Ղարաբաղյան պատերազմ. հայրենասերի պատմություն

Ղարաբաղյան պատերազմ. հայրենասերի պատմություն

Չկա ավելի լավ բան, քան կարողանալ թշնամուն համոզել, որ մարտի դաշտում կարելի է պահպանել մարդկային արժեքները

1988 թվականի սումգայիթյան ջարդերը ցնցեցին ողջ հայությանը: Այդ վայրագությունների արդյունքում զոհվեցին տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը ողջակիզվեց ծեծի ու տանջանքների ենթարկվելուց հետո, իսկ հարյուրավոր հայեր վիրավորվեցին, նրանցից շատերը հաշմանդամ դարձան: Կողոպտվեցին ավելի քան երկու հարյուր բնակարաններ, այրվեցին ու ոչնչացվեցին տասնյակ ավտոմեքենաներ, արհեստանոցներ, խանութներ, կրպակներ և հասարակական նշանակության այլ օբյեկտներ: Բացի դրանից, անօթևան մնացին հազարավոր փախստականներ, որոնք մինչ օրս էլ տուն չունեն: Այդ տարին փոխեց շատերի կյանքը, այդ թվում` 27-ամյա Մանվել Եղիազարյանի կյանքը, ում մեջ սումգայիթյան դեպքերից հետո «կոտրվեց» ամենակարևորը` խաղաղության ու արդարության հանդեպ հավատը:

PanARMENIAN.Net - Բայց, չնայած դրան, 1988թ. ղարաբաղյան շարժումը նրան ստիպեց առավել մեծ հավատով պայքարել խաղաղության համար` հանուն հայ ժողովրդի հաղթանակի: Սա ազատամարտիկ, «Արաբո» լեգենդար ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի պատմությունն է, սա մի հայրենասերի պատմություն է…

«Ես միշտ ազատամարտիկներին այլ կերպ եմ պատկերացրել. նրանք պետք է լինեին իսկական մարտիկներ: Զինվորները շարք են կանգնում, ձգված են և միշտ լսում են իրենց հրամանատարին: Իսկ հրամանատարն իր հերթին պետք է ապավեն լինի զինվորի համար, սպառնալիքի դեպքում պատրաստ լինի հարվածն իր վրա վերցնել, բայց պաշտպանել նրանց կյանքը: Ցավոք, ես դա չէի տեսնում հայոց ազգային բանակում, մարդիկ կամավոր էին գնում բանակ, մորուք էին պահում` փորձելով վախ ներշնչել արդեն իրենց արտաքինով»,- ժպիտով նկատում է Եղիազարյանը, ում` մարտիկի մասին ճիշտ պատկերացումն էլ սկիզբ դրեց «Արաբո» լեգենդար ջոկատին, երբ 1989 թվականին Մանվելն իր համախոհների ու ընկերների հետ մեկնեց Ղարաբաղ, որպեսզի պաշտպանի իր տունը, իր երկիրը:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հիշելով պատերազմի տարիները, Եղիազարյանը վերադառնում է անցյալ`Խաչիկ գյուղը, այն ժամանակ, երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, և թվում է` նրա մշուշոտ հայացքի առջև լողում են անցյալի իրադարձությունները` ավերված տներ, այրված դաշտեր… և ընկերներ, ում հետ նա երկար ճանապարհ պետք է անցներ: «Երևի, պատերազմի տարիների ամենալավ օրն այն էր, երբ մենք գերիներ վերցրեցինք ու բերեցինք Ստեփանակերտ: Նրանց թվում մի ադրբեջանցի երեխա կար երեք տարեկան: Այն ժամանակ մենք բոլորս մրսած էինք, այդ երեխան էլ էր հիվանդացել: Նա այնպես էր հազում, որ թվում էր` նրա թոքերը հիմա կպայթեն: Ես ինձ անհարմար զգացի ու դեղս նրա մորը տվեցի: Երկու օր անց երեխան ապաքինվեց, և նրա մայրը, շնորհակալություն հայտնելով ինձ, ասաց. «Աստված օրհնի քո երեխաներին»: Չկա ավելի լավ բան, քան կարողանալ թշնամուն համոզել, որ մարտի դաշտում կարելի է պահպանել մարդկային արժեքները»,- ժպիտով նշում է Եղիազարյանը: Մինչ օրս, երբ նրան հաջողվում է խուսափել դժբախտությունից, նա դա վերագրում է այն երեխայի մոր օրհնությանը:

Բայց պատերազմը խորը սպի թողեց Մանվելի հոգում, երբ 1992թ. ամռանը «Արաբո» ջոկատի անդամներն անհայտ կորան: «Երևի, այդ օրը ես մեղադրում էի բոլորին, ում կարող էի: Հարցը նրանում չէ, որ նրանք զոհվեցին. մենք գիտեինք, թե ինչ քայլի ենք գնում և պատրաստ էինք մահվան: Մահից կարելի է վախենալ, բայց չի կարելի սարսափել անխուսափելիից: Տղերքի մահը շատ անսպասելի էր: Այն գիտակցությունը, որ մենք հնարավորություն ունեինք, բայց չկարողացանք փրկել նրանց, անտանելի ցավ է պատճառում»,- ասում է նա: Չնայած բոլոր կորուստներին և պատերազմի դառնությանը, Մանվելը վրեժ լուծելու ցանկություն չունի: Նա ասում է. «Ես ադրբեջանական ժողովրդի դեմ չէի պատերազմում, այլ ընդամենը պաշտպանում էի իմ տունը»:

Անգամ հիշելով Լաչինի շրջափակման մեկ ամիսը` նա ժպտում է. «Դա, երևի, այն հազվադեպ օրերից էր, երբ ես որոշեցի գոնե մի ժամ քնել, բայց ինձ արթնացրին ու ասացին, որ Լաչինը հանձնվել է: Ես սկզբում չհասկացա, թե ինչ է կատարվում և սկսեցի ծիծաղել, բայց երբ գիտակցեցի, որ հակառակորդը Լաչին է մտել… Դա շատ երկար պատմություն է, որն անհնար է երկու բառով պատմել, կարևորն այն է, որ մենք դիմացանք ու չհանձնվեցինք»,- ասում է Եղիազարյանը:

Շարունակվող շրջափակման պայմաններում Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որը կապում է Ղարաբաղը Հայաստանի հետ, իսկ նրա միջոցով` արտաքին աշխարհի հետ:

Այսօր Մանվելը համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ և, ամենակարևորը, անում է ամեն ինչ, որպեսզի պահպանի պատրաստվածությունը: Արդյո՞ք Եղիազարյանը կամավոր կմեկնի ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Այդ հարցին Մանվելը պատասխանեց իսկական առաջնորդի պես. «Հասկացեք, պատերազմի վերսկսման դեպքում ես չեմ կարող չգնալ: Իսկ եթե ես գնամ, շատերը կհետևեն իմ օրինակին: Հարցը համարձակության կամ հայրենասիրության մեջ չէ, մարդուն միշտ էլ կարելի է համոզել: Եթե ես ցանկանամ, մեկ ժամ անց դուք կհագնեք համազգեստն ու կհետևեք ինձ»:

Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---