14  01.11.16 - Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի թիմային բաց առաջնություն՝ Աբովյանում
Մեծ ձգտում և անսահմանափակ  կարողություններ

Մեծ ձգտում և անսահմանափակ կարողություններ

Ինչպես են մարզվում հաշմանդամություն ունեցող թենիսիստները

Աբովյան քաղաքում հոկտեմբերի 29-30-ին հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի թիմային բաց առաջնություն էր՝ նվիրված հաշմանդամություն ունեցողների աջակցության «Ողջի» ՀԿ-ի 12-ամյակին (Սյունիքի մարզ): Մրցումներին 7 թիմ է մասնակցել Երևանից, ՀՀ 3 մարզից ու Արցախից: PAN-ը հետևել է մրցումներին, խոսել է մարզիկների հետ, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել առաջնությունը:

PanARMENIAN.Net - Աբովյանում մրցումները թույլ ջեռուցվող դահլիճում էին անցկացվել, իսկ հաղթող թիմերի դրամական պարգևներն էին. 1-ին տեղը զբաղեցրած թիմի համար՝ (թիմում երկու հոգի է ընդգրկված) 40.000 դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած թիմը՝ 30.000 դրամ է ստացել, երրորդը՝ 20.000, տրվել են նաև խրախուսական նվերներ:

Խնդիրն այն է, որ Հաշմանդամություն ունեցող անձանց թենիսի ֆեդերացիայի գործունեությունը պետական աջակցություն չի ստանում, մարզումներն ու մրցումները կազմակերպվում են անհատ հովանավորների միջոցով, որոնց որոնումներով և ներգրավումով զբաղվում է ֆեդերացիան: Հայաստանում նման մրցումների միայն անցկացման փաստն արդեն բավականին մեծ ձեռքբերում է համարվում:

Անահիտ Վարդանյան, մարզիկ

Նկարում աջից երկրորդն է

Սեղանի թենիս դեռ մանկուց եմ խաղացել՝ միշտ սիրողական, 2 տարի առաջ բացվել է ֆեդերացիան, առաջարկեցին պարապել արդեն պրոֆեսիոնալ՝ համաձայնվեցի: Այս տարի Հայաստանում մասնակցել եմ ֆեդերացիայի կողմից կազմակերպված բոլոր մրցումներին, սակայն դրսում՝ ոչ. ցանկությունը մեծ է, բայց ֆինանսական աջակցություն է պետք:

Սպորտն առողջ ապրելակերպ է, հնարավորություն է տալիս կտրվել հոգսերից: Սպորտի շնորհիվ ինձ առողջ եմ զգում, լիարժեք մարդ եմ զգում: Նաև հաճելի է մյուս մարզիկների հետ շփումը, պարապմունքների միջավայրը:

Առանց սպորտի շատ դժվար կլիներ ինձ համար, եթե թենիսը չլիներ՝ ուրիշ սպորտաձևով կզբաղվեի: Առաջին սպորտաձևս լեռնադահուկն էր՝ 12 տարեկանից, միշտ կարևոր էր, որ լինեմ սպորտի մեջ, չնայած որ հաշմանդամությունը ի ծնե էր: Սպորտը միշտ կար մեր ընտանիքում, մայրս զբաղվել էր թեթև աթլետիկայով:

Հասկանում եմ, որ չեմ կարող միջազգային ասպարեզ դուրս գալ, տարիքի հարց էլ կա, վարկանիշային բալերն էլ չեն հերիքում, բայց միևնույն է կշարունակեմ խաղալ, չնայած որ այլ ասպարեզում եմ աշխատում: Մտածում եմ նաև երեխաներին մարզելու շուրջ, հնարավոր է ապագայում նվիրվեն այդ գործին:

Կամո Դավթյան, մարզիկ, Հաշմանդամների աջակցության «Ողջի» ՀԿ հիմնադիր նախագահ, Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ

Միշտ զբաղվել եմ սպորտով. թեթև աթլետիկա, բասկետբոլ, իսկ երբ 1995-ին ինձ հետ դեպք է տեղի ունեցել և դարձել եմ 1 կարգի հաշմանդամ, որոշեցի զբաղվել հենց այն սպորտաձևով, որը ձեռքերի հետ կապ ունի: 2003-ից սկսել եմ զբաղվել սեղանի թենիսով, 2007-ին արդեն մասնակցել եմ Գերմանիայի բաց առաջնությանը, 2013-ին՝ Բելգիայում բաց առաջնությանը: Դրանով նաև ուժ և եռանդ եմ տալիս հաշմանդամություն ունեցող անձանց, օրինակ եմ ծառայում նրանց համար, որպեսզի հասարակությանը ինտեգրվեն սպորտի միջոցով:

Մենք տեսնում ենք Հայաստանի բոլոր թույլ կողմերը, թե ինչքանով հետ ենք մնացել. եվրոպական պետություններն այս հարցում ունեն պետական մոտեցումներ, և հաշմանդամություն ունեցող անձանց սպորտը շատ է զարգացած: Մենք Պարալիմպիկ խաղերին չենք մասնակցել, բայց պատրաստվում ենք մասնակցել 2020-ի Ճապոնիայի Պարալիմպիկ խաղերին: 3 մարզիկ հավակնորդ ունենք՝ Գևորգ Բեգլարյան, Հմայակ Ավետիսյան, Մելանիա Ղազարյան, նրանք կարող են միջազգայինում հավասար պայքար մղել, այդ նպատակով 2017-ին պետք է հաջողացնենք մասնակցել միջազգային մրցաշարերին և Օլիմպիադային մասնակցության իրավունք ստանալ:

Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի այս թիմային բաց առաջնությունն արդեն 4-րդ մրցաշարն է Հայաստանում 2016-ի ընթացքում, այդպիսի բան դեռ չի եղել: Հաջորդ մրցումները հավանաբար դեկտեմբերի 3-ին կլինեն՝ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության միջազգային օրը:

Սպորտը ցույց է տալիս, որ անհնարին բան չկա, որ մարդը պիտի իր բոլոր հնարավորություններն օգտագործի, սպորտը միշտ ինձ տվել է առողջություն, տրամադրություն, միշտ զբաղված եմ, պարապ չեմ մնում, առանց դրա ուղղակի կմեռնեմ: Երեք երեխա ունեմ (երկու որդի, մեկ դուստր), որոնք շատ են գնահատում սպորտը, որդիս ֆուտբոլ է խաղացել, ընտանիքում միշտ հետաքրքրվում ենք բոլոր սպորտային իրադարձություններով:

Գևորգ Բեգլարյան, մարզիկ

9 տարի առաջ սկսեցի պրոֆեսիոնալ զբաղվել սեղանի թենիսով, սկզբից ձյուդոյով զբաղվեցի, բայց վնասվածք ստացա, բացի այդ փոշմանել էի՝ սիրում էի թենիս խաղալ:

2015-ի դեկտեմբերին իմ հետ գործի ժամանակ դեպք տեղի ունեցավ, սակայն չթողեցի սպորտը, ապագան շատ լավ եմ տեսնում. Տոկիո գնալ, մասնակցել եվրոպայի և աշխարհի մրցաշարերին: Ծնողներս շատ են ուրախանում, երբ խաղում եմ, առաջին տեղերն եմ զբաղեցնում, ինձ խրախուսում են:

Սպորտը ծանր պահին շատ է օգնել, ձախլիկ եմ և եթե ձախ ձեռքս կորցնեի՝ չէի տեսնի ինձ սպորտում, կյանքում: Հաշմանդամություն ունեցող անձանց կարող եմ ասել, որ պետք չի կոմպլեքսավորվել, ոչ մի բանով չզբաղվել, եթե զբաղվում ես սպորտով, ուրեմն հաշմանդամ չես:

Այժմ խնդիրն այն է, որ մրցումներ են լինում, երբ հովանավոր է գտնվում, պետական աջակցությունը շատ մեծ դերակատարում կարող էր ունենալ:

Մելինե Ղազարյան, մարզիկ

Սեղանի թենիս սիրողական եմ խաղացել 12 տարեկանից, սկսել եմ լուրջ մարզվել 2016-ի ապրիլից, մանկուց խաղացել եմ՝ ուշադրություն չդարձնելով հաշմանդամությանը: Առաջին տպավորությունը թենիսից այնքան մեծ էր, որ որոշեցի խաղալ: Ծնողներս այս հարցում միայն աջակցում են, ոգևորում ինձ, խրախուսում: Մասնագիտությամբ երկրագետ լեզվաբան եմ, սակայն այժմ ամբողջությամբ սպորտին եմ նվիրվել, քանի որ երազանք ունեմ. Օլիմպիական խաղեր: Ոգևորված պարապում եմ:

Մեր մարզումների պայմաններն այդքան էլ լավը չեն. ջեռուցման խնդիր, դահլիճը վերանորոգված չէ, ցնցուղ ընդունելու հնարավորություն չկա, բայց մենք կարողանում ենք պարապել, պետք է ամեն ինչ անեմ, որ հասնեմ մեծ խաղերին:

Ալեքսանդր Դիարյան, մարզիչ, Հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, սեղանի թենիսի Հայաստանի կրկնակի չեմպիոն

Մենք նոր ենք սկսել պրոֆեսիոնալ պարապել ֆեդերացիայի ձևավորումից ի վեր, ուզում ենք մեր մարզիկների խաղային մակարդակը բարձրացնել, որպեսզի նրանք կարողանան հանդես գալ միջազգային ասպարեզում:

Մենք մարզվելու խնդիր չունենք, այդ հարցում օգնում են հովանավորները, Երևանում դահլիճ ունենք՝ ապահովված գույքով: Սակայն դահլիճում կա ջեռուցման խնդիր, որտեղ որ մենք պարապում ենք թույլ է ջեռուցվում, սայլակով տեղաշարժվող մարզիկների համար դժվար է դահլիճի աստիճաները հաղթահարել. նրանց համար հատուկ հարթակ ենք սարքել դահլիճ մուտք գործելու համար:

Միջազգային մրցաշարերին մասնակցելու հարցում ֆինանսական խնդիր կա, բայց սպասում ենք նրան, որ մարզիկներն միջազգային չափանիշներին համապատասխան մարզավիճակի հասնեն՝ նոր զբաղվենք այդ ֆինանսների հայթայթումով:

Միջազգային ասպարեզում հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի մեջ ներգրավման հարցին բավականին լուրջ է նայվում, ազգային հավաքականներին հավասար ուշադրություն է դարձվում նաև պարալիմպիկ հավաքականներին, նրանք պետական ֆինանսավորում ունեն, իսկ մենք, ցավոք պետական աջակցություն չունենք, և միջազգային մրցումներին մասնակցելու փորձը պակասում է: Աշխատում ենք անհատ հովանավորների հետ, սակայն դա քիչ է:

Մեր նպատակն է միջազգային մրցաշարերին մասնակցող թիմ ունենանալ՝ նոր դիմել պետական աջակցության խնդրանքով: Աշխատում ենք այն ուղղությամբ, որ Պարալիմպիադային գոնե մեկ մասնակից ունենանք:

Հմայակ Ավետիսյան, մարզիկ

8 տարեկանից զբաղվել եմ սեղանի թենիսով, 1992-ի դեպքից հետո շարունակել եմ խաղալ, մասնակցել եմ եվրոպայի առաջնություններին, այժմ երիտասարդների հետ փորձով եմ կիսվում:

Օլիմպիական խաղերն իմ համար նպատակ են, սակայն մրցակցությունը շատ բարձր է, վարկանիշային միավորներ են պետք, այս պահին դեռ շանս չկա:

Սպորտը սովորեցնում է հաղթանակի ու պարտության կուլտուրան, երբ կարողանում ես ուրախանալ հաղթելուց, իսկ պարտվելուց՝ ընդունել դա:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net, Արամ Կիրակոսյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---