21  26.04.13 - Սերժ Ավեդիքյանի բեմադրած «Անուշ» օպերա
Սերժ Ավեդիքյանն ու «Անուշի» ուրիշ կողմը

Սերժ Ավեդիքյանն ու «Անուշի» ուրիշ կողմը

«Անուշի» պրեմիերայից առաջ առաջարկում ենք բեմադրության հեղինակ Սերժ Ավեդիքյանից իմանալ «Անուշի»` բոլորի համար փակ կողմը

Իմ ամենամեծ աշխատանքը նրանց բոլորին ներքին ազատություն սովորեցնելն է: Իրենք սովոր չեն: Այստեղ դպրոցը սովորեցրել է, որ պետք է հրամայել, թելադրել և իրենք կատարեն դա: Իսկ ես այդպես չեմ աշխատում:

PanARMENIAN.Net - Սունդուկյանի մեկ մութ, մեկ լուսավոր միջանցքներում վերջապես հետնաբեմի դուռը գտնվում է: Մեծ ու սև վարագույրներ, հսկայական դեկորներ, ինչ-որ մեխանիզմների երկաթե մասեր ու մարդկանց ձայներն ավելի բարձր են լսվում: Երկու քայլ էլ` սև վարագույրների հետևից հայտնվում է սպիտակ բեմը: Ի դեպ արդեն բացահայտվում են «Անուշի» անակնկալները, իսկ այսպիսի «Անուշ» դուք հաստատ չեք տեսել: Բոլոր «այսպիսիները» մտածած ու որոշած Սերժ Ավեդիքյանի հետ պայմանավորվում ենք փորձից հետո զրուցել ու այնպիսի հարցերի շուրջ, որ մինչ այս ասուլիսների ու հարցազրույցների ժամանակ չեն հնչել:

10 րոպեանոց ընդմիջումից հետո թատրոնի հանդերձարաններում ու միջանցքներում լսելի բարձրախոսով բոլորը բեմ են կանչվում` փորձը սկսելու: «Բեմին հեռախոս, բաժակ չտեսնեմ, խնդրում եմ», - Սերժ Ավեդիքյանը դիմում է բաժակով եկած դերակատարին, որն էլ արդարանում է` «Ցուրտ է, ձայնս…»: «Մենք բոլորս քեզ կսպասենք, դու գնա, հանգիստ խմիր, նոր արի»,- պատասխանում է բեմադրիչը:

Դերակատարը էլի մի քանի արդարացումներից ու բողոքներից հետո բաժակը մի կողմ է դնում, Սերժ Ավեդիքյանը փորձը սկսում է. «Քսվելով, դիպչելով, զգույշ եղեք, տղերք ջան», «Երբ Սարոյին բերում եք, Մոսիին մի փակեք, բացեք: Միայն սա էր խնդիրը: Հիմա մնաց միացնել», «Սոնան, Նիկոլան ու ես բեմի վրա չենք լինելու, սովորեք առանց մեզ: Սկսեք լսել իրար»…

Այսպես ամեն կեսօրից մինչև երեկո, իսկ այսօր նաև ուշ երեկո` փորձից հետո բոլորը գնում են հագուստները փորձելու. դրանք արդեն պատրաստ են: Տարազային չեն, բայց ունեն գծեր, որոնք մոտ են հին հայկական տարազին, հիշեցնում են այն. կաշվից են, օրգանզայից: Գույները ձուլված են, բայց ոչ շատ վառ, միայն Անուշն ունի կարմիր և սպիտակ գույներ:

Իսկ մինչ դերակատարները հանդերձարանում փոխվում են, Սերժ Ավեդիքյանը պատասխանում է, թե բնակա՞ն են «կռիվները» իր և նրանց միջև:

«Կռվելու հարց չէ: Իմ կարծիքով, այս քաղաքում շատ աղմուկ կա մարդկանց մեջ ու դժվար է նրանց մեջից դա հանել: Այս գործն ինձնից շատ էներգիա է պահանջում, որովհետև նրանք կարծես թե սովոր են աղմուկի մեջ աշխատել, իսկ ես` ոչ: Դուք դեռ տեսնում եք լավագույնը: Փորձասենյակում դեպի փողոց պատուհաններ կային ու փողոցի աղմուկն էլ էր լսվում: Դժվար է աշխատել այս պայմաններում»,- ասում է բեմադրիչն ու ավելացնում` թիմ է փորձում ստեղծել, որտեղ բոլորն անհատականություն են, բայց պարզ իրար համար:

«Իմ ամենամեծ աշխատանքը նրանց բոլորին ներքին ազատություն սովորեցնելն է: Իրենք սովոր չեն: Այստեղի դպրոցը սովորեցրել է, որ պետք է հրամայել, թելադրել և իրենք կատարեն: Իսկ ես այդպես չեմ աշխատում: Ես առաջարկում եմ և սպասում, որ դրա դիմաց լինի ևս մի առաջարկ, որը գալիս է արտիստի ինտուիցիայից, ներքին ազատությունից: Եթե այդ փոխհարաբերությունը չի ստացվում, պարզվում է, որ ես դիկտատորի պես ասում եմ՝ այստեղից գնում ես այնտեղ, սա ես անում, նա ես անում: Իսկ դա ճիշտ չէ: Պետք է, որ ստացվի իմ տարբերակով»,- ասում է Սերժ Ավեդիքյանը:

Իսկ դրա համար ներկայացման ժամանակ բեմի վրա աշխատող 4 պարողի, 3 մենակատարի ու 12 հովերցիների («Հովեր» երգչախումբ- խմբ.) մասին բեմադրիչն ասում է.«Այստեղ չկան հովեր, սոլիստներ, պարողներ: Հերարխիան նրանց մեջ շատ է մտած, բայց ներկայացման ժամանակ պիտի չզգացվի: Ես ուրիշ կերպ չեմ կարող աշխատել: Դուք տեսնում եք` ինչեր եմ անել տալիս երգչախմբին: Նրանք դերեր են կատարում: Խնդիրը հետևյալն է` բեմի մինիմալ հարդարմամբ, փոքր տարածքում ժամանակակից մոտեցմամբ համամարդկային դարձնել «Անուշը»: Ինձ համար շատ կարևոր է, որ բոլորը հասկանան, թե ինչ է կատարվում, ոչ թե երգեն՝ երգելու համար, պարեն՝ պարելու: Այս գործն այնքան ժողովրդական է դարձել, որ գալիս են ու… բայց ի՞նչի համար»:

Կերպարները լիցքավորելու նպատակով Ավեդիքյանը, ինչպես հայտնի է, լիբրետոյի վրա նոր աշխատանք է տարել. ասում է՝ Թումանյանին չդավաճանելու համար, ինչպես սովետական կարգերն էին դավաճանել:

«Լոռվա ձորերում մարդիկ ստեղծել էին իրենց ադաթները, որ օրենքից ավելի ծանրակշիռ էին: Ու այս ամենը ինձ շատ ժամանակակից է թվում: Քիչ բան է փոխվել: Քաղաքից 25 կմ հեռանում ես և այդ նույն ադաթներն են: Դրա համար ես չեմ կարծում, որ «Անուշը» հին գործ էր, որը պետք էր նորովի ներկայացնել: Պետք էր փոշին մաքրել, սովետական կարգերի կրճատումները վերականգնել, նորից Տիգրանյան ուսումնասիրել` նրա ձեռագրով գրված պարտիտուրան՝ 1912 թ., Ալեքսանդրապոլ, Չարենցի թանգարանում: Ոչ ոք այն չէր բացել: Ոչ ոք: Մնացել էր 1932-1935 թվի մշակված դասական սովետական օպերան` 5 գործողությամբ, 2,5 ժամ տևողությամբ: Իսկ ես մշակման ժամանակ խնդրել եմ՝ ռեչետատիվներ (խոսք) ավելացնել, որ ոչ միայն երգվի, այլ ասվի որոշ բաներ: Այսպես նաև պաթետիկ մոտեցումն է մաքրվում: Ես փորձում եմ իրեն թեթևացնել, ինչպես որ ինքը կա, ի դեպ», - նկատում է Սերժ Ավեդիքյանը:

Նա երբեք օպերա չի բեմադրել ու ասում է՝ կարելի էր մտածել, որ եթե բեմադրի` դասական օպերա չէր ստացվելու: Մոտեցումը լինելու էր շատ ավելի կինոմատոգրաֆիական: «11-ը՝ 6-ի վրա չափերով էկրանին բնության պատկերներ են լինելու: Եթե մի մոնումենտալիզմ կա` սա է: Այս ադապտացիայում կա ռեօրկեստրացիա, կա մշակում, 60-ի փոխարեն` 15 երաժիշտ, 3-4 ժողգործիք (զուռնա, դուդուկ, դհոլ, շվի), որոնք չկան Տիգրանյանի պարտիտուրայում, որովհետև հանվել են: Իսկ ես վերականգնում եմ դա ու թատրոնում, որովհետև օպերայում կկորեր այս տրամաբանությունը, այս ոճը», - ասում է բեմադրիչն ու ավելացնում` ամենակարևորը` ոչ մի անհասկանալի բան չի լինելու:

Իսկ ինչպե՞ս է անցնում Սերժ Ավեդիքյանի օրը, ազատ ժամանակը Երևանում.«Ազատ երբեք չեմ լինում: Ես ժամանակ չունեմ ինձ շատ հարցեր տալու: Առավոտյան ստիպված եմ շուտ արթնանալ: 1 ժամ համակարգչով աշխատել, հետո գալիս եմ թատրոն` փորձի: Միակ ազատ ժամանակն այն է, որ Նիկոլայի, Ժան Մարկի հետ գնում ենք մի տեղ հաց ուտելու, ֆրանսերեն խոսելու, հասկանալու` ինչ գործ ենք արել, ուր ենք հասել:

Ես ուտում եմ «Անուշ», խմում եմ «Անուշ», արթնանում եմ «Անուշ», քնում եմ «Անուշ», ապրում եմ «Անուշ» ու մի քիչ էլ Փարաջանով»:

Իսկ «Փարաջանով` գեղեցիկի սիրահարը» ֆիլմը, որի ռեժիսորն ու Փարաջանովի դերակատարը հենց Սերժ Ավեդիքյանն է, Կաննի կինոփառատոնի ժամանակ չի ցուցադրվելու: Հունիսի վերջին տեղեկություն կլինի Վենետիկի կինոփառատոնում ներկայանալու մասին: Սերժ Ավեդիքյանը չի բացառում` հնարավոր է նաև ֆիլմի պրեմիերան կամ երևանյան պրեմիերան «Ոսկե Ծիրանում» լինի:

Անի Ավետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---