«Թողեք՝ լավ է, փակեք՝ աղմուկ է»

«Թողեք՝ լավ է, փակեք՝ աղմուկ է»

Երևանյան շենքերում «ապրող» օբյեկտների հարցը

Երևանի բազմաբնակարան շենքերից շուտով կարող են դուրս բերվել զվարճանքի օբյեկտները: Երևանցիների մի մասը հաճախում է բնակելի շենքերում գտնվող փաբեր, ակումբներ, բարեր և չի ցանկանում, որպեսզի դրանց ձեռք տան. սովորել են այդ տեղերում արդեն վաղուց ձևավորված մթնոլորտին: Մայրաքաղաքի բնակիչների մի մասն էլ անտարբեր է խնդրի նկատմամբ, քանի որ զվարճանքի օբյեկտներով այդքան էլ հետաքրքրված չի, իսկ այն շենքերում, որտեղ նրանք ապրում են, աղմկոտ ակումբներ չկան: Երևանցիների մի մաս էլ կա, որոնք այս նախաձեռնությունը համարում են «գիշերային տանջանքներից» իրենց ազատելու ցանկություն:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը զրուցել է Երևանի մի քանի բնակչի հետ, որոնք ապրում են զվարճանքի օբյեկտների հետ «կողք կողքի», ինչպես նաև երևանյան փաբերից մեկի ներկայացուցչի հետ՝ նախաձեռնության շուրջ:

Օրինագիծ կմշակվի

Հուլիսի 17-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է քննարկել զվարճանքի օբյեկտների գործունեության կանոնակարգմանն առընչվող օրենքի նախագիծը և համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ` ներկայացնել համապատասխան առաջարկներ:

«Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները, որոնք անհանգստություն են պատճառում մեր համաքաղաքացիներին: Սա մեր հստակ դիրքորոշումն է և բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը:

Տվյալ օբյեկտների տերերին կամ վարձակալներին, անշուշտ, կտանք նաև ողջամիտ ժամանակ, որ իրենց օբյեկտները բազմաբնակարան շենքերի տարածքներից տեղափոխեն այլ վայրեր», - ընդգծել է Մարգարյանը:

Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ օրինագիծը մշակման փուլում է, և դեռ հստակեցված չէ, թե կոնկրետ որ օբյեկտները պետք է դուրս հանվեն, նաև հայտնի չէ՝ խնդրի լուծման այլ տարբերակներ կնախատեսվեն օրինագծով, թե՝ ոչ: Նաև հայտնեցին, որ նախաձեռնությունը հիմնվում է երևանցիների՝ քաղաքապետարանին ուղղված բազմաթիվ բողոքների վրա:

Բնակիչների տեսանկյունից

Երևանի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող բնակելի շենքերից մեկի առաջին հարկում ակումբ է գտնվում: Շենքի երկրորդ հարկերից մեկի բնակարանից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ ակումբից շատ աղմուկ չի տարածվում:

«Այնտեղ 3-4 ամիսը մեկ է ինչ-որ մեծ միջոցառում լինում: Այդ դեպքերում մեզ զգուշացնում են, ներողություն խնդրում, բայց նույնիսկ այդպիսի օրերին երաժշտությունը բարձր չի լինում և լսվում է մինչև ժամը 23:00-ն», - ասաց Մաշտոցի 37 շենքի բնակչուհի Լաուրա Ղազարյանը:

Նրա խոսքով, իրական խնդիրը ոչ թե շենքում, այլ շենքի դիմացը գտնվող բացօթյա սրճարաններն են. «Միայն թե լսեիք, թե ինչպիսի աղմուկ ու երաժշտություն է լսվում այնտեղից ամեն օր ուշ ժամին: Շատ է խանգարում»:

Ղ.Փարպեցու վրա գտնվող հայտնի փաբերից մեկի շենքում աղմուկի առումով նույնպես բողոքներ չկան: Այդ շենքի երրորդ հարկում՝ փաբի հենց վերևում գտնվող բնակարանից մեզ հայտնեցին, որ երաժշտությունը բարձր չի լինում և գրեթե չի լսվում: «Այնտեղ կենդանի կատարումներ չեն լինում, որ բարձր լսվի: Աղմուկ էլ չի լինում: Մի անգամ փաբի մոտ դանակահարություն է եղել, գոռգոռոցներ, բայց դա եզակի դեպք էր», - պատմեց այդ բնակարանում ապրող Անահիտ Ղազարյանը:

Նույն հարկի մեկ այլ բնակչուհի՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Կիմա Միքայելյանը ասաց, որ Փարփեցու վրա 8 զվարճանքի օբյեկտի գտնվելը տհաճ երևույթ է:

«Ես համարում եմ անթույլատրելի, որ ամբողջ մայթը 8 օբյեկտով է զբաղեցրած: Հարևան ունենք, ում նաև աղմուկն է խանգարում: Դա լրիվ անիմաստ է», - ասաց նա:

Պուշկինի վրա գտնվող փաբերից մեկի բնակիչները չեն բողոքում, հայտնեցին, որ դրա վերևում գտնվող բնակարանը խանութի է վերածված, իսկ նրանց մոտ՝ երկրորդ հարկ, երաժշտության ձայները չեն հասնում:

Միաժամանակ, PanARMENIAN.Net ի ընթերցողներից մեկը ֆեյսբուքյան մեկնաբանության մեջ գրում է. «մեր շենքի տակ գիշերային ակումբ կա ու դա մեծագույն անեծք է: Գիշերը երաժշտության դղրդոցն անգամ 3-րդ հարկում մեզ քնել չի տալիս, իսկ դրսում հավաքվող հարբած մարդիկ կռիվ են անում պատուհանների տակ»:

Զվարճանքի օբյեկտների տեսանկյունից

Երևանի փաբերից մեկի ներկայացուցիչը մեզ հայտնեց, որ բնակելի շենքերից զվարճանքների օբյեկտները դուրս բերելու մասին օրինագծի մշակումն անիմաստ կլինի, եթե դրանց համար քաղաքում հատուկ տեղ չհատկացվի:

«Մենք չենք ուզում խանգարել բնակիչներին: Օրինակ՝ մեզ մոտ համեմատաբար բարձր երաժշտությունը մինչև ժամը 23:00-ն է, դրանից հետո լսում ենք հանգիստ ջազային երաժշտություն, որը բարձր չէ, բնակիչները չեն բողոքում: Եթե ցանկանում են, որ տեղափոխվենք, ապա պետք է Երևանի մի առանձին փողոց, փոքր թաղամաս հատկացնեն զվարճանքի վայրերի համար: Եվրոպայի քաղաքներում կան այդպիսի հատուկ տեղեր: Միաժամանակ, տեղափոխումը նաև գումարներ է պահանջում: Մեր փաբն այստեղ 5 տարի է գործում և որոշակի ձևավորված մթնոլորտ ունի արդեն», - ասաց նա:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---