստատվեցին:

Աստղագիտական քարտեզները հայկական ժայռապատկերներում այնքան ճշգրիտ են, որ դրանցով կարելի է պարզել համաստեղությունների առաջացման ժամանակագրությունը: Աստղային երկնքի տեսարանով ամենահին ժայռապատկերներից մեկը հայտնաբերվել է Վարդենիսի լեռնաշղթայում: Դա աշխարհում շատ եզակի աստղագիտական քարտեզ է: Հայ գիտնականներին հաջողվել է պարզել դրա տարիքը: Նրանք համեմատել են քարին պատկերված Առյուծի համաստեղությունը նրա ներկա դիրքրի հետ, աստղագիտական բանաձևերի օգնությամբ վերականգնել են նրա տեսքը մի քանի հազար տարի առաջ և համեմատել են պատկերի հետ: Արդյունքում հաստավել է, որ ժայռապատկերն արվել է մ.թ.ա XXVII-XXV դդ.:

Ադամի «խնձորը»

Հավանաբար, ամենաքննարկվող ժայռապատկերներից է «Ադամ և Եվա» կոչված պատկերը: Այն հայտնաբերվել է Սյունիքում, Ուխտասար լեռան վրա, և կարծես պատկերում է բիբլիական հայտնի պատմությունը: Սակայն գիտնականները միակարծքի չեն այս հարցում:

Հայկական ժայռապատկերներում շատ հաճախ է հանդիպում մարդ-օձ թեման, սակայն, չի կարելի պնդել, որ դա անդրադարձ է հենց բիբլիական լեգենդին:

Որոշ գիտնականներ կարծում են, որ այդ պատկերը լիովին չի համապատասխանում Ադամի և Եվայի մասին առասպելի մեկնաբանությանը: Կա որոշակի անհամապատասխանություն` ժայռապատկերում կնոջից, տղամարդուց և օձից բացի, կա ևս 2 մարդու և 2 օձի պատկեր: Ինչո՞վ դա բացատրել: Հայտնի չէ: Սակայն, մյուս կողմից, անտեսել բիբլիական վարկածը ևս ճիշտ չի լինի: Մնում է միայն գուշակել, թե ինչ է թաքնված այդ հին ուղերձում: Եվ ոչ միայն այդ: Խորհրդանիշների ետևում թաքնված գաղտնի իմաստը հասկանալու համար դեռ շատ ժամանակ կպահանջվի:

Որպես տեղեկանք

Բազում ժայռապատկերներ են հայտնաբերվել Աֆրիկայում, մասնավորապես, Սահարայի տարածքում: Հայտնի է, որ 3000-4000 տարի առաջ այստեղ անապատ չի եղել, այդ մասին դեռ Հերոդոտոսն է գրել: Հիմնականում այդ նկարներում կենդանիներ ու մարդկանց կիսադեմեր են պատկերված: Շատ ժայռապատկերներ կան նաև Հարավային Աֆրիկայում: Ի դեպ, Աֆրիկայում, ինչպես նաև Ավստրալիայում, ժայռապատկերների ավանդույթը չի մարել մինչ օրս: Այդ նյութը շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ազգագրագետների համար: Ընդհանրապես, ժայռապատկերների տարածման աշխարհագրությունը շատ անհամաչափ է: Օրինակ, ժայռապատկերներ չկան ժամանակակից Եգիպտոսի տարածքում: Ավելի ճիշտ, այդպիսիք կան, բայց միայն Նեղոսի ակունքներում և երկրի հարավ-արևմտյան ծայրամասում` արևելյան Սահարայում, այն վայրերում, որոնք կապված չեն դասական եգիպտական քաղաքակրթության հետ:

Իտալիայում հայտնաբերված ժայռապատկերները թեմաներով շատ նման են հայկականներին: Եվ դա պատահական չէ: Ենթադրվում է, որ հռոմեական քաղաքակրթությունը ծագել է էթրուսկների մշակույթի հիման վրա` Տոսկանա շրջանը հնում կրել է Էթրուրիա անվանումը: Այստեղ բնակվել են էթրուսկները, որոնք եկել են Փոքր Ասիայից, ավելի ստույգ` Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան հատվածից: Նրանք իրենց հետ օրացույց են բերել, մետաղների ձուլման և վերամշակման եղանակները, անվակառքեր և այլն: Իտալացի գիտնականները հենց այդ ժամանակահատվածով են թվագրում իրենց երկրում առկա ժայռապատկերները` մ.թ.ա 1000 թվական:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---