Պետսահման չճանաչող կենդանին

Պետսահման չճանաչող կենդանին

Հայաստանի 9 ընձառյուծն ու դրանց մշտական միգրացիան

2005 թվականին Հայաստանի հարավում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տեսախցիկը կովկասյան ընձառյուծ է արձանագրում է, ինչը, տասնամյակների ընդմիջումից հետո, Հայաստանում կենդանատեսակի առկայության առաջին ապացույցն էր:

PanARMENIAN.Net - ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության՝ վտանգված կենդանիների ցանկում ընդգրկված պարսկական կամ կովկասյան ընձառյուծը Հայկական լեռնաշխարհում ապրել է դարեր շարունակ, սակայն նախորդ դարից ի վեր, կենդանատեսակի առկայության մասին որևէ փաստ չկար:

Հիմնադրամի՝ «Ընձառյուծի պահպանության» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց, որ վերջին 10 տարվա ընթացքում հաջողվել է կովկասյան 9 ընձառյուծ է արձանագրել: «Յուրաքանչյուր ընձառյուծի նախշերը եզակի են, այնպես ինչպես մարդկանց մատնահետքերը, սա մեզ հնարավորություն է տալիս տարբերակել կենդանիներին»,-ասում է Արսեն Գասպարյանը:

Հայաստանի ամբողջ հարավում տեղադրված ավելի քան 100 տեսախցիկն առավել հաճախ արձանագրել են երկու ընձառյուծի: Նրանց հիմնադրամում անուններ են տվել՝ արու Արազը և էգ Եվան. զույգը վերջերս երեք ձագ է ունեցել: Տեսախցիկներն արձանագրել են նաև ոտքը վնասած երեք ընձառյուծի: Հիմնադրամում կարծում են, որ կենդանիների վերջույթները վնասվել են ականների պայթյուններից՝ Նախիջևանի հետ սահմանը հատելիս կամ որսագողերի թակարդներից:

Կովկասյան ընձառյուծը պետական սահաման չի ճանաչում

«Կովկասյան ընձառյուծը բնակվում է Խոսրովի արգելոցից մինչև Նախիջևանի և Իրանի հետ սահման: Նա հաճախ է անցնում հարևան երկրներ: «Կենդանիները մշտական շարժման մեջ են, նրանք հաղթահարում են մինչև 30.000 հա տարածք և փնտրում են ավելի լավ ապրելավայր»,-ասում է Արսեն Գասպարյանը:

Ընձառյուծների հիմնական ապրելավայրը Իրանն է, Հայաստան գալիս են հենց այստեղից: Ծրագրի համակարգողի խոսքով՝ Իրանում նույնպես կենդանատեսակը վտանգված է. 500-800 ընձառյուծ է հաշվվում:

2017-ի հոկտեմբերին, ՄԱԿ-ի «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների կոնվենցիայով» կովկասյան ընձառյուծը ներառվել է միգրացիա կատարող վտանգված կենդանիների ցանկում:

Ընձառյուծի պահպանության համար հարկավոր են մեծ տարածքներ

ՀՀ բնապահպանության նախարարության և հիմնադրամի համագործակցությամբ՝ 2009 թվականին կովկասյան ընձառյուծի պահպանության համար ստեղծվում է չորս տարածք՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը, «Խուստուփ» ու «Զանգեզուր» պետական արգելոցները և «Արևիկ» ազգային պարկը, որոնք միասին կազմում են մոտ 70.000 հա:

«Կենդանին լքում է իր ապրելավայրը մի քանի պատճառով. նախ՝ դրա տարածքում կարող է մեկ այլ ընձառյուծ հայտնվել, որի հետ կամ բախման մեջ է մտնում, կամ հեռանում է այնպիսի վայր, որտեղ չկա «մրցակցություն»,-ասում է Արսեն Գասպարյանը: Հայաստանից հեռանում են փոքր տարածությունների պատճառով, երբ կենսաբազմազանության հաշվին ընդլայնվում է հանքարդյունաբերությունը:

«Ընձառյուծի պահպանությունը համալիր գործողություններ է պահանջում, և եթե դրա ապրելավայրում քիչ են կամ բացակայում են կեր հանդիսացող կենդանատեսակները՝ բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, այծյամը և այլն, կենդանին կհեռանա: Ուստի անհրաժեշտ է մտածել նաև վերոնշյալ կենդանատեսակների պահպանության մասին»,- ասում է Գասպարյանը:

Ծրագրի շրջանակներում հինգ համայնքն ընդգրկող խնամակալների ցանց է ստեղծվել, որի շրջանակներում համայնքների մի քանի բնակիչ մշտադիտարկում են անցկացնում՝ ուսումնասիրում կենդանու հետքերը և այլն: Իսկ հայկական Arloopa հավելվածը թույլ է տալիս տեսնել վիրտուալ ընձառյուծին:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---