10  Գամփռ. Զտարյուն հայկական շուն
Հայաստանի նոր բրենդը. Գամփռ

Հայաստանի նոր բրենդը. Գամփռ

Կինոլոգ. «Դեռ Մովսես Խորենացին է գրել գամփռի մասին` մեծ գլխով, խորը հայացքով, սև մռութով...»

2011 թվականի ապրիլի 27-ին Կինոլոգների միջազգային միությունը շան գամփռ ցեղատեսակը ճանաչել է հայկական՝ «Հայկական գելխեղդ՝ Գամփռ»։ Հայաստանի կինոլոգների միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի կարծիքով, որը մեծ ավանդ ունի այս հարցում, գամփռը հայկական ցեղատեսակ ճանաչելը մեր ազգի հաղթանակն է, և պետք է անել հնարավորը՝ գամփռը կոնյակի ու ծիրանի նման Հայաստանի բրենդը դարձնելու համար։

PanARMENIAN.Net - «Սա քաղաքական հաղթանակ է, քանի որ դեռևս 1989 թվականին Թուրքիան գրանցել է շանը որպես «Անատոլիական կարաբաշ»` սև մռութ: Նույնը կատարվել է նաև Վանա կատվի հետ: Եվ հիմա մենք հասանք նրան, որ գամփռը ճանաչվի հայկական ցեղատեսակ։ Սա ոչ թե շուն է, այլ՝ բրենդ»,- ասաց նա՝ հավելելով, որ «գամփռ» նշանակում է աժդահա:

Սակայն Ռուսաստանի կինոլոգների միության նախագահ Վլադիմիր Ուրաժևսկին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Անատոլիական կարաբաշն ու Հայկական գամփռը նույն շունը չեն, և կան էական տարբերություններ:

«Ես եղել եմ ձեր մոտ, տեսել եմ ձեր շներին, դրանք լրիվ այլ տիպի են ու Անատոլիական Կարաբաշ չեն: Ձեր շներն այլ քաշի են, այլ կառուցվածք ունեն, այլ գլխի ձև»,- ասաց Վլադիմիր Ուրաժևսկին:

Սրան ի պատասխան Վիոլետա Գաբրիելյանը նշեց, որ իրականում նույն շունն են, սակայն տարբերությունը չափորոշիչների մեջ է` մենք կտրում ենք շան ականջները, թուրքերը` ոչ, մենք ընդունում ենք գրեթե բոլոր գունավորումները, թուրքերը` միայն բաց մոխրագույնը, և այլն:

Վերադառնանք գամփռին: Այն ներառված է նույն՝ «Աշխատավոր շների» անվանակարգում այնպիսի ցեղատեսակների հետ, ինչպիսիք են ռոտվեյլերը, դոբերմանը, գերմանական բոքսյորը, գերմանական դոգը, սենբերնարը, ամերիկյան բուլդոգը և այլն։

Վիոլետա Գաբրիելյանը նշեց, որ սա հին հայկական ցեղատեսակ է՝ աշխարհի ամենահին գելխեղդը, և ոչ ոք չգիտի, թե երբ են առաջացել, քանի որ այն արհեստականորեն չի ստեղծվել. «Դեռ Մովսես Խորենացին է գրել գամփռի մասին` մեծ գլխով, խորը հայացքով, սև մռութով...»։

Սակայն սա միակ դեպքը չէ, երբ հանդիպում ենք գամփռին հայ պատմիչների գործերում կամ գրականության մեջ։ Վառ օրնակ է «Զանգի Զրանգի» ժողովրդական հեքիաթը (Ղազարոս Աղայանի մշակմամբ), Հովհաննես Թումանյանի «Շունը» և այլն։ Ի տարբերություն ժամանակակից շների այլ ցեղատեսակների, գամփռի արտաքին տեսքը՝ ձևը, չափը, գույնը, կարող է միօրինակ չլինել, այլ տարբերվել ըստ շրջանների։ Գամփռի մնդավի բարձրությունը պետք է առնվազն լինի՝ որձերինը՝ 65սմ, էգերինը՝ 62սմ։ Քաշը պետք է լինի համապատասխան շան ընդհանուր չափերին, սովորաբար սկսած 45-50կգ-ից, միջինը՝ 60կգ։

Գամփռները խոշոր չափի շներ են, մկանոտ, ամուր ոսկորներով, հզոր գլխով, կրկնակի բրդով, համաչափ զարգացած մարմնով։ Մարմնի ձևը երկարավուն է։ Չնայած խոշոր չափերին՝ շունը չի թողնում ծանր շան տպավորություն։ Շարժումները թեթև են, համաչափ և սլացիկ։ Բարձր լեռնային գոտիներում հիմնականում գերակշռում են խոշոր, երկարամազ շները, տափաստանային դաշտերում ավելի թեթև ոսկրային կառուցվածքով կարճամազ գամփռներ։

Կոշտ մազերը պաշտպանում են ցրտից, շոգից, քարերից, մացառներից, հակառակորդի ատամներից ու այլ արտաքին վտանգներից։ Մորթու տարբեր գունավորումը հնարավորություն է տալիս ձուլվել տարբեր բնապատկերների։ Գամփռին բնորոշ են հզոր ծնոտները։ Գլխի ընդհանուր երկարության 60%-ը կազմում է գանգամասը, իսկ մռութը՝ 40%-ը։ Ատամները սպիտակ են, ուժեղ, լավ զարգացած, խիտ դասավորված։ Կենտրոնները դասավորված են մի գծի վրա, մկրատաձև։ Վիզը՝ հզոր, ամուր, մկանոտ, միջին թեքության և երկարության։ Իրանն ունի երկարավուն ձև, ինդեքսը՝ 108-110%։ Երկարավունությունը ձևավորվում է կրծքավանդակի հաշվին և ոչ թե գոտկատեղի։

Առջևի ոտքերը՝ առջևից դիտելիս ուղիղ են և զուգահեռ։ Թիակները երկար, թեք դրված։ Ուսի միացման մոտից թիակի և բազուկի անկյունը 108-110 աստիճան է։ Նախաբազուկները ուղիղ, հզոր, զուգահեռ դրված։ Նախադաստակներն երկար, կողքից նայելիս՝ թեք դրված։

Թաթերը կլոր են, ամուր, հավաքված, առաձգական և փափուկ բարձիկներով։ Սովորաբար դեմքի, ականջների ու առջևի ոտքերի մազածածկը կարճ է։ Կրկնակի բուրդ ունի, նախաբուրդը պետք է լինի լավ զարգացած, որպեսզի շանը պաշտպանի տարբեր կլիմայական պայմաններում։

Շան գույնը կարող է լինել ամենատարբեր, սակայն շագանակագույն և պտավոր գունավորումը ցանկալի չէ։ Ժայռապատկերների վկայությամբ հայկական հոտապահ «գամփռ» շունը իբրև հոտապահ շան առանձին ցեղ ձևավորվել է մոտավորապես մ.թ.ա. առաջին հազարամյակում, այսինքն մեզանից մոտավորապես երեք հազար տարի առաջ: Այդ բանը հաստատում են նաև հնագիտական պեղումները։

Կենսաբանական գիտությունների դոկտոր, հնեակենդանաբան- Նինա Մանասերյանը PanARMENIAN. Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շների ոսկրային մնացորդներ հանդիպում են նեոլիթյան դարաշրջանից. «Մեր հավաքածուներում պահվում են շների գանգեր, որոնք հայտնաբերվել են մ.թ.ա. 4-3 հազարամյակների բնակավայրերից՝Շենգավիթ, Մոխրաբլուր և այլն»։

Բոլորովին վերջերս, մեծ հավանականությամբ վաղ բրոնզե դարի պատկանող Ներքին Նավեր դամբարանի պեղումներից, ևս հայտնաբերվել են շների ոսկորներ (պեղումների ղեկավար՝ Հակոբ Սիմոնյան)։

Նինա Մանասերյանը նշեց, որ իրենց հավաքածուներում ունեն Հայաստանի տարբեր շրջանների պեղումներից հայտնաբերված շների գանգեր, սակայն հստակ որոշել թե ինչ ցեղատեսակի շների են պատկանում այդ գանգերը դեռևս անհնար է. «Գանգի բացարձակ չափսերը` երկարություն, լայնք, շատ նման են ու անհնար է դրանով տարբերակել»։

Հնեակենդանաբանը հավելեց, որ հայտնաբերված ժայռապատկերներն այնուամենայնիվ տեղիք են տալիս մտածելու, որ մեր տարածաշրջանում շների մի քանի ցեղատեսակ է ապրել. «Հայտնաբերված բրոնզե և երկաթի դարաշրջանների կենդանակերպ արձանիկների թվում բազմաթիվ են շների և գայլերի արձանիկները: Դրանք կավից պատրաստված արձանիկներ են, որոնք դասվում են վաղ բրոնզի դարաշրջանին, Նավուրում և Նոր Բայազեթում հայտնաբերված բրոնզե արձանիկները, մեծաթիվ արձանիկներ, որ հայտնաբերվել են Այրումի համալիրում և դասվում են երկաթի դարաշրջանին՝ բոլոր արձանիկների գլուխը խոշոր է, երախը բաց, տեսանելի են սարսափազդու ատամները»:

Իսկ ինչպիսի՞ն են այսօրվա գամփռերը։ Կինոլոգ Վիոլետա Գաբրիելյանը նշում է, որ նրանք ունեն կայուն հոգեբանություն. «Մեր գամփռը աշխատող շուն է: Դրա մեջ մտնում է` պահակ, հովիվ, մարտիկ, որսորդ… Նա կարող է սարերում ժամերով պառկել, եթե աշխատանք չկա, բայց բավական է մի փոքրիկ վտանգ, որ կոբրայի նման թռնի։ Շատ նվիրված է տիրոջն ու նրա ընտանիքին, ունեցվածքին, բարյացակամ է մարդու նկատմամբ ու ամենակարևորը՝ կանխատեսելի է»։

Էկոլոգ, անտառագետ Վահան Մխիթարյանը երկար տարիներ գամփռ է բուծում։ Այժմ նա ունի 8 գամփռ և 10 գամփռիկ։

«Գամփռը ներդաշնակ է բնության մեջ: Նրանց առանձնահատկություններից մեկն այն է, որ գայլի վրա միայն հայկական գամփռներն են հարձակվում: Մյուս շները, անկախ մեծությունից, գայլի հետ չեն կռվում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահան Մխիթարյանը՝ հավելելով, որ գամփռը, որպես աբորիգեն տեսակ, համարվում է շների նախատիպը:

Նա նշեց, որ գամփռները զարմանալիորեն հարմարվող են և անգամ գայլի հետ են խաչասերվում: Մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ դաշտում կամ անտառում քայլելիս երբեք տիրոջ կողքով չեն քայլում, այլ ավելի մեծ շառավիղով ստուգում են տարածքը։ Դաշտում նստում են ամենաբարձր տեղում, իսկ գայլ կամ այլ շուն տեսնելիս՝ առանց հաչելու հարձակվում։

«Շատ նվիրված է երեխաներին, սիրում է նրանց, տան անդամներին։ Մարդասեր է, երբեք չի հարձակվում, չի կծում։ Կարող է հարձակվել մարդկանց վրա միայն իր տարածքը պաշտպանելու համար»,- նշեց էկոլոգն ու հավելեց, որ առանձնանում է անգամ գամփռների ոսկորների կառուցվածքը. «Ոսկորները՝ հատկապես ոտքերի ոսկորները չոր են, ոչ ուռուցիկ ու մկանոտ, չափից դուրս արագաշարժ են ու ճարպիկ»։ Գամփռների մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ շատ քիչ են ուտում։ Օրինակ՝ 3 անգամ ավելի քիչ քան գերմանական հովվաշունը։

Գամփռները կարող են միանգամից 10 և ավելի ձագ ունենալ: Այժմ Հայաստանում կա 2000 գամփռից ավելի, սակայն դրանք չեն արտահանվում: Իրենք բուծողները նշում են, որ վաճառում են միայն բուծարանի ու շների ծախսերը հոգալու համար, և ոչ թե շահույթ ստանալու:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---