Տուրեր են կազմակերպում մարդիկ, ում շանդ էլ չես վստահի

Տուրեր են կազմակերպում մարդիկ, ում շանդ էլ չես վստահի

Մասնագետները՝ Covid-19-ի ու տուրիզմի մասին

Կորոնավիրուսի համավարակն ամենամեծ հարվածը հասցրել է զբոսաշրջության և դրա հարակից ոլորտներին: Ամբողջ աշխարհում մի քանի ամսով «կանգ առած» կյանքը նոր-նոր է վերսկսում. որոշ երկրներ, որոնց հաջողվել է հաղթահարել վարակը, պատրաստ են բացելու սահմանները:

PanARMENIAN.Net - Սակայն երկրների մեծ մասը, այդ թվում՝ Հայաստանը, դեռ չի կարող ընդունել հյուրերի, մնում է հույսը դնել ներքին տուրիզմի վրա:

PanARMENIAN.Net ը փորձել է պարզել՝ ինչ վիճակում է ՀՀ ներքին տուրիզմը, ինչ նոր խնդիրներ ու մարտահրավերներ են ծառացել դրա առջև և ինչ վտանգներ են սպառնում:

«Այնպիսի մարդիկ են սկսել տուրեր կազմակերպել, որ սկի շանդ չես վստահի»

Մոտ 2 ամիս տանը նստելուց հետո մարդիկ բնականաբար ուզում են դուրս գալ և լիաթոք շնչել: Իսկ որտե՞ղ անել դա, եթե ոչ բնության գրկում, լեռներում, որտեղ վարակվելու ռիսկն ավելի փոքր է, քան խիտ բնակեցված քաղաքներում:

Armenian Geographic-ի հիմնադիր Տիգրան Վարագի խոսքով՝ արշավների հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, բայց կորոնավիրուսով պայմանավորված արգելքների վերացումից հետո մեծ հետաքրքրությունը պարզապես կապված էր երկար դադարից հետո ստեղծված հնարավորության հետ:

«Եղանակը լավն էր, շատերը երկար դադարից հետո ուզում էին դուրս գալ բնություն, քայել: Նորմերը պահպանում ենք, ինչպես բոլորը. մեքենայի մեջ նստում ենք դիմակներով, բայց բնության մեջ իհարկե առանց դիմակ ենք քայլում: Այսինքն՝ բուն արշավի ընթացքի մեջ ոչինչ չի փոխվել: Արշավի ընթացքում այսպես թե այնպես իրարից 1-2 մետր հեռավորության վրա ենք քայլում, բաց տարածության մեջ դրա հնարավորությունը կա», - ասում է Տիգրանը:

Արշավի մասնակիցները գիշերում են կամ վրաններում, կամ որտեղ պատահի. «Փակ տարածք լինի՝ մեզ հերիք է, որ անձրև չգա գլխներիս. դա կարող է լինել, օրինակ, որևէ գյուղի դպրոցում կամ գյուղապետարանում, կամ մեկի տանը: Մենք ունենում ենք քնապարկեր, որոնց մեջ քնում ենք: Իսկ սնունդը կամ ամենքն իր հետ բերում է, կամ ընհանուր առևտուր ենք անում բոլորիս համար»:

Խոսելով զբոսաշրջության ոլորտի մասին, Տիգրանն ասում է, որ այն կաթվածահար է եղել. «Թե ինչքան կտևի և ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից՝ չեմ պատկերացնում: Եթե ներքին տուրիզմում գոնե շարժ կա, ապա ներգնան ու արտագնան կանգնած են, իսկ Հայաստանի տնտեսության ու տուրօպերատորների համար առաջնայինը ներգնան էր, որն այլևս չկա, ու արդեն հույս էլ չկա, որ այս տարի կլինի»:

Տիգրանի խոսքով՝ ներքին տուրիզմն էլ ունի խնդիր՝ լիցենզավորումը. «Ամեն տարի խոսվում է, որ պետք է լիցենզավորում մտցվի, որ ամեն պարապ մնացած մարդ չզբաղվի տուրիզմով, ու չի արվում: Մանավանդ հիմա, երբ սահմանները փակ են, այնպիսի մարդիկ են սկսել տուրիզմով զբաղվել, որ իսկի շանդ չես վստահի՝ տանեն ման տալու»:

«Նորմերը պահելու շնորհիվ չենք կարողանում գին իջեցնել և մրցել «գրդոնչիների» հետ»

Ներքին զբոսաշրջությամբ զբաղվող հայկական ամենախոշոր տուրիստական ընկերություններից մեկի՝ Beauty of Armenia Tour-ի հիմնադիր Վահե Շահվերդյանն ասում է, որ հարմարվել են նոր պայմաններին, պահպանում են բոլոր անհրաժեշտ նորմերը՝ տուրից առաջ ախտահանում են մեքենաները, օգտագործում են բոլոր միջոցները, կրում դիմակներ և ձեռնոցներ. «Նույնիսկ ցանկության դեպքում մեզ մոտ հնարավոր չէ խախտում գտնել»:

Բայց շուկայում կան անպատասխանատու ընկերություններ և անհատներ, որոնք չեն պահում ոչ մի կանոն, և դրա հաշվին ավելի էժանով են ծառայություն մատուցում, զգուշացնում է Վահեն:

Վերելք Խուստուփ լեռ, լուսանկարը՝ Սիփան Գրիգ

«Լիքը փինաչիներ են լցվել շուկա, որ իրենց տներից տուրիստականների ֆեյք էջեր են բացում և ինքնարժեքից ցածր գներով տուրեր առաջարկում՝ առանց նորմերի պահպանման: Մարդիկ էլ գնում են էժանի հետևից: Իսկ մենք նորմերը պահելու շնորհիվ չենք կարողանում գին իջեցնել և մրցել այդ «գրդոնչիների» հետ: Ո՛չ արժեքն ենք կարողանում գցել, ո՛չ որակը», - ասում է տուրիստականի հիմնադիրը:

Վահեն նշում է՝ այնուամենայնիվ, շարժը դեռ մեծ չէ. մարդկանց մի մասը դեռ վախենում է տուրերի մասնակցել, մյուսներն էլ գումար չունեն այս պայմաններում:

«Դեմպինգի խնդիր կա շուկայում»

ArmLand զբոսաշրջային ակումբի հիմնադիր, «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» անդամ Արտյոմ Մարտիրոսյանն ասում է՝ արշավների պայմանները գրեթե նույնն են մնացել, միայն քանակն են ավելացրել՝ շաբաթական 2-3 անգամ են կազմակերպում, քանի որ պահանջարկն է մեծացել:

«Կանոնները պահպանում ենք, ախտահանում ենք ձեռքերը, դիմակներ ենք կրում», - ասում է Արտյոմը:

Նշում է՝ մրցակցությունը մեծացել է, քանի որ արտերկրից եկող զբոսաշրջիկներ չկան, և բոլոր տուրիստականները լծվել են ներքին տուրիզմի և արշավներ կազմակերպելու գործին, ուստի աշխատում են որակը բարձր պահել:

Արտյոմն ասում է, որ շուկայում առկա է արհեստական գնիջեցման խնդիրը. «Դեմպինգի խնդիր կա շուկայում: Արշավների մասով դեռ շատ չի նկատվում, բայց դասական տուրերի շուկայում կա այդ խնդիրը: Անտրամաբանական, ինքնարժեքից ցածր գներ են դնում: Հին արշավային ակումբները և մենք չենք փոխել գները, նույն արժեքով ենք աշխատում»:

Բայց հայտնվել են նոր ընկերություններ, որոնք հաճախորդներ ներգրավելու համար չարդարացված ցածր գներով են աշխատում, ասում է ArmLand-ի հիմնադիրը: Ըստ նրա՝ արշավների ոլորտում կարևոր է ոչ թե արժեքը, այլ մատուցվող ծառայության որակն ու անվտանգությունը:

Արտյոմը կարծում է, որ զբոսաշրջության ոլորտում իրավիճակն այժմ լարված է և նյարդային, հատկապես արտագնա և ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունների մոտ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---