// IP Marketing video - START// IP Marketing video - END
«Խորթ հայրս ստիպում էր մերսել նրա սեռական օրգանները»

«Խորթ հայրս ստիպում էր մերսել նրա սեռական օրգանները»

Մանկապղծության 10 պատմություն

Ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների՝ 2016թ ընթացքում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների 80 դեպք է եղել, 2017-ին` 71, 2018-ին` 50 դեպք, 2019-ի առաջին երեք ամիսների ընթացքում 14 դեպք է գրանցվել:

PanARMENIAN.Net - Սակայն այս թվերը չեն արտացոլում ամբողջական պատկերը, քանի որ սեռական բռնությունների զոհերը նույնիսկ չափահաս դառնալուց հետո շատ հաճախ ոչ մեկին չեն պատմում կատարվածի մասին, իսկ վաղ տարիքում՝ առավել ևս, ամաչելով և վախենալով, իսկ երբեմն՝ նույնիսկ չհասկանալով, թե ինչ է կատարվում իրենց հետ:

Մայիսի 3-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի գյուղերից մեկում 47-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել իր 14 տարեկան դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստով։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141–րդ հոդվածով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ): ԶԼՄ-ները հայտնում էին, որ տուժող աղջիկն ունի քույր և եղբայր, նրա մայրը տարիներ առաջ լքել է ընտանիքը և հեռացել գյուղից: Երեխաները ապրում էին հոր հետ: Ոստիկանություն են դիմել համագյուղացիները, որոնք տեղյակ էին կատարվածից:

Իսկ մայիսի 4-ին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն «Բուկինիստ» գրախանութում նախաձեռնել և կազմակերպել էր «Իմ մարմինը անձնական է»՝ 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքի քննարկումը, որն այդպես էլ չկայացավ, քանի որ խափանվեց մի խումբ ակտիվիստների կողմից: Ինչպես հայտնում է ՀԿ-ն, «գիրքն իրազեկում է երեխայի մարմնի վտանգավոր և «վատ» հպումների մասին՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ինչին կազմակերպությունն ականատես է լինում իր ամենօրյա գործունեության ընթացքում»:

Երկու դեպքն էլ բուռն քննարկումների պատճառ են դարձել համացանցում: Ոմանք պնդում են, որ «Հայաստանում երեխաները չեն ենթարկվում սեռական բռնությունների, իսկ նման գրքերը միայն նպաստում են երեխաների այլասերմանը»: Ոմանք էլ կարծում են, որ երեխաները պետք է դեռ վաղ տարիքից ստանան սեռական դաստիարակություն, լինեն տեղեկացված, որպեսզի մանկապղծության դեպքերը հնարավոր լինի կանխել կամ հնարավորինս շուտ բացահայտել:

PanARMENIAN.Net ը չի անդրադառնում գրքի բովանդակությանը և գնահատական չի տալիս դրա որակին, պարզապես ներկայացնում է վաղ տարիքում սեռական ոտնձգություն վերապրածների պատմությունները:

Լիանա (անունը փոխված է)՝ 24 տ.

«Եկավ նստեց կողքիս, ապա սկսեց համբուրել վիզս»

«24 տարեկան եմ, ու երբևէ չեմ ենթարկվել սեռական ոտնձգության օտար տղամարդու կողմից: Փոխարենը նման բան եղել է իմ ոչ այնքան հեռու բարեկամի կողմից: Մենք երկու հարազատ եղբայրների թոռներ ենք, տարիքային տարբերությունը՝ մոտ 10 տարի: Բայց մեծացել ենք իրար հետ, ավելի ճիշտ՝ ես մեծացել եմ իր աչքի առաջ: Մեր ամառանոցները միևնույն տարածքում էին գտնվում: 11 տարեկան էի, ամառ էր, նրանք վերանորոգում էին իրենց տունը, և տանը բացի «եղբորիցս» ու վերանորոգումը կատարող վարպետներից այլ մարդ չէր լինում: Ես հաճախ էի գնում այնտեղ, եղբորս սիրում էի, հետը մտերիմ էի և ընդհանրապես որևէ վտանգ չէի սպասում իրենից: Մի անգամ, երբ իրենց տան հյուրասենյակում հեռուստացույց էի նայում, եկավ նստեց կողքիս, ապա սկսեց համբուրել վիզս: Դա ինձ դուր եկավ: Նա շարունակեց պրոցեսն այնքան, որ հետո վզիս կապտուկներ առաջացան: Հասկանում էի, որ պիտի թաքցնեմ դրանք մերոնցից: Հետո մի օր, երբ էլի իրենց տանն էի, եկավ ու պոռնո ֆիլմ միացրեց: Ամաչեցի ու փախա սենյակից», - պատմում է Լիանան, նշելով, որ հասկանում էր՝ այն ինչ կատարվում է, նորմալ չէ, բայց չէր կարող որևէ մեկին պատմել:

«Մի անգամ էլ, երբ իրենց լոգասենյակում էի (այդ ժամանակ տանն այլ մարդիկ էլ կային, չէի վախենում, որ որևէ բան կպատահի) տեսա, որ հեռախոսը մի թաքուն տեղ դրած միացրել է՝ ինձ նկարահանելու համար: Անջատեցի ու էլի փախա այդտեղից: Մի անգամ էլ իր հեռախոսում գտա կարճ պոռնոհոլովակներ՝ երեխաների մասնակցությամբ: Հետագայում շատ եմ համացանցում փնտրել նման հոլովակներ ու չեմ գտել: Դա հավանաբար հենց իր նկարածներն էին: Ես սկսել էի վախենալ նրանից, նրանց տուն չգնալ: Մի օր էլ չդիմացա և ամեն ինչ պատմեցի տատիկիս: Տատիկս էլ վախեցավ, որ եթե դա իմանա, օրինակ, հայրս, արյունահեղություն կլինի: Ու ամեն ինչ պատմեց տղայի հորաքրոջը: Դրանից մի քանի ամիս անց տղան ամուսնացավ (ավելի ճիշտ կլինի ասել՝ ամուսնացրին) 17 տարեկան մի աղջկա հետ, որից հետո նա դադարեց իմ հանդեպ որևէ բան անել: Գործողություններից և որևէ մեկը հետագայում չկրկնվեց: Հիմա երկու երեխա ունի և Հայաստանում չի էլ ապրում: Երբ տարին մեկ գալիս է Հայաստան, ինձ տեսնելիս ասում է՝ «ո՞նց ես, բալես»: Թշնամանք չեմ զգում իր նկատմամբ, թեև հասկանում եմ, որ ամեն ինչ կարող էր սարսափելի հետևանքներ ունենալ, շատ ավելի ծանր մարսելի: Եվ հավանաբար ինձնից բացի այլ զոհեր էլ կան, որոնց մասին, միգուցե, ոչ մեկը չգիտի», - հիշում է Լիանան: Նա համարում է, որ իր բախտը բերել է, որ կարողացել է կատարվածի մասին պատմել տատիկին:

Էմմա (անունը փոխված է)՝ 27 տ.

«Բացեց ոտքերս և սկսեց ինձնով բավարարել իրեն»

«5 տարեկան կլինեի հազիվ: Շենքի շքամուտքում մի տղա հայտնվեց, գրկեց ինձ, բացեց ոտքերս և սկսեց ինձնով բավարարել իրեն: Դե փոքր էի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Թեև հագուստս չի հանել, ես այդ պահին հագուստով էի, բայց կատարվածի հետքն ընդմիշտ մնաց», - նշում է Էմման՝ հավելելով, որ մինչ օրս ոչ մի տղամարդու մեջ չի տեսնում «մաքրություն», չունի զգացմունքներ: Ասում է, որ ադեն սովորել է այդ իրավիճակին: Կատարվածի մասին որևէ մեկին չի պատմել:

Արմինե (անունը փոխված է)՝ 24 տ.

«Ձեռքիցս բռնեց ու սկսեց քարշ տալ սենյակ, ընթացքում բերանս փակելով ու շորտս իջեցնել փորձելով»

«Ես միշտ շփվող երեխա եմ եղել ու, բնական էր, ինձ գրկում ու համբուրում էին շատերը, հաճախ լավ խոսքեր էին ասում։ Տան մոտակայքի կրպակի վաճառողը ևս բացառություն չէր: Ես այդ ժամանակ 12 տարեկան էի։ Հաճախ էի գնում իր կրպակ, քանի որ իմ սիրած պաղպաղակից միայն նա էր վաճառում մեր տարածքում: Միշտ շատ ջերմ խոսում էր հետս, հարցեր տալիս, ասում էր, որ շատ առանձնահատուկ ու աչքի ընկնող բալիկ եմ: Հետո սկսեց պաղպաղակները համբույրներով վաճառել, ասում էր՝ դե պաչի, որ բացեմ սառնարանը, վերցնես։ Հետո ինքն էր այտս համբուրում, մի քանի անգամ առաջարկել է վիզս ու փորս համբուրել, բայց մերժել եմ։ Հետո նկատեցի, որ իմ պաղպաղակի արկղը սառնարանի ներքևում է դնում, խնդրում, որ ես կռանամ ու վերցնեմ, ու այդ դիրքով ինձ մեջքից իբր բռնում ու օգնում էր, բայց հիմա եմ հասկանում, որ սեռական օրգաններով հետույքիս էր կպնում։ Ես տնեցիներին ոչինչ չէի ասում, նախ վախենում էի, որ կզայրանան, հետո այդ պահին պաղպաղակն իմ աչքին ավելի կարևոր էր թվում, շատ էի սիրում, հո չէի՞ զրկվելու», - պատմում է Արմինեն: Ասում է, որ այդպես կարող էր երկար շարունակվել, եթե մի օր այդ վաճառողը չասեր, որ սենյակ ունի իր կրպակի մեջ:

«Ասաց՝ շոգ է, արի պառկի, հանգստացի մի քիչ, ասացի, որ չեմ ուզում, խաղալուց չեմ հոգնել, ձեռքիցս բռնեց ու սկսեց քարշ տալ սենյակ, ընթացքում բերանս փակելով ու շորտս իջեցնել փորձելով։ Թեթևակի խեղդում էր ինձ ու տեսնելով, որ խփում եմ ոտքերով, ինքը փորձեց իր շալվարն արձակել։ Ցերեկվա ժամ էր, փողոցում մարդ չկար, ինչ-որ կերպ ստացվել է խփել ու փախնել արագ։ Այդ դեպքից հետո էլ չմտա նրա խանութ։ Մեջս վերջերս եմ քաջություն գտել այս ամենը մորս պատմելու, բայց երևի շուտ էր պետք։ Այդ մարդն արդեն մահացել է, հիվանդությունից ու շատ ծանր մահով, էլի նոր եմ իմացել ու, եթե անկեղծ, շատ ուրախ եմ», - նշում է Արմինեն:

Նրա խոսքով՝ կատարվածն առանց հետևանք չի անցել. մինչ օրս խնդիրներ ունի տղամարդկանց հետ և սուր վախ՝ սեռական հարաբերություններից:

«Ինձ համար պաշտպանության մեթոդ գտա, օրինակ, սկսեցի արհեստականորեն ավելորդ քաշ հավաքել, գդալով շաքարավազ էի ուտում, որովհետև համարում էի, որ եթե տգեղ լինեմ, ինձ մոտ չեն գա։ Իսկ տղամարդկանց հետ դժվար է լիարժեք բացվելը, դժվար է վստահելը։ Հնարավոր չէ նման դառը փորձը հետագայում իր հետքը չթողնի։ Ես, որքանով կարողանում եմ, փորձում եմ փոխվել, հոգեբանի հետ էլ եմ զրուցել, շատ դրական ազդեցություն է թողել, մնում է արդեն կոնկրետ քայլերով ու վախը հաղթահարելով ամրապնդել դա», - ասում է Արմինեն:

Նա կարծում է, որ մանկապղծության և սեռական ոտնձգությունների խնդիրը լուծելու համար նախ և առաջ կարևոր է «դադարել ձևացնել, թե նման բան չկա»։

«Պետք է դադարել ասել, որ օրինակները հորինված են, որ եզակի դեպքեր են։ Ոչ, դրանք եզակի դեպքեր չեն, որովհետև փակ ու որևէ թեմայով չխոսող հասարակության մեջ նման դեպքերը շատանում են մեխանիկորեն։ Պետք է թույլ տալ խոսել աղջիկներին, չքննարկել ու չմեղադրել նրանց, ըստ այդ ցուցմունքների դատական գործեր հարուցել ու պատժել մեղավորներին», - համարում է Արմինեն:

Աննա՝ 28 տ.

«Կոշկակարը սկսեց ինձ ձեռք տալ ու վիզս համբուրել»

«Մոտ 10 տարեկան էի։ Մայրիկս կոշկակարի մոտ պայուսակ էր թողել վերանորոգման համար և ինձ խնդրել այն վերցնել։ Կրպակը մեր տան փողոցի վրա էր։ Գնացի պայուսակի հետևից։ «Արի ներս՝ հեսա տամ», - ասաց կոշկակարը։ Երբ ներս մտա, աջ կողմից թևը գցեց ու մեջքիս հետևից կրպակի դուռը բանալիով փակեց։ Ամաչեցի հարցնել, թե ինչու փակեց դուռը (փոքր ժամանակ շատ կաշկանդված եմ եղել ու չեմ սիրել անծանոթների հետ խոսել)։ «Մի հատ արի քեզ պաչեմ»․ կոշկակարը սկսեց ինձ ձեռք տալ ու վիզս համբուրել։ Ձեռքերով հրեցի նրան, արագ բացեցի դուռն ու վազեցի տուն։ Լաց լինելով՝ մայրիկիս պատմեցի կատարվածի մասին։ Մայրս ժամանակ չկորցրեց, գնաց կոշկակարի մոտ և ստիպված եղավ նրան ասել, որ «եղբայրներ ունեմ»։ Այդ օրից ի վեր կոշկակարն այլևս մեր կողմերում չերևաց, բայց հիշում եմ, որ այդ փողոցով անցնելիս դեռ երկար ժամանակ մայրիկիս խնդրում էի դիմացի մայթով քայլել», - պատմում է Աննան: Ասում է, որ մինչև հիմա ատում է այդ կիսախարխուլ կրպակը և հիշում կոշկակարի բերանը։

Արփինե(անունը փոխված է)՝ 40 տ.

«Մորաքրոջս տղան մի անգամ գիշերը մտավ վերմակիս տակ ու սկսեց անդամը քսել մարմնիս»

«Առաջին անգամ սեռական ոտնձգության ենթարկվել եմ 5 տարեկանում. մամայիս ընկերուհու հայրը գալիս էր մեր տուն, ու երբ մամաս սուրճ էր եփում խոհանոցում, ինձ նստացնում էր ծնկներին ու շոյում, վիզս համբուրում: Տհաճ էր շատ, բայց չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Տարիքով մարդ էր՝ 60-ն անց, հաճախ չէր գալիս, դեպքը մի 2-3 անգամ է կատարվել, այդ մարդը հիմա արդեն վաղուց ողջ չէ: Իսկ մոտ 7 տարեկանից մորաքրոջս տղան սկսեց ոտնձգություն անել. անդամը քսում էր ոտքերիս արանքին, համբուրում, շոյում, երբ ամառները մորաքրոջս տանն էի մնում: Մի անգամ գիշերը մտավ վերմակիս տակ ու սկսեց անդամը քսել մարմնիս, որից հետո մոտ 1 ամբողջ օր այնպիսի նյարդային դող էր տվել, որ ստիպված մորաքրոջս պատմեցի», - ասում է Արփինեն, հավելելով, որ մորաքրոջը պատմելուց հետո դեպքերն այլևս չեն կրկնվել:

Նշում է, որ նույնիսկ այդ դեպքերի մասին պատմելու ընթացքում է մարմնով նույն դողն անցնում, ինչ այն ժամանակ:

«Հիմա 40 տարեկան եմ, ամուսնացած, բայց սեռական կյանքով ապրելու խնդիր ունեմ,ոչ մի կերպ չի ստացվում թուլանալ: Ամուսնուս մոտ օրգազմի իմիտացիա եմ անում, արդեն սովորել եմ այս կենսակերպին, մի կերպ դիմանում եմ», - նշում է Արփինեն: Ասում է՝ դիմել է հոգեբանի, բայց վիճակը միայն ավելի է խորացել:

Անի՝ 19 տ.

«Ձեռքերս վերցրեց, մոտեցրեց իր սեռական օրգաններին»

«Հայրս մահացել էր: Այդ մարդը մորս երկրորդ ամուսինն էր, մոտ 40 տարեկան էր: Ես այդ ժամանակ 10 տարեկան էի՝ ոչ նիհարիկ, գանգուր մազերով մի երեխա: Մամայի մոտ ցույց էր տալիս, իբր ինձ փոքր երեխու պես է սիրում, ասում էր` «ինձ մասաժ արա էլի, էդ քո փոքր, բայց ուժեղ ձեռքերով»: Դե ես էլ անում էի, բոլորը ծիծաղում էին, ես էլ հետները: Բայց մի օր մաման տանը չէր, գործից նոր պետք է գար, նրա հետ էի մնացել, էլի խնդրեց, որ մասաժ անեմ: Կանգնեցի մեջքին, սկսեցի թռչկոտել, հետո հանեց վերնաշապիկը, իբրև, որ ինձ հարմար լինի: Շարունակեցի թռչկոտել: Հետո խնդրեց, որ ձեռքերով մերսեմ: Սկսեցի մերսել, խնդրեց, որ մի քիչ ներքև իջնեմ՝ դեպի կոնքերի հատվածը», - վերհիշում է Անին: Ասում է, որ այդ պահին տհաճություն է զգացել, փորձել է հրաժարվել, բայց խորթ հայրը պնդել է, որ մերսի՝ պատճառաբանելով, որ կոնքերը ցավում են:

Նույնը կրկնվեց մեկ շաբաթ անց: «Բայց այս անգամ շալվարը հանեց, մնաց վարտիքով, ինձ տհաճ էր իրեն մերսել, հատկապես որ վարտիքով էր, զզվելի էին իր մարմնի մասերը: Հետո նա ձեռքերս վերցրեց, մոտեցրեց իր սեռական օրգաններին: Ես ասեցի, որ ձեռքերս հոգնել են, բայց նա բաց չթողեց, սեղմեց, շարունակեց մերսել: Զզվելի րոպեներ էին ինձ համար, ատում էի բոլորին ու վախենում էի մարդկանցից: Հետո ասաց` «հիմա էլ ես քեզ մասաժ անեմ»: Ասեցի, որ չեմ ուզում, բայց փախչելու տեղ չկար, սկսեց մերսել, ես վախենում էի, զզվում էի, նա ձեռքերով ներքև էր իջնում, անգամ հագուստիս տակ մտնում: Սա շարունակվում էր 2 տարի՝ մինչև 12 տարեկանս: Երբեմն խանութ էր ինձ տանում, իսկ ճանապարհին նույնն անում մեքենայում», - պատմում է Անին: Ասում է, որ հետո սկսեց հրաժարվել նրա հետ խանութ գնալուց, մայրը չէր հասկանում՝ ինչն է պատճառը: Անին էլ իր հերթին «փակվեց», սկսեց չխոսել և չկիսվել մայրիկի հետ:

«Բախտս բերեց, որ այդ մարդը հիվանդության պատճառով մեռավ, թե չէ մոտ երկու տարի վախով էի ապրում, ամեն պահ մտածում էի` հեսա կգա, կստիպի մերսել, ես էլ չեմ կարողանա փախչել», - նշում է Անին:

Նրա խոսքով՝ այդ ժամանակ չէր ուզում պատմել մայրիկին, քանի որ «վախենում էի, որ կարող է այդ մարդուն սպանել: Իսկ երբ մահացավ, մտածեցի, որ պետք չի պատմել, մեկ է՝ էլ այդ մարդը չկա, որ պատմեմ, բան չի փոխվելու, մենակ մայրիկիս ցավն է ավելանալու»:

«Անհետևանք չանցավ: Կար ժամանակ, երբ ինչ-որ մեկը փորձում էր ինձ դիպչել, օրինակ, ձեռքից բռներ, սկսում էի դողալ, վախենալ, հետո ինքնավնասումներ էի անում, որ հանգստանամ: Եղել են դեպքեր, երբ չեմ կարողացել քնել, վախեցել եմ, մտածել, որ պատահական անցորդները կարող են բռնության ենթարկել ինձ, վնասել, ինչ-որ բան ստիպել», - պատմում է Անին:

Լյուսի՝ 34 տ.

«Ավտոբուսում ձեռքը թաքուն մտցրեց լայն կիսաշրջազգեստիս տակ»

«12 տարեկան էի: Ավտոբուսում մի 30 տարեկանին մոտ տղամարդ ձեռքը թաքուն մտցրեց լայն կիսաշրջազգեստիս տակ, դրեց ազդրիս: Նայեցի դեմքին, սուս ու փուս վեր կացա, նստեցի ուրիշ նստարանի»,- պատմում է Լյուսին: Կարելի է ասել, որ նա հաջողակ է, նրա հետ միայն այս դեպքն է տեղի ունեցել:

Իննա՝ 24 տ.

«Ուշքի եմ եկել մոտ 2 ժամից՝ ամբողջովին արյան մեջ»

«Ես 11 տարեկան էի, երբ ծանոթացանք: Մեր մայրիկները շատ ջերմ էին շփվում, ընտանիքներով մոտ էինք: Նա մոտ 10 տարով ինձնից մեծ էր, հնչյունային ռեժիսոր էր, ես շատ հաճախ գնում էի նրա ստուդիա, ժամերով մնում: Այդ ժամանակ երգեցողությամբ էի զբաղվում, միասին երգեր էինք գրում, օգնում էր՝ դասերս անեմ, բերում էր տուն: Մոտ 3 տարի այդքան մոտ շփվել ենք: Հետո մի օր փորձեց ինձ համբուրել, ինչից հետո միանգամից ներողություն խնդրեց, և կարծես մոռացանք այդ դեպքի մասին՝ որպես փոքր թյուրիմացություն: Նա էլ նման բան իրեն թույլ չէր տալիս, սովորականի պես շփվում էինք: Մոտ կես տարի անց հրավիրեց իր ստուդիա երեկույթի, լիքը մարդ էր հավաքվել: Գինի էինք խմում, դրանից հետո գնացինք ակումբ, այնտեղ ինձ անընդհատ խմացնում էր, հետո բոլորը ցրվեցին, ինքն էլ առաջարկեց ինձ մնալ իր ստուդիայում, որ մայրս ինձ խմած չտեսնի: Մի կերպ բարձրացա 14 հարկ, որտեղ նրա ստուդիան էր, հենվեցի բազմոցին, այդ պահին նա հետևից մոտեցավ, հանկարծակի հրեց դեմքով բազմոցին, բարձրացրեց շրջազգեստս և շատ կոպիտ ձևով բռնաբարեց: Գոռում էի, խնդրում, որ բաց թողնի, իսկ հետո ուղղակի «անջատվեցի» թե՛ ցավից, թե՛ շոկից», - պատմում է Իննան:

Ասում է, որ ուշքի է եկել մոտ 2 ժամից՝ ամբողջովին արյան մեջ. «Նա քնած էր, արագ հավաքվեցի ու դուրս փախա, նստեցի տաքսի և գնացի տուն: Ցավը մեծ էր, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան, ինձ խաբված ու դավաճանված էի զգում, չէ՞ որ վստահում էի նրան: Հասկանում էի, որ տուն պետք է մտնեմ հանգիստ, բայց դա ինձ այդքան էլ չհաջողվեց: Մտա տուն և միանգամից վազեցի բաղնիք: Մորս հարցին, թե ինչ է եղել, պատասխանեցի, որ անսպասելի դաշտանս է սկսվել, արյունոտվել եմ»:

Իննան ոչ մեկին այդ մասին չի պատմել, ասում է, որ կարծում է՝ մարդիկ իրեն կմեղադրեին: «Մեզ մոտ հաճախ են մեղադրում հենց զոհերին: Իմ դեպքում էլ կասեին, որ չպետք է գնայի, չպետք է խմեի, չպետք է մնայի նրա հետ, ընդհանրապես չպետք է ընկերական շփվեի ինձնից 10 տարի մեծ տղայի հետ», - ասում է Իննան:

Դեպքից հետո որոշ ժամանակ չէր հանդուրժում, երբ իրեն դիպչում են: Ասում է, որ հետևանքները ծանր էին, բայց պայքարում է դրանց դեմ, այժմ, կարծես, ամեն ինչ կարգին է արդեն: Իննան այլևս Հայսատանում չի ապրում, այդ երիտասարդի հետ դեպքից հետո դեռ որոշ շփում ունեցել է, այլևս չունի: Ասում է, որ երևի թե տղան մտածում է, որ նա ոչինչ չի հիշում:

Մերի՝ 29 տ.

«Առնանդամ առաջին անգամ տեսել եմ ավտոբուսի մեջ»

«Առնանդամ առաջին անգամ տեսել եմ 12 տարեկանում: Այդ պահին ավտոբուսի մեջ էի: Խելոք երեխա էի, դասից տուն էի գնում: Զինվորական համազգեստով մի տղամարդ էր մտել ավտոբուս, կանգնել հենց կողքիս: Տղամարդու տաբատի շղթան բաց էր, առնանդամը՝ դուրս եկած: Այդպես հատուկ կանգնել էր կողքս: Զզվանքով և շոկի մեջ շատ զգույշ վեր կացա, նստեցի ուրիշ տեղ, որոշ ժամանակ անց նորից եկավ կողքս: Շատ էի վախեցել, հնարավորինս շուտ դուրս թռա ավտոբուսից», - պատմում է Մերին: Զինվորականի համազգեստով այդ երիտասարդի մասին տարբեր կանանցից կարելի է լսել, մոտ 13-15 տարի առաջ նրան այդ վիճակով շատերն են տեսել տրանսպորտում:

Ալինա (անունը փոխված է)՝ 36 տ.

«Նա ասաց, որ ուզում է ինձ «մերսումներ» անել»

«10 տարեկան էի, երբ հայրս մահացավ: Ես, եղբայրս և մայրս տեղափոխվեցինք Մոսկվայից Երևան: Մոտ մեկ տարուց մորս շուրջը սկսեցին տարբեր տղամարդիկ պտտվել, սիրահետել, ծաղիկներ նվիրել և այլն: Նրանց մեջ էր նաև մեր նախկին հարևանը, որը նաև մայրիկիս մանկության ընկերն էր: Ընտանիքներով ժամանակին մոտ էինք, նրա երեխաների հետ միասին ենք մեծացել: Չգիտեմ՝ ինչպես այդ մարդուն հաջողվեց «լվանալ» մորս ուղեղը, և վերջինս վաճառեց մեր բնակարանը, ու մենք նորից տեղափոխվեցինք Մոսկվա: Մոտ կես տարի անց զգացի, որ մենք գրեթե կիսաքաղցած ռեժիմով ենք ապրում, ոչ մեկը չէր աշխատում, վաճառված բնակարանի փողը հայտնի չէ, թե ուր էր անհետացել: Չորսով՝ ես, եղբայրս, մայրս և այդ տղամարդը, ապրում էինք վարձով մեկ սենյականոց բնակարանում: Մորս հետ հարաբերություններս սառն էին, ես շատ էի սիրում հորս և դժվարությամբ ընդունում այդ տղամարդուն, մայրս ինձ անշնորհակալ էր անվանում, ասում, որ ես իրավունք չունեմ իր կյանքին խառնվելու», - պատմում է Ալինան:

Ասում է, որ մինչև 13 տարեկանը որևէ բան չի հիշում, իսկ մոտ այդ տարիքից սկսվեց «մերսումների թեման»: «Մոտ 13 տարեկան էի, երբ սկսեց անընդհատ ասել, որ «մասաժ անեմ» իրեն: Դա ասում էր մորս ներկայությամբ, պնդում էր, որ ոտքերը մերսեմ, ես էլ մտածում էի, որ եթե մորս ներկայությամբ է ասում, ուրեմն նորմալ է: Մերսումները ևս արվում էին նրա ներկայությամբ: Մի անգամ, երբ արդեն 14 տարեկան էի, մայրս գիշերով տանը չէր, «խորթ հայրս» արթնացրեց ինձ ու նորից ասաց, որ «մասաժ անեմ»: Այդ սենյակում նաև եղբայրս էր քնած: Խելոք վեր կացա, սկսեցի մերսել, այդ պահին նա ասաց, որ ուզում է ինձ «մերսումներ» անել: Ենթարկվեցի, բայց ընթացքում զգացի, որ ինչ-որ ավելորդ շարժումներ է անում իմ ուղղությամբ, քաշվեցի մի կողմ, ասացի, որ չեմ ուզում ոչ մի մերսում, ուզում եմ քնել, առավոտյան պիտի դպրոց գնամ: Դրանից հետո մորս ներկայությամբ մերսումները շարունակվեցին: Դա տևել է 5 տարի, նա երբեք չի աշխատել, ամբողջ օրը վարտիքով նստած էր տանը, այնպես, որ տեսնեմ նրա սեռական օրգանները», - ասում է Ալինան:

20 տարեկանում նա միայնակ սովորում, աշխատում և պահում էր ընտանիքը: Իսկ «խորթ հայրը» միայն պահանջում էր, երբեմն էլ ինչ-որ բան փորձում արգելել Ալինային, օրինակ՝ մոտ ընկերոջ հետ գնալ զբոսնելու:

«Այդպիսի հերթական դեպք վերածվեց սկանդալի, բոլորը նորից սկսեցին ինձ կոչել անշնորհակալ, ես էլ չդիմացա ու պատմեցի այն գիշերվա ընթացքում կատարվածը: Մայրս չհավատաց, տղամարդն էլ սկսեց ինձ հայհոյել՝ ասելով, որ իմ «փչացած մտքերը» փաթաթում եմ նրա վզին: Դրանից հետո աշխատում էի չշփվել ոչ նրա, ոչ մորս հետ: Իսկ 22 տարեկանում ամուսնացա մոտ ընկերոջս հետ զուտ, որ փախչեմ տնից: Դրանից միայն 2 տարի անց սեքս ունեցա ամուսնուս հետ», - ասում է Ալինան՝ բացատրելով, որ նրա հետ պատահածը ծանր հետևանքներ է թողել՝ ընդհուպ մինչև վագինիզմ (փոքր կոնքի և հեշտոցի մկանների անկառավարելի, ջղաձգային ու ռեֆլեկտոր բնույթի կծկումներ սեռական ակտի փորձի ընթացքում):

Ալինայի խոսքով՝ նրա մոր աչքերը «բացվեցին» միայն մի քանի տարի անց, երբ տղամարդը զրկեց նրան ողջ ունեցվածքից, դավաճանեց մի շարք կանանց հետ, իսկ ընկերուհիներից ոմանք պատմեցին, որ «երկիմաստ ակնարկներ է անում» նրանց դստրերին:

«Առաջին նորմալ սեքսը՝ առանց վախերի, կծկումների և այլ խնդիրների, ունեցել եմ 30 տարեկանում: Մայրս մինչև հիմա չի հասկանում՝ ինչու եմ այդքան սառն իր հետ: Չգիտեմ՝ ինչպես կդասավորվեր իմ կյանքը, եթե այդ ամենը չլիներ: Չեմ ափսոսում, որ ամուսնացել եմ ընկերոջս հետ, թեև մեր հարաբերությունները որպես կին և տղամարդ այդպես էլ չկայացան: Բայց չէի ուզի, որ նման բանի միջով անցած ուրիշ կանայք իմ պես անեին կյանքի կարևոր քայլերը զուտ ծանր իրականությունից փախչելու համար», - եզրափակում է Ալինան:

Նանա Մանուչարյան՝ 28 տ.

Նանայի պատմությունը տարբերվում է նախորդներից. նա մանկապիղծի կինն էր: 14 տարեկանում ծանոթացավ ապագա ամուսնու հետ՝ իրենից 19 տարով մեծ լուսանկարչի, 17-ում ամուսնացավ, 21-ում բացահայտեց սարսափելի ճշմարտությունը:

«Մեր հանդիպումից երկու տարի անց, երբ ես 16 տարեկան էի, նշանվեցինք: Նշանդրեքն անշուք էր, հայրիկս ներկա չէր, քանի որ Հայաստանում չէր ապրում և արդեն նոր ընտանիք ուներ, իսկ փեսացուն իր բարեկամներին անբացատրելի պատճառներով չէր հրավիրել: Մեկ տարի անց, երբ ես 17 տարեկան էի, նա՝ 36, ամուսնացանք», -պատմում է Նանան:

3 տարի անց որդի ունեցան: Նանայի խոսքով՝ երեխայի ծնվելուց հետո ամուսինն անտարբեր էր դարձել, ուշ էր վերադառնում տուն, գիշերները համակարգչի առջև անցկացնում, իսկ երբ կինը մոտենում էր, արագ փակում էր էջը: «Մի օր, երբ տանը չէր, բացեցի համակարգիչն ու սկսեցի փորփրել: Մանուկ ու պատանի, 8-15 տարեկան տղաների և աղջիկների մերկ կամ կիսամերկ, սեքսուալ դիրքերով, միայնակ կամ խմբով լուսանկարներ էին, այնքա՜ն գարշելի, որ ուժեղ սրտխառնոց էի զգում: Այդ նկարները այլևս արվեստի հետ ոչ մի կապ չունեին, դրանք այլանդակ կենդանական պատկերներ էին: Լուսանկարներից մի քանիսի մեջ ճանաչեցի մանկապատանեկան կենտրոնում սովորող երեխաների, որոնց դասավանդում էր ամուսինս, այլ նկարներում նկատեցի ծանոթ առարկաներ մեր բնակարանից: Կասկած չկար, որ լուսանկարողը նա էր: Կուզեի ժամանակը հետ տալ, որ տեսած չլինեի այդ տեսարանները: Չէի ուզում շնչել, ապրել», - հիշում է Նանան:

Որոշ ժամանակ անց Նանան հանդիպում է լուսանկարներում պատկերված երեխաներից մի քանիսի հետ, խոսում նրանց հետ, պարզում եղելությունը: Իմանում է, որ ամուսինը սեռական բնույթի գործողություններ է արել նրանց նկատմամբ, որոշներիննույնիսկ բռնաբարել է:

Այնուհետև Նանային հաջողվում է փախչել ամուսնուց, գտնվելով մոր տանը, կինն իմանում է, որ լուսանկարիչը սեռական ոտնձգությունների փորձեր է արել նաև նրա կրտսեր քույրերի նկատմամբ: Նանան դիմում է իրավապահներին, ներկայացնում իմացածը, սակայն նրանք չէին շտապում քրեական գործ հարուցել: Նանայի պայքարը նրա խոսքերը լուրջ չընդունող ու ձգձգող իրավապահների և ճշմարտությունը բացահայտելու համար նրան ամոթանք տվող հասարակության հետ տևեց մոտ 6 տարի: Այդ ընթացքում նրան հաջողվեց հասնել գոնե այն բանին, որ ամուսնուն հեռացնեն երեխաների հետ աշխատանքից: Միայն 2018-ին լուսանկարչի նկատմամբ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով: Տղամարդն այդ ժամանակ արդեն դիմել էր փախուստի:

Այժմ Նանայի մոտ ամեն ինչ կարգին է, նա Երևանում և մարզերում խեցեգործության մի քանի կենտրոն ունի՝ Terracotta studio: Կենտրոնի ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակվում են կավագործությամբ զբաղվող երեխաների նկարներ: Կյանքում շատ դժվարություններ և խաթարված ճակատագրով երեխաներ տեսած Նանայի համար այժմ առաջնային է մանուկներին երջանիկ պահեր պարգևելը: Նանայի ամբողջական պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Սիրո հեղափոխության ամենահեղափոխական սերը
Ինչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում
Հանրային կյանքը՝ Փաշինյանի իշխանության 1 տարում
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Իրապես անկախ և անաչառ դատական համակարգ ունենալն անհրաժեշտություն է

Փաշինյան. Իրապես անկախ և անաչառ դատական համակարգ ունենալն անհրաժեշտություն է Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների

 Բաժնի այլ նյութերը
Ընթրիքը՝ երկնքում Երևանում կբացվի «օդում ճախրող» ռեստորան
Ծերացող ազգի «բեռը» Քանի հոգի է աշխատում 1 թոշակառուի թոշակի համար
Նեյրոմարքեթինգը հասավ Հայաստան Մեծ համաժողով է սպասվում