Հայկական դրամի պատմությունից. Հոբելյանական և հիշատակային մետաղադրամները

Հայկական դրամի պատմությունից. Հոբելյանական և հիշատակային մետաղադրամները

2013-ի փետրվարի դրությամբ Կենտրոնական բանկը թողարկել է 192 տեսակի հոբելյանական մետաղադրամ

Հայաստանի Կենտրոնական բանկը 1994 թվականից ի վեր թողարկում է հոբելյանական մետաղադրամներ արծաթից, ոսկուց և պղնձի ու նիկելի համաձուլվածքից:

PanARMENIAN.Net - 2013-ի փետրվարի դրությամբ Կենտրոնական բանկը թողարկել է 192 տեսակի հոբելյանական մետաղադրամ, այդ թվում 4-ը պղնձանիկելային ձուլվածքից, 11-ը՝ պողպատից լատունի շերտով, 132-ը՝ արծաթից և 45-ը՝ ոսկուց:

«Շախմատի օլիմպիադա» հիշատակային մետաղադրամ

1996-ին Երևանում կայացավ 32-րդ Շախմատի համաշխարհային օլիմպիադան: Այդ իրադարձության առթիվ ՀՀ Կենտրոնական բանկը 100 դրամ անվանական արժեքով հիշատակային մետաղադրամ թողարկեց: Այն շրջանառության մեջ դրվեց 1996-ի հուլիսի 4-ին:

Մետաղադրամի հիմնական տվյալները.

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը՝ պղնձի և նիկելի համաձուլվածք

Քաշը՝ 10,8 գ

Տրամագիծը՝ 29,5 մմ

Դրամաշուրթը՝ ատամնավոր (156 ատամ)

Քաշի գծով թույլատրելի շեղումը կազմում է + 3 տոկոս:

Հուշադրամի դիմերեսի կենտրոնում Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Դրանից ստորև երկու տողով նշված է անվանական արժեքը՝ 100 դրամ: Ստորին մասում դրամաշուրթի մոտ թողարկման տարեթիվն է՝ 1996: Դրամաշուրթի մոտ «Հայաստանի Հանրապետություն» շրջանաձև հայերեն մակագրություն է, որը երկու կողմից անջատված է զարդանախշով:

Դարձերեսի կենտրոնական մասում Շախմատի 32-րդ համաշխարհայինօլիմպիադայի թալիսմանն է, որը պատկերված է շախմատի տախտակը կտուցում պահած արագիլի տեսքով: Վերին մասում շրջանաձև անգլերեն մակագրություն է՝ XXXII CHESS OLYMPIAD: Թալիսմանի ներքևում պատկերված է օլիմպիադայի անցկացման տարին՝ 1996: Ստորին մասում անգլերեն շրջանաձև մակագրված է՝ YEREVAN ARMENIA:

Երկու կողմից մետաղադրամի եզրաշուրթն ուռուցիկ է:

Մետաղադրամի էսքիզի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Հրաչյա Ասլանյանը:

Մետաղադրամը հատված է Լեհաստանի դրամահատարանում:

«Եղիշե Չարենց» հոբելյանական մետաղադրամ

100 դրամ անվանական արժեքով«Եղիշե Չարենց-100» հոբելյանական մետաղադրամը նվիրված է բանաստեղծի ծննդյան 100-ամյակին և շրջանառության մեջ է դրվել 1997-ի հոկտեմբերի 6-ին:

Մետաղադրամի հիմնական տվյալները.

Անվանական արժեքը՝ 100 դրամ

Մետաղը՝ պղնձի և նիկելի համաձուլվածք (CuNi25)

Քաշը՝ 10,8 գ

Տրամագիծը՝ 29,5 մմ

Դրամաշուրթը՝ ատամնավոր (156 ատամ)

Պատրաստման որակը սովորական, որը հատուկ է շրջանառու մետաղադրամներին:

Հուշադրամի դիմերեսի կենտրոնում Հայաստանի զինանշանն է: Դրանից ստորև երկու տողով նշված է անվանական արժեքը՝ 100 դրամ: Ստորին մասում դրամաշուրթի մոտ թողարկման տարին է՝ 1997: Դրամաշուրթի մոտ է «Հայաստանի Հանրապետություն» շրջանաձև հայերեն մակագրությունը, որը երկու կողմից անջատվում է տարեթվից զարդանախշով:

Դարձերեսի կենտրոնական մասում պատկերված է Եղիշե Չարենցի դիմանկարը, որի ստորին մասում երկու տողով հայերեն և անգլերեն մակագրություններ կան, համապատասխանաբար՝ «Չարենց 100» և CHARENTS: Պատկերի աջ կողմում ուղղահայաց նշված է երկու տարեթիվ՝ 1897-1997: Մետաղադրամի դիմերեսը ձևավորված է շեղ գծերով: Մակագրությունները խորքային են:

Երկու կողմից մետաղադրամի եզրաշուրթն ուռուցիկ է:

Էսքիզի հեղինակն է Նկարիչների միության անդամ Հրաչյա Ասլանյանը: Մետաղադրամը հատվել է Բրիտանական թագավորական ROYAL MINT դրամահատարանում:

Անահիտ աստվածուհուն նվիրված ոսկե մետաղադրամ

Հայաստանի առաջին ոսկե մետաղադրամը, որի անվանական արժեքը 25 000 դրամ է, նվիրված է Անահիտ աստավծուհուն: Հայաստանում Անահիտը համարվել է գլխավոր աստվածուհին, մայրության, արգասավորության ու պտղաբերության խորհրդանիշն է հին հայկական դիցարանում: Ատամնավոր դրամաշուրթով հուշադրամը շրջանառության մեջ է դրվել 1997-ի հուլիսի 5-ին Կենտրոնական բանկի Խորհրդի հուլիսի 4-ի որոշմամբ:

Մետաղադրամի հիմնական տվյալները.

Անվանական արժեքը՝ 25 000 դրամ

Մետաղը՝ 900 հարգի ոսկի

Քաշը՝ 4,3 գ

Տրամագիծը՝ 18,0 մմ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Պատրաստման որակը բարելավված:

Հուշադրամի դիմերեսի կենտրոնում Հայաստանի զինանշանն է: Դրանից ստորև երկու տողով նշված է անվանական արժեքը՝ 25 000 դրամ: Ստորին մասում դրամաշուրթի մոտ թողարկման տարին է՝ 1997: Դրամաշուրթի մոտ է «Հայաստանի Հանրապետություն» շրջանաձև հայերեն մակագրությունը, որը երկու կողմից անջատված է զարդանախշով: Նախշի և թողարկման տարեթվի միջև պատկերված է դրամահատարանի ապրանքանիշը:

Դարձերեսի կենտրոնում առկա է Անահիտ աստավծուհու գլխի քանդակաձև պատկերը: Դրամաշուրթի եզրով հայերեն, իսկ ստորին մասում անգլերեն շրջանաձև մակագրված ՝է՝ Անահիտ և ANAHIT: Մակագրությունների միջև երկու կողմից 7-ական աստղանիշ է պատկերված:

Երկու կողմից մետաղադրամի եզրաշուրթն ուռուցիկ է:

Մետաղադրամի էսքիզի հեղինակն է Հայաստանի Նկարիչների միության անդամ Հրաչյա Ասլանյանը: Հուշադրամը հատվել է հոլանդական DE NEDERLANDSE MUNT դրամահատարանում:

«Հայաստանի մարզերը» հիշատակային մետաղադրամների շարք

«Հայաստանի մարզերը» հիշատակային մետաղադրամների շարքի թողարկումը վերջին 15 տարիների կտրվածքով իրադարձություն է հայկական դրամագիտությունում: Ըստ վարչատարածքային բաժանման Հայաստանն ունի 10 մարզ և ՀՀ մայրաքաղաք Երևանը, որն ունի առանձին տարածքային միավորի կարգավիճակ: Շարքի բոլոր 11 մետաղադրամները նույն տեխնիկական տվյալներով են: Դրանք լիովին համապատասխանում են 50 դրամ անվանական արժեքով շրջանառու մետաղադրամների 2003 թվականի նմուշի տվյալներին: Մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 2012 թվականի հունիսի 25-ին:

Մետաղադրամի հիմնական տվյալները.

Անվանական արժեքը՝ 50 դրամ

Մետաղը՝ լատունածածկ պողպատ

Քաշը՝ 3,5 գ

Տրամագիծը՝ 21,5 մմ

Դրամաշուրթը՝ ատամնավոր (100 ատամ)

Մետաղադրամների դարձերեսի կենտրոնում շրջանառու հիշատակային մետաղադրամի անվանական արժեքն է՝ «50 դրամ», իսկ շրջագծով` զարդանախշեր: Դարձերեսի պատկերները նույնն են բոլոր մետաղադրամների համար և կրկնում են 2003-ի նմուշի մետաղադրամները: Դիմերեսինը տարբեր են: Դիմերեսի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Դարձերեսի էսքիզի հեղինակն է Կարապետ Աբրահամյանը: Շրջանառու հիշատակային մետաղադրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում: Շարքը շրջանառության մեջ է դրվել 2012-ի հունիսի 25-ին: Շարքը իրացվում է նաև գունազարդ ստվարաթղթե փաթեթավորմամբ:

2012 թ. նմուշի հիշատակային մետաղադրամների շարքը մի քանի թողարկումներից է բաղկացած:

Երևանին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամին Սասունցի Դավթի արձանն է երկաթգծի կայարանի շենքի պատկերի ներքո:

Մետաղադրամների դիմերեսի կենտրոնում պատկերված են.

Տավուշի բերդը (Տավուշի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)

Գառնու հեթանոսական տաճարը (Կոտայքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)

Սևանի թերակղզին (Գեղարքունիքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)

Հաղպատի եկեղեցական համալիրը (Լոռու մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)

Ֆայտոն (Շիրակի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)

Սյունիքի դարպասները (Սյունիքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)

Խոր Վիրապը Արարատի պատկերի ներքո (Արարատի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)

Քարայծ (Վայոց Ձորի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)

Բյուրականի աստղադիտարանը (Արագածոտնի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)

Սարդարապատը (Արմավիրի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ)

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net
| Նախագծի գործընկեր
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---