«Գիտելիքները, որոնք մասնագետի հետ շփվելուց ես ստանում, համացանցում չկան»

«Գիտելիքները, որոնք մասնագետի հետ շփվելուց ես ստանում, համացանցում չկան»

Ուսանողները պրակտիկ գիտելիքներ են ստանում մասնավորի ուժերով

Հայաստանի 8 բուհի 22 ուսանող այս տարի մասնակցում են «Ռոստելեկոմ»-ի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» կրթական ծրագրին, որի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերության ստորաբաժանումների աշխատակիցներն անցկացնում են դասընթացներ ավելի քան տասը թեմաներով։ Ուսուցման ծրագրում ընդգրկված է թեմաների բավականին լայն շրջանակ՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ: Լավագույն արդյունքներ ցույց տված ուսանողը հնարավորություն կստանա համալրել ընկերության աշխատակիցների շարքերը։

PanARMENIAN.Net - Արդեն երրորդ տարին անցկացվող ծրագիրն այս տարի ևս տալիս է իր արդյունքները։ PAN-ը ծրագրի մասնակիցներից պարզել է ու ներկայացնում է՝ ինչպիսին են պատկերացնում իրենց ապագան ու ինչեր են սովորել այս կարճ ժամանակի ընթացքում:

Լիլիթ Մնացականյան | Մագիստրատուրա, Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության մասնագետ

Բակալավրի աստիճան ստանալուց հետո ընդունվեցի ԵՊՀ հանրային քաղաքականության բաժնի մագիստրատուրա: Բայց 21-րդ դարում, երբ գիտելիքներն անընդհատ փոխվում ու հարստանում են, մասնագիտություններն էլ դառնում բազմաբովանդակ, մեկ կոնկրետ ուղղվածությամբ մասնագետ լինելը քիչ է: Պետք է տեղյակ լինես շատ ոլորտներից, ճկունություն ունենաս` հետագայում նոր իրավիճակներին ավելի հեշտ ադապտացվելու համար:

Դասընթացների մասին իմացա համալսարանից ու միանգամից հայտ ուղարկեցի։ Հետո՝ հարցազրույց, որից հետո էլ ասացին՝ ընդգրկված եմ ծրագրում։

Արդեն հասկանում եմ՝ այս ծրագիրը համապատասխանում է մասնագիտացում ձեռք բերելու մասին պատկերացումներիս: Այստեղ ոչ միայն խոշոր ընկերության աշխատանքային միջավայրին ենք ծանոթանում, այլև այլ ուղղություններով գիտելիքներ ենք ձեռք բերում։ Փիարից, մարքեթինգից մինչև տեխնիկական ոլորտ։

Ամեն ոլորտից գոնե տարրական գիտելիքներ ունենալ կօգնի հետագայում աշխատաշուկայում ավելի պահանջված լինել: Տարբեր բնագավառների մասնագետները մեզ տեղեկատվություն енտալիս, որը համացանցում դժվար է գտնել՝ նման ինֆորմացիային տիրապետելու համար անհրաժեշտ է դրա հետ առնչվել հենց «առաջին ձեռքից»: Խմբային մրցույթներ են եղել. սեփական ընկերություն ենք ձևավորել, բիզնես-պլան մշակել, ձեռնարկության գաղափարախոսություն, փիարի և մարքեթինգային քաղաքականություն մտածել:

Մեր ընկերությունը կոչվում էր Smart Home: Այո, այո, տարօրինակ զուգադիպությամբ մեր ներկայացրած ընկերությունը զբաղվում էր «խելացի տան» կոնցեպտով, ինչպես մյուս խմբերից մեկի ներկայացրածը (կարծես, այն կոչվում էր H-Science): Բայց հստակ մատնանշեցինք մեր առավելությունները: «Խելացի» ու կառավարելի դարձրեցինք ոչ միայն տունը, այլև հարակից ենթակառուցվածքները` լողավազանը, ավտոտնակը և ոչ միայն: Այսինքն, սմարթֆոնի միջոցով կարելի է գործարկել լողավազանի ջրի ֆիլտրացիան, բացել ավտոտնակի դարպասները:

Դասընթացների ժամանակ ամենաշատն ինձ տպավորեց հետևյալ միտքը.

Համացանցը գիտելիքների անսպառ աղբյուր է, սակայն այստեղ գրեթե չկա այն, ինչ հնարավոր է իմանալ անմիջապես մասնագետից։ Վիրտուալ ինֆորմացիոն դաշտը չի կարող փոխարինել իր աշխատանքին տիրապետող մարդու հետ կենդանի շփումը, երբ նա բազում օրինակներով, նաև քո անմիջական ներգրավվածությամբ ու մասնակցությամբ երևույթներ է բացահայտում, որոնց մասին նախկինում չէիր էլ կասկածում։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես Վայոց ձորի լեռներում ծնվեց շան և կատվի ընկերությունը
Կինն ահազանգում է՝ «Արմավիր» ՔԿՀ կալանավորի առողջական վիճակը ծանրանում է
 Ուշադրության կենտրոնում
Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանին մեղսունակ է. Կալանքը 2 ամսով երկարացվել է

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանին մեղսունակ է. Կալանքը 2 ամսով երկարացվել է Պաշտպանի խոսքով՝ 30-ամյա ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանին տեղափոխվել է ՔԿՀ

 Բաժնի այլ նյութերը
օրաՑՈՒՅՑ` պլաստիկի դեմ Փրկել մոլորակը՝ փոխարինելով «անփոխարինելին»
Ձայնազրկության 40 օրը Քթի միջնապատի վիրահատությունից հետո վնասվել են երիտասարդի ձայնալարերը
Սատանա կա քաղաքում Վհուկաորսը միջնադարյան Եվրոպայից մինչև մերօրյա Հայաստան