Լոպիրևայից՝ Շարմազանով

Լոպիրևայից՝ Շարմազանով

Հայաստանի շաբաթվա սիմվոլիկ լրահոսային հավաքականը

Մարզական լրագրողները սիրում են շաբաթվա սիմվոլիկ հավաքականներ կազմել՝ հիմնվելով որոշակի ժամանակահատվածում մարզիկների ցուցադրած խաղի վրա:

PanARMENIAN.Net - ը ներկայացնում է շաբաթվա 11 կարևորագույն նյուզմեյքերին՝ իրենց ասածներով ու արածներով:

Հարձակման գծում փայլում էր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով անսպասելի հարվածով փորձեց գոլ խփել ԿԸՀ-ին՝ հիշեցնելով ԱԺ ընտրությունների ժամանակ առաջադրվածների կողմից կաշառք բաժանելու, ընտրողներին ճնշելու ու բռնության դեպքերի մասին:

Պաշտպանության գիծը, սակայն, պահեց Շարմազանով-Մուկուչյան-Հարությունյան եռյակը. վերջիններս ջերմեռանդորեն կասեցրին Սվիտալսկու հարձակումը՝ խորհուրդ տալով ուրիշ, ականջներին հաճո խորհուրդներ տալ:

Հայաստանի վրա հարձակվեց նաև «Ռուկի վվերխ» խումբը: Անցնող շաբաթը ցույց տվեց, որ, չնայած պատկառելի տարիքին, տղաները դեռևս կարող են բազում անհարմարություններ պատճառել հայ հանդիսատեսի մի հատվածին, մյուսին էլ՝ ստիպել հաճելի մանկական հուշերի գիրկն ընկնել:

Քաղաքաշինության պետկոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ուրբաթ օրը գրոհում էր Երևանը արևմտյան եզրից՝ սպառնալով Հրազդան ստադիոնի մոտ «Նոյ» թաղամաս կառուցել: Բուն ստադիոնը, հիշեցնենք, վաճառվելու է, շաբաթներ առաջ Կառավարության ընդունած որոշմամբ:

Կիսապաշտպանությունից հայու գենը գրոհում էր Մխիթարյան-Լոպիրևա զույգը... կամ ոչ զույգը... ամեն դեպքում, խաղը հաջողվեց՝ երկրպագուներն ամբողջ շաբաթ քննարկում էին դուետի գործողությունները: Ի դեպ, միանում ենք Հենրիխ Մխիթարյանին ուղղված՝ երբեմն պասերով խաղալու կոչին:

Մեկ հեռահար հարված հասցրեց սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրը, որն առաջարկեց ոչ ավել, ոչ պակաս՝ փոխել ՀՀ օրհներգը: Բուռն քննարկում ստացվեց, բայց առայժմ անարդյունք:

Երևանի ծովային դարպասներն այս շաբաթ հիանալի պաշտպանեց Տարոն Մարգարյանը, ում երդմնակալությունը Երևան-Վենետիկ եղբայրական հարաբերությունների ամրապնդման լավ առիթ դարձավ: Պարոն Տարոն Մարգարյանը նախանձելի սառնասրտություն ցուցաբերեց անգամ այն ժամանակ, երբ ֆուտբոլի դաշտը ջրային ֆուտբոլի ավազանի վերածվեց:

Նույնիսկ մեկ այլ շաբաթվա խաղացողի՝ Զարուհի Փոստանջյանի գրոհներն ու քաղաքապետարանի գրավման փորձը չկարողացան շեղել Մարգարյանի ուշադրությունը:

Հ.գ. Բուն ֆուտբոլի հավաքականը այս շաբաթ անցկացրեց պահեստայինների նստարանում: Սպասելի արդյունքով:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---