Մետրոյի հանելուկը. Կայարանների թիվը  ավելացել է, ուղևորահոսքը՝  միայն կրճատվել

Մետրոյի հանելուկը. Կայարանների թիվը ավելացել է, ուղևորահոսքը՝ միայն կրճատվել



Քաղաքում մետրո ունենալը, պահպանելը, առավել ևս` մետրո կառուցելը թանկ գործընթաց է ամբողջ աշխարհում: Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ այսօր մեկ կիլոմետրի արժեքն է $120-160 մլն: Այսինքն, մեր 12 կիլոմետրանոց մետրոյի գծի արժեքը կկազմեր մոտ $1.5 մլրդ: Այդ գումարի գրեթե կեսը բաժին է ընկնում կապիտալ շինարարությանը, իսկ մյուս կեսը, այսինքն` մոտ 750 մլն դոլարը, ենթակառուցվածքներն են: 2010-ին, որի դրությամբ մետրոյում 10 կայարան է գործել, ողևորահոսքը 19 մլն 873.600 է եղել, 2011-ին՝ 17 մլն 19. 800: Իսկ 2012-ին արդեն 14 մլն 929. 200, այսինքն ավելի քիչ, քան եղել է մետրոյի բացման առաջին տարում, երբ գործում էր 2 կայարան (1981, 17 մլն 450.000):

PanARMENIAN.Net - Ուղևորափոխադրում

Երևանի մետրոպոլիտենում շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է, գործում է 45 վագոն։ Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ)։

Երևանի մետրոպոլիտենում ուղեվարձի՝ 50-ից 100 դրամ բարձրացումից (2011-ի հուլիսի 1-ից) հետո որոշակիորեն նվազել էր ուղևորափոխադրումների ծավալները, սակայն ուղևորահոսքը կրճատվել է ոչ միայն այդ ժամանակահատվածից սկսած և ոչ միայն դրա հետևանքով:

PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենը ուղևորահոսքի մասին հետևյալ տեղեկատվությունն է տրամադրել.

Ուղևորախոսքը Մետրոպոլիտենի բացման առաջին տարվա ընթացքում (1981) կազմել է 17 մլն 450.000 ուղևոր: 1987-ին, երբ շահագործման է հանձնվել Շենգավիթ - Սպանդարյան Հրապարակ հատվածը, մետրոն արդեն 31 մլն 344.700 ուղևոր է ունեցել: Ւսկ 1996-ին, երբ շահագործման է հանձնվել Շենգավիթ - Չարբախ հատվածը, ուղևորահոսքը հասել է 36 մլն 307.600-ի:

Վերջին 5 տարվա ընթացքում պատկերը ամբողջովին փոխվել է. միայն նվազում՝ անգամ կրկնակի: 2010-ին, որի դրությամբ մետրոյում 10 կայան է գործել, ողևորահոսքը 19 մլն 873.600 է եղել (ինչը մոտ 0.9 մլն-ով կամ 5,0 %-ով ավելի է նախորդ տարվա համեմատ), 2011-ին՝ 17 մլն 19. 800: Իսկ 2012-ին արդեն 14 մլն 929. 200, այսինքն ավելի քիչ, քան եղել է հիմնադրման առաջին տարում, երբ գործում էր միայն Բարեկամություն - Սասունցի Դավիթ - Հանրապետության Հրապարակ հատվածը:

Այնուհետև մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է կայունացման միտում, սակայն ոչ զգալի աճ. 2013-ին՝ 15 մլն 573.400, 2014-ին՝ 15 մլն 818 .000, 2015-ին՝ 15 մլն 819.200՝ կրկին ավելի քիչ, քան բացման առաջին տարում(1981):

Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալում 2015թ. աճել է 0.2%-ով և կազմում է մոտ 7.9%։

Պատճառները

Մետրոպոլիտենի անվտանգության գծով տնօրենի տեղակալ Մուշեղ Բարսեղյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ 1992-ից 1995-ը օրվա ընթացքում գիծ է դուրս բերվել 13, 14 շարժակազմ, իսկ վագոնների թիվը այդ տարիներին տատանվել է. 3, նույնիսկ 4 վագոնով գնացքներ են գործել: 1996-ին ընդհամենը 11 շարժակազմ է եղել, 1997-ին՝ 15 շարժակազմ: 2006-ից մինչ օրս արդեն 13 գնացք է գիծ դուրս բերվում: 1999-ից շարժակազմերի վագոնների թիվը կրճատվել է մինչև 2. Դա բացատրվել է էլեկտրածախսերի ավելացումով:

Ստացվում է, որ գնացքների քանակը տարիների ընթացքում շատ չի փոփոխվել, սակայն կրճատվել է վագոնների թիվը:

Բարսեղյանը, միաժամանակ, նկատեց, որ վագոնների կամ գնացքների թիվը ավելացնելու անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ մետրոյի նկատմամբ պահանջի բարձրացում էլ չի նկատվում:

Ւսկ այն, որ մետրոյի բացման առաջին տարիներին շատ ավելի է եղել ուղևորների թիվը, քան վերջին տարիներին՝ չնայած կայարանների թվի մեծ տարբերությանը, մասնագետը բացատրեց նրանով, որ բացման առաջին տարիներին մետրոյի ուղևորահոսքի հիմնական մասը ապահովում էին այդ ժամանակ դեռ աշխատող գործարանների բանվորները, մետրոն էլ անցնում էր հենց այդ բանվորական թաղամասերով: Իսկ այժմ դա չկա: Մեկ այլ գործոն է նաև այն, որ տարածվել են անձնական մեքենաները:

Ներդրումային ծրագիր

Մետրոպոլիտենի շահագործումը մշտական ներդրում է պահանջում: Սակայն, տարիներ շարունակ ներդրումներ չեն կատարվել, և այդ մեծածավալ տնտեսությունը ժամանակի հետ աստիճանաբար իր ռեսուրսը սպառել էր գրեթե բոլոր բաղադրիչների առումով, մաշվել և անմխիթար վիճակում էր հայտնվել: 2008-ին մետրոպոլիտենի հետագա անվտանգ շահագործումը կասկածի տակ դրվեց: Հենց նույն 2008թ. կատարվեցին մի շարք կարևորագույն աշխատանքներ` կայարանների նորացում, ավտոմատ անցակետերի ներդրում, վագոնների անմխիթար ներքին կահավորանքի բարելավում և այլն:

2010-ին մոտ 2 տարի տևած բանակցությունների և մանրամասն իրագործելիության ուսումնասիրության շնորհիվ ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի միջև համաձայնագիրը: Ծրագրին միացան միացան Եվրոպական Ներդրումային Բանկը և Եվրամիության Հարևանության Աջակցության Ծրագիրը: Երեք մասնակից ֆինանսական կառույցներից յուրաքանչյուրի ներդրումն է 5 մլն եվրո, երկուսը` վարկի, իսկ մեկը` դրամաշնորհի ձևով:

Ծրագրի արդյունքները

Ծրագրի I փուլում նախատեսված բարեփոխումներն ամբողջովին ավարտված են, որի արդյունքներն են. - գրեթե 66%-ով լուծվել է վագոնների հնամաշ, ժամկետանց անվասայլակների փոխարինման խնդիրը:

- թունելային հատվածում խոնավ պայմաններում երկարամյա շահագործման արդյունքում քայքայված մալուխները փոխարինվել են ժամանակակից և ջրադիմացկուն մալուխներով: - ամբողջովին նորացվել են բոլոր պոպմակայանները և էլեկտրամատակարարման համակարգի մոտ 60%-ը:

ՀՀ պետբյուջեից մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար հատկացված գումարների (500.0 մլն դրամի չափով) հաշվին 2010թ. իրականացվել են 6 վագոնների, էլեկտրահավաքակայանի արտադրամասի, > կայարանի շարժասանդուղքների գծի (263 մետր ընդհանուր երկարությամբ) նորոգման, մալուխային կանգնակների վերականգնման, մետրոպոլիտենի կայարանային համալիրների (թվով 6 կայարաններում) արդիականացման, մուտքի դռների, ցուցափեղկերի նորոգման և այլ աշխատանքներ։

Նոր կայարան՝ միայն թղթի վրա

Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ վարչական շրջանում մետրոպոլիտենի երկու կայարանների կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացրել է իրագործելիության նախնական ուսումնասիրություն։ Մետրոպոլիտենի կայարանների կառուցման համար առաջարկվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի և Գ. Չաուշի արձանի հարակից տարածքները:

2015-ի հուլիսին քաղաքապետարանից PanARMENIAN.Net ին հայտնել են, որ համաձայն իրականացված իրագործելիության նախնական ուսումնասիրության, Աջափնյակում մետրոպոլիտենի երկու կայարանի կառուցման առաջարկվող տարբերակներից նվազագույն խոշորացված արժեքը կազմում է մոտ 165.0, իսկ առավելագույնը՝ 250.0 մլն. եվրո։

Երկու կայարանի կառուցման նախագծի իրականացման նպատակով անհրաժեշտ ներդրումային միջոցներ ներգրավելու համար բանակցություններ են ընթանում միջազգային ֆինանսական և դոնոր կազմակերպությունների հետ։

Ներկայիս դրությամբ նախագծի առավել արդյունավետ իրականացման ուղղությունները գտնվում են քննարկման փուլում։

Կարդացեք նաև՝ Պաշտոնյա. Մետրոյի նոր կայարանը թանկ հաճույք է, բայց քաղաքին անհրաժեշտ

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---