Սերը չարիք չի ճանաչում

Սերը չարիք չի ճանաչում

Երբ սահմանները փակ են, իսկ սրտերը` բաց

Կորոնավիրուսի համավարակի պատճառով արդեն մի քանի ամիս է՝ բազմաթիվ երկրների օդային տարածքը փակ է, չվերթեր գրեթե չեն իրականցվում, իսկ եզակի գործողներով էլ քաղաքացիները հիմնականում այլ երկրներից վերադառնում են հայրենիք:

PanARMENIAN.Net - Համավարակը, կարանտինն ու դրանից բխող դժվարությունները չեն շրջանցել նաև Հայաստանը: Վերջին ամիսներին երկիր է վերադարձել ՀՀ մի քանի տասնյակ հազար քաղաքացի, սակայն երկրից գնալը դեռ լուրջ խնդիր է:

Կարանտինի և փակ սահմանների պատճառով անորոշ ժամանակով ընտանիքներ են բաժանվում, երբեմն նույնիսկ՝ սրտեր կոտրվում, բայց իսկական սերը կհաղթահարի ամեն ինչ՝ անգամ կորոնավիրուսը:

Սեր՝ առաջին հայացքից

Մարիամը Երևանից է, երիտասարդ, բայց արդեն փորձառու իրավաբան, շատ աշխատասեր: Միկան արդեն քանի տարի է՝ ապրում է Ամստերդամում, ՏՏ ոլորտում ստացած կրթությունից հետո սակայն որոշել է կյանքը նվիրել ոչ թե համակարգիչների հետ շփմանը, այլ մարդկանց. երիտասարդը լայֆ քոուչ է, օգնում է մարդկանց գտնել իրենց ուղին այս կյանքում:

Բնույթով ոչ ռոմանտիկ Մարիամը նույնիսկ չէր էլ սպասում, որ 2019-ի սեպտեմբերին Բրյուսել հերթական սեմինարի մեկնելուց հետո կվերադառնա Հայաստան արդեն նշանված:

«Հաճախ եմ Բրյուսելում լինում աշխատանքի բերմամբ: Վերջին անգամ մտքովս անցավ, որ Ամստերդամում չեմ եղել, որոշեցի մի օր էլ այնտեղ անցկացնել: Երևանցի մոտ ընկերներիցս մեկն ասաց, որ ընկեր ունի Ամստերդամում, և փոխանցեց կոնտակտները: Որոշեցի կապվել հետը, որպեսզի մենակ չլինեմ, համ էլ քաղաքը ցույց տվող կլինի», - պատմում է Մարիամը:

Այդպես էլ հանդիպեց ապագա սիրուն: Միանգամից մտերմացան, պարզեցին, որ ունեն շատ ընդհանուր նախասիրություններ, հասցրեցին լավ միջոցառման մասնակցել, տարբեր վայրեր այցելել, պարել և ուրախ ժամանակ անցկացնել, իսկ առավոտյան Մարիամը պետք է գնացքով վերադառար Բրյուսել՝ սեմինարի:

«Հաջորդ օրը Միկան եկավ ինձ մոտ Բրյուսել: Այդտեղ էլ անցկացրինք շատ հագեցած և ուրախ օր, իսկ հաջորդ առավոտ հերթական սեմինարի էի, որին չէի կարողանում կենտրոնանալ, անընդհատ մտածում էի նրա մասին: Ուզում էի հասցնել տեսնել Միկային, քանի որ մի քանի ժամից դեպի Երևան թռիչքս էր», - հիշում է Մարիամը:

Հրաժեշտից առաջ Բրյուսելի այգիներից մեկում նստած երիտասարդները զգում էին, որ այդ 2 օրը պարզապես սովորական ժամանց չէին, այլ ավելին երկուսի համար էլ:

«Ինչքան շատ էր մոտենում գնալուս ժամը, այնքան ավելի չէինք ուզում իրար հրաժեշտ տալ: Վերջին պահին Միկան պարզապես հանեց իր մատից արծաթյա մատանին, որ կրում էր տարիներ շարունակ, և առանց ոչինչ ասելու դրեց իմ մատին: Այդ պարզ ժեստով ես հավետ դարձա իրենը», - պատմում է Մարիամը:

Ասում է՝ այդ պահին այնքան էին տարված այդ զգացմունքներով, որ նույնիսկ չեն նկատել՝ ինչպես գողացան աղջկա պայուսակը. «Թեև կորցրեցի պայուսակս շատ արժեքավոր իրերով, միևնույն է՝ երջանիկ էի, որովհետև գտել էի երկրորդ կեսիս»:

Երևան վերադառնալուն պես Մարիամն արագ կարգավորեց իր բոլոր գործերը և հետ գնաց Ամստերդամ՝ իրեն սպասող սիրելիի մոտ, բայց արդեն երկար ժամանակով:

Սիրող սրտերը սահմաններ չեն ճանաչում

Ամստերդամում Մարիամը հասցրեց ծանոթանալ սիրելիի ընտանիքի հետ, համոզվել, որ չի սխալվել ընտության հարցում, որ Միկան այն մարդն է, ում հետ պատրաստ է կյանքը կապել: Որոշվեց, որ օգոստոսին հարսանիք կանեն: 2 ու կես ամիս Ամստերդամում մնալուց հետո Մարիամը ստիպված էր վերադառնալ Երևան, քանի որ օրենքով կարող էր գտնվել Նիդերլանդներում մինչև 3 ամիս:

Պլանավորում էր վերջնականապես ավարտին հասցնել բոլոր գործերը հայրենիքում և մեկնել սիրելիի մոտ, երբ ամբողջ աշխարհը կանգնեց նոր ու անծանոթ խնդրի առջև:

«Հիմա ամեն օր ուշի-ուշով հետևում եմ միջազգային մամուլին, որ հասկանամ՝ երբ է վերջապես սահմանը բացվելու, ու գնամ հետ՝ հասնեմ սիրուս: Բայց անգամ եթե շուտ բացվեն սահմանները, օգոստոսին հարսանիքի մասին կարելի է մոռանալ. երկուսիս եկամուտներն էլ պակասել են այս ամենի պատճառով, արդեն չենք էլ հասցնի պատրաստվել հարսանիքի: Բացի այդ, հյուրերը չեն կարողանալու գալ Հայաստանից, համ կվախենան, համ գուցե պետք լինի կարանտին պահպանել: Մի խոսքով՝ անհնար կլինի մեր երազած հարսանիքն անել», - ասում է Մարիամը:

Բայց չի հուսահատվում. «Մենք մեզ արդեն իսկ ամուսնացած ենք համարում, հարսանիքը պարզապես քեֆ անելու առիթ էր լինելու»:

Երբ էլ բացվեն սահմանները, Մարիամը գնալու է սիրելիի մոտ, բացի այդ՝ արդեն համալսարան է ընդունվել Ամստերդամում, սեպտեմբերից պետք է մեկնի սովորելու:

«Երբեք չեմ հավատացել այդ ռոմանտիկ պատմություններին՝ սեր առաջին հայացքից, երկրորդ կես և այլն: Երբեք ամուսնանալու ձգտում չեմ ունեցել: Միշտ միայն աշխատանքիս մասին եմ մտածել: Բայց ինչպես ասում են՝ գտնում ենք, երբ չենք փնտրում: Այդպես էլ եղավ ինձ մոտ: Եվ վստահ եմ՝ ոչ մի վարակ, ոչ մի փակ սահման, ոչ մի արգելք չի կարող բաժանել այն մարդկանց, որոնք գտել են իրար ու ստեղծված են իրար համար»,- եզրափակեց նա:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես կարանտինից հետո չընկնել ոչ պարանոյայի, ոչ անհոգության ջրերը
Հայկական հարսանեկան կուրիոզներ՝ XX դարից
Էսթետիկ ոլորտը` Covid-19-ի ժամանակ
Ինչպես կարդինալ Աղաջանյանն 2 անգամ Հռոմի պապ չդարձավ
 Ուշադրության կենտրոնում
Ավինյան․ Չի բացառվում համապետական կարանտինը, ամենը կանենք դրան չվերադառնալու համար

Ավինյան․ Չի բացառվում համապետական կարանտինը, ամենը կանենք դրան չվերադառնալու համար ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը

 Բաժնի այլ նյութերը
Տրոյկաներով Երևան՝ Արարատը տեսնելու XIX դարի ամերիկացի ճանապարհորդի տպավորությունները` Հայաստանից
«Մաքուր» ու «վայրի» հայուհիներն ու հարսների հպատակեցումը Հայ կանայք՝ 19-րդ դարի ամերիկուհու աչքերով