// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ծխեք որքան ուզեք

Ծխեք որքան ուզեք

Վրացիներն ապաքրեականացրել են մարիխուանան, իսկ հայերն ի՞նչ են մտածում

Նոյեմբերի 30-ը Վրաստանի համար պատմական էր՝ Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական համարեց կանեփի կամ մարիխուանայի օգտագործման համար քրեական պատիժը: Մինչ այդ Վրաստանի Քրեական օրենսգրքով մարիխուանա օգտագործելու համար տուգանք էր նախատեսված կամ հանրօգուտ աշխատանք, բայց ոչ՝ ազատազրկում:

PanARMENIAN.Net - Իսկ դու ի՞նչ ես անում անձդ զարգացնելու համար:

Պարզվում է՝ մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվությունը չի համապատասխանում Վրաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածին, որի համաձայն «յուրաքանչյուրն իրավունք ունի ազատ զարգացնելու իր անձը»: Այսպիսով՝ «վրաստանցի անձերը» զարգանալու հնարավորություն են ստանում՝ հանգիստ և առանց լարվելու օգտագործելու թմրամիջոցը:

Ի դեպ, մարիխուանան ամենատարածված թմրամիջոցն է Վրաստանում, այն օգտագործում է թմրամոլների ընդհանուր թվի 64%-ը:

«Վրաստանի քաղաքացի Գիվի Շանիձեն ընդդեմ խորհրդարանի» գործով նիստում Վրաստանի ՍԴ-ն բավարարեց Շանիձեի հայցը և չեղարկեց մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվությունը: Ըստ հայցվորի, մարիխուանայի օգտագործումը հնարավոր է ինչպես բժշկական նպատակներով, այնպես էլ հանգստի համար, իսկ լիցքաթափվելու և հանգստանալու եղանակն ինքնուրույն ընտրելու մարդու իրավունքը պաշտպանված է միջամտությունից: Հայցով պատասխանող կողմը՝ երկրի խորհրդարանը, չկարողացավ ՍԴ-ին ապացուցել, որ մարիխուանայի ազդեցությունը կամ աբստինենտ վիճակը նպաստում են անձի կողմից հանցավոր գործողությունների կատարմանը կամ հանրային կարգի խախտմանը, ինչպես նաև՝ որ մարիխուանան այլ թմրանյութերի պահանջ է առաջացնում:

Այժմ կանեփի ու մարիխուանայի օգտագործումն այլևս չի համարվի քրեական հանցանք և համապատասխան հոդվածով չի պատժվի: Կարելի է ասել, որ այս որոշմամբ Վրաստանը մի մեծ քայլ կատարեց դեպի մարիխուանայի օրինականացում՝ հետևելով ԱՄՆ որոշ նահանգների, Ուրուգվայի և Եվրոպայի որոշ երկրների օրինակին: Իսկ 2017-ի հուլիսից Վրաստանում արդեն թույլատրել էին կանեփ ցանել և օգտագործել սեփական կարիքների համար:

Վրաստանը՝ տարածաշրջանում կանեփային զբոսաշրջության ապագա Մեքքա

Վրաստանում արդեն մի քանի տարի է արծարծվում է մարիխուանայի օրինականացման հարցը: Այսօրվա դրությամբ անձնական օգտագործման համար թույլատրվում է ունենալ մինչև 5 գ չորացրած մարիխուանա և մինչև 10գ՝ հում: Հաշվի առնելով, որ մեկ գլանակը, կախված փաթեթավորման խտությունից, մինչև 0,5 գ մարիխուանա է պարունակում, խոտաբույսի առևտրով զբաղվել, իհարկե, չի ստացվի (թեև ցանկության դեպքում հնարավոր է, բայց ավելի լավ է խուսափել դրանից), իսկ այ ընկերներին կամ զբոսաշրջիկին լավագույն վրացական ավանդույթների համաձյն հյուրասիրել միշտ էլ կարելի է: Անձնական օգտագործման համար մարիխուանայի օրինական քանակը միանգամայն բավարար է ամբողջ տարածաշրջանից և ավելի հեռավոր երկրներից լիցքաթափվել ցանկացողներին գրավելու համար:

Իսկ եթե գործը հասնի օրինականացմանը, ապա դա կվերածվի բազմամիլիոնանոց բիզնեսի՝ դուրս գալով ստվերից: Առաջին հերթին դա թույլ կտա զգալիորեն համալրել երկրի բյուջեն, մինչդեռ, այսօր այդ բիզնեսը չի հարկվում և լցնում է իրավապահ մարմինների առանձին ներկայացուցիչների գրպանը՝ որպես կաշառք «լռելու» դիմաց: Որպես օրինակ դիտարկենք ԱՄՆ Կոլորադո նահանգի փորձը, որի մայրաքաղաք Դենվերը օրինականացումից հետո յուրօրինակ զբոսաշրջային Մեքքա դարձավ խոտի սիրահարների համար՝ քաղաքում նույնիսկ հայտնվեցին մարիխուանային ուղղվածության զբոսաշրջային ընկերություններ: Այդ ամենը կարող է կրկնվել Վրաստանում՝ արդեն այժմ՝ ապաքրեականացումից հետո, և ավելի ուշ՝ օրինականացման դեպքում, երկիր կշտապեն մարիխուանայի սիրահարներն ինչպես Հայաստանից, ՌԴ-ից, Ադրբեջանից, Եվրոպայի երկրներից, այնպես էլ ավելի պահպանողական Իրանից:

Մինչդեռ Հայաստանում...

Հայաստանում կանեփ աճում է հանրապետության ամբողջ տարածքում: Սակայն, չնայած բարենպաստ պայմաններին, Հայաստանում ոչ թե օրինականացման, այլ նույնիսկ ապաքրեականացման մասին խոսելն է չափազանց վաղ:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության, 2017-ի հունվարի 1-ի դրությամբ երկրում գրանցված է 6010 թմրամոլ, որից մարիխուանա է ընդունում 3665-ը:

Թեև մարիխուանան ամենատարածված թմրամիջոցն է Հայաստանում և այն շատ հեշտ է ձեռք բերել (գրեթե յուրաքանչյուրն այդպիսի ծանոթ ունի, որը գիտի որտեղ և ինչպես այն հայթայթել, իսկ մեծ միջոցառումների ժամանակ դա ընդհանրապես խնդիր չէ), այն ներառված է ուժեղ ներգործության թմրամիջոցների ցանկում, իսկ կանեփի ցանքատարածությունների ոչնչացումը ոստիկանության պարտականություններից է: Ըստ ՀՀ ՆԳՆ տվյալների, երկրում ամեն տարի ոչնչացվում է մոտ 20-25 տոննա կանեփ: Մարիխուանայի առկայությունը և օգտագործումը Հայաստանում տուգանվում է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 400-ապատաիկի չափով՝ կազմելով 200.000-400.000 դրամ: Դա փոքր քանակի դեպքում՝ մինչև 0,5 գ չորացված մարիխուանայի և մինչև 2գ հումի դեպքում: Առայժմ ապաքրեականացման մասին ՀՀ կառավարությունը չի մտածում:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Աղջիկը պնդում է՝ ոստիկանները ծեծել են իրեն արտաքինի պատճառով
Ինչպես որոշ ժամանցի վայրեր հրաժարվեցին ծխախոտից
Բնապահպանների, «Լիդիանի» ու իշխանության փաստարկները
 Ուշադրության կենտրոնում
70-ամյա Պետիկ Հակոբյանը կաթիլային համակարգով մարիխուանայի ֆերմա է հիմնել

70-ամյա Պետիկ Հակոբյանը կաթիլային համակարգով մարիխուանայի ֆերմա է հիմնել Ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 127 թուփ

 Բաժնի այլ նյութերը
$7 մլն՝ ընտանիքում 4 և ավելի երեխա ունենալուն Ինչքան է պետությունն ուղղելու բազմազավակության խրախուսմանը
Էկոշենքերը գրավում են աշխարհը Երևանը միանում է «կանաչ» ճարտարապետությամբ քաղաքներին
«Պատի հենքը» և Ten Walls-ը 10 պատճառ տարվա լավագույն միջոցառումներից մեկը բաց չթողնելու համար