Եվա Մեձորյան. Ադրբեջանցիները, որոնք հրկիզում էին մեր տները և սպանում խաղաղ բնակիչներին, ԱՄՆ-ում մեզ էին ահաբեկիչներ անվանում

Ղարաբաղի ազատագրական պայքարի տարիներին Եվա Մեձորյանը պատերազմի մասին պատմող մի քանի փաստագրական ֆիլմ է պատրաստել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988-ին: Ի պատասխան Ղարաբաղի հայերի խաղաղ պահանջների, որոնք կազմում էին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80 տոկոսը, Ադրբեջանն ագրեսիա հրահրեց խաղաղ բնակչության նկատմամբ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ Պաշտպանության բանակը ստեղծեց նաև անվտանգության գոտի ԼՂՀ շուրջ, որը ներառում էր 7 շրջաններ: Սակայն այդ ժամանակ հակամարտության գոտուց դուրս ընթանում էր այլ պատերազմ` գաղափարական:

PanARMENIAN.Net - «Ադրբեջանցիները, որոնք հրկիզում էին մեր տները և սպանում խաղաղ բնակիչներին, ԱՄՆ-ում մեզ էին ահաբեկիչներ անվանում`բոլոր անկյուններից աղաղակելով ամերիկացիների ականջի համար սովորական դարձած «Armenian Terrorists» արտահայտությունը»,- պատմում է այդ դեպքերի ականատես, հայազգի ամերիկյան երգչուհի, The Jack and Eva Medzorian Foundation բարեգործական հիմնադրամի ղեկավար Եվա Մեձորյանը: Ղարաբաղյան պատերազմի տարիներին այս կինը որոշել է արդարություն հաստատել. «Ես փնտրում էի պատերազմի մասին պատմող փաստագրական ֆիլմեր, սակայն չգտա դրանք»: Այդ ժամանակ նա ինքն է որոշել ստեղծել պատերազմի իրական դեպքերը ցույց տվող փաստագրական ֆիլմ, հավաքել է թիմ և մեկնել Հայաստան:

«1990-1992թթ. ծայահեղ ծանր ժամանակներ էին Հայաստանի համար: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տեղի էին ունենում սարսափելի իրադարձություններ, իսկ աշխարհը նույնիսկ չգիտեր այդ մասին: Ես եղել եմ Գորիսում, Գետաշենում, հանդիպել եմ կամավորական զինվորների և սպաների հետ ու երկու ֆիլմերի համար նյութ եմ հավաքել»,- պատմեց Եվա Մեձորյանն ու ավելացրեց. «Ես սարսափելի բաներ եմ տեսել, և ավելի ահավոր մանրամասներ եմ իմացել ականատեսների պատմություններից և ադրբեջանցիների վայրագությունների զոհերից: Սկզբից մարդիկ չեն ցանկանում պատմել այն փորձությունների մասին, որոնց միջով անցել էին: Նրանք անհանգստանում էին իմ հոգեվիճակի համար: Սակայն ես ասացի նրանց, որ իմ ծնողները փրկվել են Հայոց ցեղասպանությունից և ես գիտեմ այդ հրեշավոր իրադարձությունների մանրամասները, ուստի ինձ ոչնչով չի կարելի վախեցնել: Բայց շուտով հասկացա. այն, ինչ ապրել են այդ մարդիկ, ևս մի ցեղասպանություն է եղել, և ադրբեջանցիները կիրառել են նույն մեթոդները, ինչ տասնյակ տարիներ առաջ թուրքերը` կեղեքելով հայ բնակչությանը»:

Եվա Մեձորյանը ճիշտ էր. ֆիլմում կան կադրեր, որոնք իրոք կարող են խաթարել մարդու հոգեկան աշխարհը. «Բայց ես իմ մեջ ուժ գտա, որպեսզի հավաքեմ այդ նյութերը և բացեմ մարդկանց աչքերը, որոնք հայերին ահաբեկիչներ էին կարծում: Միևնույն ժամանակ ես խոստացել եմ այդ մարդկանց, ելնելով էթիկական նկատառումներից, երբեք ցույց չտալ այդ ֆիլմերը Հայաստանում. պատմությունները շատ անձնական էին»:

Նա պատմեց նաև, որ այդ թեմայով զրուցել է պրոֆեսորներ Գրեգորի Ադամյանի, Դենիս Փափազյանի հետ, և այդ զրույցները ևս երկու ֆիլմերի հիմք են դարձել: Սակայն, դրանով պայքարը չի ավարտվել. «Ինձ մեծ դժվարությամբ հաջողվեց կազմակերպել ֆիլմերի ցուցադրումն ԱՄՆ-ում: Մարդիկ դիտավորյալ չէին ցանկանում տեսնել այն, ինչ տեղի էր ունենում իրենց աչքի առաջ: Սակայն ես հասա իմ ուզածին. իմ ֆիլմերը դիտեցին ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները: Նրանք իրենց աչքերով տեսան այն, ինչ տեղի էր ունեցել մեր երկրում»:

Դա փոքր հաղթանակ էր կնոջ համար, որը պայքարում է ճշմարտության համար, այն ամենի օբյեկտիվ պատկերացման համար, ինչը տեղի է ունեցել հայերի հետ: Այդ մասին պատմում են նրա «Ճգնաժամը Հայաստանում», «Ղարաբաղի վկան», ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղ. Մարդու իրավունքների որոնումներում» և «Հայաստանի կենաց պայքարը: Փախստականներ» ֆիլմերը:

«Ես կարծում էի, որ այն բանից հետո, երբ մարդիկ կտեսնեն հայկական հողում իշխող ողջ սարսափը, ինչ-որ բան կփոխվի նրանց գիտակցության և վարքի մեջ: Սակայն դրա փոխարեն ԱՄՆ կառավարությունն ուղղակի շնորհակալություն ասաց ինձ կատարած աշխատանքի համար և փորձեց հնարավորինս շուտ մոռանալ այդ մասին»,- ասել է Եվա Մեձորյանը:

Մանե Ամիրջանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---