Երեխան պետք է իմանա՝ որտեղ են նրա անձնական սահմանները

Երեխան պետք է իմանա՝ որտեղ են նրա անձնական սահմանները

Ինչ են կարծում դպրոցներում սեռակրթության մասին

Հայաստանում վերջերս ակտիվորեն քննարկվում էր Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը մայիսի 11-ին վավերացրել էր Ազգային ժողովը:

PanARMENIAN.Net - Լանսարոտեի կոնվենցիա անունով հայտնի այդ միջազգային համաձայնագիրը բազմաթիվ վեճերի, քաղաքական մանիպուլյացիաների, մտահոգությունների և տարաձայնությունների առիթ է դարձել մեր երկրում: Ոմանք կարծում են, թե Հայաստանին վաղուց էր նման կոնվենցիա անհրաժեշտ, սակայն շատերին մտահոգում է, որ «կոնվենցիան ուղղված է ազգային արժեքների դեմ»։

PanARMENIAN.Net ը զրուցել է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ու «Քվանտ» վարժարանի հոգեբան Մարի Ամիրխանյանի և «Արեգնազան» կրթահամալիրի տնօրեն Ծովինար Մնացականյանի հետ՝ պարզելու, թե ինչ դեր ունի սեռակրթությունը երեխայի կյանքում, և ինչ կարող է կամ պետք է անի այդ հարցում դպրոցը:

Մարի Ամիրխանյան. Երեխան պետք է հասկանա՝ որտեղ են սկսվում և ավարտվում նրա անձնական սահմանները

«Երեխաներն ամբողջ աշխարհում հանդիպում են բռնությանը: Ես ունեմ կոլեգաներ, որոնք աշխատել են բռնության ենթարկված երեխաների հետ, հատկապես գյուղերում: Եվ շատ հաճախ երեխաները չգիտեն, չեն հասկանում, թե ինչ է իրենց հետ տեղի ունեցել: Լանսարոտեի կոնվենցիան պաշտպանում է երեխաներին: Ո՞նց կարելի է պաշտպանել երեխային, եթե նա նույնիսկ տեղեկացված չէ: Երեխան պետք է հասկանա՝ որտեղ են սկսվում և ավարտվում նրա անձնական սահմանները:

Տարիքի հետ ինչպես զարգանում է երեխայի սեռականությունը, նույնպես քայլ առ քայլ՝ աստիճանաբար, երեխային պետք է ինֆորմացիա տրվի այն մասին, թե ինչ է իր հետ կատարվում: Ամեն տարիքում կան հստակ թեմաներ, որոնց մասին պետք է խոսել երեխայի հետ: Եվ այդ ամենն իրականում հենց սեռական դաստիարակությունն է: Երբ մենք մեր երեխաների որոշ հարցերին պատասխանում ենք, տալիս ենք նրանց անհրաժեշտ ինֆորմացիա, հետո սուրճի սեղանին հո չենք պատմում, որ մենք մեր երեխաներին սեռապես դաստիարակեցինք, պարզապես տալիս ենք նրանց այն տեղեկատվությունը, որի կարիքը նրանք արդեն ունեն: Իհարկե, ավելի լավ է, որ այդ ինֆորմացիան երեխային տա հենց ընտանիքը՝ նրան հարմար լեզվով: Սակայն կան ընտանիքներ, որտեղ երեխայի հետ չեն խոսում, և, որպես կանոն, բռնության զոհ կարող է դառնալ հենց այդպիսի ընտանիքի երեխան, որտեղ ասում են՝ «հա, լավ, ժամանակը կգա՝ ինքը կիմանա, կյանքը կսովորեցնի»: Կամ բացատրում են այնպիսի տերմիններով, որ ավելի լավ է՝ երեխան չիմանա դա: Իհարկե, այդպես է ոչ թե որովհետև ծնողները երեխայի վատն են ուզում, այլ պարզապես իրենք էլ չգիտեն ճիշտ ձևը»,- նշեց նա:

Ամիրխանյանը վստահ է, որ երեխային պետք է անհրաժեշտ տեղեկատվությունը. «Հարց է ծագում. եթե ծնողը չի տալիս, բա էլ ո՞վ տա: Բողոքի ալիքն այն հարցի շուրջ է, որ երեխային «կարող են պղծել» սխալ ինֆորմացիայով: Այո, ես էլ միանգամայն դեմ եմ, որ 6 տարեկան երեխային բացատրեն՝ ինչ է օրգազմը և ինքնաբավարարումը: Բայց բնականաբար դպրոցական ծրագիրը կազմելու դեպքում ոչ մեկ չի անի նման բան, դա խելամիտ չէ, որովհետև այդ տարիքում երեխան, միևնույն է՝ չի գիտակցի՝ ինչ է դա»:

Ըստ հոգեբանի՝ նախադպրոցական տարիքի երեխան պետք է հստակ իմանա՝ ֆիզիոլոգիապես ինչով են տարբերվում տղայի և աղջկա մարմինները, բացատրել պետք է պարզ, հեքիաթային, տարրական լեզվով: Բացի այդ, երեխան պետք է իմանա՝ որտեղից է նա առաջացել. «Երբ երեխային պատմում են արագիլի, կաղամբի և այլ «տատական-պապական» տարբերակների մասին, նրա մոտ առասպելական մտածողություն է ձևավորվում, և նա սկսում է հավատալ, որ կյանքում կարող են լինել հրաշքներ, իսկ հասուն տարիքում դա արդեն կարող է նևրոզի, կպչուն մտքերի բերել: Երեխան պետք է իմանա, որ մայրիկից է առաջացել, էլի շատ պարզ, բայց հստակ բառերով: Նախադպրոցական տարիքի երեխան նաև պետք է իմանա՝ որն է անձնականը, և որը՝ հասարակականը: Օրինակ, եթե այդ տարիքի երեխային մենք փորձենք բացատրել՝ որն է դաշտանը, նա դա չի հասկանա, այդ ինֆորմացիան նրան նույնիսկ չի էլ «պղծի» որովհետև նա պարզապես չի ընկալի: Դա ուղղակի ավելորդ ինֆորմացիա է: Չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է պետությունը տալ գումար, որպեսզի երեխան ավելորդ ինֆորմացիա ստանա»:

Ըստ հոգեբանի՝ սեռակրթության մասին դպրոցական ծրագիր ունենալն ինքնին լավ միտք է, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ով է կազմելու այն և ով է դասավանդելու, որովհետև ՀՀ կրթական համակարգում կա թե՛ վատ կազմված դասագրքերի խնդիր, թե՛ ոչ կոմպետենտ ուսուցիչների:

Ծովինար Մնացականյան. Երեխաների հետ պետք է խոսել՝ իրենց տարիքին համապատասխան

«Այդ հարցերի մասին երեխաների հետ պետք է խոսել՝ իրենց տարիքին համապատասխան: Օրինակ, առաջին դասարանի երեխաների հետ խոսելիս պետք չէ շատ փորփրել այդ թեմաները, կարելի է հասցնել նրանց կարևոր տեղեկատվությունը հեքիաթների, խաղերի միջոցով», - նշեց դպրոցի տնօրենը:

Նրա խոսքով՝ «Արեգնազանում» որդեգրել են այդ քաղաքականությունը և հաշվի են առնում երեխայի տարիքը, զարգացումը և այլ կարևոր գործոններ: Տնօրենը նշեց, որ երեխաների սեռական դաստիարակությամբ հիմնականում պետք է զբաղվի ծնողը, սակայն դպրոցը ևս կարող է աջակցել:

«Հաշվի առնելով ժամանակակից ծնողների խիստ զբաղվածությունն ու կյանքի ռիթմերը՝ ինչ-որ ձևով դրան (սեռակրթության գործընթացին,- խմբ.) դպրոցն էլ կարող է մասնակցել, ուղղակի պետք է շատ մտածված աշխատանք տարվի», - կարծում է «Արեգնազանի» տնօրենը:

«Մեզ մոտ նման հարցերում մոտեցումն անհատական է: Եթե մեր աշակերտներից որևէ մեկն ինչ-որ խնդիրներ ունի, մենք շատ զգուշորեն ենք մոտենում, մասնագետները հաշվի են առնում բոլոր գործոնները և փորձում են օգնել երեխային դուրս գալ դժվար իրավիճակից», - պատմեց Մնացականյանը:

Նրա խոսքով՝ երեխաների սեռական դաստիարակության հարցում շատ կարևոր է, որ մասնագետները լավը լինեն՝ չվնասելու երեխային, իրենց փորձը չփաթաթելու նրա վզին, պետք է մաքսիմալ օբյեկտիվ լինել:

«Ամեն երեխա իր առաքելությունն ունի, և մենք պետք է թողնենք, որպեսզի հասկանա՝ որն է դա, և իր առջև դրված խնդիրները լուծելով՝ առաջ գնա», - եզրափակեց կրթահամալիրի տնօրենը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---