10  Հայաստանի ամենաբարձրահասակ մարդը (2մ 34սմ). Արշավիր Գրիգորյան
Մեծ ու բարի հայ հսկան

Մեծ ու բարի հայ հսկան

Արշավիր Գրիգորյանի հասակը 2 մ 34 սմ է

2 մ 34 սմ. Հենց այսքան է Հայաստանի ամենաբարձրահասակ մարդու՝ Արշավիր Գրիգորյանի հասակը: Արշավիրը ծնողների և եղբոր հետ բնակվում էր Արարատի մարզի Ջրաշեն գյուղում, սակայն 2015-ին տեղափոխվել է Ֆրանսիա, Փարիզ: Ասում է՝ ժամանակավոր:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը զրուցել է նրա հետ սեփական հասակի ընձեռած հնարավորությունների և առաջացնող բարդությունների մասին:

Մինչև Փարիզը

Արշավիրն ավարտել է Ջրաշենի միջնակարգ դպրոցը: Ասում է՝ դպրոցական տարիներին ամենևին էլ դասարանի ամենաբարձրահասակը չի եղել: Հասակակիցներից սկսել է առանձնանալ 15-16 տարեկանում, երբ սրընթաց հատել է 2 մ-ի սահմանը:

«Ընտանիքիս մյուս անդամներն առանձնապես բարձրահասակ չեն, հայրս ու մայրս միջին հասակ ունեն, եղբայրս էլ 1.80 սմ է»,- ասում է նա:

Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի պետական տնտեսագիտական քոլեջում, մասնագիտությամբ ֆինանսիստ է, բայց երբեք մասնագիտությամբ չի աշխատել:

«Աշխատանք գտնելն ինձ համար բարդ խնդիր էր, ամեն տեղ անհարմարություններ կային: Մասնագիտությամբ ֆինանսիստ եմ, շատ էի ուզում իմ մասնագիտությամբ աշխատել, բայց քանի որ փորձ չունեի, դա արդեն իսկ խնդիր էր: Անվտանգության աշխատակից եմ աշխատել որոշ ակումբներում: Ու հետո եկավ մի ժամանակաշրջան, որ նորից անաշխատանք մնացի: Որոշեցի դիմել ԱԻՆ` պարոն Արմեն Երիցյանին... Լսել էի, որ շատ մարդկանց է օգնում, և իրոք, խնդրանքս չմերժվեց: Մի քանի օրվա ընթացքում ընդունվեցի աշխատանքի՝ որպես հրշեջ-փրկարար: Արմեն Երիցյանն այն եզակի մարդն էր, որն ինձ աջակցեց: Ցավոք, հիմա նա չկա, թող Աստված իր հոգին լուսավորի»:

Արշավիրի «Վերջին զանգը»

Հայ հսկան նշում է, որ հասակն աշխատանքի ժամանակ և՛ օգնում էր, և՛ խանգարում.

«Հասակովս շատ էի օգտակար լինում, բայց նաև խնդիր էր ամեն անգամ մեքենա նստելն ու իջնելը, կանչի վայրում աշխույժ լինելը, վազելը: Բայց, ինչ արած, ուրիշ ելք չկար, պետք է աշխատեի, որ որոշ չափով կարիքներս հոգայի ու տանն օգտակար լինեի: Իմ կյանքն այսպիսին է՝ հեշտ բան չկա»:

Ընդհանրապես, հասակի պատճառով Արշավիրը ստիպված է լինում անթիվ խոչընդոտներ հաղթահարել: Նրա համար բարդ է թե մեքենա նստելը, թե հասարակական տրանսպորտից օգտվելը, թե իր հասակին համապատասխան աթոռ ու մահճակալ գտնելը: Մեկ այլ պատմություն է հագուստ ու կոշիկ «հայթայթելը».

«Ամեն ինչ արտասահմանից ենք պատվիրում, հիմնականում ԱՄՆ-ից: Այն էլ ստիպված ենք հատուկ չափս պատվիրել, քանի որ անգամ այնտեղ սովոր չեն նման չափսի՝ 53 համարի կոշիկ ու հագուստ արտադրել»:

Երազանքի ու հնարավորությունների քաղաքը

2015-ին Արշավիր Գրիգորյանը հրավեր է ստացել Փարիզում կայանալիք 2 մ 20 սմ և ավելի հասակ ունեցող անձանց միջոցառմանը, ուր ներկա էին մի քանի երկրների ամենաբարձրահասակ մարդիկ: Հայ մասնակիցն իր հասակով 3-րդն էր 20 հոգու մեջ:

«Մեծ հպարտություն էր ինձ համար, քանի որ երկիրս էի ներկայացնում, դա մի ուրիշ զգացողություն է: Ու նաև շատ հետաքրքիր էր տեսնել ինձանից բարձրահասակ մարդու: Ճիշտն ասած՝ սկզբում մի քիչ անսովոր էր»,- պատմում է նա ու հավելում. «Մի խոսքով, եկա ու որոշեցի, որ պետք է մնամ»:

Ֆրանսիայում Արշավիրն աշխատանք ունի, ասում է՝ կարևորն էլ դա է. սեփական կարիքները հոգալուց բացի նաև կարողանում է ծնողներին գումարով օգնել.

«Պետք է նշեմ, որ այստեղ էլ հասակիս հետ կապված բազմաթիվ խնդիրների եմ հանդիպում, դրանք ամենուրեք են, բայց չեմ բողոքում, լավ է: Այստեղ այնքանով է լավ, որ բժշկությունը գրեթե լիովին անվճար է, դա շատ մեծ բան է, քանի որ որոշ առողջական խնդիրներ ունեմ: Նաև այստեղ ևս ստիպված եմ հագուստի և կոշիկի հետ կապված ամեն ինչ պատվիրել»:

Արշավիրը դեռ ամուսնացած չէ, ասում է` իր հասակի աղջիկ չկա: Հայ հսկան, չնայած բոլոր դժվարություններին, հպարտ է իր հասակով: Գինեսի գրքում գրանցված ամենաբարձրահասակ մարդը 2 մ 54 սմ է: Արշավիրն ասում է՝ իր համար այնտեղ հայտնվելը գերնպատակ չէ, բայց դեմ չէր լինի:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան, Սեդրակ Մկրտչյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---