Իմ բարեկամն ու թշնամին

Իմ բարեկամն ու թշնամին

Ինչու պետք է արգելվի հակաբիոտիկների ազատ վաճառքը

Վերջերս Հայաստանի կառավարությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, որով կարգելվի հակաբակտերիալ դեղամիջոցների ազատ վաճառքը: Հակաբիոտիկները կվաճառվեն միայն բժշկի դեղատոմսով: Սակայն, հանրության համար, որը սովոր է հակաբիոտիկներ ընդունել նույնիսկ մրսածության աննշան ախտանիշների դեպքում, այդպիսի որոշումը կարող է տարօրինակ թվալ: Իրականում, հաշվի առնելով ինչպես հակաբակտերիալ դեղամիջոցների առանձնահատկությունները, այնպեսլ էլ այն հիվանդությունների, որոնց դեմ դրանք պայքարում են, նման սահմանափակումը կարելի է միակ ճիշտ որոշումը համարել:

PanARMENIAN.Net - Ինչո՞ւ է հակաբիոտիկների ազատ վաճառքն արգելելու անհրաժեշտություն առաջացել: PanARMENIAN.Net ը ներկայացնում է հակաբիոտիկների օգտագործման պարզ կանոնները:

Կանոն թիվ մեկ

Բոլորին հայտնի արհեստական հակաբիոտիկները կարող են ճնշել որոշակի միկրոօրգանիզմների աճը կամ ոչնչացնել դրանք: Իսկ դա նշանակում է, որ այդ դասի դեղամիջոցներն օգտագործվում են առաջին հերթին բակտերիալ վարակների դեմ պայքարելու համար: Հակաբիոտիկները սովորաբար չեն ազդում վիրուսների վրա, ուստի անօգուտ են վիրուսներով հարուցված հիվանդությունների, օրինակ, սուր շնչառական հիվանդությունների, գրիպի, հեպատիտ A, B, C-ի, ջրծաղիկի, հերպեսի, կարմրախտի, կարմրուկի դեպքում: Ավելին, հակաբիոտիկների ընդունումը մրսածության ժամանակ ոչ մի կերպ չի ազդում վիրուսի վրա, հանգեցնում է իմունիտետի նվազեցման և բնական միկրոֆլորայի ոչնչացման, ինչը հղի է տհաճ հետևանքներով: Եվ այսպես, թիվ մեկ կանոնն է` հակաբիոտիկներն անօգուտ են վիրուսային վարակների դեպքում:

Կանոն թիվ 2

Գոյություն ունի հակաբիոտիկների մեծ բազմազանություն, որոնք դասակարգվում են ըստ բակտերիալ բջջի վրա ազդեցության բնույթի կամ քիմիական բաղադրության: Ավելին, բակտերիաների տարբեր շտամերի դեպքում օգտագործվում են տարբեր հակաբիոտիկներ, երբեմն հարկ է լինում համադրել դրանք, քանի որ բակտերիաների ձևերից մեկն արդյունավետ ոչնչացնող հակաբիոտիկը կարող է անօգուտ լինել մեկ այլ ձևի դեպքում: Հակաբակտերիալ թերապիան նշանակվում է, ելնելով հետազոտությունների արդյունքներից, որոնք թույլ են տալիս ի հայտ բերել հիվանդության կոնկրետ հարուցչին: Դա նշանակում է, որ ճիշտ բուժումը կարող է նշանակել միայն և միայն բուժող բժիշկը: Եվ այսպես, թիվ 2 կանոնը հետևյալն է` հակաբիոտիկների պարագայում ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել : Դեղամիջոցի սխալ ընտրությունը կարող է վարակի դեմ պայքարող բնական բակտերիաների մահվան պատճառ դառնալ, և էլ ավելի բարդացնել վիճակը: Ուստի, հակաբիոտիկներ պետք է վաճառել միայն դեղատոմսով:

Կանոն թիվ 3

Գիտնականները վաղուց արդեն զգուշացնում են հակաբիոտիկների լայն կիրառման վտանգի մասին, որի արդյունքում կարող են առաջանալ շտամեր, որոնք կհակազդեն հայտնի հակաբիոտիկների մեծ մասին: Բանն այն է, որ բակտերիաները, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, էվոլյուցիայի միավորներ են: Ավելին սերնդափոխությունը բակտերիալ գաղութում շատ արագ է տեղի ունենում: Ցանկացած մուտացիա, որը հանգեցնում է հակաբիոտիկների գործողությանը հակազդող ունակության առաջացմանը մեկ բակտերիայի մոտ, անմիջապես փոխանցվում է հաջորդ սերնդներին և ամրագրվում է պոպուլյացիայում` ավելի կայուն դարձնելով շտամը հակաբիոտիկների ազդեցության հանդեպ: Որքան լայն ու որքան հաճախ է օգտագործվում հակաբիոտիկը, այնքան մեծ է այդպիսի բակտերիաների առաջացման հավանականությունը: Նշանակում է` հակաբիոտիկները պետք է չափազանց զգուշավոր օգտագործել և որոշակի չափաբաժնով, որը որոշում է բժիշկը: Բակտերիաների հենց այդ հատկության պատճառով են հիվանդանոցներում հայտնվում հակաբիոտիկային շտամեր, որոնք հանգեցնում են այնպիսի տհաճ հետևանքների, ինչպիսին է ներհիվանդանոցային թոքաբորբը:

Կանոն թիվ 4

Հակաբիոտիկները նաև լայնորեն կիրառվում են գյուղատնտեսության մեջ` կանխելու համար հիվանդությունները գյուղատնտեսական կենդանիների շրջանում: Սա, իր հերթին, սպառնում է այնպիսի սուպերբակտերիաների` շտամերի, առաջացմամբ, որոնք կայուն են հակաբիոտիկների գործողության հանդեպ: Ուստի, այս խմբի դեղամիջոցների ազատ վաճառքի արգելքն, ըստ մասնագետների, պետք է տարածվի նաև ֆերմերների վրա` հակաբիոտիկները պետք է վաճառվեն միայն անասնաբույժի դեղատոմսով և խիստ սահմանափակ քանակությամբ:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---