Կալանքը փոխելը պատժից ազատել չէ

Կալանքը փոխելը պատժից ազատել չէ

Ինչ է նշանակում «խափանման միջոց»

Հայաստանում ապրիլյան իրադարձություններից հետո նախորդ իշխանությունների ազդեցիկ ներկայացուցիչների դեմ հարուցված աղմկահարույց քրեական գործերի ընթացքը, զարգացումները հաճախ իրավագիտական խառնաշփոթ են առաջացնում հանրության շրջանում: Սոցցանցային տիրույթը հատկապես ալեկոծվում է, երբ այս կամ այն քրեական գործով մեղադրյալի կաեղրգավիճակ ունեցող կալանավորված անձը ազատ է արձակվում: Բանն է այն, որ կալանքից ազատելը միշտ չէ, որ նշանակում է քրեական գործի կարճում, կամ գործի շրջանակում անձին առաջադրված մեղադրանքի վերացում, կամ դատարանի կողմից անձի արդարացում. օրինակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, կամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանն ազատ են արձակվել կալանքից, բայց նրանց դեմ հարուցված քրեական գործի վարույթը շարունակվում է և կլինի դատավճիռ: PanARMENIAN.Net ը պարզաբանում է՝ ինչ է խափանման միջոցը և որ դեպքում է այն կիրառվում:

PanARMENIAN.Net - Խափանման միջոցների հասկացությունը և տեսակները

Խափանման միջոցները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքով. դրանք հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի նորմալ ընթացքն ապահովելու նպատակով: Գոյություն ունի խափանման 7 միջոց՝ կալանավորումը, գրավը, ստորագրությունը` չհեռանալու մասին, անձնական երաշխավորությունը, կազմակերպության երաշխավորությունը, հսկողության հանձնելը, հրամանատարության հսկողության հանձնելը:

Կալանավորումը և գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Հսկողության հանձնելը կարող է կիրառվել միայն անչափահասի նկատմամբ, հրամանատարության հսկողությանը հանձնելը՝ միայն զինծառայողի կամ զինապարտի նկատմամբ` զորահավաքներ անցնելու ժամանակահատվածում: Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին:

Որ դեպքում է կիրառվում խափանման միջոց

Կասկածյալի կամ մեղադրյալի հանդեպ խափանման միջոց կիրառելու որոշումը կայացնելիս դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը հաշվի են առնում վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, կասկածյալի կամ մեղադրյալի անձը, տարիքը և առողջական վիճակը, սեռը, զբաղմունքի տեսակը, ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը, գույքային դրությունը, բնակության մշտական վայրի առկայությունը և այլ էական հանգամանքներ:

Խափանման միջոց կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է, առաջինը՝ թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, 2-րդ՝ խոչընդոտել դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, 3-րդ՝ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, 4-րդ` խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, 5-րդ` խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

Որ դեպքում և ում նկատմամբ է կալանավորումն ընտրվում որպես խափանման միջոց

Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է:

Առավելագույնը որքան կարող է անձը կալանավորված մնալ

Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի: Հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև 12 ամիս։ Կալանքի տակ պահելու ժամկետի հետագա երկարացումն արգելվում է:

Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին, մեղադրյալին վերագրվող հանցագործության համար քրեական օրենքով ազատազրկման նախատեսված առավելագույն ժամկետը` այն դեպքում, երբ նշված ժամկետը պակաս է 1 տարուց, դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում:

Որ դեպքում է մեղադրյալն ազատվում կալանքից

Մեղադրյալը կալանքից ենթակա է ազատման, եթե` կարճվել է համապատասխան քրեական գործի վարույթը, կամ նրա նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, եթե դատարանը դատապարտյալին նշանակել է պատիժ, որը կապված չէ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ կալանքի հետ, քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, լրացել և չի երկարացվել կալանավորման մասին որոշում կայացնելիս կալանքի տակ պահելու` դատարանի կողմից սահմանված ժամկետը, լրացել է անձին կալանքի տակ պահելու սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, մուծված է անձին կալանքից ազատելու համար դատարանի կողմից նշանակված գրավը:

Կալանքից ազատված անձը չի կարող նորից կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---