// IP Marketing video - START// IP Marketing video - END
Մեր բակի թութը

Մեր բակի թութը

90-ականների գլխավոր քաղցրավենիքի մասին

Հայաստանում բոլորին հայտնի և սիրված թութը աճում է նաև արտերկրում,սակայն, ոչ ամեն տեղ գիտեն, թե ինչպես կարելի է թութն օգտագործել: Իսկ Հայաստանում թթի ֆենոմեն կա: Թթի շրջանը սկսվում է մայիսի վերջին- հունիսի սկզբին, երբ հասունանում են պտուղները:

PanARMENIAN.Net - Թթենիները Հայաստանում ամենուր են՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մինչև գյուղական վայրեր: Թթի ծառը տնկում են տան բակում, թթենին 200-300 տարի է ապրում՝ դառնալով ընտանիքների և ամբողջ տոհմերի կյանքի վկան: PanARMENIAN.Net ը ներկայացնում է թթի հետ կապված մարդկանց հիշողությունները:

Հայկ Թեմրազյան, 26 տարեկան, Նոյեմբերյան

Թութն ասոցացվում է մեր գյուղական այգու ամենամեծ ծառի հետ: Իմ ամառային արձակուրդները համընկնում էին թթի հասունացման շրջանի հետ: Ճյուղերն այնքան ամուր էին, որ դիմանում էին իմ, եղբորս և 2 քույրերիս ծանրությանը: Եթե հիմա երիտասարդները չեն նկատում ինչպես է թռչում ժամանակը սոցցանցերում, մենք այն ժամանակ աննկատ ժամեր էինք անցկացնում թթի ծառի վրա:

Մենք հատուկ ծածկոցներ էինք փռում մի մեծ տարածքի վրա, որպեսզի հասունացած պտուղներն այնտեղ թափվեն, ոչ թե գետնին, հետո՝ մի քանի օրը մեկ, բոլորով հավաքում էինք:

Դա և զվարճալի էր, և բավականին վտանգավոր՝ նախ պետք էր զգույշ գործել պտուղները չտրորելու համար, հետո սայթաքելու վտանգ կար, քանի որ արևի տակ տաքանալով, պտուղները կպչուն էին դառնում, կարելի էր սայթաքել և վայր ընկնել: Պակաս վտանգավոր չէին մեղուները, թթի հասունացման շրջանում դրանք մշտապես այնտեղ էին՝ մենք նրանց դեմ իսկական պատերազմ էինք վարում՝ մարտական վերքեր ստանալով այտին կամ քթին այտուցի տեսքով: Մենք փոքրուց հասկացել էինք, որ սնունդ հայթայթելու համար պայքարել է պետք: Մենք նաև օգնում էինք տատիկին և պապիկին թթի օղու համար պտուղները հավաքել: Պապիս թթի օղին մեծ համբավ էր վայելում ընտանիքի բարեկամների և ընկերների շրջանում: Մեր տան հյուրերը գիտեին, որ պապս թթի օղու մեծ պաշար ունի նկուղում, առանց որի ոչ մի հավաքույթ չէր անցնում: Բայց համի մասին պատմել չեմ կարող՝ փորձել է պետք: Այնպես որ, լինեք Նոյեմբերյանում՝ համեցեք:

Զոհրաբ Ամիրյան, 29 տարեկան, Արմաշ, Արտաշատ

Մեր բակում թթենի էր աճում, ես մանկուց այն սիրում էի: 10 տարեկանում ես թութ էի հավաքում, տանում ընկերներիս հետ Երևան և վաճառում շուկայում: Այն ժամանակ թթի 1 կգ 200 դրամ արժեր: Մենք մոտավորապես 500 կամ նույնիսկ 1500 դրամ էինք վաստակում, սակայն դա մեզ համար հսկայական գումար էր: Այդ փողով մենք ապխտած ձուկ էինք գնում և վարունգ, մնացած գումարը ծախսում էինք համակարգչային խաղերի վրա: Շուտով 30 տարեկան կդառնամ, սակայն նույն հաճույքով են քաղում թութը ծառից և վաճառում, արդեն 1 կգ համար 300 դրամ են տալիս: Ի դեպ, 2016-ից մեր գյուղից թութ են արտահանում Ռուսաստան:

Գայանե Գալոյան, 36 տարեկան, Երևան

Թթի ծառ էր աճում մեր հարևանների մոտ: Այն հսկայական էր ու ճյուղերի մի մասը տարածվում էր նաև մեր բակի վրա: Հարևանների թութը ոչ ես, ոչ երեխաներս չենք ուտում: Երբ այն հասունանում է, թափվում և ծածկում է ամբողջ բակը՝ շատ տհաճ է վրայով քայլել: Երբեմն մտքովս անցնում էր կտրել գոնե այն ճյուղերը, որ մեր բակ էին մտնում: Բայց մի քանի տարի առաջ, երբ ես դեռ բնապահպանական կենտրոնում էի աշխատում, և մենք ստուգում էինք երևանյան թթի մաքրությունը, ես հարևանի թութն էլ տարա ստուգման: Եվ գիտե՞ք ինչ: Պարզվեց, որ շրջանի ամենամաքուր թութը մեր հարևաններինն ու Քանաքեռում աճողը: Ստիպված ենք համակերպվել թթի այդ «գլխացավանքի հետ»՝ մյուսներին հո չենք զրկելու հաճույքից:

Դավիթ Մակիչյան, 37 տարեկան, Երևան

Արձակուրդների ժամանակ ես եղբորս հետ հաճախ էի մնում պապակիս և տատիկիս տանը, նրանք էլ էին Երևանում ապրում, բայց մասնավոր տանը: Հարևանները մեծ թթի ծառ ունեին: Հիշում եմ, մի անգամ եղբորս հետ գնացինք թութ ուտելու մորաքրոջս հետ. նա այնքան էր մտահոգվում, վախենում, որ, կընկնենք, և թույլ չէր տալիս ծառ բարձրանալ: Մենք այդ ժամանակ 8-9 տարեկան էինք:

Մենք նախապես պայմանավորվել էինք եղբորս հետ և շեղեցինք մեր սիրելի մորաքրոջ ուշադրությունը՝ «Տես, էն ի՞նչ է»: Նա շրջվեց, իսկ մենք վայրկենապես ծառը մագլցեցինք: Մորաքույրս ծիծաղեց. «Զգույշ եղեք»: Դրանից հետո նա հանգիստ սրտով էր թույլ տալիս մեզ թթի գնալ, քանի որ համոզվեց, որ մենք լավ ենք մագլցում, վտանգ չկա:

Աննա Դեմիրխանյան, 30 տարեկան, Երևան

Ես մեծացել եմ Հայաստանում, մեր տան բակում թթի մի քանի ծառ կար: Թութն ինձ մոտ մանկության հետ է ասոցացվում: Հիշում եմ, որ հարևանները միշտ չէ, որ թույլ էին տալիս իրենց թութն ուտել, բայց ինձ դա չէր կանգնեցնում՝ ես վերցնում էի ափսեն ու հավաքում էի ամենահասած պտուղները տատիկիս համար: Ավելի շատ սպիտակ թութն էի սիրում, որոհետև սևից հետքեր էին մնում ձեռքերին ու հագուստին:

Էդգար Մարտիրոսյան, 36 տարեկան, Բյուրեղավան

Իմ մանկությունը Բանանց գյուղում է անցել: Մենք շատ էինք տխրում, որ թթի ծառ չունենք մեր բակում, բայց, բարեբախտաբար, այդպիսին կար հարևանությամբ: Վաղ առավոտյան մեր բակի երեխաների հետ գաղտնի պայմանավորվում էինք ու թթենու վրա բարձրանում: Իսկ երբ վերջապես հագենում էինք, սկսվում էր թթերով «պատերազմը»:

Արթուր Հայրապետյան, 28 տարեկան, Աբովյան

Մեր բակում 2 թթի ծառ էր աճում. մեկի պտուղները սպիտակ էին, մյուսինը՝ սև: Շենքը 5-հարկանի էր, ծառերն այնքան բարձր էին, որ ճյուղերը հասնում էին բնակարանների պատշգամբներին: Մենք ապրում էինք 2-րդ հարկում, ճյուղերը պատուհանից ներս էին մտնում: Այդ երկու ծառն ամբողջ շենքի ուրախությունն էր: Ամռան ամիսներին երեխաներին դժվարությամբ էին ստիպում իջնել ծառերից: Նրանք, ովքեր վախենում էին բարձրանալ, ներքևում սպասում էին, որ ճյուղը թափ տան: Իսկ առաջին հարկում մի կին էր ապրում, որը ոչ մի կերպ չէր կարողանում ընդունել այն փաստը, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է:

Նրան բոլորովին դուր չէր գալիս, որ մենք հավաքվում ենք նրա տան պատուհանների տակ և թութ ենք ուտում: Նա բղավում էր, զայրանում բոլոր նրանց վրա, ով խախտում էր իր անդորրը: Եվ մի օր մենք արթնացանք պայթյուն հիշեցնող մի դղրդոցից. պարզվում է, չար կինը բանվորներ էր բերել և կարգադրել, որ կտրեն մեր ծառերը: Ես հիշում եմ, թե որքան մռայլ էր այդ օրը մեզ համար: Չնայած այդ տխուր պատմությանը, ես թութ շատ եմ սիրում: Իսկ երբ մեր հայրը մասնակցում էր ղարաբաղյան պատերազմին, և ֆինանսապես ծանր վիճակում էին, թութը միակ քաղցրավենիքն էր, որ ուտում էինք:

Վալերի Հայրապետյան, 37 տարեկան, Սանկտ Պետերբուրգ

Բաքվեցի հայ, գրող Վալերի Հայրապետյանը PanARMENIAN.Net ին է տրամադրել մի հատված իր «Մանկությունը» պատմվածքից, որտեղ պատմում է թթենու մասին.

Ամռան վերջում թթի ծառերը ծածկվում էին մանուշակագույն, սև պտուղներով: Թվում էր, թե բզեզներ են պատել ծառը: Ծառը դողում էր, տերևներում թափառում էր շոգ քամին: Երբեմն, թութը որպես վրեժի զենք էր ծառայում. բավական էր նետել այն քեղ նեղացնողի ուղղությամբ, և քո վրեժը լուծված էր: Հաճախ հայտնվում էր նեղացնողի մայրը և ցանկապատի այն կողմից ձայնը գցում էր՝ գոռգոռալով չմաքրվող բծերի, անպիտան դարձած հագուստի, մեր անամոթության մասին...Մենք ուտում էինք ու ծամածռություններ անում՝ այդպես արտահայտելով մեր երջանկությունը:...Ծառի սաղարթից երկնքի կապույտը կտորներով էր երևում, թեժ օդը մտնում էր մեր մեջ, կյանքը խոստանում էր միշտ ուրախ ու անհոգ լինել: Բաբոն սկսում էր գոռգռալ մեր վրա, եթե մենք, իր կարծիքով, երկար էինք նստած մնում ծառի վրա: Այդ ժամանակ, կտրուկ փոխելով դիրքը, ամուր բռնելով ճյուղերը, մենք սկսում էինք թափահարել ճյուղերն և ինքներս ցնցվել՝ կարծես անհայտ վայրի ցեղերի ծիսական պար կատարելով: Պտուղները պոկվում էին ու մանուշակագույն անձրևի տեսքով թափվում սավանին: ...Վերջում, երբ արդեն միայն ծառն էր ցնցվում և պտուղներ էլ չէին թափվում, բաբոն բղավում էր. «Հերիք ա»: Մենք վայր էինք ցատկում և բաբոյի հետ սկսում էինք ծայրերից բարձրացնել սավանը, որպեսզի պտուղները կուտակվեն մեջտեղում: Իսկ երբ ծածկոցի մեջտեղում արդեն մի մեծ կապույտ բուրգ էր առաջանում, բաբոն գալարում էր օձի նման ծածկոցի ծայրերը, բռնում կապոցն ամուր ձեռքերով, բարձրացնում ու տանում բակի իր հատվածը, այնտեղ արդեն ջոկելով պտուղները...

Ինչպես են թութն ուտում և ինչ են դրանից պատրաստում

ՀՀ ԳԱԱ էկոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդամթերքի ռիսկի գնահատման վերլուծական և տեղեկատվական բաժնի ներկայացուցիչ Դավիթ Պիպոյանը հայտնել է, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Երևանում հասունացած թութը մեծ քանակությամբ ծանր մետաղներ է պարունակում:

«Չնայած թութը հաճախ օգտագործվող սննդատեսակ չէ, միևնույն է, ռիսկեր կան առողջության համար: Ուստի, այն խորհուրդ է տրվում ուտել միայն լվանալուց հետո»,-ասել է Պիպոյանը:

Թութից մուրաբա են պատրաստում, թխվածքների մեջ օգտագործում, գինի, թթի օղի են պատրաստում, ինչպես նաև ոչ ալկոհոլային խմիչքներ:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net, Կարո Սահակյան/ PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Հանրային կյանքը՝ Փաշինյանի իշխանության 1 տարում
Սիրո հեղափոխության ամենահեղափոխական սերը
 Ուշադրության կենտրոնում
Անցքը, որից ընկել էր Ստամբոլցյանը, վերջապես կփակեն

Անցքը, որից ընկել էր Ստամբոլցյանը, վերջապես կփակեն Ստամբոլցյանը հաստատեց քաղաքային լեգենդի իսկությունը

 Բաժնի այլ նյութերը
Լանք, թե խնդանք Ինչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում
Ընթրիքը՝ երկնքում Երևանում կբացվի «օդում ճախրող» ռեստորան