// IP Marketing video - START// IP Marketing video - END
Եթե ցույցերը հավերժ լինեին, միշտ միասին կլինեինք

Եթե ցույցերը հավերժ լինեին, միշտ միասին կլինեինք

Սիրո հեղափոխության ամենահեղափոխական սերը

Թավշյա հեղափոխությունը մեծ դեր է խաղացել ոչ միայն ողջ Հայաստանի, այլև դրա առանձին մասնակիցների կյանքի մեջ:

PanARMENIAN.Net - 2018-ի ապրիլ-մայիսի ցույցերին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, օրերով քայլել, փողոցներ փակել, գիշերել դրսում, նոր ընկերներ ու համախոհներ ձեռք բերել, վերջապես մտերմացել, սիրահարվել ու բաժանվել ՀՀ նորագույն պատմության ամենամեծ քաղաքացիական շարժումներից մեկի զարգացման ֆոնին:

PanARMENIAN.Net –ը պատմում է սիրո հեղափոխության օրերին ամենաշատն աչքի ընկած, լուսանկարված և քննարկված՝ Անի Հակոբջանյանի և Միքայել Նազարյանի սիրո պատմության մասին:

«Շնորհավո՜ր, պստո: Զգույշ կլինես, արդեն չափահաս ես»... Հեղափոխությունից ամիսներ առաջ Անիի ծնունդն էր, այս չար ակնարկով սկսեցինք շփվել: Նկատել էի նրան տարկետման ցույցերի ժամանակ, կարծում էի՝ հետաքրքիր տեսակ եմ պեղել», - հիշում է Միքայելը:

«Մինչև հեղափոխությունը գիտեինք իրար Ֆեյսբուքից, բայց չէինք շփվում: Մի օր հարցրեց Օպերայի հավաքներից, ասեց, որ ինքն էլ է գնում, ես էլ կարող եմ իր հետ գալ, համաձայնվեցի: Այդ ժամանակ Փաշինյանն ու խումբը դեռ չէին եկել Երևան (Նիկոլ Փաշինյանը համախոհների հետ 2018-ի մարտի 31-ից սկսեց քայլարշավը ՀՀ քաղաքներով՝ հասնելով Երևան ապրիլի 13-ին- խմբ.): Գնացի, ծանոթացանք, առաջին օրերին ուղղակի ընկերական շփվում էինք, իսկ «վրանային» ակցիայի օրը (ապրիլի 12-ին մի խումբ ակտիվիստներ Մաշտոցի պողոտայում իրականացրին «վրանային» ակցիան՝ փակելով հետիոտնային անցումը – խմբ.), երբ ոստիկանները ուժ էին գործադրում (ոստիկանները փորձում էին տարհանել պողոտան փակած քաղաքացիներին վրաներից և տեղափոխել մայթ – խմբ.), Միքայելն ուղիղ եթերով տեսավ դա, աշխատանքը թողեց և եկավ ինձ մոտ: Ամեն ինչ սկսվեց այդտեղից, այդ օրվանից այլևս սովորական ընկերներ չէինք», - պատմում է 19-ամյա Անին:

Նա հեղափոխության օրերից հայտնի է որպես «բանտիկով աղջիկ», ով գրեթե սկզբից ակտիվ մասնակցում էր ցույցերին և աչքի էր ընկել իր վառ լուսանկարներով:

«Հետաքրքիր է, որ իմ սերերը զուգորդվում են քաղաքական իրադարձությունների զարգացման հետ, քանզի «ակտիվիստի սինդրոմը» ստիպում է մարդու մեջ ամենաշատը գնահատել մնացածների մասին մտածելու, նրանց համար պայքարելու ցանկությունն ու կարողությունը», - նշում է Միքայելը:

Անին ասում է, որ Միքայելից իմանալով հավաքների մասին, որոշեց մասնակցել՝ հույս ունենալով, որ «գուցե այս անգամ ինչ-որ բան կփոխվի»:

«Ես, համենայն դեպս, կորցնելու բան չունեի: Մտածեցի, եթե կարող եմ օգնել, ինչո՞ւ չօգնեմ: Համ էլ այնտեղ եղած մարդկանց՝ Լենա Նազարյանի, Արարատ Միրզոյանի նկատմամբ ինչ-որ համակրանք ունեի, ու նաև մի քիչ՝ Նիկոլ Փաշինյանի: Այնտեղ էին նաև ընկերներս», - ասում է Անին:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

«Եթե անկեղծ, դա ընդամենը հեղափոխական ժամանակահատված չէր, դա մի ժամանակահատված էր, երբ մեր ներքին հույզերն ու համոզմունքները ժամանակավոր պարուրել էին բոլորին, և մի որոշ կարճ ընթացք նրանք կյանքի այդ հատվածը տեսնում էին այն նույն գույներով, որոնցով մենք տեսնում ու տեսել էինք մեր ողջ կյանքում։ Հաճելի էր գիտակցել, որ «ակտիվիստի սինդրոմն» այլևս մարգինալ բնույթ չէր կրում, մենք էլ խենթեր չէինք, բոլորն էին խենթացել», - պատմում է 26-ամյա երիտասարդը:

«Մեր հարաբերությունները զարգանում էին հեղափոխությանը համընթաց: Եթե սկզբում ընկերական էինք, հետո արդեն, երբ ամեն ինչ ավելի բուռն դարձավ, մենք ավելի կապվեցինք իրար հետ: Փշալարերի օրը (ապրիլի 16-ին ոստիկանները փշալարերով փակել էին Բաղրամյան պողոտայի դեպի ԱԺ շենք տանող հատվածը՝ թույլ չտալով ցուցարարներին մտնել ԱԺ – խմբ.) միշտ իրար հետ էինք, ամեն կերպ փորձում էինք իրար օգնել, ու դրա հետևանքով էմոցիոնալ առումով էլ մեզ մոտ ամեն ինչ ամրապնդվեց», - պատմում է Անին:

Փշալարերի ֆոնին Անիի և Միքայելի նկարը հեղափոխության ամենահայտնի լուսանկարներից է: Փաթաթված զույգը ցուցարարների և փշալարերի հետևում կանգնած ոստիկանների միջև կարծես սիրո և հանդուրժողականության կենդանի մարմնացում լիներ: Լուսանկարները բուռն քննարկումների արժանացան սոց. ցանցերում. շատերն ասում էին, որ երիտասարդները հատուկ են այսքան երկար գրկախառնված կանգնել, որպեսզի նրանց հասցնեն լուսանկարել:

«Բոլորս պատրաստ էինք… Ապրիլի 16: Բաղրամյան պողոտա: Պատրաստվում էինք, Անիին հետ ուղարկեցի, բախումն անխուսափելի էր թվում, բայց չարությամբ լցված չէինք, չարությամբ լցված չէինք այնքան, որ չնայած Անիին հետ ուղարկելուն, ավելի շուտ հասավ փշալարերին, քան ես: Մի քանի պայթյուն արդեն հնչել էր (ոստիկանները ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայի փշալարերի մոտ կիրառել էին թվով 8 լուսաձայնային նռնակ – խմբ.), հետ գնալու ճանապարհ չկար՝ գոնե ինձ համար, այդ վայրկյանին մտածում էի Անիին հասնելու մասին: Երբեք այդքան ոստիկան չէի գրկել, երբեք այդքան մարդու չէի ասել, որ սիրում ենք նրանց, երբեք ինձ նայող այդքան արյունոտ չարացած աչքերին չէի ժպտացել, երբեք ժպիտիցս վախեցած հայացքներով մարդկանց չէի գրկել… Վայրկյաններ անց Անիի հետ գրկել էինք իրար, չէր բացառվում հաջորդ լուսաձայնայինի մեր կողքը հայտնվելը, բայց կամուրջներն այրված էին», - վերհիշում է Միքայելը:

«Լսել էինք, որ բոլորը շարժվում են դեպի ԱԺ, գնացել էինք Բաղրամյան, ու մի պահ այնպես ստացվեց, որ մենակ էի մնացել, առանց Միքայելի: Առաջ շարժվեցի ու հասա փշալարերի մոտ, որոնց հետևում ոստիկաններն էին, առաջին անգամ էի այդքան շատ ոստիկան տեսնում, մենակ ֆիլմերում էի տեսել: Հետո շրջվեցի, տեսա ժողովրդին, ու այդ իրավիճակում ինձ կորցրի, առաջին անգամ էր կյանքումս այդպիսի մեծամասշտաբ բան տեղի ունենում, սկսեցի լացել, ընկերներս եկան, փորձում էին ինձ հետ տանել, ես էլ չէի համաձայնվում: Իսկ հետո եկավ Միքայելը, նա այդ պահին միակն էր, ով չէր փորձում ինձ հետ տանել՝ իմանալով, որ ես չեմ գնա: Ուղղակի գրկեց ինձ: Մենք էլ նկատեցինք, որ մեր այդտեղ կանգնելը դրական է ազդում ոստիկանների վրա. եթե մինչև այդ գալիս՝ հրում էին մարդկանց հետ, հետո, կարծես, խաղաղվեցին», - վերհիշում է Անին՝ հավելելով, որ իրենց սերը նրանք հետագայում էլ հեղափոխության ողջ ընթացքում օգտագործում էին մարդկանց խաղաղեցնելու նպատակով:

Նրա խոսքով՝ շարժման ընթացքը անդրադառնում էր նաև իր և Միքայելի հարաբերությունների վրա. ցույցի անհաջող օրերին, ոստիկանների հետ բախումների ընթացքում զույգը տխրում էր, ավելի քիչ շփվում, ուրախ օրերին նրանք իրենց էլ ավելի երջանիկ էին զգում, հարաբերություններն ամրապնդվում էին:

«Երջանիկ էինք՝ գիշերները փողոցներում գրաֆիտիներ անելով, շատ հաճախ ընդամենը երկու հոգով փողոց փակելու կարողությամբ», - հավելում է Միքայելը:

«Իսկ հետո, երբ ցույցերն ավարտվեցին, սկսվեցին անձնական հարցերը: Ցույցերի ժամանակ երբեք չէինք հասցնում քննարկել, օրինակ, ինչո՞ւ ես այս շորը հագել կամ ինչո՞ւ ես այդ մարդու հետ շփվում, ու նման այլ հարցեր: Միակ նպատակը հաղթելն էր: Իսկ ցույցերի ավարտից հետո արդեն առաջացան շատ հարցեր, որոնց հետևանքով էլ բաժանվեցինք: Եթե ցույցերը հավերժ լինեին, երևի հավերժ միասին կլինեինք», - կատակում է Անին՝ նշելով, որ բաժանվել են նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ ուղղված ցույցերից հետո՝ մայիսին:

«Ցույցերն ավարտվեցին, մեզ էլի թողնելով մենակ՝ աշխարհը տեսնելու մեր գույների հետ», - նշում է Միքայելը:

Անին ասում է, որ բաժանումից հետո Միքայելի հետ նորմալ հարաբերություններ է պահպանել. «Կապ չունի, որ հիմա միասին չենք, ինչ-որ ժամանակ մենք իրար հետ պայքարել ենք, իրար կյանքում մեծ դեր ունեցել ու հաղթել»:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Երևանում կբացվի «օդում ճախրող» ռեստորան
Ինչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում
Հանրային կյանքը՝ Փաշինյանի իշխանության 1 տարում
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Իրապես անկախ և անաչառ դատական համակարգ ունենալն անհրաժեշտություն է

Փաշինյան. Իրապես անկախ և անաչառ դատական համակարգ ունենալն անհրաժեշտություն է Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների

 Բաժնի այլ նյութերը
Ծերացող ազգի «բեռը» Քանի հոգի է աշխատում 1 թոշակառուի թոշակի համար
Նեյրոմարքեթինգը հասավ Հայաստան Մեծ համաժողով է սպասվում
Բենդուկիձեն ասում է՝ թալանածը փնտրելով լճացման եք դատապարտում ինքներդ ձեզ Վրացական ռեֆորմների կնքահայրն արդարություն փնտրելու մասին