Ինքնաբավ, հպարտ, ինտելեկտուալ գյուղ՝ ՀՀ-ում

Ինքնաբավ, հպարտ, ինտելեկտուալ գյուղ՝ ՀՀ-ում

Արդվիում նոր ձևաչափի հյուրանոց կստեղծվի

ՀՀ Լոռու մարզում՝ Վանաձորից 53 կմ հեռավորության վրա գտնվում է Արդվի գյուղը: Այդ փոքր գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Այդտեղ են գտնվում 7-րդ դարում հիմնադրված Սուրբ Հովհաննես վանքը, 10-11-րդ դարերում կառուցված Կարմիր վանքը, 10-րդ դարում կառուցված Սուրբ Հարություն և 10-14-րդ դարերով թվագրվող Կիրակի մատուռները: Գյուղի տարբեր հատվածներում պահպանվել են վաղքրիստոնեական, միջնադարյան և ժամանակակից գերեզմանոցներ, այդ թվում` տոհմական:

PanARMENIAN.Net - Գյուղը բավականին հետաքրքիր է զբոսաշրջության տեսանկյունից, սակայն դեռ պատրաստ չէ մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ ընդունելուն: 2018-ի ամռանը եղբայրներ Տիգրան և Արտեմ Պարսեղյանների ու նրանց հորեղբայր Սամվել Պարսեղյանի մոտ ծնվեց գաղափար՝ հիմնել Արդվիում լիովին նոր ձևաչափի հյուրանոց՝ Ardvi Village Resort-ը, որը կգրավի զբոսաշրջիկներին, հնարավորություն կտա բացահայտել Արդվիի գոհարները, հանգստանալ քաղաքային անցուդարձից, և բացի այդ կապահովի գյուղի բնակչությանն աշխատանքով:

PanARMENIAN.Net –ը զրուցել է նախագծի համահեղինակներից մեկի՝ Տիգրան Պարսեղյանի հետ, և պարզել է՝ ինչպիսին է լինելու հյուրանոցը, ինչ փուլում են գտնվում աշխատանքները, ինչ ակնկալիքներ կան:

Վերադարձ հայրենիք հետհեղափոխական Հայաստանին սատարելու համար

«Միտքը ծնվեց 2018-ի ամռանը, երբ հորեղբայրս՝ Սամվել Պարսեղյանը, ով 30 տարուց ավել ապրել է Ֆրանսիայում, որոշեց տեղափոխվել Հայաստան՝ սատարելու հետհեղափոխական Հայաստանին։ Մինչև նրա տեղափոխվելը ես ու եղբայրս՝ Արտեմ Պարսեղյանը, սկսեցինք հողակտորի որոնումները։ Առաջին իսկ օրվանից սիրահարվեցինք Լոռու մարզին և երկար փնտրտուքներից հետո որոշեցինք հող գնել Արդվի գյուղում», - պատմում է Պարսեղյանը:

Նրա խոսքով՝ Արդվին հենց այնպես չէ ընտրվել, այլ լեգենդներով, պատմամշակութային հուշարձաններով հարուստ լինելու համար: Բացի այդ, ինչպես նշում է նախագծի համահեղինակը, գյուղի անտառները շատ թթվածին են արտադրում, այդ տարածքում կա 500-ից ավելի թռչնատեսակ կա, և ապրում են հրաշք մարդիկ, որոնց մի մասի նախնիները բնակավայր են տեղափոխվել Կարսից և Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից, իսկ ոմանք սերում են ազնվական տոհմերից:

Այս պահին Պարսեղյաններն ունեն 2 հա-ից ավելի մակերես ունեցող հողակտոր գյուղի տարածքում, որի վրա էլ պլանավորում են կառուցել հյուրանոցը:

Կոմերցիոնից զատ նաև սոցիալական նախագիծ

«Արդեն ավարտում ենք հողի նշանակության փոփոխման գործընթացը, մի քանի ներդրողների հետ բանակցություններ ենք վարում, ինչպես նաև փնտրում ենք նոր ներդրողների։ Բացի այդ, զուգահեռ կոմերցիոն նախագծին մենք զբաղվում ենք գյուղի զարգացմանը միտված գումարների հայթայթմամբ։ Կոմերցիոն նախագիծը չի հասնի հաջողության առանց սոցիալական նախագծի, դրա համար այդ երկուսը չենք դիտարկում առանձին», - նշում է Պարսեղյանը:

Ասում է՝ ստեղծվելու է հասարակական կազմակերպություն, որի ակունքներում հենց արդվեցիներն են լինելու, ստեղծվելու են աշխատատեղեր, օգտագործվելու է տեղական սնունդն ու հումքը, իրականացվելու է գյուղական ձեռագործ իրերի վաճառք։

«Նաև նախատեսվում է, որ ամեն ՀԴՄ-ից 5%-ը գնա «Արդվի» հիմնադրամ, որը կսկսի գործել հյուրանոցի բացման օրվանից և նպատակ կունենա լուծել Արդվի գյուղի, իսկ հետագայում՝ նաև հարակից գյուղերի ամենահրատապ հարցերը։

Այս պահին սոցիալական նախագծի շրջանակներում բանակցություններ ենք վարում Եվրամիության պատվիրակության հետ, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև սերտ համագործակցում ենք Լոռու մարզպետարանի հետ, ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, ով իր անվերապահ աջակցությունն է հայտնում այս նախագծին», - հավելում է Պարսեղյանը:

Բունկերների տեսքով քոթեջներ, վրաններ, իշուկներ և գյուղական արտադրանք

Հյուրանոցի հիմնական շենքը կունենա 2 հարկ. առաջինում կգործի ընդունարան, ռեստորան, մուրաբաների, գինու և գյուղական ձեռագործ արտադրանքի տաղավարներ, իսկ երկրորդ հարկում կլինի ՍՊԱ, ջակուզի, մերսման աթոռներ և ադմինսիտրատիվ տարածք։ Բացի այդ, հյուրանոցը կունենա թվով 20 տարբեր ձևաչափերի քոթեջներ, որոնք կունենան լանդշաֆտի մեջ մխրճված բունկերների տեսք:

Հյուրանոցի տարածքում կլինի նաև խարույկի շուրջ հաճելի երեկոներ անցկացնելու հնարավորություն, որտեղ, Պարսեղյանի խոսքով, կարելի է հավաքվել ընկերներով կամ աշխատանքային թիմով: Բաց երկնքի տակ գիշերել սիրողների համար կգործի հատուկ ճամբարային տարածք, որտեղ կարելի է գալ սեփական վրանով և վայելել գյուղի անտառների արշավային հնարավորություններն ու բնությունը: Կազմակերպվելու են արշավներ մեծերի համար և իշուկներով՝ հյուրանոցի փոքր հյուրերի համար:

«Դեռ վաղ է խոսել ավարտական ժամկետների մասին, որովհետև չենք սկսել հողային աշխատանքները և չենք լուծել ներդրումների հարցը: Սա այս պահին ավելի շատ պատրաստի նախագիծ է, որը ներդրման պարագայում 2 տարում իրականություն կդառնա», - նշում է նախագծի համահեղինակը, ավելացնելով, որ եթե որևե ներդրող հետաքրքրվի այս նախագծով, իրենք պատրաստ են քննարկել ու բաց են ցանկացած առաջարկի համար:

Թիրախը՝ մաքուր օդի կարոտ մնացած մարդիկ

Ապագա հյուրանոցի գնային քաղաքականության մասին խոսելիս՝ Պարսեղյանն ասում է, որ նման մեծ գաղափարային բազա ունեցող ռեզորթը սխալ կլինի դարձնել ցածր գնային սեգմենտի մաս, բայց խոսքը չի գնում նաև աստղաբաշխական թվերի մասին. «Կգործեն տրամաբանական ու ադեկվատ գներ»:

Հյուրանոցային համալիրը ստեղծված կլինի ակտիվ տուրիզմով զբաղվող մարդկանց համար՝ առանց տարիքային սահմանափակման: Ինչպես նշում է Պարսեղյանը, ապագա հյուրանոցի հաճախորդները կարող են լինել թե՛ մեքենայով, թե՛ բայքով ճամփորդողներ, պարզապես ճամպրուկով հյուրանոցներում հանգստանալուց հոգնած և մաքուր օդի կարոտ մնացած մարդիկ։

Գյուղական կյանքը Հայաստանում պետք է լինի ինքնաբավ, հպարտ և ինտելեկտուալ

Նախագծի համահեղինակի խոսքով՝ արդվեցիները գիտեն իրենց բնության գինը, նույնիսկ 2017-ին թույլ չեն տվել գյուղում ոսկե հանքի շահագործումը: Իսկ Public Awareness and Monitoring Center-ի կողմից Արդվիում անցկացված հարցումների արդյունքում գյուղի բնակչության 99%-ը նշել է, որ գյուղի զարգացումը տեսնում է զբոսաշրջության մեջ:

«Մեր նախագծին շատ կողմ են, ամեն ինչով օգնում են մեզ, սկսած գյուղապետից մինչև գյուղի երեխաներ։ Իրենք էլ չեն համբերում՝ երբ կյանքի կկոչվի այս նախագիծը։ Շատ լավ ու հավեսով ժողովուրդ է Արդվիում», - կիսվում է տպավորություններով Պարսեղյանը:

«Մեր հիմնական նպատակը Արդվի գյուղը զարգացնելն է: Ուզում ենք ստանալ դրանից նմուշ, թե ինչպիսին կարող է լինել և գյուղական կյանքը Հայաստանում՝ ինքնաբավ, հպարտ ու ինտելեկտուալ։ Այս տերմինները շուտվանից կորել են գյուղերի նկարագրություններից, պետք է վերադարձնել», - հավելում է Պարսեղյանը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ եղավ Հոկտեմբերի 27-ի օրերին առանցքային մի քանի գործչի հետ
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի 20-րդ տարելիցն է
Հայկական մամուլի շապիկները հոկտեմբերի 27-ի ու 28-ի առավոտյան
Ինչ են ուզում երևանցիները «Ակտիվ քաղաքացի» հարթակից
 Ուշադրության կենտրոնում
ՀՀ-ն բնակչության կողմից անվտանգ համարվող երկրների 7-յակում է

ՀՀ-ն բնակչության կողմից անվտանգ համարվող երկրների 7-յակում է Նրանք իրենց անվտանգ են զգում իրենց երկրների փողոցներում գիշերային ժամերին

 Բաժնի այլ նյութերը
«Աղբամանը դրիմ» Ինչպես անցավ նոր քաղաքապետի մեկ տարին
Քաչալ գլուխ, ճխլած խաղող ու սատանիզմ Ինչ նոտայի վրա սկսվեց ու ավարտվեց Կոնսերվատորիայի աղմկոտ միջոցառումը