«Դավիթ Բեկ» դարձող «Դվին» հյուրանոցը

«Դավիթ Բեկ» դարձող «Դվին» հյուրանոցը

Ներդրողը` օֆշորից, ճարտարապետը` Կանադայից

Կառավարությունը մայիսի 5-ին ընդունեց «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին հավանություն տալու որոշման նախագծին:

PanARMENIAN.Net - Հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան:

Նախատեսվում է իրականացնել 120.595.000 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ, իսկ որպես շինանարության ավարտ նշվում է 2018 թվականի վերջը: Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվելու է հյուրանոցային համալիր, որը կլինի Երևան քաղաքում նման դասի յուրահատուկ և միակ օբյեկտը՝ 55.000 քմ. ընդհանուր մակերեսով: Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և նրա վերանվանում՝ «Դավիթ Բեկ» հյուրանոցի: «Դվին» հյուրանոցային համալիրի կառուցապատմամբ զբաղվելու է «ԱՐՍ-ՇԻՆ» նկերությունը:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում կապալառու ընկերության պատասխանատուն նշեց, որ տարածաշրջանում նման կառույց ու նախագիծ չկա և, հաշվի առնելով ներդրումների ծավալը, ապագա տասնամյակների ընթացքում դժվար էլ, թե լինի: Ինչ վերաբերում է ապագա կառույցի ճարտարապետական նախագծին, այն հեղինակել է կանադացի մասնագետների խումբը` ճարտարապետ Ջոն Ռոբուլակի գլխավորությամբ:

1979-ին կառուցված «Դվին» հյուրանոցի ճարտարապետներից մեկը` Աշոտ Ալեքսանյանը, որը ներկայիս աշխատանքներում ներառված է` որպես խորհրդատու, PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ հյուրանոցի վերակառուցման նախագծումը ի սկզբանե հենց այս ընկերությանն է պատվիրվել: «Իրենք մի քանի տարբերակ են ներկայացրել, որոնցից ընտրվել է այս մեկը, որը քննարկվում է պատվիրատուի և վերջինիս կողմից ընտրված էքսպերտի գլխավորությամբ` նույնպես արտասահմանցի: Նրանք ներկայացնում են իրենց առաջարկությունները և դիտողությունները: Նախագիծն իրականում դեռ վերջնական հաստատված համարել չի կարելի, քանի որ դեռ քննարկվում-փոփոխվում է»,- ասաց ճարտարապետը:

Ինքը Աշոտ Ալեքսանյանը նշեց, որ նախագծային աշխատանքներում ներառված է որպես խորհրդատու` չնայած իր առավել լայն ներգրավում ունենալու պահանջին ու ցանկությանը: Ճարտարապետը նաև հավելեց, թե ներկայացված նախագիծն իրեն «բացարձակ չի գոհացնում»` չբացելով փախագծերը:

Երևանի կենտրոնում «Դվին» հյուրանոցային համալիրը կառուցվել է 1979 թվականին։ Ճարտարապետներն են Ֆելիքս Հակոբյանը, Աշոտ Ալեքսանյանն ու Էդուարդ Սաֆարյանը։ Խորհրդային տարիներին այն նախատեսվել է որպես միջին դասի հյուրանոց:

Նախատեսվում է, որ վերակառուցումից հետո «Դավիթ Բեկ հյուրանոցը» լինելու է Երևան քաղաքի ամենաշքեղ հինգաստղանի հյուրանոցը: Դրա հիմնական մրցակցային առավելությունը, ըստ նախագծի, կենտրոնական տեղակայվածությունն է, ինչպես նաև` մեծ հողային մակերեսը (1,814 հա.): Նախատեսվում է նաև մյուս հյուրանոցների համեմատությամբ ստանդարտ սենյակների ընդհանուր մակերեսի շատ ավելի մեծ չափ, ինչպես նաև` ժամանակակից հյուրանոցային ինֆրակառուցվածք: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է ռեստորաններ, ակումբներ, խանութներ, բիզնես կենտրոն և կոնֆերանս կենտրոն, ՍՊԱ սրահ, լողավազան, Ֆիթնես կենտրոն, հանդիսությունների դահլիճներ և այլն: Հյուրանոցի տարածքում նախատեսվում է նաև VIP խաղատան կազմակերպում՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:

Հյուրանոցային համալիրը ներառելու է նաև այլ կառույցներ, մասնավորապես առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» (Apartments Plaza), որն իրենից կներկայացնի բարձրահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու է առնվազն 60 «լյուքս» դասի բնակարան: Apartments Plaza-ի վերևի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար: Կառուցվելու են ավտոհանգրվաններ. ստորգետնյա՝ մոտ 330 ավտոկայանատեղիով, և վերգետնյա՝ առնվազն 50 ավտոկայանատեղիով:

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցված նոր շենքում նախատեսվում է ունենալ մոտավորապես 184 համար` ստանդարտ համարներ (standard rooms) – 89 հատ; լյուքս համարներ (standard suites) – 20 հատ; ակումբային համարներ (club rooms) – 51 հատ; ակումբային լյուքս համարներ (club suites) – 12 հատ; մեծ լյուքս համարներ (grand suites) – 10 հատ; նախագահական համարներ (presidential suites) – 2 հատ: Յուրաքանչյուր դասի համարների վերջնական թիվը կհստակեցվի ծրագրի իրականացման ընթացքում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է առնվազն 400 նոր աշխատատեղի ստեղծում:

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ծրագրի ներդրողն է Սի-Սի-Ջի Կովկասյան Կոմունիկացիոն Խումբ ընկերությունը (CCG Caucasian Communication Group Limited), իրավաբանական անձ՝ գրանցված Կիպրոսի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Սի-Սի-Ջի Կովկասյան Կոմունիկացիոն Խումբ Ընկերությունը հանդիսանում է «Դվին» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերը: Խումբը նախատեսում է Հայաստանի Հանրապետությունում առանձին դուստր ընկերություն գրանցել, որը կլինի հյուրանոցային համալիրի տարածքում գործող խաղատան օպերատորը:

Քրիստինե Քյուրքլյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---