Ամենածիտ դասերը՝ Coursera-ից

Ամենածիտ դասերը՝ Coursera-ից

Կիթառ նվագելուց մինչև բարօրության գիտություն

Lսարանում մի խումբ մարդկանցով հավաքվելը նոր հմտություններ ձեռք բերելու կամ ստեղծագործ միտք զարգացնելու միակ ձևը չէ։ Դրա համար կա Coursera-ն՝ հիանալի հնարավորություններով, երկրագնդի լավագույն համալսարաններում դասավանդվող ծրագրերով ու այնպիսի մասնագիտացումներով, որոնց մասին շատերս չենք էլ լսել։ Օրինակ՝ Հավերի վարքագիծը և բարօրությունը։ Բայց ինչևէ։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն առանձնացրել է հետաքրքիր ու օգտակար դասեր, որոնց վրա արժե ժամանակ ծախսել, իսկ հետագայում՝ կիրառել։

Կիթառ՝ սկսնակների համար. Բերկլիի երաժշտության քոլեջ

Այո, կիթառ նվագել կարելի է սովորալ օնլայն։ Երաժշտության ամերիկյան դպրոցի տրամադրած դասերը տևում են 6 շաբաթ ու սկսվում ամենասկզբից՝ կիթառի մասերի և լարերի անուններից ու գործիքը լարելուց, և շարունակվում նվագել սովորելով։ Դասընթացի վերջում մասնակիցները կարողանում են նոտաներ կարդալ, պարզ երաժշտական գործեր նվագել, ակորդներ «վերցնել»։

Լավ զգալու կամ բարօրության գիտությունը (The science of wellbeing). Եյլի համալսարան

Դասընթացն իզուր չէ դարձել Եյլի համալսարանի պատմության ամենապոպուլյար կուրսը։ Փորձել ենք, գիտենք։ 10 շաբաթ տևող դասերի իմաստն է օգնել սեփական ուղեղի ծալքերն ավելի լավ ճանաչել՝ Նոբելյան մրցանակներ շահած ու փորձված հետազոտություններով և հոգեբանության ու սոցիոլոգիայի լավագույն ավանդույթներով։ Այն գիտական հիմնավորմամբ, բայցև հանրամատչելի ձևով ցույց է տալիս երջանկության մասին մեր սխալ պատկերացումները, ուղեղի աշխատանքի առանձնահատկությունները, որոնք մեզ ստիպում են այս կամ այն կերպ մտածել, սովորեցնում՝ ինչպես կարելի է ավելի պրոդուկտիվ լինել, ինչու ենք մենք սխալ բաներ ուզում ու ինչպես ճիշտն ուզել։

Գրաֆիկ դիզայն (CalArts). Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ

Գրաֆիկ դիզայնն ամենուր է․ կապում ենք արվեստն ու տեխնոլոգիաները՝ ասելիքն է՛լ ավելի արագ տեղ հասցնելու համար։ Սկսնակների համար նախատեսված կուրսը 4 շաբաթ է տևում, որի ընթացքում մասնակիցները սովորում են աշխատել գույնի ու ձևի հետ, ծանոթանում տիպոգրաֆիկայի, կոմպոզիցիայի ու վիզուալ կոնտրաստի սկզբունքներին։

Ծրագրավորման ներածություն` JavaScript, HTML, CSS. Դյուկի համալսարան

Վեբ ծրագրավորման անթիվ լեզուներ ու ծրագրեր կան, և կարճ ուսումնասիրությունը կօգնի հասկանալ՝ որն է ձեզ համար ամենալավը։ Իսկ մինչ այդ՝ Դյուկի համալսարանն ունի դասընթաց, որը սովորեցնում է բազային վեբ ծրագրավորում՝ HTML-ի, CSS-ի, JavaScript-ի գործածությամբ։ Բացի այս կուրսից, նույն հաստատությունում կան Java ծրագրավորման և ծրագրային ապահովման այլ դասընթացներ ևս։

Բրենդի կառավարում. Լոնդոնի բիզնես դպրոց

Լոնդոնի բիզնես դպրոցն ամբողջովին նոր անկյունից է նայում բրենդի կառավարմանը։ Դասընթացի նպատակն է փոխել բրենդի ընկալումը` որպես ուղղակի կազմակերպության ինքնություն (օրինակ՝ լոգոն) և իմիջ (հաճախորդների ասոցիացիան ապրանքանիշերից), և այն ներկայացնել որպես հաճախորդների փորձի կարևոր մաս։ Մասնակիցները կսովորեն ստեղծել բրենդ՝ կազմակերպչական լայն տեսանկյունից, զարգացնել բրենդը մշակույթների և լայն աշխարհագրության մեջ, հասկանալ՝ որքանով է բրենդը կենսունակ։

Սննդի և առողջության ներածություն. Սթենֆորդի համալսարան

Սթենֆորդի համալսարանում առողջ սնվելու խթանման նորարարական ռազմավարություն են մշակել ու այն հասանելի դարձրել միլիոնավոր մարդկանց։ Եվ քանի որ աշխարհում նկատվում է սննդակարգով պայմանավորված առողջական խնդիրների աճ, հինգշաբաթյա կուրսը ոչ թե տեսական, այլ պրակտիկ գիտելիք կտա ճիշտ սննդակարգի ու տանը պատրաստելու կարևորության մասին։

Մարքեթինգը՝ թվային աշխարհում. Իլինոյսի համալսարան

Այս դասընթացն ուսումնասիրում է, թե ինչպես են թվային գործիքները, ինչպես, ասենք՝ ինտերնետը, սմարթֆոններն ու 3D տպագրությունը հեղափոխում մարքեթինգի աշխարհը, փոխում ընկերությունների ու հաճախորդների դերերը։ Սա հարթակի ամենահայտնի դասընթացներից է, որը ցույց է տալիս, թե ինչպես են նոր թվային գործիքները հնարավորություն տալիս հաճախորդներին ավելի ակտիվ դերակատարություն ունենալ արտադրանքի մշակման և տարածման, ինչպես նաև իրենց իսկ կողմից գնվող ապրանքի գնագոյացման ռազմավարության մեջ:

Գրելու արվեստը. Ուեսլեյան համալսարան

Գիրք գրելու մասին երազողները հաճախ գաղափար անգամ չունեն՝ որտեղից սկսել։ Ուեսլեյան համալսարանի կուրսերի շարքն առաջարկում է թարմ տեխնիկաներ՝ գրավիչ պատմություններ ստեղծելու համար, սովորեցնում, թե ինչպես է սյուժեն ամեն ինչ շարժման մեջ պահում, ինչպես կարելի է բարդ, վառ և անմոռանալի կերպարներ ստեղծել, և գտնել սեփական ձայնը:

Նորաձևությունը՝ որպես դիզայն. MoMA (Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք)

Երբ հագուստ ենք կրում, անխուսափելիորեն փոխում ենք մարմնի ձևն ու կազմվածքը։ Դիզայնի բոլոր դրսևորումների մեջ հագուստն ամենաունիվերսալն է։ Դասընթացն ուսումնասիրում է աշխարհի ավելի քան 70 հագուստի տեսակ և աքսեսուար՝ սկսած աֆրիկյան կտորեղենից մինչև ջինս և 3D տպագրված զգեստներ: Դիզայներներ, հագուստի մոդելավորողներ ու պատմաբաններ, ինչպես նաև մարդիկ, ովքեր ամեն օր աշխատում են հագուստի հետ, կծանոթացնեն յուրաքանչյուր հագուստի պատմությանը և զարգացմանը, ու ժամանակի ընթացքում դրանց փոփոխվող գործածությանը, նշանակությանը և ազդեցությանը:

Սերը՝ որպես սոցիալական արդարության ուժ. Սթենֆորդի համալսարան

Լավն է, չէ՞։ Դասընթացն ուսումնասիրում է կարեկցանքն ու բարությունը՝ որպես սոցիալական արդարության ուժ: Վեցշաբաթյա կուրսի ընթացքում կքննարկվեն սիրո սահմանումն ու տեսակները, ոչ բռնի հաղորդակցությունը, սերը և ուղեղի կենսաբանությունը, սերը՝ որպես կրոնական և բարոյական համոզմունքների հիմնական հայեցակարգ, և սիրո պոետիկ արտահայտությունը՝ որպես սոցիալական ուժ:

Աստղահնագիտություն. Միլանի պոլիտեխնիկական համալսարան

«Աստղերի ու քարերի գիտությունը» ճարտարապետության, հնագիտության և աստղագիտության խառնուրդն է։ Այն ուսումնասիրում է հնագույն հուշարձանների և երկնքի միջև եղած հարաբերությունները՝ ավելի լավ պատկերացում կազմելու անցյալի ճարտարապետների և նրանց կրոնական ու խորհրդանշական գաղափարների մասին: Դասընթացի ընթացքում մասնակիցներն «այցելում են» հնագիտության կարևորագույն վայրեր, ինչպիսիք են Սթոունհենջը՝ Անգլիայում, Գիզան ու Կառնակը՝ Եգիպտոսում, Չիչեն Իցան՝ Յուկատանում, Մակչու Պիկչուն՝ Պերուում, և Պանթեոնը՝ Հռոմում:

Լեզուների ներածություն

Լեզու սովորելը միշտ է ակտուալ։ ներածական կուրսերից կա կորեերեն՝ Յոնսեի համալսարանում, չինարեն՝ Պեկինի համալսարանում, ճապոներեն՝ Պետերբուրգի համալսարանում, իսպաներեն՝ Կալիֆոռնիայի համալսարանում։

Հ․Գ․ Coursera-ի դասընթացների հոծ մեծամասնությունն անգլերեն են, սակայն վիդեո նյութերը չհասկանալու դեպքում միշտ կան ենթագրեր՝ հաճախ նաև ռուսերենով։

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---