// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ասորեստանցի լրտեսներ, ինքնաշեն ինքնաթիռ, ատոմային ռումբ ու Իսահակյան

Ասորեստանցի լրտեսներ, ինքնաշեն ինքնաթիռ, ատոմային ռումբ ու Իսահակյան

Ինչ է պատմում ԱԱԾ թանգարանը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության շենքում 2006 թվականից ի վեր գործում է Հայաստանի անվտանգության մարմիններին նվիրված թանգարան: Այնտեղ մուտք գործելու համար անհրաժեշտ է դիմում գրել ԱԱԾ-ին, ստանալ թույլտվություն: PanARMENIAN.Net ը եղել է երկրի ամենափակ պետական կառույցի թանգարանում, որի պատասխանատու Աննա Թումոյանը ծանոթացրել է այստեղ ներկայացված ուշագրավ ցուցանմուշների՝ փաստաթղթերի, լուսանկարների և աղմկահարույց քրեական գործերի հետ կապվող զենքերի ու այլ պարագաների պատմությանը:

PanARMENIAN.Net - «Ուրարտացի հետախույզները վնասազերծեցին երկու ասորի լրտեսի»

Հետախուզությունն ու հակահետախուզությունն աշխարհի հնագույն մասնագիտություններից են, և հայերը` որպես հնագույն ժողովուրդ, նույնպես ունեցել են համապատասխան գործառույթներ իրականացնող մարմիններ: Թեմային վերաբերող ամենահին պատմական հուշարձանը թվագրված է մ․թ․ա 7-րդ դար. այն ուրարտական սեպագիր արձանգրություն է, որը զեկուցում է Վանի թագավորությունում վնասազերծված երկու ասորեստանցի լրտեսի՝ Խալդիպուրայի և Ուրադիի մասին:

Ուրարտական սեպագիր արձանագրություն 2 ասորի լրտեսի՝ Խալդիպուրայի և Ուրադիի վնասազերծման մասին:

Ավելի ուշ շրջաններում՝ Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Կիլիկիայի հայկական արքայատոհմերի օրոք, պետական անվտանգության համար պատասխանատու են եղել ոչ միայն առանձին գործակալություններ, այլ նաև առանձին պաշտոնյաներ:

«Տարբեր պատմիչներից աշխատություններ ունենք նվիրված այս թեմային. Արշակունիների ժամանակ այս գործառույթները վերապահված էին հայր մարդպետին, ով պատասխանատու էր արքունիքի ներքին անվտանգության, պետական գանձերի, բերդերի, կանանոցի պահպանության, թագաժառանգների դաստիարակության համար», - պատմեց Թումոյանը:

Ցարական բանակի գերմանացի սպան՝ Առաջին հանրապետության առաջին ԱԱԾ պետ

Չնայած ռազմաքաղաքական բարդ իրադրությանը՝ Առաջին հանրապետության կառավարությունը 20,000-ական ռուբլի է հատկացրել հետախուզական և հակահետախուզական ծառայությունների ձևավորմանը: Հատուկ ծառայություններն այս շրջանում գործել են ռազմական նախարարության գլխավոր շտաբում, որպես հետախուզական և հակահետախուզական բաժանմունք:

Երկու տարում այս բաժանմունքն ունեցել է չորս պետ. առաջին պետը եղել է ծագումով գերմանացի, ցարական բանակի սպա Ալեքսանդր Շնեուրը:

Հուշանվերի տեսքով գաղտնարան (тайник), որի մեջ պահվել են լրտեսական ծածկաբանալիներ, հաղորդագրություններ. դրանք շատ լայն կիրառություն են ունեցել հետախուզական աշխատանքի մեջ:

Հայ դեսպաններն ու հետախուզությունը

1920 թվականին նախարարների խորհրդի որոշմամբ, արտասահմանում հետախուզությունը դրվում է ՀՀ դեսպանների հսկողության տակ. նրանք պետք է աջակցեին հետախույզներին, ուղևորությունների, փաստաթղթերի ձևակերպման, դիվանագիտական խողողովակներով տեղեկատվության փոխանցման հարցում:

«Բաժանմունքը կադրային քիչ ռեսուրսներ է ունեցել, աշխատել է ընդամենը 20 հոգի, սակայն ահռելի աշխատանք է կատարվել», - պատմեց Թումոյանը:

1920 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվում է Հայաստանի խորհրդայնացվելուց ի վեր առաջին պետական փաստաթուղթը՝ արտակարգ հանձնաժողովի (ՉԵԿԱ) ստեղծման մասին որոշումը. ՉԵԿԱ-ն պետք է պայքարեր հակահեղափոխության, սպեկուլյացիայի, հանցագործությունների դեմ:

Հետախուզական գործողությունների արդյունքում ձեռքբերված զենք-զինամթերքի, ծածկահեռագրերի նմուշներ:

Ինչպես Ավետիք Իսահակյանին թույլ չտվեցին լքել երկիրը

Հայտնի է, որ խորհրդային տարիներին առանց պետական անվտանգության մարմինների թույլտվության արտասահման մեկնելը գրեթե անհնար էր:

Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանը դիմել էր այդ մարմիններին արտասահման մեկնելու համար, սակայն վերջիններս նպատակահարմար չէին համարել նրա այդ ուղևորությունը, քանի որ կասկածում էին այդ տարիներին Հայաստանում արգելված Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ կապերի մեջ. պետանվտանգության մարմինները կասկածում էին, որ Իսահակյանի ուղևորության նպատակը ՀՅԴ-ի համագումարին մասնակցելն էր:

ՀԽՍՀ ՊԱԿ-ի 7 նախագահը Ստալինի օրոք գնդակահարվել է

Ստալինյան տարիներին Խորհրդային Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի յոթ նախագահը գնդակահարվել է, երեքը՝ բռնդատվել:

Ստալինյան տարիներին բռնադատվածների վիճակագրություն:

Ինքնաշեն ինքնաթիռ՝ Սովետից փախչելու համար

1974 թվականին Խորհրդային Հայաստանի 4 քաղաքացի, ընդամենն օգտվելով խորհրդային գիտական հանդեսներից «Յունի տեխնիկում» հրապարակված՝ ինքնաթիռի մեխանիկական գծագրերից, կարողացել էին Սովետաշենում ինքնուրույն ինքնաթիռ նախագծել ու կառուցել՝ դրանով Թուրքիայով այլ երկիր փախչելու համար:

«Մասնագետների գնահատմամբ, ինքնաթիռն անթերի է կառուցված եղել, սակայն երբ փորձել են փախչել, չեն կարողացել օդ բարձրացնել ինքնաթիռը, քանի որ չեն տիրապետել նավիգացիոն նրբություններին. սա է պատճառը որ մի փոքր բարձրացել են ու ընկել», - պատմեց Թումոյանը:

Աֆղան մոջահեդներն Արցախում

ԱԱԾ ջոկատները մասնակցել են նաև Արցախյան ազատամարտին: Այդ ընթացքում նրանք իրեղեն ապացույցներ են ձեռք բերել Ադրբեջանի կողմից աֆղան մոջահեդների՝ Արցախյան պատերազմին մասնակցելու վերաբերյալ:

Արցախյան պատերազմում Ադրբեջանի համար կռվող վարձկան աֆղան մոջահեդների լուսանկարներ:

ԱՄՆ-ի ատոմային ռումբի մասին ԽՄ-ին հայտնած հայ հետախույզը

Հայկ Հովակիմյանը, որը բնակվել է ԱՄՆ-ում, եղել է խորհրդային գիտատեխնիկական հեզախուզության առանցքային դեմքերից մեկը. նա առաջիններից էր, որ ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծման տեղեկությունը փոխանցեց ԽՍՀՄ իշխանություններին: Նրա ուղարկած գիատատեխնիական բնույթի փաստաթղթերն այնքան շատ էին, որ ավելի ուշ մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտ էր աշխատում դրանք մշակելու համար:

Խորհրդային տարիներին հետախուզության մեջ կիրառված տեսաձայնագրող սարքեր:

Հայ գործակալները փրկեցին Ստալինի, Չերչիլի, Ռուզվելտի կյանքը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943-ին, Թեհրանում երեք տերության՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի, Ուինսթոն Չերչիլի հանդիպմանը, գերմանացիները մահափորձ էին ծրագրել նրանց դեմ: Այդ ժամանակ ԽՍՀՄ արտաքին հետախուզության մարմնում աշխատող հայազգի Իվան Աղայանցին և նշանավոր հետախույզ Գևորգ Վարդանյանին հաջողվել է ձախողել նացիստների՝ համաշխարհային առաջնորդների նկատմամբ սպանության փորձը:

Խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանի գաղտնարանը՝ մեջը գաղտնի տեսաձայնագրության ժապավեն:

Ո՞վ է ՀՀ-Իրան մայրուղուն ռադիոակտիվ նյութերի շարժը ֆիքսող սարք տեղադրել

1998 թվականին Հայաստանի մայրուղիներից մեկի վրա հայտնաբերվել է մի թանկարժեք սարք, որը պետք է արձանագրեր ՀՀ-Իրան ռադիոակտիվ նյութերի հնարավոր տեղափոխումը. սարքն աշխատել է արբանյակով:

Թե ով է տեղադրել սարքը, հայտնի չէ, մնում է միայն երևակայել:

Գրքի մեջ թաքցրած կեղծ 100 դոլարանոցներ, որոնք փորձել են իրացնել ՀՀ-ում:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Սիրո հեղափոխության ամենահեղափոխական սերը
Հանրային կյանքը՝ Փաշինյանի իշխանության 1 տարում
 Բաժնի այլ նյութերը
Լանք, թե խնդանք Ինչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում
Ընթրիքը՝ երկնքում Երևանում կբացվի «օդում ճախրող» ռեստորան