#ՄնաՏանը

#ՄնաՏանը

Ինչպես են պատժում կարանտինը խախտելու համար տարբեր երկրներում

Հայաստանը մարտի 23-ին ընդունեց մի շարք փոփոխություններ Քրեական ու Վարչական իրավախախտումների օրենսգրքերում։ Արդյունքում ավելացավ հոդված՝ կորոնավիրուսով այլ անձանց վարակելու համար։

PanARMENIAN.Net - Արարքը կպատժվի տարբեր չափի տուգանքներով, կալանքով կամ ազատազրկմամբ՝ կախված հետևանքներից ու վարակվածների վիճակի ծանրությունից:

Այս առթիվ PanARMENIAN.Net ը որոշեց հասկանալ՝ ինչ պատիժներ են նախատեսված տարբեր երկրներում կարանտինային նորմերի խախտման համար։

Կորոնավիրուսը հայտնվեց Չինաստանում 2019-ի վերջում։ Վարակի տարածման օջախ դարձավ չինական Հուբեյ նահանգը, ավելի ճիշտ՝ վարչական կենտրոն Ուհան քաղաքը։ Չինաստանն առաջինը կարանտին սահմանեց՝ մեկուսացնելով բազմամիլիոնանոց բնակչությունը նահանգներում, քաղաքներում, ավելի ուշ՝ տներում։

Կարանտինի պայմանների խախտման համար երկրում տուգանք է սահմանված, կալանք կամ մինչև 3 տարվա ազատազրկում։ Երկիր մուտք գործելիս՝ կարանտինային հսկողությունից հրաժարվող կամ սանհսկողության ուժերին չենթարկվող անձինք ևս կարող են տուգանվել մինչև 5000 յուան (մոտ $700)։

Իտալիայում, որը Եվրոպայում վիրուսի տարածման օջախը դարձավ, իրադրությունը մի քիչ ավելի թեթև է։ Այն մարդկանց համար, որոնց ցուցված է առանց հատուկ թույլտվության փողոց դուրս չգալ և չհեռանալ կարանտինի փակված քաղաքներից, մինչև 3 ամիս ազատազրկում կամ մինչև €206 տուգանք է նախատեսված։

Եվրոպայում վարակվածների քանակով Իտալիային հաջորդում է Իսպանիան, որտեղ արտակարգ դրության իրավասու մարմինների հրահանգներին, արգելքներին կամ հրամաններին չենթարկվելու համար նախատեսված է €1500-ից մինչև €600,000-ի տուգանք։

Ֆրանսիայում, որտեղ վարակման դեպքերը նույնպես արդեն հազարների են հասնում, կարանտինը խախտելու համար օրենսդրությամբ նախատեսված պատիժը նոր է ներդրվել: Արդյունքում, երկրում որոշեցին եզակի խախտումը պատժել 135 եվրո տուգանքով, 15 օրում կրկնակի խախտումը՝ 1500 եվրո: 30 օրում 4-ից և ավելի անգամ կարանտինը խախտողներին կարող են ազատազրկել մինչև 6 ամիս ժամկետով ու տուգանել 3700 եվրոյով:

Գերմանիայում կառավարությունը մարտի 22-ին խստացրել է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ քաղաքացիներին արգելելով 2 հոգուց ավելի խմբերով հավաքվել: Բացառություն կկազմեն միայն բազմանդամ ընտանիքները կամ մի հարկի տակ ապրող մարդիկ: Արգելքն ուժի մեջ կլինի երկու շաբաթ․ այն կվերահսկի ոստիկանությունը։ Խախտողների համար մինչև €25,000 տուգանք է նախատեսված:

Ավստրալիայում ինքնամեկուսացումից հրաժարվելու դեպքում կորոնավիրուսով վարակված քաղաքացիները կարող են ազատազրկվել մինչև 1 տարի ժամկետով կամ տուգանվել մինչև $50,000-ով։

Մինչդեռ Իսրայելի իշխանությունները խստացրել են կարանտինային միջոցառումները։ Տնից թույլատրվում է դուրս գալ միայն սնունդ և դեղորայք գնելու համար, ինչպես նաև այն քաղաքացիներին, որոնք աշխատում են կենսապահովման ոլորտում։ Արգելվում է տանը հյուրեր ընդունել, 10 մարդուց ավելի մասնակցությամբ ժողովներ գումարել։ Շենքերում վերելակներ թույլատրվում է մտնել միայն մեկ անձի։ Իսկ կարանտինն անփութությամբ խախտելու համար մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում, եթե կարանտինը միտումնավոր է խախտվում՝ մինչև 7 տարվա։

Արգենտինայում նույնպես վճռական են տրամադրված․ մարտի 20-ից երկրում արգելվում է առանց անհրաժեշտության տնից դուրս գալը։ Կարելի է դուրս գալ միայն սնունդ, դեղորայք և կենսական անհրաժեշտության այլ ապրանքներ գնելու։ Փողոցում գտնվելը վերահսկում են տեղական իշխանությունները, ոստիկանությունն ու ժանդարմերիան։ Օրինախախտները կարող են ազատազրկվել 6 ամսից մինչև 2 տարով։ Իսկ կարանտինային ռեժիմը խախտողներին 3-15 տարվա ազատազրկում և մինչև 100,000 արգենտինյան պեսո ($1600) տուգանք է սպառնում։

Ռումինիայի ղեկավարությունը մարտի 19-ից քրեական պատիժ է սահմանել նրանց համար, ովքեր չեն կատարում կորոնավիրուսի դեմ պայքարի ցուցումները։ Իշխանությունների պահանջներն անտեսելու համար նախատեսված է 3 տարվա ազատազրկում, այլ մարդկանց վարակելու համար՝ մինչև 5 տարվա, կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները չկատարելու համար, որի հետևանքով մարդ է մահացել՝ մինչև 15 տարվա։

Կորեայում, որտեղ վարակման մի քանի հազար դեպք կա, հոսպիտալացման ռեժիմի կամ կարանտինի խախտման համար նախատեսված է մինչև 10 մլն վոն (մոտ $8200) տուգանք կամ մինչև 1 տարվա ազատազրկում։

Լեհաստանում կարանտինը չպահպանողներին կամ հիվնդության մասին տեղեկությունները թաքցնողներին մինչև 5000 զլոտիով (մոտ €1200) են տուգանում։

ԱՄՆ-ում կարանտինային միջոցների ձեռնարկումը ինչպես տեղական, այնպես էլ դաշնային իշխանությունների իրավասությունում է, ուստի սահմանված պատիժը տարբերվում է ըստ նահանգների։ Այդպես՝ Վիսկոնսինում, եթե մարդը գիտի, որ վարակված է և հրաժարվում է կարանտինից, կարող է տուգանվել $500 կամ կալանավորվել մինչև 30 օր ժամկետով։ Վայոմինգում մեկուսացման ռեժիմի խախտման համար մինչև $10,000 տուգանք է սահմանված և մինչև 1 տարվա ազատազրկում։ Իսկ Տեխասում՝ մինչև 6 ամսվա ազատազրկում և $2000 տուգանք։ Դաշնային օրենսդրությամբ նախատեսվում է ոչ ավելի, քան $100,000 տուգանք և/կամ 1 տարվա ազատազրկում, եթե այն մահվան պատճառ չի դարձել, և ոչ ավելի, քան $250,000 տուգանք և/կամ 1 տարվա ազատազրկում՝ մահվան ելքով պատահարի դեպքում։ Նախատեսվում է նաև տուգանք իրավաբանական անձանց համար՝ $200,000, եթե խախտման հետևանքով մահ չի գրանցվել, և $500,000՝ հակառակ դեպքում։

Ադրբեջանում կարանտինի խախտման և սահմանափակող այլ միջոցների համար սոցիալական մեկուսացման շրջանակում կարող է տուգանք նշանակվել՝ մինչև $120 ֆիզիկական անձանց դեպքում, և $1200՝ պաշտոնյաների։ Եթե այդ ռեժիմների խախտման դեպքում հիվանդությունը տարածվել է կամ դրա իրական սպառնալիք է ստեղծվել, տուգանքը կկազմի մինչև $3000 կամ մինչև 3 տարվա ազատազրկում։

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես կարանտինից հետո չընկնել ոչ պարանոյայի, ոչ անհոգության ջրերը
Հայկական հարսանեկան կուրիոզներ՝ XX դարից
Երբ սահմանները փակ են, իսկ սրտերը` բաց
Էսթետիկ ոլորտը` Covid-19-ի ժամանակ
 Ուշադրության կենտրոնում
Ավինյան․ Չի բացառվում համապետական կարանտինը, ամենը կանենք դրան չվերադառնալու համար

Ավինյան․ Չի բացառվում համապետական կարանտինը, ամենը կանենք դրան չվերադառնալու համար ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը

 Բաժնի այլ նյութերը
Հայի բախտ Ինչպես կարդինալ Աղաջանյանն 2 անգամ Հռոմի պապ չդարձավ
Տրոյկաներով Երևան՝ Արարատը տեսնելու XIX դարի ամերիկացի ճանապարհորդի տպավորությունները` Հայաստանից