Բացեք պատուհանները ու շնչեք, շնչեք, շնչեք

Բացեք պատուհանները ու շնչեք, շնչեք, շնչեք

Երևանի օդը կարանտինի շնորհիվ կտրուկ մաքրվել է

Մարտի 16-ից սկսած՝ ՀՀ-ում արտակարգ դրություն է սահմանված, ավելի ուշ սահմանափակվեց նաև քաղաքացիների տեղաշարժը։ Հայաստանցիները տնից գրեթե դուրս չեն գալիս, մեքենաները նույն տեմպով չեն աշխատում, կյանքն ամեն գարնան պես չի եռում. կորոնավիրուս է ու կարանտին:

PanARMENIAN.Net - Դրա հետ մեկտեղ Երևանի օդն է մաքրվել. IQAir-ի տվյալով՝ մայրաքաղաքաում օդը Good է՝ 38 ցուցիչով (ապրլի 10-ի ցերեկվա տվյալով, օրվա տարբեր ժամերին դրանք փոխվում են): Նույն կայքի տվյալով՝ երևանյան օդի նախկին «տվյալները» (100-150 ցուցիչ) ունեն աշխարհի ամենաաղտոտված օդով երկրները՝ Չինաստանը, Բանգլադեշը, Թաիլանդը, Ճապոնիան, Նեպալը:

Դեռ մարտի 11-ին Forbes-ում Hugo աստղադիտարանի տնօրեն Ֆրանսուա Ժեմենը կարծիք էր հայտնել, որ մարդկանց մեկուսացումը կարող է փրկել ավելի շատ կյանքեր աղտոտման նվազման պատճառով, քան կարող է պատճառել կորոնավիրուսը: Փորձագետը հավաստում էր՝ կարանտինը նվազեցնում է մոլորակի աղտոտվածությունը:

360stories-ի համահիմնադիր Վահագն Մոսինյանը Երևանում օդի աղտոտվածության մակարդակին հետևում է 2018-ից. առաջին անգամ Չինաստան գնալուց առաջ հեռախոսի մեջ ներբեռնել է օդի աղտոտվածության ցուցիչ տվող հավելվածներից մեկն ու շարունակել դրանից օգտվել նաև Երևանում: Ասում է՝ 2018-ին Երևանում օդի ախտոտվածության մակարդակը (AQI) 100 միավորի շրջանում էր, հետո պարբերաբար նկատել է, որ թիվն աճում է ու հաճախ փոփոխվում: 2020-ի մարտի տվյալներով նույն հավելվածում մայրաքաղաքի օդի աղտոտվածության մակարդակը տատանվում է 25-ից (լավ) 50-ի (միջին) միջակայքում:

«Անցյալ տարի երկար ժամանակ բացակայեցի ՀՀ-ից, ու գալուն պես զգացի, որ օդն իրոք կեղտոտ է, նույնիսկ առանց հատուկ չափման, շնչելով էր զգացվում: Հիմնականում նկատել եմ, որ շաբաթ-կիրակի օրերին օդն ավելի մաքուր է, քան աշխատանքնային, դա կարող է կապված լինել մեքենաների շարժի հետ կամ, գուցե, գործարանների աշխատանքի»,- ասում է Վահագնը:

Որպես հավելվածից հաճախ օգտվող մարդ՝ նա նշում է, որ մայրաքաղաքում սովորաբար օդի աղտոտվածության ցուցիչն առավոտյան 50 է, բայց օրվա ընթացքում ու մասնավորապես երեկոյան ժամերին այն կարող է անգամ քառապատկվել:

Berkeley Earth լաբորատորիայի տվյալներով, օրինակ՝ ամբողջ ՀՀ տարածքում որոշ հատվածում օդը մաքուր է, որոշ հատվածում՝ ոչ այնքան: Այստեղ մոտավոր նույն տվյալներն են, ինչ IQAir հավելվածում:

Շրջակա միջավայրի նախարարությունից երևանյան օդի աղտոտվածության մասին հարցին ի պատասխան հայտնեցին, որ չափումներն իրականացնում և տվյալները հավաքագրում է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՇՄՄՏԿ): Մոնիթորինգի համար նախատեսված կայքը թույլ է տալիս ծանոթանալ օդի աղտոտվածության մակարդակին շաբաթական, ամսկան, տարեկան ռեժիմով՝ մայրաքաղաքում ու ՀՀ-ի 14 այլ քաղաքներում:

ՇՄՄՏԿ-ի տվյալներով, օրինակ՝ 2019-ի մարտի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Արաբկիրում SO2-ի կոնցետրացիոն բաշխվածության մակարդակը եղել է 0․04-ից 0․06 մգ/մետր խորանարդ (մթնոլորտում դրա սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ ՍԹԿ-ն 0․05 մգ/մետր խորանարդն է)։ 2020-ի նույն ժամանակահատվածում համայնքում ցուցանիշն իջել է նաև ՍԹԿ-ից՝ մարտի 18-ին, օրինակ՝ հասնելով 0․0057 մգ/ մետր խորանարդի։

Արաբկիրում մթնոլորտում ազոտի մակարդակը 2019-ի մարտի նույն ամսաթվին եղել է մոտ 0․02-ից 0․005-ի շրջանում (մթնոլորտում ազոտի ՍԹԿ-ն 0․04 մգ/մետր խորանարդն է)։ 2020-ի նույն ժամանակահատվածում Արաբկիրում NO2-ի մակարդակը 0․016-ից 0․036-ի շրջանում է տատանվել։

Մայրաքաղաքի մթնոլորտում փոշու ցուցանիշը ևս ցածր է ու չի էլ մոտենում ՍԹԿ-ին՝ 0․15 մգ/մետր խորանարդին։ Մարտի 17-ին, օրինակ, այն կազմել է 0․0511 մգ/մետր խորանարդ, մարտի 24-ին՝ 0․0521 մգ/մետր խորանարդ։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես կարանտինից հետո չընկնել ոչ պարանոյայի, ոչ անհոգության ջրերը
Հայկական հարսանեկան կուրիոզներ՝ XX դարից
Երբ սահմանները փակ են, իսկ սրտերը` բաց
Էսթետիկ ոլորտը` Covid-19-ի ժամանակ
 Ուշադրության կենտրոնում
Ավինյան․ Չի բացառվում համապետական կարանտինը, ամենը կանենք դրան չվերադառնալու համար

Ավինյան․ Չի բացառվում համապետական կարանտինը, ամենը կանենք դրան չվերադառնալու համար ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը

 Բաժնի այլ նյութերը
Հայի բախտ Ինչպես կարդինալ Աղաջանյանն 2 անգամ Հռոմի պապ չդարձավ
Տրոյկաներով Երևան՝ Արարատը տեսնելու XIX դարի ամերիկացի ճանապարհորդի տպավորությունները` Հայաստանից