Չվիճարկված ընտրություններ, Մարտի 1-ի գործ ու ՃՏՊ-ներ

Չվիճարկված ընտրություններ, Մարտի 1-ի գործ ու ՃՏՊ-ներ

Հանրային կյանքը՝ Փաշինյանի իշխանության 1 տարում

Թավշյա հեղափոխությանից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում այնպիսի զարգացումներ ծավալվեցին, որոնց մասին դժվար էր պատկերացնել նախկինում: PanARMENIAN.Net - ը մեկտեղել է 2018-ի ապրիլից ի վեր հանրային կյանքի ուշագրավ դրվագները։

PanARMENIAN.Net - Թոշակների, նպաստների և աշխատավարձերի աճի, հակակոռուպցիոն քաղաքականության, հարկային բարեփոխումների ծրագրերի ու տնտեսական անցուդարձի մասին կարդացեք այստեղ։

Ընտրություններ՝ առանց ընտրակեղծարարության ու 10,000-անոցների

Փաշինյանի իշխանության օրոք երկու ընտրություն անցակվեց՝ մեկը Երևանի ավագանու, մյուսը՝ խորհրդարանական: Դրանք, ըստմիջագային դիտորդական կազմակերպությունների, Հայաստանի երրորդ Հանրապետության ամենափաթանցիկ և արդար ընտրություններն էին, որոնք անցան առանց ընտրակեղծարարության: Առաջին անգամ դրանց արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում, չհաջորդեցին ընդդիմության հանրահավաքները:

ԱԺ-ն՝ առանց ՀՀԿ ու ՀՅԴ

2018 թվականի դեկտեմբերի 8-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընդամենը մեկ տարի առաջ 54% հավաքած ՀՀԿ-ն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ չհայտնվեց խորհրդարանում:

Վերջին մոտ 20 տարում առաջին անգամ օրենսդիրում չհայտնվեց նաև ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն:

Առաջընթաց՝ խոսքի ազատության ոլորտում

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ մամուլի ազատության ամենամյա զեկույցի համաձայն Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն 180 երկրների ցուցակում զբաղեցրեց 61-րդ տեղը՝ մեկ տարում բարելավելով իր դիրքը 19 կետով:

Ամենախոշոր համաներումը

2018-ի հոկտեմբերին հայտարարվեց Հայաստանի երրորդ Հանրապետության ամենախոշոր համաներումը, որը տարածվեց մոտ 6500 անձի վրա․ մի մասի գործերը կարճվեցին, իսկ 660 հոգի դուրս եկավ բանտերից:

Հանցագործությունների աճ

Համաներման ու ոստիկանության աշխատանքից դժգոհությունների ֆոնին աճեցին հանցագործությունները․ 2018-ին 2017-ի համեմատ հանցագործությունների թիվն աճեց 11.1% - ով։ Չնայած աճի որոշ մասը բաժին է ընկնում կոռուպցիոն հանցագործություններին, որը, ըստ էության, դրական տենդենցի մասին է վկայում, ընդհանուր քրեածին իրավիճակի վատթարացում կա։ Օրինակ՝ բնակարանային գողությունների թիվն աճել է 61.7%-ով:

Մահացությունը ճանապարհներին

2018-ին Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտումներն աճեցին 31.9%–ով, իսկ մահվան ելքով ՃՏՊ-ները 25%–ով:

Նշենք, որ Փաշինայնի կառավարության որոշմամբ, ներվեցին 2012 թվականից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարորդների նկատմամբ սահմանված ճանապարհային երթևեկության՝ մոտ 14 մլրդ դրամի տուգանքները։

Օրենքը հետապնդում է նախկիններին․․․

ՀՀ նախկին իշխանությունների տասնյակ պաշտոնյաներ Հեղափոխությունից հետո ներգրավվեցին տարբեր քրեական գործերում՝ հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների և պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքներով: Նրանց թվում է ՀՀ երրորդ նախագահի գրեթե ամբողջ ընտանիքը՝ երկու եղբայրը Ալեքսանդր և Լևոն Սարգսյանները, նրանց բոլոր երեխաները, այդ թվում՝ Նարեկ Սարգսյանը, որը Չեխիայում ՀՀ իրավապահ մարմիններից թաքնվում էր Ֆրանկլին Գոնսալեսի գվատեմալական անձնագրով:

Օրենքով հետապնդվողների թվում են Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը, գեներալ Մանվելը, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը, Արամ Հարությունյանը, որն ի դեպ մեղադրվում է ՀՀ պատմությանը հայտնի ամենախոշոր՝ $14 մլն-ի կոռուպցիոն գործարքի մեջ:

․․․ և յուրայիններին

Նոր իշխանություններում նույնպես կան պաշտոնյաներ, որոնք անցնում են քրեական գործերով: Նրանցից է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, նրա ղեկավարած գերատեսչության երկու վարչության պետերը, ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը: Վերջերս քրեական գործ է հարուցվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատի նկատմամբ:

Վերաբացված Մարտի 1-ի գործն ու կալանավորված նախագահը

Առաջին անգամ հետխորհրդային տարածքում նախագահ կալանավորվեց: 2008 թվականի Մարտի 1-ին ՀՀ զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց ճաղերի հետևում: Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին:

Սիլվա Համբարձումյանի «ֆենոմենը»

Գործարար Սիլվա Համբարձումյանը որպես վկա է ներգրավված մի շարք աղմկահարույց քրեական գործերում: Պարզվեց, որ նա կաշառք է տվել նախկին բարձրաստիաճան բազամթիվ պաշտոնյաների՝ պաշտոնաթող նախագահներ Քոչարյանին, Սարգսյանին, պատգամավոր Արամ Հարությունյանին, գործարար Սամվել Մայրապետյանին և այլոց:

Գաղտնալսված ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը և վարչապետը

2018-ին հրապարակվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը, որի ընթացքում նրանք քննարկում էին Մարտի 1-ի գործը: Ամիսներ անց հրապարակվեց գաղտնալսման երկրորդ մասը՝ Վանեցյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը նույն թեմայի շուրջ:

«Սասնա ծռերը»՝ ազատության մեջ

Հեղափոխությունից հետո ազատ արձակվեցին Ժիրայր Սեֆիլյանը և 2016 թվականին երեք ոստիկանի սպանությամբ ուղեկցված ՊՊԾ գնդի վրա հարձակման հեղինակ «Սասնա ծռեր» խմբավորման առանցքային անդամները՝ Արայիկ Խանդոյանը (նա մի քանի ամիս անց մահացավ կաթվածից), Պավել Մանուկյանն ու իր որդին, և այլն: Խմբավորման անդամների նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել, նրանց մի մասն էլ շարունակում է պահվել կալանքի տակ:

Սկանդալ՝ ՀԱՊԿ-ում

Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելով՝ նրան զբաղեցրած պաշտոնից հետ կանչելը տարակուսանք առաջացրեց կառույցի անդամ երկրների մոտ: Առ այսօր կառույցի երկրները չեն կարողացել համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Հայաստանը պնդեց, որ նախագահության իր ժամկետը չի լրացրել, ուստի պետք է հաջորդ գլխավոր քարտուղարը նույնպես ՀՀ-ից լինի, իսկ Բելառուսը՝ Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի աջակցությամբ, առաջադրեց իր թեկնածուին, որին հայկական կողմը հավանություն չի տվել:

Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հադիպումներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր միջազգային ձևաչափերում ոչ ֆորմալ հանդիպումներ ունեցան, միայն վերջերս տեղի ունեցավ երկու երկրի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը:

Ոչ ֆորմալ հանդիպումներից ամենաքննարկվածը Դուշանբեինն էր. այստեղ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում, կողմերը բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցին սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ:

«Դուշանբեի վերելակն» ու սահմանի աննախադեպ խաղաղությունը

Դուշանբեում Փաշինյանի և Ալիևի բանավոր պայմանավորվածությունից հետո առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կտրուկ նվազեցին, ինչը տասնյակ կյանքեր փրկեց: Փաստացի, այդ պայմանավորվածությունից հետո հայկական կողմը չի ունեցել մարտական կորուստներ, ինչն աննախադեպ էր զինադադարի կնքումից ի վեր։

Ժողովուրդներին խաղության պատրաստելը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու 2 երկրի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարություն ընդունվեց՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։ ՀՀ-ում դա ներքաղաքական շահարկումների առիթ դարձավ: Չնայած դրան, կողմերը շարունակում են հարստացնել զինանոցը նորանոր սպառազինություններով։

Երկխոսության նշմարվող եզրեր

Ռազմաքաղաքական մակարդակում Ադրբեջանն ու ՀՀ-ն խաղաղության դեռ չեն պատրաստվում, սակայան սառույցը, կարծես թե, մի փորք տեղաշարժվեց մարդասիրական ոլորտում: ՀՀ այցելեց ադրբեջանցի ամենախոշոր գործակալություններից մեկի գլխավոր խմբագիրը, իսկ Մոսկվայում Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումից հետո, կողմերը հայտարարեցին լրագրողների այցերն ու երկու երկրում գերեվարվածների տեսակցությունները թույլատրելու մասին:

Օպերայի սրճարանների աղմկոտ ապամոնտաժումը

Օպերային հարակից տարածքում գտնվող սրճարանները, քաղաքապետարանի որոշմամբ, ապամոնտաժվեցին: Այդ ընթացքում քաղաքապետարանի աշխատակիցներն արժանացան սրճարանատերերի և աշխատակցների կատաղի դիմադրությանը՝ փակվեցին փողոցներ, եղան բերման ենթարկվածներ: Այնուամենայնիվ համայնքին հաջողվեց վերադարձնել քաղաքի այդ հատվածը երևանցիներին:

Օպերային չհանդարտվող կրքերը

Օպերայի շենքին հարակից սրճարանների շուրջ կրքերը մտան շենքից ներս՝ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյաի՝ Օպերայի թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից հեռացնելու որոշումից հետո: Թատրոնի աշխատակիցները պահանջեցին պաշտոնակատարի հրաժարականը, հանդիպեցին վարչապետի հետ: Հարցը դեռևս վերջանական լուծում չի ստացել:

Տրասնգենդեր, Շուռնուխ, ծեծված ոստիկան

Սեռական փոքրամասնություններն ու նրանց իրավունքները Հեղափոխությունից հետո իշխող քաղաքական թիմի ընդդիմախոսների կողմից շահարկվող հիմնական թեմաներից են: Դրանք հանրային դիսկուրսում ակտիվացան հատկապես Սյունիքի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ բնակիչները հարձակվել էին միասեռականների խմբի վրա:

Թեման ահագնացավ այն դեպքից հետո, երբ մի շարք միասեռականներ հարձակվեցին Երևանի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա՝ մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկաններին:

Դեպքերն ու քննարկումները կուլմինացիայի հասան ԱԺ-ում տրանսգենդեր քաղաքացու ելույթից հետո: Իշխող «Իմ քայլը» և ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները միմյանց մեղադրեցին կատարվածի համար, ԱԺ-ի մոտ տեղի ունեցան ցույցեր, որի ընթացքում սպառնում էին «ուտիլիզացնել, մահապատժի ենթարկել, հրապակավ այրել և դիլիմ-դիլիմ անել» ոչ ավանդական սեռական կողմոնորոշում ունեցող քաղաքացիներին: ԱԺ-ի մոտ Տեր Ղազար անունով քահանան փորձեց փողոց փակել, պնդեց, որ պետք է օրհնի ԱԺ ամբիոնը, խնկարկի նիստերի դահլիճը: Դրանից հետո եկեղեցին նրան մի քանի օրով փիլոնազրկեց:

Առաքելական եկեղեցու և պետության անհարթ հարաբերությունները

Հեղափոխությունից հետո պետությունն ու Հայ առաքելական եկեղեցին միմյանց նկատմամբ տարբեր առիթներով քննադատական հայտարարություններ արեցին. Փաշինյանը խոսեց ՀԱԵ-ի խնդիրներից, իրենց հերթին իշխանության տարբեր ճյուղերին քննադատեցին եկեղեցականները: Առավել մանրամասն կարդացեք այստեղ:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---