Ձայնազրկության 40 օրը

Ձայնազրկության 40 օրը

Քթի միջնապատի վիրահատությունից հետո վնասվել են երիտասարդի ձայնալարերը

29-ամյա Գառնիկ Խաչատրյանն արդեն 43 օր է՝ գրեթե «ձայնազուրկ» է, ձայնը «կորել» է հոկտեմբերին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում քթի միջնապատի վիրահատությունից հետո:

PanARMENIAN.Net - Նշագեղձերից մինչև «ուռուցք»

«Սեպտեմբերին երկու անգամ մրսելու հետևանքով բորբոքվեցին նշագեղձերս, տանեցիները ստիպեցին դիմել բժշկի, գնացի «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ ունեինք ծանոթ բժիշկ՝ քիթ-կոկորդ-ականջաբան Անահիտ Անտոնյանը, ով մեկ տարի առաջ վիրահատել էր հայրիկիս: Հետազոտությունից հետո Անտոնյանն ասաց, որ նշագեղձերը պետք է հեռացնել, նշանակեց 1 շաբաթվա բուժում, որպեսզի բորբոքվածությունն անցնի, և հեռացնեն: Համակարգչային տոմոգրաֆիայից հետո երևաց, որ քթի միջնապատի ծռություն ունեմ, չնայած որ շնչառական որևէ խնդիր չունեի:

Բժշկուհին ասաց, որ քթի միջնապատի ծռությունը կարող է հետագայում խնդիրների հանգեցնել, ուստի նախ և առաջ անհրաժեշտ է դա վիրահատել, իսկ նշագեղձերը՝ մի քանի ամիս անց», - PanARMENIAN.Net –ին պատմեց Գառնիկը՝ հավելելով, որ համաձայնվել է վիրահատությանը՝ լիովին վստահելով ծանոթ բժշկին և չդիմելով այլ բուժհաստատություններ:

Բոլոր անհրաժեշտ նախապատրաստումներից և ստուգումներից հետո Գառնիկին հոկտեմբերի 9-ին վիրահատեցին՝ խոստանալով, որ 4 օր անց կգնա աշխատանքի:

«Նարկոզից հետո զարթնեցի ու բացարձակ չէի խոսում, բառեր չէի արտասանում, շշուկով մի կերպ էի հասկացնում՝ ինչ եմ ուզում: Բժիշկն ասաց, որ նորմալ է, լինում է, 3 օրից կանցնի», - նշեց Գառնիկը:

Սակայն ձայնը 3 օր անց «չվերադարձավ», մեկ շաբաթ անց էլ բան չփոխվեց՝ ձայնը չկար: Բժշկուհի Անտոնյանն էլի վստահեցրեց, որ «պատահում է, կանցնի», բայց կրկին ապարդյուն. Գառնիկի ձայնը մի քիչ էր «բացվել» ու դարձել ավելի լսելի: Հերթական հետվիրահատական հետազոտության ընթացքում Գառնիկին հայտնեցին, որ ձայնի համար պատասխանատու 2 մկաններից մեկն անշարժ է. «Բաժնի ղեկավարն էր հետազոտում, տեսավ եղածը՝ վախեցավ, նրա դեմքի վախեցած արտահայտությունն ինձ էլ վախեցրեց»:

Վիրահատությունից 9 օր անց ձայնը դեռ չկար, Գառնիկն արդեն վրդովված գնաց հիվանդանոց, որտեղ նրան ասացին՝ կասկածում են, որ գլխուղեղում, պարանոցում կամ կրծքավանդակի հատվածում ուռուցք ունի նյարդի վրա, որն էլ ազդում է ձայնալարերի վրա: Բժիշկների խոսքով՝ անզգայացումը կարող էր ուռուցքին կայծակնային զարգացում հաղորդել: «3-4 օր ապրեցի այն մտքով, որ ուռուցք ունեմ: Ծնողներս Գերմանիայում էին, հատուկ չէի ասում նրանց, որ չանհանգստանան, բայց պարզվեց, որ բժշկուհին է նրանց հայտնել», - հավելեց Գառնիկը:

Մի ձայնի պատմություն

Հետազոտությունները ցույց տվեցին, որ, բարեբախտաբար, ուռուցք չկա, բայց ձայնն այդպես էլ չվերականգնվեց: «Իզմիրլյան» ԲԿ-ի կողմից Գառնիկ Խաչատրյանին տրված էպիկրիզում նշվում է. «Հետվիրահատական շրջանում հիվանդը գանգատվում էր ձայնի բացակայությունից: Կատարվել է ֆիբրոլարինգոսկոպիա, հայտնաբերվել է ձախ ձայնալարի մասնակի պարեզ: Նշանակվել է կոնսերվատիվ բուժում: Բուժումը ստանալուց հետո նկատվել է դրական դինամիկա: Ֆիբրոլարինգոսկոպիկ՝ ձախ ձայնալարի շարժունակությունը վերականգնվել է»:

Այնուամենայնիվ «Իզմիրլյանից» Գառնիկին ուղղորդեցին այլ բուժհաստատություն՝ Modern Implant Medicine, որտեղ հետազոտությունը ցույց տվեց, որ նյարդի վնասում կա: Այդ կենտրոնում էլ հոկտեմբերի 22-ից մինչ օրս բուժվում է Գառնիկը՝ ստանալով դեղորայքային բուժում և ֆիզիոթերապիա: Ի դեպ, «Իզմիրլյանում» Գառնիկին ասել են, որ ձայնալարի խնդիրն առաջացել է վիրահատության ժամանակ՝ անզգայացման ընթացքում ինտուբացիոն խողովակի պատճառով, սակայն այժմ ԲԿ-ի տնօրինությունը հերքում է այդ վարկածը:

Գառնիկն ասում է՝ չնայած, որ բուժման ծախսերը բժշկական ապահովագրությունն է ծածկում, սակայն ինքն արդեն մոտ 200,000 դրամի դեղորայք է գնել:

«Իզմիրլյանի» էպիկրիզում նշված է նաև, որ «հիվանդը խոսում է, ձայնը աննշան խռպոտ է»: Գառնիկն իսկապես խոսում է, սակայն խռպոտությունն աննշան անվանելը դժվար է, ձայնը ուժեղ խզված է, խոսում է «ղռռոցով», երկար խոսելիս խեղդվում է՝ ստիպված ընդհատելով խոսքը:

«Վերջին 25 օրում «Իզմիրլյանի» հետ որևէ կապ չկար, չէին զանգում, չէին հետաքրքրվում բուժման ընթացքով: Ես ինքս այս ընթացքում դիմել եմ տարբեր բժիշկների, խորհրդատվություն եմ ստացել: «Աստղիկ» ԲԿ-ի օտորինոլարինգոլոգ, ԼՈՌ բաժնի ղեկավար Ավետիք Մինասյանն ինձ ասաց, որ չի տեսնում լուրջ առաջընթաց ինձ մոտ, ինչպես նաև նշեց, որ այս ոլորտը Հայաստանում նոր է զարգանում, և առաջարկեց բուժվել Ռուսաստանում: Ես էլ ասացի, որ Գերմանիայում ունեմ բարեկամներ, Մինասյանը նշեց, որ դա էլ ավելի լավ տարբերակ է», - պատմեց Գառնիկը:

Այս օրերի ընթացքում նա նաև ակտիվորեն կարճ գրությունների և տեսաձայնագրությունների տեսքով ներկայացնում էր իրավիճակը իր ֆեյսբուքյան էջում: Համեմատելով վիրահատությունից մեկ շաբաթ անց արված վիդեոն վերջինների հետ՝ պարզ է դառնում, որ եթե դինամիկա կա, ապա այն բավականին աննշան է՝ ձայնը շարունակում է մնալ խզված և դժվար լսելի:

«Տհաճ» զրույց

Նոյեմբերի 19-ին Գառնիկը «Իզմիրլյանում» հանդիպեց ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ: Վերջինս, ինչպես պատմեց Գառնիկը, խնդիրը անվանեց «կանխատեսելի ռիսկ»:

«Որ ասացի, որ բուժումը պլանավորում եմ շարունակել Գերմանիայում, Չարչյանը կիսահեգնական ձայնով պատասխանեց. «Ուզում եք՝ գնացեք Գերմանիայում բուժվեք, ուզում եք՝ Ֆրանսիայում, ուզում եք՝ Իսպանիայում»: Ես էլ ասացի, որ չեմ եկել թույլատվություն հարցնելու, որոշումս արդեն կայացրել եմ, ուզում եմ իմանալ՝ արդյոք ինձ վնաս պատճառած բժշկական կենտրոնը պատրաստվու՞մ է ֆինանսական փոխհատուցում կատարել և հոգալ իմ բուժման ծախսերը», - նշեց Գառնիկը: Նա հավելեց, որ ԲԿ գործադիր տնօրենը հրաժարվեց քննարկել ՀՀ-ից դուրս բուժումը: Միաժամանակ Գառնիկը հանդիպեց նաև վիրահատություն իրականացրած բժշկուհի Անտոնյանի հետ, ով հանդիմանեց երիտասարդին սոցցանցերում ԲԿ-ից բողոքելու համար:

«Ասաց՝ «մի տարի առաջ, որ պապայիդ վիրահատեցինք, մի անգամ չտեսանք, որ Ֆեյսբուքում շնորհակալություն հայտնես, իսկ հիմա քո հետ այսպիսի բան է եղել, ամբողջ օրը բողոքում ես «Իզմիրլյանից»: Ես նշեցի, որ այս զրույցն ինձ համար տհաճ է և չեմ ուզում շարունակել: Չարչյան Արմենն էլ ասաց, որ իրենց համար էլ տհաճ է ինձ հետ խոսելը», - պատմեց երիտասարդը:

«Չարյաց փոքրագույնի» մասին

PanARMENIAN.Net –ի հետ զրուցում Չարչյանը ևս նշեց, որ հարցի լուծումը տեսնում է միայն ՀՀ սահմաններում: «Գառնիկ Խաչատրյանի մոտ ձախ ձայնալարի ժամանակավոր պարեզ է, որը կարող է լինել վիրահատությունից հետո աշխարհի ցանկացած կլինիկայում: Նորմալ բուժման դեպքում դա 95 տոկոս հավանականությամբ վերականգնվում է 3-6 ամսվա մեջ: Դա հնարավոր ստատիստիկ բարդություն է, կարող է նույնիսկ ձայնալարերի կառուցման անատոմիկ առանձնահատկության հետևանքով լինել, և չի կարող լինել որևէ մեկի սխալը», - նշեց Չարչյանը՝ կոչ անելով Գառնիկին զինվել համբերությամբ և շարունակել բուժումը:

Նրա խոսքով՝ Գառնիկի վիրահատություն իրականացրած բժշկուհին մշտական կապի մեջ է նրան այժմ բուժող մասնագետի հետ և տեղյակ է բուժման գործընթացից:

ԲԿ-ի գործադիր տնօրենը նշեց, որ Գառնիկին զգուշացվել էր հնարավոր բարդությունների մասին, և կատարվածը «չարյաց փոքրագույնն է», քանի որ վիրահատություններից հետո լինում են նաև ավելի վատ բարդություններ, և անգամ «ամենաանվնաս վիրահատությունից երբեմն հիվանդ է մահանում»:

«Երեկ Խաչատրյանն իմ կաբինետում պահանջում էր, որպեսզի հիվանդանոցը փոխհատուցի իր բուժման ծախսերն արտասահմանում: Ըստ ՀՀ օրենսդրության՝ մենք պարտավոր չենք փոխհատուցել բուժման ծախսերը դրսում: Դրա համար կա գործելակարգ. պարոն Խաչատրյանը պետք է դիմի, որ բարդություն է եղել, պետք է հանձնաժողովային փորձաքննություն արվի, որպեսզի հասկացվի՝ ինչ բարդության մասին է խոսքը: Եթե դա ստատիստիկ բարդություն է, ապա խնդիր չկա: Իսկ եթե հանձնաժողովը եզրակացնի, որ դա բժշկի սխալի պատճառով է, նա (Խաչատրյանը) կարող է դիմել դատարան, և միայն դատարանը կորոշի փոխհատուցման չափը», - նշեց Չարչյանը՝ հավելելով, որ իր աշխատանքի ընթացքում ԲԿ-ում նման խնդիրներ չեն առաջացել:

Նա նաև համոզմունք հայտնեց, որ Գերմանիայում Գառնիկը կստանա նույն պատասխանը, նրան կասեն, որ ՀՀ-ում ամեն ինչ ճիշտ էր արվում, և պետք է շարունակել նույն բուժումը: Ըստ բժշկի՝ խնդիրը կարելի է լուծել նաև հայրենիքում, իսկ Գառնիկը «ուզում է մեր հաշվին գնալ՝ ինչ-որ շրջապտույտ ունենալ մենակ նրա համար, որ ձայնի խռպոտություն ունի»...

Վերջնաժամկետը մոտ է

«Իզմիրլյանի» գործադիր տնօրենն ասում է, որ նման դեպքերում ձայնը վերականգնվում է 3-6 ամսվա ընթացքում, այսինքն Գառնիկը պետք է սպասի ևս մոտ 1.5 կամ 4.5 ամիս:

Երիտասարդը Modern Implant Medicine բժշկական կենտրոնում անցած հետազոտության ընթացքում Physiomed սարքով միոգրաֆիա է անցել, որի ընթացքում ստուգվել է վնասված հատվածի նյարդերի և մկանների աշխատանքը: Սարքը ցույց է տվել, որ առկա է նյարդային հյուսվածքի վնասում, գործակիցը մոտ 1 է եղել, նյարդի նորմալ աշխատանքի դեպքում գործակիցը 2.5-2.2 միջակայքում է:

Մասնագետները նշում են, որ ձախ ձայնալարի պարեզն ավելի հաճախ հանդիպող երևույթ է, քան աջ ձայնալարինը, քանի որ ձախ կողմի նյարդն «ավելի երկար ճանապարհ է» անցնում գլխուղեղի ցողունից մինչև կոկորդ, ինչի հետևանքով ավելի շատ հնարավորություններ կան վնասելու այն վիրահատության ընթացքում:

Նշվում է նաև, որ նման խնդրի դեպքում էֆեկտիվ թերապևտիկ բուժման ժամանակահատվածը երեք ամիս է, որի ընթացքում ձայնը կարելի է վերականգնել:

Մինչև 6 ամիս ձայնը վերականգնելու շանսերը կիսով չափ նվազում են, իսկ դրանից հետո՝ հասնում նվազագույնի: Այդ դեպքում ձայնամկանի մեջ սիլիկոն են ներառկում, որը տեղաշարժում է մկանը և նպաստում դրա աշխատանքին: Նման միջամտությունը ժամանակավոր բնույթ է կրում, անհրաժեշտ է թարմացնել 2 տարին մեկ, Հայաստանում էլ դա չի արվում, պետք է լինելու մեկնել արտասահման: Ի դեպ, պրոցեդուրան էժան չէ՝ մինչև 5000 եվրո, չհաշված ճանապարհածախսն ու մնացած ծախսերը:

Գառնիկն ասում է, որ հաստատ է որոշել շարունակել բուժումը Գերմանիայում, քանի որ կարծում է՝ ժամանակ չի մնացել: Գերմանիայում միայն հետազոտությունը կարժենա մոտ 2000 եվրո, իսկ 14 օրվա բուժման կուրսը՝ օրական 500-600 եվրո, ճանապարհի և կացության ծախսերը չի հաշվում:

Եթե «Իզմիրլյան» ԲԿ-ում ճիշտ են, ուրեմն մոտ մեկուկես ամսից Գառնիկի ձայնը «կվերադառնա», եթե սխալվում են, մեկուկես ամսից արդեն ուշ կլինի գործելը: Ամեն դեպքում՝ վերջնաժամկետը մոտ է:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---