«Մաքուր Հայաստան»

«Մաքուր Հայաստան»

Ով և ինչպես է պատրաստվում մաքրել երկիրը

Մայիսի 27-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում համապետական շաբաթօրյակ է: Դրա արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ամբողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են գործադիր մարմինների ու մասնավոր ընկերությունների ռեսուրսները:

PanARMENIAN.Net - ը պատմում է, թե ինչ է «Մաքուր Հայաստանը», ով և ինչպես է պայքարելու Հայաստանն ավելի մաքուր դարձնելու համար և ինչ է արդեն իսկ արվել այս նախաձեռնության շրջանակում:

Ինչ է «Մաքուր Հայաստանը»

Հայաստանի զբոսաշրջության և ներդրումային գրավչության, ինչպես նաև՝ հարմարավետության տեսանկյունից կարևոր է, որպեսզի ապահովվի քաղաքների, գյուղերի, ճանապարհների և այգիների մաքրությունը: Այս մասին դեռևս փետրվարին խոսել էր վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ՏԿ նախարարին հանձնարարելով մշակել և սահմանել «Մաքուր Հայաստան» հայեցակարգը:

430 հեկտար աղբանոց

Վարչապետի հայտարարությունից հետո մոտ 2 ամիս տևած ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ միայն աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հեկտար տարածք: Բացի այդ պարզվեց նաև, որ դրանցում բացակայում է պատշաճ հսկողությունը, քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման աշխատանքները թերի են կատարվում, ճանապարհների և ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումներ կան և այլն։ Վարչապետի գնահատմամբ՝ «Վիճակն ուղղակի ողբերգական է»:

Ինչ է արվել 3 ամսում

Քարտեզագրված 2029 աղբանոցից (բացի Երևանից) արդեն իսկ փակվել է 693-ը: Բացի այդ, փակման աշխատանքներ են տարվում թվով 268 աղբանոցում: Ըստ ՀՀ ոստիկանության, մայիսի 25-ի դրությամբ, կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 1105 դեպք, չսահմանված վայրերում աղբ թափող 849 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել է 444-ը: Վարորդների հանդեպ տրանսպորտային միջոցներից իրեր և առարկաներ նետելու համար կազմվել է 442 արձանագրություն:

Համապետական շաբաթօրյակ

Մայիսի 27-ին Հայաստանում Համապետական շաբաթօրյակ է, որը, նախաձեռնության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանի համոզմամբ, ծառացած օպերատիվ խնդիրների լուծման ճանապարհին կարևոր հանգրվան է.

«Մաքուր Հայաստան» նախաձեռնությունում ընդգրկված միջոցառումները բաժանվում են երկու խմբի՝ օպերատիվ, այսօրեական քայլեր, որոնք պետք է իրականացվեն, և որոշակի գործընթացներ, որոնք պետք է ապահովեն հասած արդյունքի շարունակականությունը, այսինքն՝ բերեն աղբահանության, սանիտարական մաքրման գործընթացի արդյունավետության, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ավելի շատ տարածքների և սուբյեկտների ընդգրկման, մյուս կողմից էլ՝ աշխատանք նաև բնակչության հետ, որպեսզի նրանք որոշակի ինքնակազմակերպվածության վարքագիծ որդեգրեն` դրանով իսկ օժանդակելով Հայաստանը մաքուր պահելու հանրային նշանակություն ունեցող համաժողովրդական խնդրին»:

«Ո՛չ» պոլիէթիլենային տոպրակներին

Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է մինչև տարեվերջ պոլիէթիլենային փաթեթավորման եղանակից աստիճանաբար թղթային փաթեթավորման եղանակին անցնելու մեխանիզմների մշակում: Կփոխվի նաև վարչական իրավախախտումների համակարգը: Պետությունը համայնքներին առաջարկում է, որպեսզի ներդնեն սանիտարական տեսուչների ինստիտուտ, որը հստակ խաղի կանոններ կսահմանի:«Պետք է խստացնել տուգանքները, գործնական դարձնել վարչարարությունը, խախտողը պետք է պատժվի, և պատժվի խստորեն»,- համոզված է Վաչե Տերտերյանը:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---